ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում - VNews
Բաժիններ

ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28 առաջնություններին տարբեր տարիներին ընդհանուր առմամբ մասնակցել են 46 թիմեր: Տարբեր խաղամակարդակի ու խաղաոճի այդ թիմերից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն է գրավում հայկական ֆուտբոլի տարեգրությունում, իր ուժերի ներածի չափով նպաստել է մարզաձևի զարգացմանը հանրապետությունում: Ցավոք ֆուտբոլային ակումբների մեծամասնությունը բարգավաճելու և հզորանալու փոխարեն հայտնվելով ֆինանսական ծանր պայմաններում, լուծարվել է: Ճիշտ է, վերջին տարիներին ականատես ենք եղել նաև մի խումբ նոր թիմերի կազմավորմանը, ինչն ուրախալի է:

VNews.am-ը սկսում է նոր շարք, որի հրապարակումներում ժամանակագրական կարգով կանդրադառնանք ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած, հայկական ֆուտբոլում առավել ծանրակշիռ նվաճումների հասած և մեծ հեղինակության արժանացած լուծարված 5 ակումբների ելույթներին, կներկայացնենք թիմերի և նրանց ֆուտբոլիստների ցուցանիշները: Առաջին հրապարակումը վերաբերում է Երևանի «Երևանին»:

«ԵՐԵՎԱՆ» ԵՐԵՎԱՆ

1997թ. ՀՀ չեմպիոն, 1995/96, 1996/97, 1998թթ. առաջնությունների բրոնզե մրցանակակիր: 1998թ. ՀՀ գավաթի եզրափակչի մասնակից:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1995/96-1999, 2019թթ.: Անցկացրել է 133 խաղ, +70=21-42, 253-181:
Ամենախոշոր հաշվով հաղթանակները՝ 6-0 («Արագած», 1995/96թթ., «Զանգեզուր», 1996/97թթ.):
Ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 0-8 («Լոռի», 2019/20թթ.):
Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Տիգրան Եսայանը՝ 89:
Լավագույն ռմբարկուն Տիգրան Եսայանն է՝ 56 գոլ:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Տիգրան Եսայանին՝ 20 գոլ (1995/96թթ.):

Թեև ֆուտբոլային կարճատև կենսագրությանը, «Երևանն» իր արժանի տեղն ունի հայկական ֆուտբոլի տարեգրությունում՝ հանդիսանալով 90-ականների ՀՀ առաջնությունների ուժեղագույն ակումբներից մեկը:

«Երևանը» հիմնադրվեց 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի ավարտից հետո՝ «Կոտայք-2-ի» բազայի վրա: Ակումբի նախագահը Լևոն Հարությունյանն էր, գլխավոր մարզիչը` Վաղարշակ Ասլանյանը: Թիմում հիմնականում ընդգրկված էին երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ հանդես էին գալիս արդեն զգալի ճանաչում ունեցող Երվանդ Կրբաշյանը, Տիգրան Եսայանն ու Կարեն Գրիգորյանը: 2-րդ շրջանում թիմը համալրեցին «Փյունիկի» դարպասապահ Արթուր Ավագյանն ու ՀՄՄ-ում հանդես եկած Արկադի և Կարեն Դոխոյան եղբայրները:

Տիգրան Եսայան

Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96թթ. առաջնությունում «Երևանը» հաջողությամբ նշեց նորամուտը՝ դառնալով բրոնզե մրցանակակիր: «Երևանն» իրեն դրսևորեց որպես մարտունակ կոլեկտիվ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Տիգրան Եսայանը՝ 22 հանդիպումներում խփելով 20 գնդակ: Ընդ որում Գյումրիի «Արագածի» հետ խաղում նա 5 գոլի հեղինակ էր դարձել: Եսայանը եզրափակեց առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը:

Նշենք, որ մինչև 1998թ. ներառյալ, Եսայանը մշտապես դարձել է «Երևանի» լավագույն ռմբարկուն: Նա թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է, նաև ռեկորդակիրն է անցկացրած խաղերի ու մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով: Ուստի պատահական չէ, որ Տիգրան Եսայանն իր արդյունավետ խաղով շուտով հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում:

Հարկ է նշել, որ ակումբի ղեկավարությունը բարձր պահանջներ դնելով թիմի առջև, շատ բծախնդիր էր մարզիչների ընտրության հարցում: Նույնիսկ չնչին սխալները չէին ներվում ու հերթական պարտությունը կարող էր ճակատագրական լինել գլխավոր մարզչի համար: Ուստի թիմում հաճախակի էին մարզչական փոփոխությունները: Երբ 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանի մեկնարկային տուրում 3-րդ տեղում ընթացող «Երևանը» 0-2 հաշվով զիջեց ՀՄՄ-ին, Վաղարշակ Ասլանյանը պաշտոնանկ արվեց, որին փոխարինեց «Արարատից» հեռացած Սամվել Դարբինյանը: Նրա գլխավորությամբ էլ երևանցիներն արժանացան առաջնությունում իրենց առաջին պարգևներին՝ բրոնզե մեդալներին:

Սամվել Դարբինյան

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

Սակայն Սամվել Դարբինյանն էլ հաջորդ մրցաշրջանում նույն բախտին արժանացավ՝ 2-րդ շրջանի շեմին տեղը զիջելով «Կոտայքից» տեղափոխված Սամվել Պետրոսյանին: Վերջինիս հետ «Երևան» տեղափոխվեցին «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստներ Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Մանուկյանը, Արթուր Աբազյանը, Լևոն Սարգսյանը, Հենրիկ Բերբերյանը և Էդուարդ Վերանյանը: Առաջնության մեկնարկում էլ թիմի կազմը համալրել էր ՀՄՄ-ի նախկին պաշտպան Արմեն Պետիկյանը:

1996/97թթ. առաջնությունում էլ «Երևանը» բրոնզե մրցանակակիր դարձավ: Թիմը կարող էր նաև արծաթե մեդալ նվաճել, սակայն վերջնագծում վճռորոշ խաղում 1-3 հաշվով զիջեց «Արարատին», այնուհետև թանկարժեք միավորներ կորցրեց «Ղարաբաղի» (0-0) և «Փյունիկի» (1-4) հետ հանդիպումներում:

1997թ. առաջնությունում գրվեց «Երևանի» կարճատև կենսագրության ոսկե էջը: Կրկին թիմի ղեկը ստանձնած Սամվել Դարբինյանի գլխավորությամբ «Երևանը» գերազանց ելույթ ունեցավ ու նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը: «Փյունիկից», «Շիրակից» և «Արարատից» հետո «Երևանը» դարձավ Հայաստանի չեմպիոն հռչակված 4-րդ ակումբը:

Այդ տարի առաջին անգամ Բարձրագույն խմբում հանդես եկան այլազգի ֆուտբոլիստներ (մինչ այդ Հայաստանում լեգեոնականներ էին հանդես եկել 1996թ. Առաջին խմբի մասնակից «Կապան-81» թիմում):

Եվ առաջին «ծիծեռնակը» «Երևանն» էր, որի կազմում ընդգրկվեցին ֆրանսիացի դարպասապահ Պասկալ Ռուսոն, իվուարցի պաշտպան Սերժ Անրի Գոգուան, Մալիի ազգային հավաքականի խաղացողներ, կիսապաշտպան Դեդե Թամբուրան և հարձակվող Նջիայ Մալալը: 35-ամյա Պասկալ Ռուսոն հանդես էր եկել ֆրանսիական մի շարք ակումբներում, 1989, 1990թթ. Մարսելի «Օլիմպիկի» կազմում դարձել էր Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, խաղացել էր երկրի երիտասարդական և ազգային հավաքականներում:

20-ամյա Սերժ Անրի Գոգուան հանդես էր եկել Կոտ դ’Իվուարի «Գանուա» թիմում, երկրի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էր Մալայզիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: 22-ամյա Դեդե Թամբուրան և 26-ամյա Նջիայ Մալալը Մալիի «Ջուլուբա» թիմում դարձել էին երկրի բազմակի չեմպիոն ու գավաթակիր:

«Երևանն» այնքան էլ հաջող չխաղաց առաջին շրջանում, որի ավարտից հետո 16 միավորով ընթանում էր 5-րդ տեղում՝ 9 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող «Շիրակից», 7 միավորով՝ 2-րդ տեղը զբաղեցնող «Փյունիկից»: Ի դեպ, հենց «Երևանին» հաջողվեց ընդհատել փյունիկցիների անպարտելի խաղերի ռեկորդային շարքը՝ 6-րդ տուրում 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնելով գործող չեմպիոնի նկատմամբ: Մինչ այդ «Փյունիկը» ՀՀ առաջնություններում 59 խաղ անընդմեջ պարտություն չէր կրել:

Կարեն Դոխոյան

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Առաջին շրջանի ավարտական տուրում «Երևանը» թանկարժեք 2 միավոր էր կորցրել «Արարատի» հետ մրցավեճում՝ վերջին 5 րոպեներին սեփական դարպասը 2 գոլ ընդունելով ու հաղթանակը ձեռքից բաց թողնելով (2-2): Դա առաջնությունում երևանցիների կորցրած վերջին միավորներն էին:

Առաջնության 2-րդ կեսը «Երևանը» պարզապես գերազանց անցկացրեց՝ հաղթելով բոլոր 9 հանդիպումներում: Հատկապես որոշիչ էր հոկտեմբերի 29-ին «Շիրակի» նկատմամբ Երևանում տոնած խոշոր հաշվով հաղթանակը (3-0): Դա առաջնությունում շիրակցիների առաջին ու միակ պարտությունն էր, ինչը հետագայում ճակատագրական եղավ գյումրեցիների համար:

Միայն առաջնության ավարտից 2 տուր առաջ «Երևանին» վերջապես հաջողվեց գլխավորել աղյուսակը՝ 2 միավորով առաջ անցնելով «Շիրակից» ու «Փյունիկից»: Ոսկե մեդալների համար պայքարի հանգուցալուծումը տեղի ունեցավ ավարտական տուրում, երբ Արմեն Կարապետյանի 11մ հարվածով խփված միակ գոլի շնորհիվ «Երևանը» հաղթեց «Փյունիկին»:

Բացի վերը նշված լեգեոնականներից, թիմի հաջողությունում իրենց ներդրումն ունեցան նաև Արմեն Պետիկյանը, Կարեն Դոխոյանը, Գեորգի Եսայանը, Տիգրան Եսայանը, թիմի ավագ Երվանդ Կրբաշյանը, Արմեն Սահակյանը, Արմեն Մարկոսյանը, Արմեն Կարապետյանը, Ալբերտ Աճեմյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը, Գագիկ Ավագյանը, Աբրահամ Խաշմանյանը, Արկադի Դոխոյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Էրիկ Հայրապետյանն ու Արթուր Ավագյանը: Ընդ որում Աբրահամ Խաշմանյանն ու Ռազմիկ Գրիգորյանը դարձան Հայաստանի կրկնակի չեմպիոններ: Խաշմանյանն իր առաջին ոսկե մեդալը նվաճել էր 1992թ. «Շիրակում», Գրիգորյանը՝ 1993թ. «Արարատում»:

Ռազմիկ Գրիգորյան

Գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի օգնականներն էին Աշոտ Խաչատրյանն ու Վազգեն Հայրապետյանը: 1997թ. մրցաշրջանի արդյունքներով Նջիայ Մալալը եզրափակեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակը: Հետաքրքիր է, որ «Երևանում» կրկին ամենաարդյունավետը դարձած Տիգրան Եսայանը բոլոր 10 գոլերը խփել էր մրցակիցների դաշտում՝ ցույց տալով լավագույն արդյունքը:

Հաջորդ մրցաշրջանում «Երևանին» չհաջողվեց պահպանել չեմպիոնի տիտղոսը: Թիմն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Պատճառներից մեկն էլ մարզչական հերթական փոփոխություններն էին: Փետրվարին «Երևանն» անհաջող հանդես եկավ Թուրքմենբաշիի գավաթի մրցաշարում («Էսթեղլալ» Իրան՝ 1-3, «Նիսա» Թուրքմենստան՝ 2-2, «Խենանզյանե» Չինաստան՝ 1-2) ու Սամվել Դարբինյանը պաշտոնանկ արվեց: Նրան փոխարինած Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ «Երևանն» անհաջող մեկնարկեց: Անցկացրած 10 խաղում թիմը վաստակել էր 14 միավոր և ընթանում էր 5-րդ տեղում՝ 14 միավորով հետ մնալով առաջատար «Շիրակից»:

Ակումբի ղեկավարությունը ստիպված էր մայիսի կեսերին թիմ վերադարձնել Սամվել Դարբինյանին, որի օրոք հաղթելով «Փյունիկին»՝ 2-1 (առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի), «Երևանն» առաջին անգամ մտավ ՀՀ գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Ցեմենտին»  (1-3): Սակայն Դարբինյանին էլ վիճակված չէր մինչև առաջնության վերջնագիծն աշխատելու թիմում: Օգոստոսին նա իր տեղը զիջեց մայիսին ՀՖՖ նախագահի պաշտոնից ազատված Արմեն Սարգսյանին:

Արմեն Սարգսյան

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Թեև կազմի զգալի համալրմանը («Արարատից» տեղափոխվել էին Հարություն Աբրահամյանը, Արա Նիգոյանն ու Արթուր Ս. Մինասյանը, ապրիլին Իրանի «Սեփահանից» վերադարձել ու թիմում էին ընդգրկվել նախկին արարատցիներ Արամայիս Տոնոյանն ու Լևոն Ստեփանյանը, ինչպես նաև Հայֆայի «Հապոելում» հանդես եկած Արմեն Շահգելդյանը: Ավելի ուշ նրանց էին միացել փյունիկցիներ Վարդան Մինասյանը, Վարազդատ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանն ու Արմեն Գալստյանը), «Երևանն» ի վիճակի չեղավ խառնվելու չեմպիոնի տիտղոսի համար ծավալված մրցավեճին՝ բավարարվելով բրոնզե մեդալով: Կրկին թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Տիգրան Եսայանը 2-րդ տեղը գրավեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ ընդամենը 8 միավորով զիջելով «Ցեմենտի» կիսապաշտպան Արթուր Ոսկանյանին:

1999թ. առաջնությունը վերջինն էր «Երևանի» համար, որն առաջին անգամ մնաց առանց մեդալների՝ 9 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 5-րդ տեղը: Մրցաշրջանի ավարտից հետո ֆինանսական խնդիրների պատճառով ինքնատիպ այդ կոլեկտիվը կազմալուծվեց:

2018թ. Կարեն Հարությունյանի ջանքերով, որը 1990-ականներին «Երևանում» թիմի պետի պաշտոնն էր զբաղեցնում, կրկին վերակազմավորվեց ակումբը: Առաջին խմբում հաջող ելույթների շնորհիվ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, «Երևանն» իրավունք ստացավ մասնակցելու Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը: Իսկ թե ինչ տխուր ճակատագրի արժանացավ Բարձրագույն խմբի նորեկը, բոլորին է հայտնի և կրկին անդրադառնալու կարիք բնավ էլ չկա: Միայն թե այդպես էլ չպարզվեց, թե ով կամ ովքեր էին «Երևանի» նոր սեփականատերերը ու ինչ նպատակներ էին հետապնդում ՀՀ առաջնությանը մասնակցելով, որի պատճառով զգալիորեն վատթարացավ թիմի ելույթների ընդհանուր վիճակագրությունը:

«Երևանի» ցուցանիշները ՀՀ առաջնություններում

Մրց Խ Հ Ո Պ Գ Մ Տ (Թիմ. քանակ) Ռմբարկուն
1995/96 22 13 5 4 43-24 44 3 (12) Տիգրան Եսայան՝  20
1996/97 22 16 2 4 58-24 50 3 (11) Տիգրան Եսայան՝  11
1997 18 13 4 1 41-10 43 1 (10) Տիգրան Եսայան՝  10
1998 26 15 3 8 47-30 48 3 (9) Տիգրան Եսայան՝ 10
1999 32 15 6 11 60-43 51 5 (9) Վարազդատ Ավետիսյան՝  12
2019/20 15 0 0 15 11-53 0 10 (10) Ռամազան Իսաև՝  6

Ռմբարկուների լավագույն տասնյակը

Ֆուտբոլիստներ Գոլ
1. Տիգրան Եսայան 56
2. Արմեն Կարապետյան 30
3. Ալբերտ Աճեմյան 15
4. Վարազդատ Ավետիսյան 13
5. Կարեն Դոխոյան 12
6. Արմեն Մարկոսյան 9
7. Նջիայ Մալալ 8
8. Դեդե Թամբուրա 7
9. Կախա Գոգոլաձե 7
10. Արմեն Սահակյան 7

Ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը

Ֆուտբոլիստներ Խաղ
1. Տիգրան Եսայան 89
2. Արկադի Դոխոյան 86
3. Ալբերտ Աճեմյան 78
4. Կարեն Դոխոյան 78
5. Արմեն Մարկոսյան 74
6. Կարեն Գրիգորյան 74
7. Արմեն Կարապետյան 69
8. Արմեն Պետիկյան 62
9. Երվանդ Կրբաշյան 50
10. Արսեն Այվազյան 47

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)