Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը - VNews
Բաժիններ

Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

2Z7A1826 - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:23

-

-

Աշխարհահռչակ շատ ու շատ ֆուտբոլիստներ մինչ փառքի հասնելն անցնում են բազմաթիվ փորձությունների միջով: Երբ ծանոթանում ես այդ պատմություններին, հասկանում ես, որ մեծ կամք ու ձգտում է պետք այդ ամենը հաղթահարելու համար: Այդպես, նույնիսկ ավելի բարդ է հայկական իրականությունում, չէ՞ որ այստեղ առաջանում է նաև զինվորական ծառայության խնդիրը: Մեծ թվով պատանիներ, տարիներ շարունակ նվիրվելով մարզաձևին, ստիպված են լինում իրենց պարտքը տալ հայրենիքին, իսկ այդ 2 տարին «ոսկե» ժամանակահատված է ֆուտբոլիստի համար: Բարդ ճանապարհ է անցել նաև Տիգրան Բարսեղյանը՝ ֆուտբոլիստ, որ այսօր խաղում է Ղազախստանի ուժեղագույն թիմում և Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկն է: Նրա պատմությունը երբեք չհանձնվելու օրինակ կարող է դառնալ շատերի համար:

«Հայրս խաղի էր, երբ ես ծնվեցի: Մեքենայով վերադառնում էր տուն, երբ ռադիոյով հայտնեցին, որ շնորհավորում են Աշոտին, տղա է ունեցել: Զանգեց մայրիկին և հարցրեց՝ որդի՞ է ունեցել, պատասխանեցին՝ այո-այո: Մեկ ամիս անց գնացի Բեյրութ»,- պատմում է Տիգրան Բարսեղյանը: Նրա մանկության մի մասն անցավ Լիբանանի մայրաքաղաքում, քանի որ այնտեղ էր հանդես գալիս հայրը՝ Աշոտ Բարսեղյանը: Վերջինս Հայաստանում ճանաչված ֆուտբոլիստ էր, ռմբարկուական մի քանի ռեկորդների հեղինակ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել: Տիգրանն էլ կարծես այլ ելք չուներ, պետք է գնար հոր հետքերով: «Ինձ գնդակ տվեցին, և ես դրանով քնում ու զարթնում էի: Փոքր դաշտ կար Բեյրութի մեր տան մոտակայքում, այնտեղ էլ սկսեցի խաղալ: Հայրս խաղակոշիկներ գնեց ինձ համար, որոնք պահում եմ մինչ օրս»,- նշում է Տիգրանը:

94128079 591444648137509 1537033422164197376 n - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը
Հայր և որդի Բարսեղյանները

5 տարեկան էր, երբ վերադարձան Հայաստան: Դարասկզբին, երբ նոր-նոր էր ձևավորվում «Բանանց» (ներկայիս «Ուրարտու») ակումբի մանկապատանեկան դպրոցը, Տիգրանը սկսեց մարզվել այնտեղ: Նրա, ինչպես նաև մի քանի այլ տարիքային խմբերին մարզում էր Աշոտ Բարսեղյանը, հենց ով էլ այդ ֆուտբոլիստներին հավաքագրել էր Երևանի տարբեր դպրոցներից: Տիգրանը համարյա միշտ մարզվել ու խաղացել է իրենից բարձր տարիքային թիմերում, խոսք է գնում նույնիսկ 2-3 տարի մեծ խաղացողների հետ հանդես գալու մասին: Ապագա ֆուտբոլիստն այդպես ավելի կոփվեց և կատարելագործվեց: «Ինչ ինձ հիշում եմ, հայրս է եղել գլխավոր մարզիչս: Նա ամենաշատն իմ նկատմամբ էր խստապահանջ: Եղան ժամանակներ, երբ այլևս չէի դիմանում, ասում էի՝ չեմ ուզում, դժվար է և այլն, բայց հետո հասկացա, որ առանց այդպիսի մոտեցման որևէ արդյունքի չէի հասնի»,- ասում է Տիգրանը:

Զինվոր-ֆուտբոլիստը

Ամեն ինչ գնում էր իր հունով, Տիգրանն առաջատար ֆուտբոլիստ էր բոլոր տարիքային թիմերում, հասավ մինչև 2-րդ թիմ: Այդ ընթացքում սկսեց հրավիրվել նաև Մ-17 և Մ-19 հավաքականներ: Նրան աստիճանաբար ներգրավվում էին նաև գլխավոր թիմ, խաղացողը 2010 ու 2011 թվականներին մասնակցեց ակումբի արտասահմանյան հավաքներին, նաև որոշակի խաղաժամանակ էր ստանում Բարձրագույն խմբում: Այդ ամենին վերջ դրվեց 2011-ի ամռանը, երբ ակումբը որոշեց հրաժարվել նրա ծառայություններից, այլևս չհրավիրվեց նաև Մ-19 հավաքական: Դա նշանակում էր՝ հարկավոր է մոռանալ ֆուտբոլի մասին և նախապատրաստվել բանակ այդ տարվա ձմռանը զորակոչվելուն: «Շատ հիասթափված էինք, անտանելի օրեր էին: Ես էլ այդ ամենից հետո հեռացա ակումբից: Ամբողջ կյանքս ներդրել էի տղայիս հաջողության հասցնելու համար, բայց արի ու տես, որ մեկ օրում ամեն ինչ փլուզվեց: Եթե նա մնալու և տարկետում ստանալու արժանի չլիներ, առաջինը ես դեմ կլինեի դրան: Բայց բոլորը կփաստեն, որ Տիգրանը ցանկացած տարիքային թիմում առաջատար ֆուտբոլիստ է եղել»,- նշում է Աշոտ Բարսեղյանը:

93535158 589911725068861 3300740611027501056 n - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը
Տիգրան Բարսեղյանը՝ աջից

Վանաձորից մինչև «Բարսելոնայի» ակադեմիա. 30-ամյա Վահան Մարտիրոսյանի հետաքրքիր պատմությունը, Վիլյան, Զլատանն ու երկու երազանքները

Տիգրանի կարիերան փրկեց «Գանձասար» (ներկայիս «Գանձասար-Կապան») ակումբը: Գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի միջնորդությամբ՝ պիտի 6 ամիս խաղար կապանյան ակումբի երկրորդ թիմում, հետո ծառայության անցներ հենց այդ քաղաքում՝ միաժամանակ շարունակելով մարզվել և խաղալ Սյունիքը ներկայացնող ակումբում: Հայրը գնաց որդու հետևից: Աշոտ Բարսեղյանը, որը որպես գլխավոր մարզիչ արդեն ճանաչված մասնագետ էր Հայաստանում, համաձայնեց գլխավորել «Գանձասար-2»-ը, որպեսզի այնտեղ մարզի որդուն: Մարզիչն ասում է․ «Ֆուտբոլիստների 99%-ը նման որոշումներից հետո ֆուտբոլ այլևս չի խաղում: Բայց մենք ունեինք նպատակ, որին պիտի հասնեինք: Առաջին հերթին, գնում էինք անարդարության դեմ: Սա երևի Աստծո պատրաստած փորձությունն էր, որ Տիգրանը հասկանա՝ պիտի տանջվի ու չարչարվի արդյունքի հասնելու համար»:

Տիգրանը համատեղեց ծառայությունն ու ֆուտբոլը: Առաջին խմբի այդ և հաջորդ տարվա առաջնություններում 9-ական գոլ խփեց: Երբեմն մասնակցում էր նաև առաջին թիմի հանդիպումներին, երբ այն հաջորդաբար գլխավորեցին Աբրահամ Խաշմանյանը, Սամվել Սարգսյանն ու Սևադա Արզումանյանը: Տիգրանն ընտելացավ նաև զինվորական կարգավիճակին, նույնիսկ հաջողություններ արձանագրեց: Նրա ստորաբաժանումը մի օր վազքային մրցման էր մասնակցում, վազքի ընթացքում հարկավոր էր տանել նաև կցված զենքը: Տիգրանին բավականին ծանր զենք էր բաժին հասել, ճանապարհն էլ բարդ էր ու երկար: Սակայն դա նրա համար խնդիր չէր: Դեռ ավելին, երբ տեսավ, որ ընկերներից երկուսն այլևս չեն կարողանում շարունակել, վերցրեց նրանց զենքերը նույնպես ու օգնելով հասցրեց վերջնագիծ: Հրամանատարական անձնակազմը հիացած էր զինվոր-ֆուտբոլիստի այսպիսի պատրաստականությամբ, ինչի արդյունքում էլ Բարսեղյանը պարգևատրվեց «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով:

93638565 1271183773087288 7992392263307100160 n - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը
Տիգրան Բարսեղյանը՝ ձախից

Հայր և որդի, կարելի է ասել, միասին անցկացրին ծառայությունը: Աշոտ Բարսեղյանը հասցնում էր նաև կարգի բերել որդու զինվորական հագուկապը, նրան ապահովել հնարավոր ամեն ինչով: «Բանակից հետո փոխվեց բնավորությունս: Էլ երբեք չեմ ասում՝ ես հոգնեցի և վերջ: Եթե հաղթահարում ես քո առջև գտնվող արգելքը, հետագայում ամեն ինչ ավելի լավ է լինում: Եթե ինքդ քեզ չհավատաս, ուրիշ ոչ ոք քեզ չի հավատա»,- հավաստիացնում է Տիգրանը: Հայրը շարունակում է․ «Նրան միշտ ասել եմ, որ պետք է տղա լինես: Ինչքան քեզ խփեն, այնքան պիտի ապացուցես, որ կարող ես բարձրանալ ու ֆուտբոլ խաղալ: Չնայած բոլոր բարդություններին՝ ես հպարտ եմ, որ իմ որդին ծառայել է իր երկրի համար»: Ծառայության վերջին ամիսներին Սևադա Արզումանյանի օրոք դարձավ առաջին թիմի լիիրավ անդամ ու նվաճեց առաջնության բրոնզե մեդալ:

Առաջընթաց, Եվրոպա և հերթական փորձությունը

Տիգրանն ապացուցելու շատ բան ուներ, ուստի զորացրվելուց անմիջապես հետո անցավ թիմի փնտրտուքի: Ի վերջո տեղափոխվեց «Միկա»: Ֆուտբոլիստը հիշում է․ «Երբ զորացրվեցի բանակից, միայն «Միկան» հավատաց իմ ուժերին: Կարելի է ասել՝ «Միկան» ինձ երկրորդ կյանք պարգևեց»: Հետաքրքիր է, որ Բարսեղյանը ձմռանը Կիպրոսում կայացած հավաքի ժամանակ 2 հանդիպում անցկացրեց Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում: Ռուսական թիմը, որի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Տարխանովն էր, նրա օգնականը՝ Պողոս Գալստյանը, կադրային խնդիրներ ուներ, ուստի ընկերական խաղերի համար 4 ֆուտբոլիստների ընդգրկեց «Միկայից», սակայն նրանցից միայն Տիգրանը 2 մրցավեճի մասնակցեց: «Միկայի» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հիշում է․ «Ռուսական թիմում շատ գոհ էին մեր ֆուտբոլիստների խաղից, հատկապես Տիգրան Բարսեղյանից: Ես հետևում էի այդ հանդիպումներին ու տեսնում, որ Տիգրանը չի զիջում «Ուրալի» ֆուտբոլիստներին, դեռ ավելին՝ որոշներին գերազանցում էր: Շշուկներ կային, որ «Ուրալը» ցանկանում է հրավիրել Բարսեղյանին, սակայն ամեն ինչ մնաց խոսակցությունների մակարդակի վրա»:

10502535 810164399049882 6679431890655814666 n - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը
Տիգրան Բարսեղյանը՝ «Ուրալի» կազմում

Հայազգի ծագող աստղը՝ NBA-ի ակումբների թիրախում. Ո՞վ է Գարի Չիվիչյանը

Բարսեղյանը հետագա 1,5 տարում հրաշալի հանդես եկավ: Նա լիովին բացահայտեց իր որակները «Միկայում», որը հարձակողական և գրավիչ ֆուտբոլ էր ցուցադրում: «Երբ Տիգրանը եկավ «Միկա», առաջին օրից էլ զգացվում էր նրա նպատակասլացությունն ու աշխատասիրությունը: Նա ուներ բնածին մեծ ուժ, ագրեսիվություն: Տիգրանին ավելի շատ օգտագործում էի աջից, նաև ենթահարձակվողի դիրքում, բայց ոչ՝ ձախից: Խաղալով աջից՝ լավ էր տեղափոխվում կենտրոն ու հարվածում: Նրանում, որ հասավ հաջողությունների, ամենամեծ ավանդը հենց իրենն է: Չէի ասի, թե մեծ տաղանդ էր, սակայն ուներ ձգտում և մեծ ցանկություն, ինչն ամենակարևորն է»,- նշում է Ոսկանյանը: 2015/16թթ․ մրցաշրջանն անցկացրեց «Գանձասար-Կապանում», 2016 թվականին իրականացրեց իր գլխավոր երազանքը՝ հրավիրվելով Հայաստանի ազգային հավաքական: Նույն տարվա հունիսին խփեց նաև առաջին գոլը, երբ ընկերական խաղում գրավեց Էլ Սալվադորի ընտրանու դարպասը (4-0): Ուշագրավ է, որ հավաքականն այդ ժամանակ մարզում էր Վարուժան Սուքիասյանը՝ մասնագետ, որի օրոք Տիգրանի հայրը՝ Աշոտ Բարսեղյանը, «Բանանցի» կազմում 1992 թվականին դարձել էր Հայաստանի գավաթակիր:

«Եթե ուզում ես՝ եվրոպական ինչ-որ դուռ բացվի քո առջև, պարտադիր է հավաքականում հանդես գալը»,- ասում է Բարսեղյանը: Եվ, իրոք, ընտրանու ֆուտբոլիստ լինելն օգնեց նրան կարիերայում կատարելու հերթական քայլը՝ դեպի արտասահման: Տեղափոխվեց Հյուսիսային Մակեդոնիայի «Վարդար», որտեղ հանդես էր գալիս նաև Հովհաննես Համբարձումյանը: Թվում էր՝ եկել է Եվրոպան գրավելու ժամանակը, սակայն իրականում հերթական փորձության պահն էր: Տիգրանը բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը, քանի որ սրտի թեթև կարգի առիթմիա ուներ, ստիպված էր վիրահատության ենթարկվել ու ապաքինման գործընթաց անցնել: Ակումբների մեծամասնությունը տվյալ դեպքում կհրաժարվի լեգեոներ ֆուտբոլիստից, որը պայմանագիր կնքելուց հետո դեռ մեկ խաղ էլ չէր անցկացրել թիմում: Սակայն «Վարդարը» հավատաց ու սպասեց նրան: Խաղադաշտ վերադարձավ 2017-ի փետրվարին ու արդեն երկրորդ խաղում դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով չեմպիոնության համար պայքարում «Վարդարի» գլխավոր մրցակցի՝ «Շկենդիայի» դարպասը: Մրցավեճից հետո հուզված էր․ «Երբ քեզ վստահում են այսքան ժամանակ չխաղալուց հետո, ուզում ես ամեն ինչ անել, որ արդարացնես մարզիչների ու երկրպագուների սպասելիքները: Այդ գոլը ես չխփեցի, այլ Աստված օգնեց ինձ»:

asasa - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը
Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը

«Հայկական Հալկի» պատմական գոլը և «Վարդարի» պատմական նվաճումը

«Վարդարն» այդ առաջնությունում դարձավ երկրի չեմպիոն, Բարսեղյանն անցկացրած 16 խաղում խփեց 7 գոլ, կատարեց 4 արդյունավետ փոխանցում: Տրանսֆերային արժեքը 150 հազար եվրոյից հասավ 750 հազարի: Բայց գլխավորը դեռ առջևում էր: «Վարդարն» իր պատմության մեջ առաջին անգամ ձեռք բերեց Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր: Թիմը մինչ այդ դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, Բարսեղյանը 2-րդ փուլում հասցրել էր գոլ խփել շվեդական «Մալմյոյին»: Դե իսկ Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու ճանապարհին «Վարդարին» սպասում էր ահեղ «Ֆեներբախչեն»՝ համալրված Կառլոս Կամենիով, Մարտին Շկրտելով, Մատյո Վալբուենայով, Ռոբին վան Պերսիով և այլ աստղերով: Հյուսիսմակեդոնական թիմը սեփական հարկի տակ հաղթեց 2-0 հաշվով, Տիգրանը դարձավ գոլի հեղինակ: «Ոչ մի զգացողություն չեմ փոխի նրա հետ, ինչ զգացի այդ գոլից հետո: Այդ հանդիպման համար հատուկ խաղակոշիկներ էի պատվիրել․ աջին Հայաստանի դրոշն էր, ձախին՝ «Վարդարի»: Երբ գոլ խփեցի, համբուրեցի խաղակոշիկս: Չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր կգրավեմ մանկությանս ամենասիրելի դարպասապահներից մեկի՝ Կամենիի պաշտպանած դարպասը»,- հիշում է ֆուտբոլիստը: «Վարդարը» Թուրքիայում առավելության հասավ 2-1 հաշվով, թիմակիցը Տիգրանի փոխանցումից հետո խփեց հանդիպման վճռորոշ գոլը:

Բարսեղյանի գոլը «Ֆեներբախչեի» դարպասը՝

Խմբային փուլում 6 խաղ ու ընդամենը 1 միավոր: «Վարդարը» երկրի հաջորդ առաջնությունում բավարարվեց 2-րդ հորիզոնականով: Տիգրանը 31 մրցավեճում 9 անգամ հասավ հաջողության: 2017 թվականի արդյունքներով ճանաչվեց Հայաստանի 2-րդ լավագույն ֆուտբոլիստ՝ հետ մնալով միայն Հենրիխ Մխիթարյանից: 2018/19թթ․ մրցաշրջանն էլ սկսեց «Վարդարում», 7 խաղում 4 գոլ խփեց, սակայն հասկացավ, որ հեռանալու ժամանակն է: Թիմի կազմը երիտասարդացել էր, պատվախնդիր նպատակներ այլևս չկային: «Վարդարը» Եվրոպա լիգայի որակավորման փուլում պարտվեց «Փյունիկին»: Ակումբը լքեց նաև Համբարձումյանը: Այդուհանդերձ, «Վարդարը» միշտ կհիշի այս խաղացողներին, որոնց մեծագույն օգնությամբ հաջողվեց պատմություն կերտել: ««Վարդարը» գուցե 50 կամ 100 տարի այդպիսի արդյունքի այլևս չհասնի»,- կարծում է Բարսեղյանը:

VNews-ի ֆիլմը «Վարդարի» եվրոպական սխրանքի մասին՝

Այդ ընթացքում մշտապես հրավիրվում էր նաև հավաքական, սակայն ամրապնդվել չէր ստացվում: Նա «Վարդարում» հաճախ էր գործում կենտրոնական հարձակվողի դիրքում, նաև՝ 2 եզրերից: Հավաքականում մեծ էր մրցակցությունն իր սիրելի աջ եզրում, որտեղ կային Արաս Օզբիլիս, Էդգար Մանուչարյան, հետո էլ՝ Սարգիս Ադամյան: Մեծ խնդիրներ էին առկա հարձակման կենտրոնում, հիմնականում հենց որտեղ էլ նրան տեսնում էին նախ Արթուր Պետրոսյանը, ապա՝ Վարդան Մինասյանը: Բարսեղյանը 2017-2018թթ․ մասնակցեց 16 հանդիպման, բայց ընդամենը 7 անգամ ընդգրկվեց մեկնարկային կազմում: Ազգերի լիգայում հասցրեց նաև հաղթական գոլ խփել Լիխտենշտեյնի հավաքականի դեմ մրցավեճում: Սակայն այդ ամբողջ ընթացքում կար տպավորություն, որ մենք դեռ չենք տեսել Տիգրանի ամբողջ պոտենցիալը: Ժամանակը ցույց տվեց, որ չէինք սխալվում:

No Barseghyan – No Party

Խորվաթական «Հայդուկ» և «Ռիեկա», ռումինական և ասիական ակումբներ, նույնիսկ՝ Կազանի «Ռուբին»․ սա փոքր ցանկն է այն թիմերի, որոնք 2019 թվականի հունվարին հետաքրքրված էին Բարսեղյանի ծառայություններով: Բայց ընտրություն կատարվեց մեկ այլ թիմի՝ ղազախական «Կայսարի» օգտին: Այդպիսի որոշումն առաջին հայացքից անհասկանալի էր, սակայն ֆուտբոլիստն ամեն ինչ պարզաբանեց․ «Գլխավոր մարզիչ Ստոյչո Մլադենովն ասաց, որ ցանկանում է խաղն իմ շուրջ կառուցել: Եթե ուրիշ մարզիչ լիներ, 100%, նույնիսկ 200%-ով չէի գնա «Կայսար», բայց նա, կարելի է ասել, ատամներով պայքարեց ինձ համար, ինչն ինձ շատ դուր եկավ»: Սա գերազանց որոշում էր: Տիգրանը սկսեց խաղալ իրեն շատ ավելի հոգեհարազատ աջ եզրում ու հերթով «ռմբակոծում» էր բոլոր թիմերի դարպասները: Եթե Հյուսիսային Մակեդոնիայում նրան «Հայկական Հալկ» էին անվանում, ապա Ղազախստանում ստացավ «Վագր» մականունը:

55963111 988550458006029 7076314372301127680 o 960x768 - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

Ակումբ, որտեղ տաղանդները չեն իրականացնում իրենց ֆուտբոլային երազանքները․ «Ուրարտուի» մտահոգիչ ներկան

Եվ այսպես, նախորդ տարվա առաջնությունում անցկացրած 29 մրցավեճում էլ եղել է հիմնական կազմում, խփել 12 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում: Ընդ որում, այդ գոլերը մեկը մյուսից գեղեցիկ էին՝ կատարված թնդանոթային ուժգնության հարվածներով: Նա ճանաչվեց առաջնության 3-րդ լավագույն ֆուտբոլիստ, առաջնության առաջատարն էր կատարած հաջող խաբսերի քանակով (288 փորձից հաջող է եղել 144-ը), կանոններն ամենաշատը խախտել են նրա նկատմամբ (ուղիղ 100 անգամ), բացի այդ, 3-րդ տեղն է գրավել հաղթած մենապայքարների թվով (690 մենապայքարից հաղթել է 309-ը): Հայ ֆուտբոլիստը հայտնվում էր համարյա ցանկացած տուրի խորհրդանշական հավաքականում: Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը նույնիսկ գրեց․ ««Կայսարը» պետք է մտածի No Barseghyan – No Party գրությամբ շապիկներ տպելու մասին, որոնց նմանները նվիրված են եղել իտալացի ֆուտբոլային մաեստրո Անդրեա Պիռլոյին»: Այս ամենի «յուղոտ» վերջակետը դարձավ Ղազախստանի գավաթակիր դառնալը: Ընդ որում, «Տոբոլի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը հենց նրա գրանցած դուբլը թիմին դուրս բերեց եզրափակիչ: Առաջին հարվածը, որի օգնությամբ գնդակն ուղարկեց ադրբեջանցի դարպասապահի պաշտպանած դարպասը, պարզապես անհավանական էր:

Այդ ամենն անդրադարձավ նաև հավաքականում նրա ելույթների վրա, որտեղ վերածվեց առանցքային խաղացողի: ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 8 հանդիպումներում եղավ մեկնարկային կազմում, դարձավ 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա վերջապես հաստատվեց հավաքականում, սկսեց դրսևորել առաջատարի որակներ: Նրանում, որ ընտրանին այդ ընթացքում մի քանի տպավորիչ հաղթանակների հասավ, մեծ էր նաև Բարսեղյանի դերը: Դրանից էլ ավելի բարձրացավ այս խաղացողի տրանսֆերային արժեքը՝ հասնելով 1 մլն եվրոյի: Տարեվերջին էլ ճանաչվեց Հայաստանի 3-րդ լավագույն ֆուտբոլիստ:

Liechtenstein Armenia 4 960x664 - Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

Նրանով սկսեցին հետաքրքրվել էլ ավելի լուրջ ակումբներ, ընտրությունն այս անգամ կանգ առավ Ղազախստանի վերջին 6 տարիների չեմպիոն «Աստանայի» վրա, որը մինչ այս 1 անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի, 4 անգամ՝ Եվրոպա լիգայի խմբային փուլին: Նրա կազմում արդեն դարձել է երկրի սուպերգավաթակիր, առաջնությունում անցկացրած 3 խաղում իր ակտիվում է գրանցել 1-ական գոլ ու արդյունավետ փոխանցում, վերջին 2 հանդիպումներում ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ՝ հիմնված Instat-ի տվյալների վրա: Երկրպագուների կողմից արժանացել է մարտ ամսվա լավագույն խաղացողի մրցանակին: Ի դեպ, «Աստանայում» գործում է ձախ եզրից, սակայն աստիճանաբար հարմարվում է նաև այդ դերին: Տիգրան Բարսեղյանը սեպտեմբերին կդառնա ընդամենը 27 տարեկան, նա դեռ շատ օգուտ կարող է տալ Հայաստանի հավաքականին, ինչպես նաև հանդես գալ էլ ավելի բարձրակարգ ակումբում:

Այս պատմությունն ավարտենք հենց Տիգրանի խոսքերով․ «Պետք է հավատալ երազանքներին ու երբեք չհանձնվել: Հենց դա է ինձ օգնել: Դժվար ճանապարհ եմ անցել: 2 տարի ծառայել եմ բանակում, հետո առողջական որոշ խնդիրների պատճառով ստիպված եղա 8 ամիս չխաղալ: Միշտ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ դու չես կարող անել այսինչ բանը: Պետք է հավատալ ոչ թե նրանց, այլ սեփական ուժերին: Երբ հաղթահարում ես խոչընդոտները, քեզ ավելի վստահ և ուժեղ ես զգում»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը շվեդների դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)