-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Համաշխարհային ֆուտբոլում մեծ պատվի են արժանանում ոչ միայն բազում տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստները, այլև նրանք, որոնք երկար տարիներ հավատարմորեն ծառայում են հարազատ ակումբին՝ վայելելով թիմի երկրպագուների սերն ու հարգանքը:
Հայաստանի առաջնությունների 28-ամյա պատմության ընթացքում ընդամենը 21 ֆուտբոլիստի է հաջողվել Բարձրագույն խմբում միևնույն թիմի կազմում 200 և ավելի խաղ անցկացնել: Նրանք հանդիսանում են ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» անդամներ:
Խորհրդանշական այդ ակումբում ընդգրկված են ընդամենը 6 թիմերի՝ «Շիրակի», «Փյունիկի», «Արարատի», «Արաքսի», «Միկայի» և «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչներ: Մրցակցությունից դուրս է «Շիրակը», որի 13 ֆուտբոլիստներ են տեղ զբաղեցնում ցանկում: Դա վկայում է հարազատ ակումբին գյումրեցիների առանձնակի հավատարմության մասին:
Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները
Ընդհանրապես գյումրեցիները շատ հազվադեպ են այլ թիմեր տեղափոխվել: Միայն 2000-ականների կեսերին «Շիրակում» ֆինանսական վիճակի վատթարացումը ստիպեց գյումրեցիներից ոմանց ժամանակավորապես փոխելու «գրանցումը»: Իսկ երբ վիճակը բարելավվեց, նրանք վերադարձան հարազատ կոլեկտիվ:
Պատահական չէ, որ «200-ի ակումբի» ցանկն էլ գլխավորում է ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած գյումրեցի Հովհաննես Թահմազյանը: ՀՀ առաջնություններում ռեկորդային թվով հանդիպումներ անցկացրած Թահմազյանը ռեկորդակիր է նաև միևնույն թիմում անցկացրած խաղերի քանակով: Բարձրագույն խմբի 461 հանդիպումներից 378-ը նա անցկացրել է հարազատ «Շիրակի» կազմում:
Հովհաննես Թահմազյանը միակ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է Հայաստանի առաջին 20 առաջնություններին: Միայն 3,5 մրցաշրջան է (2004-2007թթ. հունիս) նա բացակայել «Շիրակից»՝ հանդես գալով «Միկայում», որի կազմում բախտ է վիճակվել վայելելու նաև Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը, ինչը նրան մինչ այդ գյումրեցի իր թիմակիցների հետ չէր հաջողվել:
Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները
«Շիրակում» հոբելյանական՝ 200-րդ հանդիպումը Թահմազյանն անցկացրել է 2000թ. հուլիսի 5-ին Գյումրիում «Կիլիկիայի» հետ կայացած մրցավեճում: Իսկ առաջինը նրա թիմակից Արթուր Պետրոսյանն է ընդգրկվել ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»՝ հոբելյանը նշելով 2000թ. հունիսի 24-ին Գյումրիում «Դինամոյի» հետ կայացած խաղում, որում դուբլի հեղինակ էր դարձել: Այդ մրցաշրջանը վերջինն էր Արթուր Պետրոսյանի համար «Շիրակում», որից հետո նա իր ֆուտբոլային կարիերան շարունակեց արտերկրում: Հակառակ դեպքում բացառված չէր, որ հենց Պետրոսյանը կարող էր գլխավորել «200-ի ակումբը»:
Արթուր Պետրոսյանը սակավաթիվ այն ֆուտբոլիստներից մեկն է, որ Հայաստանում իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն մեկ թիմում: «200-ի ակումբի» անդամներից «Շիրակին» մինչև կարիերայի ավարտը հավատարիմ են մնացել նաև Գագիկ Մարգարյանը, Հենրիկ Բատիկյանն ու Հակոբ Արտոյանը: Կարեն Գ. Խաչատրյանն ու Անդրանիկ Բարիկյանը մինչև «Շիրակում» ընդգրկվելը, ֆուտբոլային կարիերան սկսել են «Շիրակ-2-ում», որի կազմում 1998թ. մասնակցել են Բարձրագույն խմբի առաջնությանը:
