Այստեղ է հանդես եկել Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը․ Լուծարված «Կոտայքի» դերը հայկական ֆուտբոլում - VNews
Բաժիններ

Այստեղ է հանդես եկել Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը․ Լուծարված «Կոտայքի» դերը հայկական ֆուտբոլում

Շարունակելով ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած, հայկական ֆուտբոլում առավել ծանրակշիռ նվաճումների հասած և մեծ հեղինակության արժանացած լուծարված 5 ակումբների ելույթներին նվիրված շարքը, VNews.am-ն անդրադառնում է Աբովյանի «Կոտայքին», որը 11 մրցաշրջան հանդես է եկել Բարձրագույն խմբի առաջնություններում:

«ԿՈՏԱՅՔ» ԱԲՈՎՅԱՆ

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1992-1997, 2001-2005թթ.: Անցկացրել է 285 խաղ, +96=51-138, 451-549: ՀՀ գավաթի 1995-1996թթ. եզրափակիչների մասնակից:
2005թ. հանդես է եկել «Էսթեղլալ-Կոտայք» անվանումով:
Ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 11-0 («Արաբկիր», 1996/97թթ.):
Ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 2-10 («Փյունիկ», 2001թ.):
Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Ալբերտ Աֆյանը՝ 136:
Լավագույն ռմբարկուն Հենրիկ Բերբերյանն է՝ 46 գոլ:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Հենրիկ Բերբերյանին՝ 25 գոլ (1994թ.):

Թեև Աբովյանի «Կոտայքը» ՀՀ առաջնություններում առանձնակի հաջողություններ չի գրանցել, սակայն իր արժանի տեղն ունի հայկական ֆուտբոլի տարեգրությունում, հատկապես խորհրդային ժամանակահատվածում:

1955թ. հիմնադրված «Կոտայքը» 1978թ. սկսել էր ելույթները ԽՍՀՄ առաջնության 2-րդ խմբում, իսկ 1985-1991թթ. հանդես էր եկել ԽՍՀՄ առաջնության 1-ին խմբում, որի ուղեգիրը թիմը նվաճել էր 1984թ. Ֆելիքս Վերանյանի գլխավորությամբ: Այդ տարի աբովյանցիները ԽՍՀՄ առաջնության 2-րդ խմբի 9-րդ գոտու մրցումներում գրավել էին առաջին հորիզոնականը, որից հետո հաղթող էին դարձել Առաջին խմբի ուղեգրի համար եզրափակիչ մրցաշարում՝ առավելության հասնելով Կրասնոգորսկի «Զորկիի» (1-1, 1-0) և Տյումենի «Գեոլոգի» (1-0, 2-2) նկատմամբ: «Կոտայքը» ԽՍՀՄ առաջնության 2-րդ խմբում հանդես եկած հայկական թիմերից միակն է, որ Առաջին խմբի ուղեգիր է նվաճել:

1984թ. «Կոտայքը» հաջող էր հանդես եկել նաև ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում՝ հասնելով մինչև 1/16 եզրափակիչ: Աբովյանցիները հաջողությամբ հաղթահարել էին Յարոսլավլի «Շիննիկի» (3-2) և Նիկոպոլի «Կոլոսի» (3-0) արգելքը, իսկ 1/16 եզրափակչում Աբովյանում արժանի դիմադրություն էին ցույց տվել Բարձրագույն խմբում հանդես եկող Դոնեցկի «Շախտյորին» (1-3): Ընդ որում «Կոտայքն» առաջինն էր հասել հաջողության: 53-րդ րոպեին հաշիվը բացել էր Ֆելիքս Վերանյանի որդին՝ 21-ամյա Էդուարդը, որն այդ տարվա առաջնությունում 19 գնդակով դարձել էր թիմի ռմբարկուն: Արդյունավետությամբ 2-րդը թիմի հնաբնակ, 28-ամյա Վարուժան Սուքիասյանն էր, որի հաշվին 12 գոլ էր գրանցված: «Կոտայքում» հանդես էին գալիս նաև այլ ճանաչված ֆուտբոլիստներ՝ Սամվել Պետրոսյանը, Արտյուշա Մովսիսյանը, Լևոն Յաբլուկյանը, Արամ Փարսադանյանը, Գեղամ Եդիգարյանը:

Հարվածային դիրքում Էդուարդ Վերանյանն է, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Հետագայում էլ «Կոտայքում» հանդես են եկել մի խումբ  ճանաչված ֆուտբոլիստներ, որոնց թվում էր նաև Հենրիխ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը: Նա 1988թ. էր «Արարատից» տեղափոխվել «Կոտայք», որտեղից հաջորդ տարվա հուլիսին մեկնել էր ֆրանսիական «Վալանս»:

Երբ 1992թ. անցկացվեց Հայաստանի անդրանիկ առաջնությունը, Աբովյանի «Կոտայքը» Երևանի «Արարատից» հետո հանրապետության 2-րդ ուժեղագույն ակումբն էր համարվում: Նախորդ մրցաշրջանում «Կոտայքը» ԽՍՀՄ առաջնության 1-ին խմբում 22 թիմերի մրցավեճում 17-րդ տեղն էր զբաղեցրել: Մինչև հունիս թիմը գլխավորել էր Արկադի Անդրեասյանը, որից հետո «Կոտայքի» ղեկը ստանձնել էր Սամվել Պետրոսյանը:

ՀՀ անդրանիկ առաջնությունում «Կոտայքի» գլխավոր մարզիչը 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, 41-ամյա Նազար Պետրոսյանն էր, որին օգնում էր նրա հասակակից ու նախկին թիմակից, 1971թ. «Արարատի» կազմում արծաթե մեդալի արժանացած Էդուարդ Հարությունյանը: Երկուսն էլ ֆուտբոլային իրենց հարուստ կարիերայի վերջին տարիներն անցկացրել էին «Կոտայքում»՝ մասնակցելով ԽՍՀՄ առաջնության 1-ին խմբի հանդիպումներին:

Գնդակով Նազար Պետրոսյանն է, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

Հայաստանի անդրանիկ առաջնությունում էլ օգտվելով գործող մրցակարգի ընձեռած հնարավորությունից, նրանք բացի թիմի գործողությունները տեխնիկական գոտուց ղեկավարելուց, հաճախակի էին խաղադաշտ դուրս գալիս ու նույնիսկ մեկական գոլի հեղինակ դարձան: Բացի նրանցից, այդ տարի «Կոտայքի» կազմում խաղում էին ԽՍՀՄ առաջնություններում հանդես եկած ճանաչված ֆուտբոլիստներ Ռոբերտ Քոչարյանը, Աբրահամ Խաշմանյանը, Արմեն և Արտաշես Ադամյանները, դարպասապահ Սլավա Սուքիասյանը:

Անդրանիկ առաջնությունում «Կոտայքին» չհաջողվեց մրցանակակիր դառնալ՝ 24 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 7-րդ տեղը: Հետագա տարիներին էլ աբովյանցիները չճաշակեցին մրցանակակիր դառնալու հաճույքը: Թիմն ավելի հաջող հանդես եկավ Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ 2 տարի անընդմեջ՝ 1995-1996թթ. մտնելով եզրափակիչ: Սակայն գավաթը նվաճելու «Կոտայքի» 2 փորձերն էլ անհաջողության մատնվեցին:

1995թ. գավաթի եզրափակչում «Կոտայքը» Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ եզրափակչում 2-4 հաշվով զիջեց «Արարատին», իսկ հաջորդ տարի նույն մարզչի օրոք աբովյանցիները պարտվեցին «Փյունիկին»՝ 2-3: Ընդ որում 2 խաղում էլ կոտայքցիները գոլերը խփել են խաղավերջում, երբ մրցավեճի ելքն արդեն վճռված էր:

Հարկ է նշել, որ «Կոտայքը» «Փյունիկից» հետո հայկական 2-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում նորամուտը հաղթանակով է նշել՝ 1996թ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում Հենրիկ Բերբերյանի խփած միակ գոլի շնորհիվ «Հրազդանում» պարտության մատնելով Կիպրոսի ԱԵԿ-ին:

Դրվագ «Կոտայք» – ԱԵԿ հանդիպումից, ձախից սպիտակ մարզահագուստով Հենրիկ Բերբերյանն է, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Ճիշտ է, պատասխան խաղում «Կոտայքը» 0-5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց: Արդեն 35-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Հենրիկ Բերբերյանը, իսկ 69-րդ րոպեին «Կոտայքը» մնաց 9 հոգով, երբ կարմիր քարտ ստացավ Մկրտիչ Հովհաննիսյանը:

Դրվագ «Կոտայք» – ԱԵԿ խաղից, գնդակով Մկրտիչ Հովհաննիսյանն է, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

1998թ. առաջնության մեկնարկից առաջ «Կոտայքը» ֆինանսական ճգնաժամի պատճառով լուծարվեց: Ընդ որում ՀՖՖ-ն «Կոտայքի» համար երկարաձգել էր մուտքավճարի ժամկետը, սակայն այդպես էլ անհրաժեշտ 4000 դոլարը չգտնվեց: Մեկ տարի անց «Կոտայքը» կրկին կազմավորվեց՝ հանդես գալով Առաջին խմբում:

2001թ. «Կոտայքը» Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստացավ: Թիմի ղեկը կրկին ստանձնեց Սամվել Պետրոսյանը: Ակումբին ֆինանսապես օգնում էր Մոսկվայում բնակվող Նազար Պետրոսյանը: Թիմի կազմում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս, որոնց թվում էր նաև մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարող 18-ամյա Լևոն Պաչաջյանը, որն անցկացրած 20 խաղում դարձավ 4 գոլի հեղինակ՝ ցույց տալով 2-րդ արդյունքը Տիգրան Դավթյանից (5 գոլ) հետո: 12 թիմերի մրցավեճում «Կոտայքը» զբաղեցրեց 10-րդ տեղը:

Հաջորդ մրցաշրջանում թիմն ավելի վատ հանդես եկավ՝ զբաղեցնելով նախավերջին՝ 11-րդ տեղը: 2003թ. մրցաշրջանից առաջ «Կոտայքի» հովանավորչությունը ստանձնեց հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը: Ռաֆայել Գալստյանի գլխավորությամբ «Կոտայքը» հաջող էր հանդես գալիս առաջնությունում: Սակայն երբ թիմը հունիսի վերջին Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում չեխական «Բռնոյի» հետ խաղի ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեց հաջորդ փուլի ուղեգիրը (0-1, 3-2), ակումբի հովանավորը հիասթափվեց:

Դրվագ «Կոտայք» – «Բռնո» մրցավեճից, սպիտակ-կապույտ մարզահագուստով պայքարի մեջ մտած ֆուտբոլիստն Արթուր Քոչարյանն է, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Դա անմիջապես ազդեց թիմի հետագա մրցելույթների վրա: 12-րդ տուրից հետո հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզիչը, «Կոտայքից» հեռացան մի խումբ փորձառու ֆուտբոլիստներ թիմի լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանի գլխավորությամբ: Ուստի աբովյանցիները չկարողացան շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար:

Առաջնության պարգևներին «Կոտայքը» առավել մոտ էր Բարձրագույն խմբում իր վերջին մրցաշրջանում: 2005թ. համագործակցության պայմանագիր կնքվեց Իրանի «Էսթեղլալ» ակումբի հետ, որը պետք է ֆինանսապես օգներ «Կոտայքին»: Ուստի թիմը վերանվանվեց «Էսթեղլալ-Կոտայք»: Առաջնության մեկնարկում թիմը գլխավորում էր Մարտիրոս Խաչատրյանը, իսկ խորհրդատու մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր: Երբ նրանք մարզչական աշխատանքի մեկնեցին Իրան, հունիսից «Էսթեղլալ-Կոտայքի» ղեկը ստանձնեց Արսեն Չիլինգարյանը, որը զարգացրեց թիմի հաջողությունը:

«Էսթեղլալ-Կոտայքը» դարձավ առաջնության հայտնությունը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ զգալի առաջընթաց ապրելով: Եվ հենց աբովյանցիների շնորհիվ առաջնությունում մրցանակային տեղերի համար ինտրիգը մինչև վերջ պահպանվեց: Եթե մարզական բախտը մի փոքր ժպտար «Էսթեղլալ-Կոտայքին», ապա թիմը մրցանակակիր կդառնար: Աբովյանցիների համար ճակատագրական եղավ ավարտական տուրում սեփական հարկի տակ «Միկայից» կրած պարտությունը (0-2), ինչը թիմին զրկեց արծաթե մեդալներից: «Էսթեղլալ-Կոտայքն» իր պատմության մեջ ցույց տվեց լավագույն արդյունքը՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Թիմն առաջնության մասնակիցներից միակն էր, որ չպարտվեց երկրի չեմպիոն «Փյունիկին»՝ հաղթելով 2 անգամ ու ցույց տալով լավագույն արդյունքը (8 միավոր):

Որքան էլ որ ցավալի է, 2005թ. առաջնությունը վերջինը եղավ ինքնատիպ ֆուտբոլային կոլեկտիվի կենսագրությունում Բարձրագույն խմբում: Թեև «Կոտայքը» հաջորդ մրցաշրջանին բավականին լուրջ էր նախապատրաստվել, սակայն ակումբի իրանցի հովանավորներն այդպես էլ չկատարեցին իրենց խոստումը՝ մինչև առաջնության մեկնարկը մարել ֆուտբոլիստների և մարզչական կազմի աշխատավարձի ու պարգևավճարների պարտքերը: Նրանք շատ շուտ մոռացան ստանձնած պարտավորությունները, իսկ Հայաստանում չգտնվեց մեկը, որ օգնության ձեռք մեկներ «Կոտայքին»: Այս ամենի արդյունքում ակումբն իր պատմության մեջ 2-րդ անգամ լուծարվեց՝ դժվարին կացության մեջ դնելով ֆուտբոլիստներին, քանի որ առաջնության մասնակից թիմերն արդեն ավարտել էին համալրման գործընթացը:

Սամվել Պետրոսյանը

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

2016թ. «Կոտայքը» 2-րդ անգամ վերածնելու փորձ ձեռնարկվեց: Բայց ցավոք, այս անգամ թիմը շատ կարճ կյանք ունեցավ: «Կոտայքի» գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել էր Սամվել Պետրոսյանը, գլխավոր մարզիչը Տիգրան Եսայանն էր: «Կոտայքը» շատ հաջող սկսեց ելույթներն Առաջին խմբում՝ մեկնարկային 6 հանդիպումներում վաստակելով 16 միավոր, մնալով անպարտելի: Միայն 7-րդ տուրում «Կոտայքի» հաղթարշավը կանգնեցրեց «Բանանց-2-ը»՝ առավելության հասնելով 3-2 հաշվով:

«Կոտայքը» հաջող մեկնարկեց նաև ՀՀ գավաթի մրցաշարում՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում Աբովյանում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ: Սակայն հոկտեմբերի 19-ին Գյումրիում նշանակված պատասխան խաղը չկայացավ: Այդպես էլ չկարողանալով լուծել թիմի ֆինանսավորման հարցերը, «Կոտայքը» վերակազմավորումից ընդամենը մի քանի ամիս անց լուծարվեց:

«Կոտայքի» ցուցանիշները ՀՀ առաջնություններում

Մրց Խ Հ Ո Պ Գ Մ Տ (Թիմ. քանակ) Ռմբարկուն
1992 22

34

7

18

3

4

12

12

32-45

75-57

17

40

7(24) Սյոմա Բեգլարյան՝  14

 

1993 28 9 1 18 57-76 19 11(15) Հենրիկ Բերբերյան՝  13
1994 28 12 3 13 73-53 27 7(15) Հենրիկ Բերբերյան՝  25
1995 10 4 3 3 18-13 15 3 (6, 2-րդ ենթ.) Վահե Յաղմուրյան՝  6
1995/96 22 11 3 8 31-33 36 6(12) Վահրամ Հովհաննիսյան՝  9

Մկրտիչ Հովհաննիսյան՝  9

1996/97 22 8 4 10 41-27 28 7(12) Մկրտիչ Հովհաննիսյան՝  9
1997 18 5 4 9 31-33 19 7 (10) Մկրտիչ Հովհաննիսյան՝  11
2001 22 3 3 16 19-65 12 10(12) Տիգրան Դավթյան՝  5
2002 22 2 5 15 17-62 11 11(12) Հայկ Հարությունյան՝  6
2003 28 8 7 13 29-56 31 5 (8) Արթուր Քոչարյան՝  7
2004 28 6 6 16 31-54 24 7 (8) Արման Մինասյան՝  7
2005 20

26

8

13

7

8

5

5

22-19

38-23

31

47

4 (8) Սամվել Պետրոսյան՝  11

Ռմբարկուների լավագույն տասնյակը

Ֆուտբոլիստներ Գոլ
1. Հենրիկ Բերբերյան 46
2. Մկրտիչ Հովհաննիսյան 33
3. Սյոմա Բեգլարյան 24
4. Տիգրան Պետրոսյանց 21
5. Տիգրան Առաքելյան 17
6. Սամվել Առաքելյան 14
7. Վահրամ Հովհաննիսյան 13
8. Հայկ Հարությունյան 13
9. Արման Մինասյան 13
10. Սամվել Պետրոսյան 13

Ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը

Ֆուտբոլիստներ Խաղ
1. Ալբերտ Աֆյան 136
2. Լևոն Սարգսյան 119
3. Գոռ Միրզախանյան 115
4. Արմեն Բաբայան 106
5. Հրաչյա Վարդազարյան 98
6. Նորայր Գրիգորյան 89
7. Գագիկ Սուքիասյան 87
8. Էդիկ Երիցյան 86
9. Տիգրան Պետրոսյանց 83
10. Հարություն Հարությունյան 83

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ընդմիշտ իմ սրտում». Մխիթարյանը արխիվային լուսանկարներով շնորհավորել է հոր տարեդարձը

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Ինչպես Մարադոնան մտավ Հայաստանի հավաքականի հանդերձարան ու բոլորին ռեստորան հրավիրեց

Հենրիխ Մխիթարյանը՝ հոր՝ Համլետ Մխիթարյանի անվան ֆուտբոլային մարզադաշտի բացման արարողությանը (լուսանկարներ)

«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները․ Իսկ ո՞վ էր լավագույնը (հարցում)

«Աչք չթարթեցին», և կրկին խաղալու են իրար դեմ․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

Մարկոսն այդ արդյունքին հասած 4-րդ ֆուտբոլիստն է, Մխիթարյանն էլ գերազանցեց Արզումանյանի ցուցանիշը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատի» հաղթարշավն ընդհատվեց

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

«Փյունիկը» գլխավորած 2-րդ արտասահմանցին, ով միաժամանակ չի մարզի Հայաստանի հավաքականը

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին

Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

Ինչպես չպետք է տեսանյութ պատրաստել․ Sphera Sports-ը Մխիթարյանի հորը շփոթել է Համլետ Վլադիմիրի Մխիթարյանի հետ (տեսանյութ)