Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում - VNews
Բաժիններ

Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

Շարունակելով ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած, հայկական ֆուտբոլում առավել ծանրակշիռ նվաճումների հասած և մեծ հեղինակության արժանացած լուծարված 5 ակումբների ելույթներին նվիրված շարքը, VNews.am-ն անդրադառնում է Արարատի «Արաքսին»:

«ԱՐԱՔՍ» ԱՐԱՐԱՏ

Հայաստանի կրկնակի չեմպիոն (1998, 2000թթ.) և գավաթակիր (1998-1999թթ.), 1999թ. բրոնզե մրցանակակիր, 1998թ. սուպերգավաթակիր, 1999թ. Սուպերգավաթի մրցախաղի մասնակից:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1993-2000, 2003թթ.: Անցկացրել է 235 խաղ, +118=39-78, 474-353:
1993-1999թթ. հանդես է եկել «Ցեմենտ» անվանումով, 2000թ.-ին վերանվանվել է «Արաքս»:
Ամենախոշոր հաշվով հաղթանակները՝ 8-0 («Լոռի», 1997թ., «Գյումրի», 1999թ.):
Ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 0-11 («Փյունիկ», 2003թ.):
Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Նորայր Հոխոյանը՝ 215:
Լավագույն ռմբարկուն Հովհաննես Թումբարյանն է՝ 60 գոլ:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Հովհաննես Թումբարյանին՝ 24 գոլ (1993, 1995/96թթ.):

Արարատի «Արաքսը» լուծարված թիմերից ամենատիտղոսակիրն է: Արարատի թիմը 2 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, նույնքան անգամ էլ հանրապետության գավաթով պատվո շրջան է կատարել, մեկ անգամ էլ հաղթող է ճանաչվել Սուպերգավաթի մրցախաղում: Ընդ որում «Ցեմենտը» հայկական թիմերից առաջինն էր, որին հաջողվեց մեկ մրցաշրջանում ինքնատիպ հեթ-տրիկի հեղինակ դառնալ՝ 1998թ. արժանանալով հայկական ֆուտբոլում խաղարկվող 3 գլխավոր տիտղոսներին էլ: Հետագայում նման ցուցանիշի հաջողվել է հասնել միայն «Փյունիկին» 2002, 2004, 2010 և 2014/15թթ.:

«Ցեմենտը»՝ Հայաստանի 1998թ․ գավաթակիր, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

1992թ. Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունում թիմը հանդես եկավ «Արարատ» անվամբ՝ դառնալով առաջին խմբի մրցաշարի հաղթող ու արժանանալով Բարձրագույն խմբի ուղեգրին: Ուժեղագույնների խմբում Արարատի թիմը ներկայացավ «Ցեմենտ» անվանումով: Նորամուտը հաջող էր. «Ցեմենտը» Գառնիկ Ասատրյանի գլխավորությամբ 15 թիմերի մրցավեճում զբաղեցրեց 6-րդ տեղը: Արդյունավետ խաղով աչքի ընկավ թիմի 32-ամյա հարձակվող Հովհաննես Թումբարյանը՝ դառնալով 24 գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում «Ցեմենտը»  կրկնեց իր արդյունքը: Այս անգամ էլ բարձր արդյունավետություն դրսևորեց Անուշավան Փահլևանյանը՝ խփելով 23 գնդակ: Թիմի առաջընթացը շարունակվեց նաև հաջորդ տարի: Աշուն-գարուն մրցակարգով անցկացված անդրանիկ առաջնությունում «Ցեմենտը» 12 թիմերի մրցավեճում գրավեց 4-րդ տեղը, իսկ Հովհաննես Թումբարյանը կրկնեց եռամյա վաղեմության արդյունավետության իր անձնական ռեկորդը:

Մրցաշրջան-98-ում «Ցեմենտը» հասավ իր պատմության մեջ առաջին և ամենանշանակալի հաջողությանը՝ նվաճելով մինչ այդ անհասանելի բարձունքներ, դառնալով ֆուտբոլային յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ: Այդ հաջողությունում մեծ էր ակումբի նախագահ Աբրահամ Բաբայանի և թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ներդրումը, որոնց համընդհանուր ջանքերով ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվ էր ստեղծվել: Թիմը համալրել էին նախկին կոտայքցիներ Վահան Արզումանյանը, Վահրամ Հովհաննիսյանն ու Հայկ Հարությունյանը, «Էրեբունի-ՀՄՄ-ից» մայիսին նրանց էր միացել փորձառու պաշտպան Տիգրան Գսպեյանը:

Նախորդ մրցաշրջանում կարճ ժամանակ աշխատելով «Ցեմենտում», Վարուժան Սուքիասյանը մեկնել էր Լիբանան՝ գլխավորելով Բեյրութի ՀՄՄ-ն: Վերադառնալով հայրենիք, փորձառու մարզիչը կրկին ստանձնել էր թիմի ղեկը: Նրա գլխավորությամբ «Ցեմենտը» ներկայացավ խաղային նոր որակներով, ողջ մրցաշրջանն անցկացրեց վերելքով, առանց սայթաքումների, աչքի ընկավ ագրեսիվ գործողություններով, հարձակողական ոճի գրագետ ֆուտբոլ ցուցադրեց ու արժանիորեն նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Թիմը յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ անցկացրած բոլոր 25 հանդիպումներում էլ գրավելով մրցակիցների դարպասները: 19 խաղ անընդմեջ «Ցեմենտը» չպարտվեց:

Ֆուտբոլային առաջին բարձունքը «Ցեմենտը» նվաճեց մայիսին՝ դառնալով Հայաստանի գավաթակիր: Եզրափակչում «Ցեմենտի»  ֆուտբոլիստները 3-1 հաշվով պարտության մատնեցին երկրի չեմպիոն «Երևանին»: «Ցեմենտից» գոլերի հեղինակներ դարձան Գագիկ Մանուկյանը, Արմեն Սարգսյանը և Նորայր Հոխոյանը, «Երևանից» աչքի ընկավ Արթուր Ս. Մինասյանը: Տիգրան Գսպեյանը դարձավ Հայաստանի միակ հնգակի գավաթակիրը: Նախորդ 4 տիտղոսները նա նվաճել էր «Արարատի» կազմում:

Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

Իսկ առաջնության ավարտից հետո «Ցեմենտն» արծաթե մրցանակակիր «Շիրակի» հետ վիճարկեց Սուպերգավաթը: Խաղի հիմնական ժամանակում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին: 85-րդ րոպեին «Ցեմենտի» կիսապաշտպան Գագիկ Մանուկյանի խփած գոլին շիրակցիները պատասխանեցին Մհեր Ավանեսյանի գնդակով: 11մ հարվածաշարն ավելի հաջող իրացրին «Ցեմենտի» ֆուտբոլիստները, որոնք էլ նվաճեցին Սուպերգավաթը:

Թիմի հաջողությունում իրենց ներդրումն ունեցան հետևյալ ֆուտբոլիստները. դարպասապահներ՝ Գառնիկ Հովհաննիսյան, Աշոտ Դադամյան, պաշտպաններ՝ Արամ Հայրապետյան, Վահան Արզումանյան, Տիգրան Գսպեյան, Վահրամ Հովհաննիսյան, Աբրահամ Աբրահամյան, Արայիկ Մարգարյան, կիսապաշտպաններ՝ Տիգրան Հովհաննիսյան, Հայկ Հարությունյան, Նորայր Հոխոյան, Կարեն Ասատրյան, Արմեն Գրիգորյան, Ռոմեո Ջենեբյան, Արա Ոսկանյան, Արթուր Ոսկանյան, Արմեն Քելեշյան, Գագիկ Մանուկյան, հարձակվողներ՝ Արմեն Սարգսյան, Անուշավան Փահլևանյան, Արամ Սարգսյան, Շիրակ Սառիկյան: Վերջինս 12 գնդակով եզրափակեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

Մրցաշրջանի արդյունքներով Արթուր Ոսկանյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Վարուժան Սուքիասյանն արժանացավ լավագույն մարզչի կոչմանը:

1999թ. առաջնության մեկնարկից մի քանի տուր անց «Ցեմենտը» համալրեցին Արտաշատի «Դվինի» երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստներ Արա, Արամ և Հայկ Հակոբյանները, Եղիշե Մելիքյանը, Արտակ Մինասյանը և Գրիգոր Գրիգորյանը:

«Ցեմենտը» մոտ էր եռակի հաջողությունը կրկնելուն, սակայն միայն գավաթակիր դարձավ՝ եզրափակչում 3-2 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Վերջինս յուրօրինակ ռևանշի հասավ Սուպերգավաթի մրցաշարում`դեկտեմբերի 18-ին «Հրազդանում» կայացած խաղում Արթուր Պետրոսյանի խփած «ոսկե» գոլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2-1 հաշվով:

ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը Հայաստանի 1999թ․ գավաթը հանձնում է «Ցեմենտի» ավագ Հայկ Հարությունյանին, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Առաջնությունում էլ չեմպիոնի տիտղոսի համար հիմնական պայքարն ընթացավ «Ցեմենտի», «Արարատի» ու «Շիրակի» միջև: Առաջին շրջանից հետո աղյուսակը 38 միավորով գլխավորում էր «Արարատը», «Շիրակն» ու «Ցեմենտն» առաջատարին զիջում էին ընդամենը մեկ միավորով: Շատերի համար անսպասելի Վարուժան Սուքիասյանը 18-րդ տուրից հետո հեռացավ «Ցեմենտից»: Դա տարօրինակ որոշում էր, քանի որ նրա գլխավորությամբ անցկացրած առաջնության վերջին 8 հանդիպումներում էլ «Ցեմենտը» հաղթել էր, այդ թվում պարտության էր մատնել իր գլխավոր մրցակիցներ «Շիրակին» և «Արարատին»: 19-րդ տուրում «Ցեմենտի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց երկրորդ մարզիչ Հովհաննես Դալդալյանը, իսկ հաջորդ խաղից թիմի ղեկը ստանձնեց Աշոտ Խաչատրյանը:

Ոսկե մեդալների համար մրցավեճի հանգուցալուծումը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին Արարատում կայացած վճռորոշ խաղում, որում շիրակցիները մեծ փորձությունների ենթարկվեցին: Դեռևս առաջին խաղակեսում մրցավար Սլավիկ Ղազարյանը խաղադաշտից հեռացրեց շիրակցի Արարատ Հարությունյանին, իսկ ընդմիջումից հետո 11մ հարված նշանակեց «Շիրակի» դարպասին: Սակայն Արթուր Հովհաննիսյանը հետ մղեց Տիգրան Հովհաննիսյանի հարվածը:

Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին մրցավարը ևս մեկ անգամ «Շիրակին» պատժեց 11մ հարվածով: Այս անգամ Արամ Հակոբյանի հարվածն անկասելի էր, ինչը հաղթանակ պարգևեց «Ցեմենտին»՝ վճռելով ոսկե մեդալների հարցը: Սակայն շիրակցիները դժգոհ լինելով մրցավարի կողմնակալ գործողություններից, բողոքարկեցին խաղը: Հետաքրքիր է, որ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստում հենց «Ցեմենտի»  նախագահ Աբրահամ Բաբայանի առաջարկով որոշվեց վերախաղարկել հանդիպումը:

Չեմպիոնների լիգա, 1999թ․, «Արաքս» 0-3 «Ժալգիրիս», գնդակով Արամ Հակոբյանն է, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

Դեկտեմբերի 13-ին մրցակիցները կրկին Արարատում մրցավեճի բռնվեցին: Այս անգամ դարպասները մնացին անառիկ, որի արդյունքում չեմպիոն հռչակվեց «Շիրակը», իսկ «Ցեմենտն» Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ բավարարվեց բրոնզե մեդալներով:

Իսկ ահա առաջնության լավագույն ռմբարկուների պայքարում 21 գնդակով հաղթող ճանաչվեց «Ցեմենտի» հարձակվող Շիրակ Սառիկյանը՝ մեկ գնդակով գերազանցելով կիլիկիացի Արման Քարամյանի ցուցանիշը:

2000թ. «Ցեմենտը» վերանվանվեց «Արաքս» ու նոր անվանումով Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ կրկին հայտնվեց չեմպիոնական բարձունքին: Փորձառու մարզիչը, որն այդ տարի ստանձնել էր նաև ՀՀ ազգային հավաքականի ղեկը, հարազատ կոլեկտիվ վերադարձավ հունիսին՝ առաջնության 11-րդ տուրում փոխարինելով Սամվել Պետրոսյանին: Նրա գլխավորությամբ «Արաքսը» շատ հաջող խաղաց 2-րդ շրջանում՝ 12 հանդիպումներից 10-ում հաղթելով, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով միայն մեկ պարտություն:

«Արաքսի» համար վճռորոշ եղան իր գլխավոր հակառակորդների՝ «Շիրակի» (1-0) և «Արարատի» (2-1) նկատմամբ առաջնության վերջնագծում տոնած հաղթանակները: Երկու հանդիպումներում էլ վճռորոշ գոլերի հեղինակներ դարձավ Արամ Հակոբյանը: Իսկ նրա 20-ամյա եղբայրը՝ Արա Հակոբյանը 21 գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Նա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրեց՝ տիտղոսը զիջելով շիրակցի Արթուր Պետրոսյանին:

 «Արաքսը» երկրի գավաթակիր «Միկայի» հետ առաջնության ավարտից հետո պետք է վիճարկեր Սուպերգավաթը: Սակայն «Միկան» առաջնության ավարտից 2 տուր առաջ հրաժարվել էր մրցաշարի մասնակցությունից, ուստի Սուպերգավաթը չխաղարկվեց:

«Արաքսի» չեմպիոնական կազմն այսպիսին էր. դարպասապահներ՝ Գառնիկ Հովհաննիսյան, Աշոտ Դադամյան, պաշտպաններ՝ Արամ Հայրապետյան, Կարեն Դոխոյան, Կարեն Սիմոնյան, Եղիշե Մելիքյան, Արթուր Մկրտչյան, Արկադի Դոխոյան, Աշոտ Գրիգորյան, կիսապաշտպաններ՝ Տիգրան Հովհաննիսյան, Հայկ Հարությունյան, Նորայր Հոխոյան, Կարեն Ասատրյան, Արմեն Գրիգորյան, Ռոմեո Ջենեբյան, Արա Ոսկանյան, Գրիգոր Գրիգորյան, Ռաֆայել Նազարյան, Ռոմիկ Խաչատրյան, Հովհաննես Նազարյան, հարձակվողներ՝ Արմեն Սարգսյան, Արամ Հակոբյան, Շիրակ Սառիկյան, Արա Հակոբյան, Արտակ Մինասյան, Հայկ Հակոբյան:

Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Այդ տարիներին համընդհանուր կարծիք կար, որ դեպի Հայաստանի ազգային հավաքական ճանապարհն անցնում է «Ցեմենտով»: Եվ դա մոտ էր իրականությանը: «Ցեմենտ» տեղափոխվելուց հետո հավաքականում իրենց նորամուտը նշեցին Հայկ Հարությունյանը, Արթուր Ոսկանյանը, Արամ Հակոբյանը, Արկադի Դոխոյանը, իսկ ավելի վաղ ազգային թիմում առաջին խաղերն անցկացրած Ռոմիկ Խաչատրյանը, Հայկ Հակոբյանը, Արա Հակոբյանը և Կարեն Դոխոյանը «Ցեմենտ» տեղափոխվելուց հետո դարձան մեր ընտրանու հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Բացի նրանցից, հավաքականում խաղում էին նաև «Ցեմենտի» կազմում ավելի վաղ ընդգրկված Տիգրան Հովհաննիսյանը, Արտակ Մինասյանն ու Արմեն Սարգսյանը:

Ցավոք, «Արաքսի» նախագահ Աբրահամ Բաբայանն այլևս ի վիճակի չէր հոգալ թիմի ծախսերը: Ուստի 2000թ. մրցաշրջանից հետո փոխվեց  «Արաքսի» հովանավորը: «Արաքսը» ձեռք բերեց Սարգիս Իսրայելյանը, որը 1992-1994թթ. «Բանանցի» հիմնադիրն ու նախագահն էր: Այսպես «Արաքսը» երևանյան գրանցում ստացավ: Փաստորեն նոր ակումբ հիմնվեց, թեև թիմը հիմնականում պահպանեց իր կազմը: Իսկ Արարատը զրկվեց Բարձրագույն խմբում իր տեղից:

Ակումբի մանկապատանեկան խմբերից կազմավորված թիմը հանդես եկավ Առաջին խմբում: 2002թ. Արարատի «Արաքսն» Առաջին խմբում գրավեց 2-րդ տեղը և իրավունք ստացավ հաջորդ տարի հանդես գալու Բարձրագույն խմբում, քանի որ 1-ին հորիզոնականը զբաղեցրած Արմավիրի համանուն թիմը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հրաժարվել էր ուղեգրից:

Չեմպիոնների լիգա, 1999թ․, «Արաքս» 0-3 «Ժալգիրիս», գնդակով Ռաֆայել Նազարյանն է, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Այսպես 3 տարի անց Արարատը կրկին իր ներկայացուցիչն ունեցավ Բարձրագույն խմբում: Սակայն հիմնականում անփորձ ֆուտբոլիստներով կազմավորված «Արաքսը» պատրաստ չէր առաջնությանը: Փորձառու ֆուտբոլիստներից թիմում մնացել էին միայն դարպասապահ Աշոտ Դադամյանը, Արմեն Քելեշյանը, Նորայր Հոխոյանն ու Կարեն Ասատրյանը: Իսկ երիտասարդների թվում էին «Բանանցի» ներկայիս դարպասապահ Ստեփան Ղազարյանը, հետագայում «Միկայում» և «Գանձասար-Կապանում» հանդես եկած Արմեն Պետրոսյանը, որոնք իրենց նորամուտը նշեցին Բարձրագույն խմբում:

«Արաքսը» Գառնիկ Ասատրյանի գլխավորությամբ առաջնությունը սկսեց 7 անընդմեջ պարտությամբ, ընդ որում 3-րդ տուրում 11 անպատասխան գնդակ բաց թողեց «Փյունիկից»՝ կրելով ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով պարտությունը: Միայն 15-րդ տուրում թիմն անդրանիկ հաղթանակը տոնեց՝ 2-1 հաշվով պարտության մատնելով Կապանի «Լեռնագործին»: Առաջնությունում «Արաքսը»  խոշոր հաշվով 11 պարտություն կրեց: Թիմը հրաժեշտ տվեց Բարձրագույն խմբին:

Ճիշտ է, «Արաքսը» 2004թ. Առաջին խմբի առաջնությունում հաղթող ճանաչվեց, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվեց Բարձրագույն խմբում հանդես գալուց: Եվս մեկ տարի հանդես գալով Առաջին խմբում, «Արաքսը» վերջնականապես լուծարվեց: Որքան էլ որ ցավալի է, ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ու հիանալի մարզաբազա ունեցող Արարատը մնաց առանց մեծ ֆուտբոլի:

«Արաքսի» ցուցանիշները ՀՀ առաջնություններում

Մրց. Խ Հ Ո Պ Գ Մ Տ (Թիմ. քանակ) Ռմբարկուն
1993 28 12 6 10 56-50 30 6(15) Հովհաննես Թումբարյան՝ 24
1994 28 11 6 11 54-49 28 6(15) Անուշավան Փահլևանյան՝ 23
1995 10 4 2 4 19-13 14 2(6, 1-ին ենթ.) Հովհաննես Թումբարյան՝ 7
1995/96 22 12 3 7 57-33 39 4(12) Հովհաննես Թումբարյան՝ 24
1996/97 22 13 3 6 49-26 42 5(11) Սերգեյ Հայրբաբամյան՝ 13
1997 18 8 3 7 28-27 27 5(10) Արամ Սարգսյան՝ 8
1998 26 20 4 2 70-22 64 1(9) Շիրակ Սառիկյան՝ 12
1999 32 22 5 5 78-19 71 3(9) Շիրակ Սառիկյան՝ 21
2000 28 19 4 5 65-33 61 1(8) Արա Հակոբյան՝ 21
2003 28 2 3 23 17-86 9 8(8) Կարեն Ասատրյան՝ 7

Ռմբարկուների լավագույն տասնյակը

Ֆուտբոլիստներ Գոլ
1. Հովհաննես Թումբարյան 60
2. Անուշավան Փահլևանյան 56
3. Շիրակ Սառիկյան 47
4. Նորայր Հոխոյան 40
5. Կարեն Ասատրյան 37
6. Տիգրան Հովհաննիսյան 32
7. Սերգեյ Հայրբաբամյան 26
8. Արա Հակոբյան 23
9. Արմեն Սարգսյան 16
10. Հայկ Հարությունյան 15

Ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը

Ֆուտբոլիստներ Խաղ
1. Նորայր Հոխոյան 215
2. Կարեն Ասատրյան 178
3. Արամ Հայրապետյան 158
4. Տիգրան Հովհաննիսյան 154
5. Աշոտ Դադամյան 147
6. Աբրահամ Աբրահամյան 123
7. Էրիկ Խաչատրյան 118
8. Անուշավան Փահլևանյան 110
9. Գառնիկ Հովհաննիսյան 99
10. Արայիկ Մարգարյան 99

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3 անգամ սխեմա փոխեցինք» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն հրավիրվեմ հավաքական, այլ նաև խաղերի մասնակցեմ» (տեսանյութ)