12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում
Ռայմոնդ Զադուրյանն էլ Բարձրագույն խմբում պաշտպանել է միայն «Շիրակի» դարպասը: Միայն մեկ մրցաշրջան՝ 2005թ. նա չի խաղացել շիրակցիների կազմում՝ պաշտպանելով Առաջին խմբում հանդես եկած «Երևան Յունայթեդի» դարպասը:
Հարազատ ակումբին հավատարմության վառ օրինակ է նաև «Փյունիկի» բազմամյա նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա էլ Թահմազյանի պես ՀՀ անդրանիկ առաջնության մասնակից է, Հայաստանի առաջին չեմպիոններից մեկը, որին առաջինը բախտ վիճակվեց ճանաչվելու անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայկական ֆուտբոլում նվաճած տիտղոսների քանակով (15) յուրօրինակ ռեկորդակիրը արտերկրում 6,5 մրցաշրջան անցկացնելուց հետո 2004թ. հուլիսին վերադարձավ «Փյունիկ», որի կազմում ելույթները շարունակեց մինչև 2012թ. աշուն: Հարազատ թիմի մարզաշապիկով Հովսեփյանը վերջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 15-ին «Ուլիսի» հետ առաջնության 21-րդ տուրի խաղում: Դա Հովսեփյանի 365-րդ հանդիպումն էր Բարձրագույն խմբում:
Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում
Այդ ցուցանիշով Սարգիս Հովսեփյանը մինչ օրս էլ «Փյունիկի» ռեկորդակիրն է: Նա «200-ի ակումբում» 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Եվ եթե Հովսեփյանը շարունակեր ելույթները գոնե մինչև 2012/13թթ. առաջնության ավարտը, որում թիմերը 42-ական խաղ պիտի անցկացնեին, ապա ներկայումս ինքը կգլխավորեր «200-ի ակումբը»:
Ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկում միակ լեգեոնականը «Միկայի» բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը թիմի կազմում 230 խաղ է անցկացրել: Այդ ցուցանիշով նա ոչ միայն «Միկայի» ռեկորդակիրն է, այլև լավագույնն է ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստների մեջ:
Ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկում առայժմ վերջին համալրումը տեղի է ունեցել 2016թ. հոկտեմբերի 27-ին: Այդ օրը «Ալաշկերտի» հետ խաղում «Գանձասար-Կապանի» փորձառու պաշտպան Արա Խաչատրյանը հարազատ թիմի մարզաշապիկով Բարձրագույն խմբում 200-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:
Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները
Նա ֆուտբոլային կարիերան սկսել էր «Բանանցում» 2005թ.: 2007թ. առաջնության ավարտից հետո Արա Խաչատրյանը տեղափոխվեց «Գանձասար», որը գլխավորում էր Սամվել Պետրոսյանը: Թիմի կազմում նորամուտն անհաջող դասավորվեց նրա համար: Ապրիլի 19-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած խաղում Արա Խաչատրյանի ինքնագոլը գանձասարցիների պարտության պատճառ դարձավ, ինչը շատ թանկ նստեց նրա վրա: Հաջորդ 9 հանդիպումներում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ, որից հետո կրկին իր տեղը գտավ թիմի հիմնական կազմում: Այդ տարի Արա Խաչատրյանը թիմի կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր: Հետաքրքիր է, որ մինչև Կապան տեղափոխվելը, 2007թ. առաջնությունում «Բանանցի» կազմում նա գանձասարցիների հետ խաղում էլ գրավել էր սեփական դարպասը, որի հետևանքով հյուրերը հաղթանակ էին տոնել:
Իսկ ինչպիսի՞ն են «200-ի ակումբը» համալրելու հեռանկարները: Միանգամից նշենք, որ ներկայումս թիմերում աննախադեպ մեծ թվով լեգեոնականների առկայության պայմաններում պատկերը շատ տխուր է: Առաջիկայում միայն երկու ֆուտբոլիստ՝ շիրակցի Աղվան Դավոյանը և «Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանը լավ հնարավորություն ունեն ընդգրկվելու ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկում:
Ֆուտբոլային ողջ կարիերան «Շիրակում» անցկացրած 30-ամյա Դավոյանը հարազատ թիմի մարզաշապիկով Բարձրագույն խմբում 185 անգամ է խաղադաշտ դուրս եկել: Նա «Շիրակում» նորամուտը նշել է 2010թ. և ներկայումս գյումրեցիներից ամենափորձառուն է:
Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը
32-ամյա Արամ Բարեղամյանը վաղուց կարող էր համալրել «200-ի ակումբի» շարքերը, եթե 2005թ. «Բանանցում» կարիերան սկսելուց հետո 5 մրցաշրջան (2011-2015/16թթ.) չբացակայեր հարազատ ակումբից՝ հաջորդաբար ելույթ ունենալով «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»: Բարեղամյանը 177 խաղով ներկայումս «Ուրարտուի» ռեկորդակիրն է: Նա «Երևանի» հետ ընթացիկ առաջնության 8-րդ տուրի խաղում էր այդ տիտղոսին արժանացել՝ գերազանցելով Սամվել Մելքոնյանի ռեկորդը, որն «Ուրարտուում» (նախկին «Բանանցում») ՀՀ առաջնություններում 172 խաղ էր անցկացրել: Բարեղամյանը կդառնա «200-ի ակումբում» «Ուրարտուի» միակ ներկայացուցիչը:
VNews.am-ը ներկայացնում է ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» ցանկը:
Ֆուտբոլիստներ | Խաղ | Ակումբ | Թվական |
1. Հովհաննես Թահմազյան | 378 | «Շիրակ» | 1992-2003, 2007-2011 |
2. Սարգիս Հովսեփյան | 365 | «Փյունիկ» | 1992-1997, 2004-2012 |
3. Գագիկ Մարգարյան | 295 | «Շիրակ» | 1992-2005 |
4. Արարատ Հարությունյան | 295 | «Շիրակ» | 1995-2004, 2007-2012 |
5. Տիգրան Դավթյան | 285 | «Շիրակ» | 2000-2004, 2009-2015 |
6. Անդրանիկ Բարիկյան | 274 | «Շիրակ» | 2001-2015 |
7. Ռայմոնդ Զադուրյան | 264 | «Շիրակ» | 1992-2004, 2006-2008 |
8. Արթուր Հ. Մինասյան | 247 | «Արարատ» | 1999-2002, 2004, 2006-2009, 2011-2013 |
9. Արա Խաչատրյան | 246 | «Գանձասար- Կապան» | 2008-2018 |
10. Կարեն Գ. Խաչատրյան | 245 | «Շիրակ» | 1999-2011 |
11. Կարեն Ալեքսանյան | 242 | «Շիրակ» | 1999-2003, 2011-2016 |
12. Գևորգ Հովհաննիսյան | 241 | «Շիրակ» | 2005, 2007-2016 |
13. Ալեքս Էնրիկե դա Սիլվա | 230 | «Միկա» | 2006-2015 |
14. Հենրիկ Բատիկյան | 222 | «Շիրակ» | 1997-2009 |
15. Նորայր Հոխոյան | 215 | «Արաքս» | 1993-2000, 2003 |
16. Արթուր Պետրոսյան | 214 | «Շիրակ» | 1992-2000 |
17. Արթուր Յուսպաշյան | 214 | «Փյունիկ» | 2007-2016 |
18. Արսեն Ավետիսյան | 208 | «Փյունիկ» | 1992-1998, 2006-2007 |
19. Ֆելիքս Խոջոյան | 203 | «Շիրակ» | 1994-2000, 2007-2009 |
20. Գևորգ Պողոսյան | 202 | «Միկա» | 2004, 2007-2015 |
21. Հակոբ Արտոյան | 200 | «Շիրակ» | 1992-2000 |
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո