Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում» - VNews
Բաժիններ

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

Կորոնավիրուսի համաճարակը եկավ ընդհատելու բոլոր թոփ-առաջնությունները: Մեզ համար ցավալի էր հատկապես այն, որ դադարեցվեց Ա սերիան (և դեռ հարց է՝ կվերսկսվի, թե ոչ), քանի որ այնտեղ հրաշալի ելույթներ էր ունենում Հենրիխ Մխիթարյանը: Մեր հավաքականի ավագն ու առաջատարը, տեղափոխվելով «Ռոմա» և անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, վերջապես սկսել էր ցուցադրել իրեն բնորոշ վառ ու արդյունավետ ֆուտբոլը (վերջին 6 պաշտոնական խաղում՝ 3-ական գոլ ու արդյունավետ փոխանցում): Հենրիխը գտել էր թիմ, որը բոլոր առումներով համապատասխանում էր իրեն: Ամենևին պատահական չէ, որ ցանկանում է մնալ հենց Հռոմում, ոչ թե վերադառնալ Լոնդոն (տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»): Փորձենք հասկանալ՝ ի՞նչ տարբերություններ կան «Արսենալում» ու «Ռոմայում» Մխիթարյանի դերերի միջև, և ինչո՞ւ է հայ կիսապաշտպանն իրեն առավել հարմարավետ զգում հենց Ապենինյան թերակղզում:

Նախ սկսենք նրանից, որ Մխիթարյանն «Արսենալում» հայտնվեց 2018 թվականի հունվարին, երբ գլխավոր մարզիչն Արսեն Վենգերն էր: Հենց նա էր այն անձնավորությունը, որ պնդեց՝ հայ խաղացողն անհրաժեշտ է «զինագործներին»: Ցավոք, ֆրանսիացի մասնագետն ու Մխիթարյանը միասին աշխատեցին ընդամենը 6 ամիս, քանի որ Վենգերի՝ «Արսենալում» անվերջանալի թվացող ճանապարհն ավարտվեց: Այդ մարզչի ֆուտբոլային մոտեցումները կատարելապես էին համապատասխանում Հենրիխին: Վենգերն այն մասնագետն է, որի թիմերը միշտ գրավիչ ֆուտբոլ են ցուցադրում, իսկ նա մարտավարությունը կառուցում է այնպես, որպեսզի բացահայտվեն իր խաղացողների լավագույն կողմերը: Դա վերաբերում է հատկապես հարձակման գծի ֆուտբոլիստներին:

Վենգերին փոխարինեց Ունայ Էմերին, որը թիմի խաղաոճի վերաբերյալ այլ տեսլական ուներ: Մխիթարյանը նրա օրոք ստացավ ավելի սահմանափակ դեր: «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ վերջին կես տարվա ընթացքում գլխավորապես օգտագործում էր 3 սխեմա՝ 4-2-3-1, 4-3-3 և 3-4-2-1: Մխիթարյանը սովորաբար գործում էր ձախից՝ կատարելով կա՛մ վինգերի պարտականություն, որն իր թիմի դիրքային գրոհների ժամանակ տեղափոխվում է կենտրոն, կա՛մ էլ ստանում ավելի ազատ դեր՝ ընդգրկվելով հարձակման եռյակում: Կատարյալ տարբերակ էր այն, երբ նա ու Մեսութ Օզիլը միասին էին տեղ զբաղեցնում ենթահարձակվողի դիրքում և ունենում էին տեղաշարժվելու բավարար ազատություն: Մխիթարյանը կամաց-կամաց հարմարվում էր այս փոփոխությանը, չէ՞ որ եկել էր «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ աշխատող Ժոզե Մոուրինյոն շատ ավելի մեծ ուշադրություն էր դարձնում պաշտպանությունում հուսալի խաղին: Մխիթարյանի նման ֆուտբոլիստն այդպիսի համակարգում էլ կարող է հիանալի աշխատել ու հատվածներով աշխատեց, սակայն Հենրիխի լավագույն որակները բացահայտելու համար նրան չի կարելի շատ սահմանափակել ինչ-ինչ գործառույթներով:

Եվ տեսեք՝ ինչքան կարևոր է մարզչի գործոնը: Ոմանք ասում են՝ Պրեմիեր լիգան Մխիթարյանի համար չէր: Այո՛, կան որոշակի առանձնահատկություններ (շեշտ ֆիզիկականի վրա, ավելի դինամիկ ֆուտբոլ և այլն), բայց հիմա այն ժամանակներում ենք, որ առաջնություններն իրարից գլխովին չեն տարբերվում: Ավելի առանցքային է այն, թե ինչպիսի խաղաոճ ու ինչ պահանջներ ունի կոնկրետ մարզիչը: Անգլիայում հիմա շատ թիմեր կան, որոնք տիպիկ անգլիական ֆուտբոլ չեն խաղում՝ սկսած «Մանչեսթեր Սիթիից»: Եվ եթե Վենգերը շարունակեր աշխատել «Արսենալում», մենք Մխիթարյանին այնտեղ այլ կողմերով կտեսնեինք: «Չէի ասի, թե չհարմարվեցի անգլիական ֆուտբոլին: Երևի ինչ-որ տեղ մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» տեղափոխվել էի Վենգերի ցանկությամբ: Հետո մարզիչը փոխվեց, երևի ինչ-որ բան խանգարում էր, երևի իմ խաղաոճը չէր համապատասխանում Էմերիի խաղային փիլիսոփայությանը»,- հայտարարել է Մխիթարյանը:

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

Եվ այսպես, մեր հավաքականի ավագն Էմերիի գլխավորությամբ անցկացրեց մեկ տարի: 2018/19թթ․ մրցաշրջանն առաջինն էր Վենգերից հետո, և պարզ էր՝ բարդություններ լինելու էին: Էմերին ամբողջ մրցաշրջանում փնտրտուքների մեջ էր, նա խաղալու հնարավորություն տվեց ամենաշատ թվով ֆուտբոլիստների, ինչպես նաև օգտագործեց 7 տարբեր խաղային սխեմաներ: Դրանցից ամենակիրառելին 4-2-3-1-ն էր, որտեղ Մխիթարյանը գործում էր նոմինալ աջ կիսապաշտպանի դիրքում: Էմերին նախկինում աշխատել էր ավելի շատ միջին մակարդակի թիմերի հետ, ուստի շեշտը դրել էր ոչ թե գնդակի վերահսկողության, այլ լավ հակագրոհային թիմ ստեղծելու վրա: Երբ նոր եկավ «Արսենալ», լրիվ այլ խոստում տվեց․ «Իմ 2 գլխավոր սկզբունքներն են գնդակի վերահսկողությունն ու պրեսինգը: Պետք է տիրենք գնդակին ու փորձենք կորստի դեպքում այն վերադարձնել հնարավորինս արագ»: Բայց մրցաշրջանի վերջում նշեց․ «Ես ցանկանում եմ, որ «Արսենալը» դառնա թիմ-քամելեոն: Պետք է կարողանանք խաղալ դիրքային ֆուտբոլ, երբ մրցակիցները փակվում են, ու հակագրոհենք, երբ կա դրա անհրաժեշտությունը»:

Մխիթարյանը խաղերի մեծամասնությունում գործեց հենց աջ կիսապաշտպանի դիրքում: Նա դիրքային գրոհների ժամանակ տեղափոխվում էր կենտրոն, բայց բավականաչափ ազատություն չէր ստանում: Այդ դերը տրվում էր «10 համարի» դիրքում գործող ֆուտբոլիստին (Օզիլ կամ Ռեմսի)։ Դա հենց այն դիրքն է, որտեղ ամենաշատն է սիրում ու կարողանալ դրսևորել իրեն Մխիթարյանը: Եթե հատկապես Մեսութը ցանկացած պահի կարող էր նահանջել ու գնդակ ստանալ խաղադաշտի տարբեր հատվածներում, ապա հայ կիսապաշտպանը հնարավորություն ուներ ամենաշատն աջ եզրից տեղափոխվել աջ կիսաեզր՝ կենտրոնին փոքր-ինչ մոտ: Նա իր տեղաշարժերի հաշվին տարածություններ էր բացում թիմակիցների համար:

Էմերիի «Արսենալը» շեշտը դնում էր եզրային գրոհների վրա, ավելի կոնկրետ՝ այս խաղային համակարգում առաջնային էր եզրային պաշտպանների դերը: Լոնդոնյան թիմում 2 եզրային խաղացողներն էլ (սովորաբար՝ Կոլաշինաց ու Բելերին) տեղակայվում էին շատ բարձրից, իսկ խաղընկերների գլխավոր խնդիրը նրանց եզրերից փոխանցումներ կատարելու համար առավելագույնս լավ դիրքեր դուրս բերելն էր:

Հետևաբար, Մխիթարյանը, գործելով աջ եզրում, միշտ պետք է խաղային կարգապահություն պահպաներ: Թիմը մեծամասամբ փորձում էր «կուտակում» ստեղծել եզրերից մեկում և քանակական առավելության հաշվին ճեղքում իրականացնել: Բայց այստեղ մի նրբություն կա․ «զինագործները» շեշտը դնում էին առավելապես ձախ եզրի վրա, որտեղ գործում էր Կոլաշինացը: Այնտեղ էր տեղաշարժվում նաև «ազատ նկարիչ» Օզիլը: Հիմնական աջ եզրային պաշտպան Բելերինը հաճախ էր բացակայում վնասվածքների պատճառով: Կոլաշինացի տարբերակը նպատակահարմար էր, քանի որ նա ձախից ավելի սուր և ճշգրիտ փոխանցումներ էր կատարում: Ըստ վիճակագրության՝ «Արսենալն» առաջնությունում իր գրոհների 42%-ը զարգացրել է ձախ եզրով, ինչը, ի դեպ, այդ առումով 2-րդ ամենաբարձր ցուցանիշն է «Քրիստալ Փելասից» հետո:

Իսկ ո՞րն էր Մխիթարյանի դերն այդ ամենում․ 1․ նա մնում էր տուգանային հրապարակի կենտրոնում և սպասում փոխանցման, 2․ եթե կար ցածրից փոխանցում ստանալու տարբերակ, մի փոքր հետ էր քաշվում և տեղակայվում 11-մետրանոց նշակետի հարևանությամբ: Նա այսպիսի տարբերակներով գոլեր խփեց «Սաութհեմփթոնի» (նրա դեմ 2 խաղում՝ ընդհանուր 3 այդպիսի գոլ) ու «Չելսիի» դեմ հանդիպումներում:

Փաստորեն, Մխիթարյանը համարյա ամբողջապես զրկված էր փլեյմեյքերի գործառույթ կատարելուց: Նա, ստանալով գնդակը մրցակցի կիսադաշտում, չէր փորձում սրել խաղը կամ անցում ձեռնարկել, այլ անմիջապես հետ փոխանցում էր կատարում հենակետայինին, քանի որ գտնվում էր հսկողության տակ, արագորեն շրջվելը բարդ էր ու միաժամանակ ռիսկային: Նա չուներ բավարար ազատություն դիրքը փոխելու կամ մրցակցի կիսադաշտում ազատ տարածություններ փնտրելու համար: Գալիս էր կենտրոն, որպեսզի իր վրա հրավիրեր մրցակիցների ուշադրությունն ու այդպիսով օգներ իր եզրով միացող պաշտպանին: Այդ օգնությունը լինում էր նաև առանց գնդակին դիպչելու:

Մխիթարյանը, կանգնելով աջ կիսաեզրում, շեղում է մրցակցի ֆուտբոլիստների ուշադրությունը: Արդյունքում, Բելերինն օգտվում է իրավիճակից ու արագացում ձեռնարկում դեպի մրցակցի պաշտպանության թիկունք:

Հաճախ ստիպված էր ինքը գործել եզրի լայնությամբ՝ մրցակցի պաշտպանությունը «ձգելու» և թիմակցի/թիմակիցների համար տարածություն բացելու համար:

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

Լինում էին դեպքեր, երբ հենց Մխիթարյանն էր գնդակ ստանում մրցակցի պաշտպանության թիկունքում: Պարզ է՝ այդտեղ ստեղծագործական առումով քիչ բան կար, որովհետև պարզապես պետք է փորձեր գնդակն ուղարկել տուգանային հրապարակ:

Այս ամբողջ աշխատանքը, որ նա կատարում էր, միանշանակ ահռելի օգուտ էր թիմին: Հենց դրա համար է, որ Պրեմիեր լիգայում 25 անգամ դուրս եկավ խաղադաշտ (19-ը՝ մեկնարկային կազմում): Էմերիի թիմը, երբ առաջ էր անցնում հաշվի մեջ, հաճախ զիջում էր գնդակը մրցակցին ու սկսում դիրքային պաշտպանություն կիրառել՝ փորձելով հաջողությունը զարգացնել հակագրոհներով: Պարզորոշ էր 4-4-2 սխեման, որտեղ Մխիթարյանը կրկին աջից էր գործում: Այս տեսանկյունից նույնպես ահռելի աշխատանք էր իրականացնում, երբեմն ստիպված էր ապահովագրել նաև աջ պաշտպանին:

Նույն Օզիլը պաշտպանությունում երբեք չէր կարող այդքան օգուտ տալ թիմին, դրա համար էլ մարզչական շտաբը նրան ոչ միշտ էր վստահում հատկապես ամենակարևոր հանդիպումներում կամ էլ նրա համար ընտրում էր դիրք, որով հնարավորինս ազատված կլիներ այդպիսի աշխատանքից: «Մխիթարյանը կարողանում է խաղալ թե՛ կենտրոնում, թե՛ եզրերում: Նա թիմին շատ է օգնում և՛ պաշտպանվելիս, և՛ հարձակվելիս»,- կարծում է Էմերին:

Բավականաչափ այլ էր լինում պատկերը, երբ Մխիթարյանը գործում էր ձախ եզրից (այդտեղ ավելի շատ խաղում էր Ալեքս Իվոբին, որը տեխնիկապես զարգացած չէր, բայց մի քանի այլ գործոններով համապատասխանում էր Էմերիի խաղաոճին): Բանն այն է, որ աջ եզրում գործող աջլիկ ֆուտբոլիստի համար բարդ է բարձր արագությամբ ներխուժել կենտրոն, առավել ևս, որ նախապես գնդակ է ստանում ոչ այնքան հարմար դիրքերում: Իսկ արդեն ձախից կենտրոն միացումները երբեմն ստացվում էին, Մխիթարյանն էլ ավելի լավ էր համագործակցում Օզիլի հետ: Սակայն խաղային համակարգը թույլ չէր տալիս անելու ավելին: Պետք էր շուտ բաժանվել գնդակից ու հետևել թիմային կարգապահությանը, իսկ մնացած ստեղծագործական գործողությունների համար կար Օզիլ/Ռեմսի:

Մխիթարյանի համար ավելի հարմար էին նաև 3-4-2-1 ու 4-3-2-1 սխեմաները: Օրինակ՝ «Բորնմուտի» դեմ մրցավեճում (5-1) կիրառվեց 3-4-2-1 սխեման, որտեղ թիմը գործում էր առանց վինգերների, և Մխիթարյանն ու Օզիլը կարող էին ավելի ազատորեն համագործակցել միմյանց հետ՝ խաղալով կողք կողքի: Պատահական չէ, որ Հենրիխը հենց այդ խաղում ցույց տվեց «Արսենալում» իր լավագույն ելույթներից մեկը՝ խփելով գոլ ու կատարելով 2 արդյունավետ փոխանցում: Օզիլն էլ իր ակտիվում գրանցեց մեկական գոլ և գոլային փոխանցում:

Հայ խաղացողն այս սխեմայի պայմաններում «չէր քաշվում» ավելի երկար մնալ գնդակով, ըստ իրավիճակի փոխել գրոհների ուղղությունները, ինչպես նաև կայացնել ոչ ստանդարտ որոշումներ:

Մեկ այլ օրինակ է «Բրայթոնի» դեմ հանդիպումը (1-1), որտեղ կիրառվեց 4-3-1-2 սխեման, իսկ Մխիթարյանը տեղ զբաղեցրեց կիսապաշտպանական եռյակում (ինքնատիպ քառյակ, եթե գումարենք նաև մի փոքր առջևից դիրքավորված Օզիլին): Հենրիխը թեև գոլով կամ արդյունավետ փոխանցումով աչքի չընկավ, բայց շատ լավ էր տարածություններ գտնում, կենտրոնով կատարում հեռահար հարվածներ:

Ավաղ, սակավաթիվ էին դեպքերը, երբ Էմերին 3-4-1-2 սխեմայում Օզիլի փոխարեն հենց Մխիթարյանին օգտագործեց ենթահարձակվողի դիրքում՝ տալով ստեղծագործելու ազատություն: Այդպես եղավ Եվրոպա լիգայի շրջանակում «Ռենի» դեմ կայացած խաղում (3-0), երբ Հենրիխը փոխարինման մտավ հենց Մեսութի փոխարեն: Ցույց տվեց իր լավագույն որակներն ու, կարելի է ասել, անձամբ կառուցեց 3-րդ գոլային գրոհը:

«Էմերին ավելի շատ ուշադրություն էր դարձնում տակտիկային, ուստի իմ դերը խաղադաշտում փոխվել էր: Ես հանդիպումները սկսում էի որպես վինգեր, բայց պետք է կառուցեի խաղը հենակետային կիսապաշտպանի հետ միասին: Դա է պատճառը, որ չկարողացա շատ գոլեր խփել կամ «ասիստներ» գրանցել: Ես սիրում եմ խաղալ ավելի ազատ ու տեղափոխվել այնտեղ, որտեղ տարածություն կա, բայց դու պետք է կատարես մարզչի տված առաջադրանքը»,- այսպես ամփոփեց Մխիթարյանն իր մրցաշրջանն «Արսենալում»: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկում հասկացավ, որ իր հետ այլևս մեծ հույսեր չեն կապում ու որոշեց միանալ «Ռոմային»: Ժամանակը ցույց տվեց, որ դա հիանալի որոշում էր, և ահա թե ինչու՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» վերսկսել է խմբային մարզումները (տեսանյութ)

Վենգերը խոստովանել է, որ բավականություն է ստացել «Լիվերպուլի» ձախողումից

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

Դավիդ Լուիսն ասել է՝ որտեղ կցանկանար ավարտել իր մարզական կարիերան

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից»

Արսեն Վենգերը խոսել է «Արսենալ» հնարավոր վերադարձի մասին

3 ակումբ կպայքարի «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում