«Կուռքս մերժեց խնդրանքս, իսկ 20 տարի անց․․․»․ Գևորգ Կասպարովի ամենաուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Կուռքս մերժեց խնդրանքս, իսկ 20 տարի անց․․․»․ Գևորգ Կասպարովի ամենաուշագրավ մտքերը

Գևորգ Կասպարովը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ կերպարներից մեկն է: Նա հուլիսի 25-ին կնշի ծննդյան 40-ամյակը, բայց դեռ շարունակում է մնալ մեծ ֆուտբոլում: Այս դարպասապահը դարձել է կայունության և երկարակեցության խորհրդանիշ, նույնիսկ նման պատկառելի տարիքում մնում է լավ մարզավիճակում: Ապացույցն այն էր, որ նախորդ տարեվերջին երկարատև դադարից հետո՝ 39 տարեկան հասակում հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական: Նա, ընդհանուր առմամբ, 29 անգամ է պաշտպանել երկրի գլխավոր թիմի դարպասը, և դա՝ Ռոման Բերեզովսկու հետ անընդհատ լուրջ մրցակցության մեջ լինելու պայմաններում:

2017 թվականից հանդես է գալիս «Գանձասար-Կապանում», իսկ մինչ այդ խաղացել է հայկական ևս 7 ակումբներում («Դվին», «Ղարաբաղ», «Զվարթնոց», «Միկա», «Փյունիկ», «Ուլիս», «Ալաշկերտ»): Տևական ժամանակ ելույթ է ունեցել իրանական ակումբներում, որտեղ նույնպես հուսալի խաղ է ցուցադրել: Կասպարովին են պատկանում հայկական ակումբային ֆուտբոլում գրանցված մի շարք ռեկորդներ: Նա մեր առաջնությունում ամենից շատ հանդիպումներ անցկացրած դարպասապահն է (340 խաղ), ռեկորդակիր է դարպասն անառիկ պահած մրցավեճերի (122), ինչպես նաև Բարձրագույն խմբին մասնակցած մրցաշրջանների քանակով (21): Եվ սա այդ ռեկորդների միայն մի փոքր մասն է: 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր:

Բազմիցս փայլել է 11-մետրանոց հարվածաշարերի ժամանակ: Կասպարովն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանը վերջինն է լինելու իր մարզական կարիերայում: Սակայն նա գուցե մտափոխվի: Հնարավորություն կա սահմանելու ևս մեկ ռեկորդ, որով կդառնա Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց դարպասապահը: Դրա համար հարկ կլինի խաղալ գոնե մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ, քանի որ ներկայիս ռեկորդակիր Ռոբերտ Պալյանը 1992թ․ իր վերջին հանդիպումն անցկացրել է 40 տարեկան 94 օրականում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կասպարովի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենահետաքրքիր և ամենաուշագրավ մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Ֆուտբոլ Պլյուս», «Ֆուտբոլ 365», ArmFootball․com, ArmSport․am, Armtimes․com, «Հայկական երկրորդ հեռուստաալիք», Footsport․am, VNews․am լրատվամիջոցներին, ինչպես նաև «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցներից:

«Իմ պապերը Մուշից են գաղթել, եկել Կրասնոդար՝ քաղաք Արմավիր: Այդպես ազգանունը փոփոխության է ենթարկվել»:

«Հայրս սիրել է ֆուտբոլ, խորհրդային տարիներին խաղացել է սիրողական մակարդակով: Ես անձամբ ընտրեցի ֆուտբոլիստ դառնալու ճանապարհը: Հարևան տղաներ կային, որոնք հաճախում էին ֆուտբոլի, ես էլ հետևեցի նրանց օրինակին»:

«Գարի Կասպարովի հետ ազգակցական որևէ կապ չկա»:

«Հենց սկսել եմ քայլել ու խոսել, ֆուտբոլ եմ խաղացել: 1990-ին հաճախում էի ՖԻՄԱ-Դինամո: Մեկ տարի որպես պաշտպան էի խաղում: Մեր դարպասապահը հիվանդացավ: Մի քանիսին փորձեցին նրա դիրքում, բայց ինձ մոտ ամենալավը ստացվեց: Այդպես էլ դարձա դարպասապահ»:

«Մեր՝ պատանի եղած ժամանակ պատերազմի տարիներ էին, դժվար էր, այս պայմանները չկային, բայց կարողացա մեծ ֆուտբոլ մտնել: Կային տաղանդավոր շատ ու շատ պատանիներ, որոնք մինչև վերջ չշարունակեցին: Այդ ամենի միջով անցնելու համար ձգտում և նպատակ է պետք»:

«Դարպասապահներից այն ժամանակ շատ էի սիրում Հարություն Աբրահամյանին: Հայաստանում հավանում էի նրա ու Արմենակ Պետրոսյանի խաղը: Փոքր տարիքից հետևում էի նրանց, հետաքրքիր էր»:

«Իմ կարիերայի կայացման գործում ամենամեծ ազդեցությունն ունեցել է Սեյրան Գալստյանը: Նրա մոտ եմ եղել, երբ 16 տարեկանների հավաքականում էի խաղում: Հենց նա է ինձ հրավիրել Արտաշատի «Դվին»: Բոլոր մարզիչներս էլ իրենց դերն են ունեցել»:

«17 տարեկան էլ չկայի, երբ Բարձրագույն խմբում առաջին խաղս անցկացրի: Արտաշատի «Դվինի» կազմում 1997 թվականին մրցեցինք «Երևանի» հետ: Նյարդային վիճակ էր: 5 գոլ բաց թողեցի այդ մրցավեճում, պարտվեցինք 1-5 հաշվով: «Երևանն» այդ տարի դարձավ Հայաստանի չեմպիոն»:

«Թիմին փրկելը դարպասապահի աշխատանքն է»:

«Դարպասապահը տարբերվում է մյուս ամպլուաների խաղացողներից: Նա վերջին մարդն է, ում հասնում է գնդակը, և այդ պահերին պետք է հոգեբանորեն շատ ուժեղ ու սառնասիրտ լինի, որ թիմը զգա՝ սխալվելու դեպքում հետևում պատ կա: Եթե դու փրկում ես թիմին, արդեն մեծ գործ ես անում: Դա էլ մեր գոլ խփելն է»:

«Դարպասապահն իր թիմի կիսադաշտում, առավել ևս՝ տուգանայինի մատույցներում, մարզիչ է: Եթե դու ճիշտ ես հուշում խաղացողներիդ, կարդում ես խաղը, արդեն օգուտ է: Բայցևայնպես, ամենաանշնորհակալ գործն է: Եթե դու ամբողջ հանդիպման ընթացքում լավ ես խաղում, բայց թիմը պարտվում է, անկախ նրանից՝ քո մեղքով է, թե ոչ՝ քեզ են մեղադրում, ասում են՝ պետք է փրկեր»:

«Ասում ենք, որ դարպասապահ չունենք, իսկ լավ հարձակվողներ, լավ պաշտպաններ ունե՞նք: Ինչո՞ւ ենք միայն նշում, որ դարպասապահ չունենք: Եթե 100 հոգուց չենք կարողանում 2-3 լավ պաշտպան գտնել, ապա ինչպե՞ս կարող ենք մեր ուզած դարպասապահին գտնել: Պարզապես պետք է լավ աշխատել: Պատանիների հետ ճիշտ մարզումների շնորհիվ կարող ենք լավ դարպասապահներ ունենալ»:

«Երիտասարդ տարիքում շատ վատ էի զգում իմ հասցեին քննադատություններ լսելիս։ Անգամ չէի ցանկանում ինչ-որ տեղ երևալ, որպեսզի չտեսնեին ինձ: Երիտասարդ տարիքում շատ ծանր ես տանում քո հասցեին հնչած քննադատությունները, բայց երբ ավելի փորձառու ես դառնում, ապա հաճախ անգամ չես էլ կարդում կամ լսում, թե ինչ են խոսում: Դու «անջատվում» ես ու շարունակում մարզվել, որպեսզի ապացուցես, որ տեղի ունեցածը պատահականություն էր, կարող ես լավ խաղալ և չկրկնել այդ սխալները»:

«Դարպասապահն ամենալուրջ ամպլուան է, եթե նա չկարողանա խաղալ, թիմը լավ հանդես գալ չի կարող: Երբ թիմն ունենում է այդ դիրքում հանդես եկող լավ ֆուտբոլիստ, ապա բոլորից մեկ քայլ առաջ է: Խաղացողներն անգամ սխալ թույլ տալիս զգում են, որ հետևում դարպասապահ կա, որը կարող է օգնել, իսկ երբ գիտակցում են, որ դարպասապահը կայուն չի խաղում, ապա արդեն իրենք են ավելի քիչ ոգևորությամբ գործում ու ավելի խամրած ֆուտբոլ են ցուցադրում»:

«Դարպասապահն ամենաշատը խաղալով է փորձ ձեռք բերում: Թեկուզ մի անգամ սխալվի, ոչինչ, հետո էլ չի սխալվի: Սա այնպիսի աշխատանք է, որտեղ սխալներից անհնար է խուսափել»:

«Երբ գլխավոր մարզիչդ Աբրահամ Խաշմանյանն է, ապա միշտ պետք է զգոն լինես, առավելագույնս նվիրված լինես մարզումների ժամանակ: Նա Հայաստանի լավագույն մարզիչներից մեկն է: Խաշմանյանի հետ աշխատելը հետաքրքիր է: Նա կարողանում է լավ տրամադրել ֆուտբոլիստներին, հասկանում է ֆուտբոլը»:

«Ֆուտբոլիստի՝ նույնիսկ մեկ վայրկյան զգոնության կորուստը կարող է ճակատագրական դառնալ թիմի համար»:

«Ինչ տալիս ես ֆուտբոլին, այդ էլ ստանում ես: Ֆուտբոլին «խաբել» հնարավոր չէ»:

««Ալաշկերտում» իմ և Արսեն Բեգլարյանի մրցակցությունն ավելի շատ օգտակար եղավ հենց նրա համար: Գլուխ գովալ թող չլինի, բայց նա շատ բան սովորեց ինձնից: Երբ երիտասարդ էի, ինձ չեն ասել՝ ինչն է լավ, ինչը՝ վատ: Երբ մի թիմում ինձնից տարիքով մեծ դարպասապահներ էին խաղում, նրանք չէին ուզում, որ երիտասարդը լավը լիներ: Բայց ես ամեն կերպ օգնում էի, խորհուրդներ տալիս Արսենին»:

«28 տարեկանը դարպասապահի «պայթուցիկ» տարիքն է: Դեռ 17 տարեկան չկայի, երբ հանդես էի գալիս Բարձրագույն խմբում: Խաղացել եմ խորհրդային դպրոցի բարձրակարգ ներկայացուցիչների կողքին: 20-21 տարեկանն էլ նորմալ տարիք է դարպասապահի համար, բայց 26-28-ում ես մեծ վերելք ապրում»:

«Իրան տեղափոխվելը ոչ մի դեպքում չի կարելի «խոպան» անվանել: Միայն երբ 30-40 հազար, նույնիսկ 80 հազար մարդու առջև ֆուտբոլ ես խաղում, մի ուրիշ հաճույք է: Ես երկրպագուի աջակցություն զգացել եմ հենց այնտեղ՝ չհաշված Հայաստանի հավաքականի խաղերը: Տեսել եմ, թե ինչպես էին լաց լինում մեր երկրպագուները, երբ պարտվել էինք: Իսկ այստեղ մի քանի ծանոթ են գալիս տրիբունա ու վերջ»:

«Իրանում մի անգամ գնացել էի գնումների: Մեծ հանրախանութ էր, որտեղ տարբեր բրենդների հագուստ էին վաճառում: Dolce և Gabbana ֆիրման էր, աշխատողները միանգամից ճանաչեցին: Զանգահարեցին խանութի տիրոջը, ուրախությամբ ասացին․ «Միայն իմանաք՝ մեր խանութից ով է օգտվում»: Ու արդյունքում 70 տոկոս զեղչ արեցին»:

«Հայաստանի առաջնությունն ինքնատիպ է: Օրինակ՝ Իրանի առաջնությունում, որն իր մակարդակով զգալիորեն գերազանցում է Հայաստանի առաջնությանը, ինձ ավելի շատ էր հաջողվում մի քանի խաղ անընդմեջ դարպասն անառիկ պահել: Հայաստանում, եթե մի պահ զգոնությունդ կորցրիր, կարող ես գոլ բաց թողնել»:

«Իրանական ֆուտբոլում լեգեոներների խիստ սահմանափակում կար: Բացի այդ, այնտեղ շատ էին վստահում տեղացի ֆուտբոլիստներին: Եթե լեգեոները նույնիսկ մեկ գլուխ բարձր էր լինում տեղացուց, նրանք նախապատվությունը տալիս էին իրանցուն»:

«Իրանում հաճախ են հանդիպում ոչ ֆուտբոլային դեպքեր: Ե՛վ Թավրիզի «Տրակտորում», և՛ «Զոբ Ահանում» ստեղծվել են իրավիճակներ, երբ պահեստային են թողել, քանի որ չեմ մերժել Հայաստանի հավաքականի հրավերը: Ես ի՞նչ կարող էի անել, երբ Իրանի առաջնության ու Հայաստանի հավաքականի հանդիպումները համընկնում էին: Փորձում էի բացատրել, որ հավաքականից ստացած հրավերը չի կարելի մերժել: Դրա հետևանքով էլ անառողջ մրցակցություն էր ստեղծվում»:

«Չնայած իմ կարիերայի ընթացքում շատ թիմերում եմ հանդես եկել, սակայն չեմ սիրել թիմ փոխել»:

«Եթե իմ թիմը պարտվել է, ինձ հետ խոսել չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ հաղթանակ չենք տոնի»:

«Դարպասապահի իմ էտալոնը եղել է Պետեր Շմեյխելը, մանկուց ոգեշնչվել եմ նրա խաղով: Դանիացին, կարելի է ասել, իմ կուռքն է: Շմեյխելն ինձ համար անփոխարինելի էր իր ֆիզիկական տվյալներով, ռեակցիայով, ոտքով խաղով, դարպասից ելքերով ու սառնասրտությամբ: Ներկայիս դարպասապահներից շատ է դուր գալիս Մանուել Նոյերի խաղը»:

«1995 թվականին Հայաստան – Դանիա խաղի ժամանակ մենք գնդակ էինք մատակարարում, առաջին անգամ, երբ տեսա Պետեր Շմեյխելին, փշաքաղվեցի: Նրանից իր ձեռնոցներն ուզեցի, չտվեց: Անցավ 20 տարի: Կրկին մրցում էին Հայաստանի ու Դանիայի հավաքականները․ մեր ընտրանու դարպասը պաշտպանում էի ես, մրցակցինը՝ Պետեր Շմեյխելի որդին՝ Կասպեր Շմեյխելը: Մենք փոխանակվել ենք մարզաշապիկներով»:

«Փոքրուց սիրել եմ Դիեգո Մարադոնային, բախտ եմ ունեցել դիտելու նրա մասնակցությամբ խաղերը: Ներկայիս ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Լիոնել Մեսիին, որին այլմոլորակային եմ համարում: Նա, կարծում եմ, թե՛ մրցանակներով, թե՛ ցուցադրած խաղով գերազանցել է Մարադոնային»:

«13 տարեկանից մինչ այսօր երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Համակրում եմ նաև «Բարսելոնան»»:

«Մարզիչներից կցանկանայի աշխատել սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ»:

«Հարցազրույցներ տալ չեմ սիրում: Մանավանդ խաղերից առաջ: Հարցեր կան, որ անընդհատ կրկնվում են, բոլորը նույն հարցն են տալիս, երբեմն նույնիսկ ֆուտբոլից հեռու լինելով՝ չեն էլ հասկանում՝ ինչ են հարցնում»:

«Կյանքիս ամենաերջանիկ օրն այն էր, երբ մեծ տղաս ծնվեց»:

«Փորձն ամեն ինչ է: Երիտասարդ տարիքում չէի պատկերացնում, թե որքան կարևոր է այդ փորձ ասվածը»:

«Եթե ճիշտ ես աշխատում, հետևում ես ռեժիմիդ, փորձառության շնորհիվ կարող ես երկար խաղալ: Պարզապես, ի տարբերություն երիտասարդների, մի փոքր ավելի ուշ են վերականգնվում ուժերդ: Ինքս 35 տարեկանում ինձ ավելի լավ էի զգում, քան ասենք 28-29 տարեկանում էր»:

«Ֆուտբոլում տարիք չկա, կա խաղային մակարդակ: Եթե ֆուտբոլիստն իրեն լավ է դրսևորում, գտնվում է լավ մարզավիճակում, ապա, անկախ տարիքից, կարող է օգտակար լինել ազգային հավաքականին: Խոսքը չի վերաբերում միայն դարպասապահներին, այլև խաղային յուրաքանչյուր դիրքին: Հարձակվող Արից Ադուրիսը 36 տարեկանում ընդգրկվում էր Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում»:

«Պետք է կարողանաս դիմանալ քննադատություններին: Եթե ուզում ես մեծ ֆուտբոլ խաղալ՝ բարձրակարգ առաջնություններում ելույթ ունենալ, ապա պետք է պատրաստ լինես քննադատությունների սարսափելի ալիքին, անգամ երբ չնչին սխալ ես թույլ տալիս: Պետք է ուժեղ լինես: Չնայած քննադատությունները նաև ավելի են ուժեղացնում քեզ»:

«Չես կարող թիմի ավագ լինել, եթե չես վայելում թիմակիցներիդ հարգանքը»:

«Հաղթանակները պատահական չեն լինում»:

«Ֆուտբոլը քեզ ամեն րոպե կարող է շանս տալ, որը պետք է ձգտես օգտագործել»:

«Միայն ուժեղ թիմերի դեմ հանդիպումներում կարող ես իրապես հասկանալ, թե ինչ մակարդակի վրա ես գտնվում»:

«Խաղից առաջ գլխավոր մարզիչն ընդհանուր ցուցումներ է տալիս, սակայն դարպասապահների մարզիչն իր դերն ունի: Նա քեզ հիշեցնում է մրցակցի խաղաոճի և առանձին ֆուտբոլիստների առանձնահատկությունների մասին: Ամեն դեպքում, հանդիպման ընթացքում ինքդ ես որոշումներ կայացնում: Մենք էլ մեր տուգանային հրապարակում ենք մարզիչ»:

«Հատկապես տհաճ է, երբ դիպչում ես գնդակին, ու գոլ է մտնում․ քեզ չես ներում»:

«Լինում են խաղեր, երբ դարպասապահը փայլուն է գործում, բայց լավ դարպասապահ լինելու համար, որպեսզի արժեքդ բարձր լինի, անհրաժեշտ է կայուն խաղ ցույց տալ»:

«Դարպասապահների տարիքը հաշվելիս իրական տարիքից մի 4 տարի պետք է հանել, որպեսզի ստացվի ֆուտբոլային չափանիշներով տարիքը»:

«Հայաստանում դարպասապահների հետ կապված լիմիտը, իհարկե, նպաստեց նոր դարպասապահների ի հայտ գալուն: Վերցնենք հենց Արսեն Բեգլարյանին: Եթե Հայաստանում շարունակեին խաղալ լեգեոներ դարպասապահներ, մենք այսօր Արսենի մասին գուցե տեղյակ էլ չլինեինք: Կամ Գոռ Մանուկյանը և Անատոլի Այվազովը»:

«Հայկական ակումբներն օտարազգի այնքան ֆուտբոլիստներ են բերում, որ մեր հայ տղերքը, կոպիտ ասած, հայտնվում են երկրորդ, երրորդ պլանում: Եթե շարունակենք աչք փակել, մի քանի տարի հետո ավելի վատ է լինելու: Դարպասապահների առումով ընդհանրապես կատաստրոֆիկ վիճակ է: Մեր առաջնությունում լեգեոներների լիմիտ է հարկավոր: Ասում ենք՝ ֆուտբոլիստ չունենք, բա որտեղի՞ց լինի, որ մերոնք շանս չունեն խաղալու, տեղ չունեն իրենց երկրում ֆուտբոլ խաղալու համար»:

«Թիմը միայն երիտասարդ ֆուտբոլիստներով երկար ճանապարհ չի կարող անցնել: Միայն փորձի և երիտասարդության համադրությունը կարող է արդյունք տալ»:

«Ոչ մի նշանակություն չունի՝ հաղթանակը տրվել է հիմնական ժամանակո՞ւմ, թե՞ 11-մետրանոց հարվածաշարում: Սա ֆուտբոլ է, և 11-մետրանոցներով հաղթանակներն էլ իրենց հետաքրքրությունն ու քաղցրությունն ունեն»:

«11-մետրանոց հարվածաշարերից առաջ միշտ ասում եմ թիմակիցներիս, որ անպայման 2 կամ 3 հարված եմ որսալու: Դա անում եմ նրանց վստահություն փոխանցելու համար: Նաև, երբ թիմակիցներս են մոտենում հարվածելու, անձամբ են գնդակը հանձնում նրանց, թույլ չեմ տալիս, որ դա անի մրցակցի դարպասապահը․ դա նույնպես հոգեբանական պահ է»:

«11 տարի հրավիրվել եմ ազգային հավաքական ու այդ ամբողջ ընթացքում միշտ եղել եմ Ռոման Բերեզովսկու հետ: Նա շատ լավ և հիանալի անձնավորություն է, մենք ընկերներ ենք: Հավաքների ժամանակ միշտ միասին նույն սենյակում էինք ապրում: Իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք»:

«Ասում ենք՝ դարպասապահ չունենք: Քանի՞ հոգի 1 խաղ անցկացրեց հավաքականում, և հետո կորցրինք այդ տղաներին: Այս հանդիպումը լավ անցկացրեց, հաջորդը՝ վատ, վե՛րջ, հրաժարվում են նրանից: Այդպես չպետք է լինի: Ասում ենք՝ նա պիտի խաղա Բերեզովսկու նման: Բերեզովսկին Բերեզովսկի է, նա էլ սխալներ է թույլ տվել, նախքան այս մակարդակին հասնելը: Ես էլ եմ սխալվել: Բայց մարզիչները պիտի հասկանան՝ սա ֆուտբոլ է, անսխալական մարդ չկա: Պիտի չխաղաս, որ չսխալվես»:

«Խնդիրն այն է, որ չունենք մեծ քանակի հայ որակյալ ֆուտբոլիստներ, որպեսզի հավաքականում որոշ խաղացողների բացակայության դեպքում նրանց փոխարինողներ գտնենք: Ընտրության հնարավորությունը շատ սուղ է»:

«Սիրում եմ մարզաշապիկներով փոխանակվել ֆուտբոլիստների, հատկապես՝ դարպասապահների հետ: Խնամքով պահում եմ Պետր Չեխի (Չեխիա), Կասպեր Շմեյխելի (Դանիա), Ռոման Վայդենֆելերի (Գերմանիա) ու Ֆեդերիկո Մարկետիի (Իտալիա) մարզաշապիկները»:

«Ինձ հանդիպած ամենաուժեղ մրցակիցներն են Դեյան Ստանկովիչը, Անտուան Գրիզմանը, Տոմաշ Ռոսիցկին, Դանիել վան Բույտենը»:

«Հավաքականի կազմում անցկացրածս խաղերից կառանձնացնեմ նորամուտի հանդիպումս, որում 3-0 հաշվով հաղթեցինք Անդորրայի ընտրանուն, ինչպես նաև լեհերի նկատմամբ Երևանում տոնած նվազագույն հաշվով հաղթանակը»:

«Յան Պորտերֆիլդը բացառիկ անձնավորություն էր, լավ մարզիչ: Նա մեզ վստահություն և սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչեց: Շատ բան սովորեցի նրանից: Հայկական ֆուտբոլի հաղթանակների սկիզբը դրեց: Ինձ համար մեծ պատիվ էր Պորտերֆիլդի հետ աշխատելը: Նա միշտ կմնա մեր սրտերում»:

«Խաղերից մեկում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեցինք Ֆինլանդիայի հավաքականին: Ես էլ իմ մեղավորությունն ունեի պարտության մեջ: Այդուհանդերձ, Յան Պորտերֆիլդը հանդիպումից հետո եկավ գրկախառնվեց, «դուխ տվեց», ասաց՝ բա որ այդքան դրվագներում փրկում էիր․․․ պարզապես հաջորդ խաղում այդ սխալները չպետք է կրկնենք: Դու նման բառեր լսելուց հետո սկսում ես արդեն մարզչի համար խաղալ և պայքարել»:

«Վարդան Մինասյանը շատ լավ մարզիչ է, և մեր ունեցած հաջողությունները վերագրում եմ նաև նրան: Մինասյանը հիանալի մթնոլորտ ստեղծեց թիմում, ինչը շատ կարևոր է: Հավատ մեր ուժերի նկատմամբ: Հստակ խաղային ձեռագիր: Այդ ամենի, ունեցած առաջընթացի համար պետք է միայն երախտապարտ լինենք Մինասյանին»:

«Ֆանտաստիկայի ժանրից կլինի, եթե կրկին հրավիրվեմ հավաքական» (2017թ․)

«Սա շատ լավ օրինակ է երիտասարդների համար, որ երբեք չհանձնվեն» (տևական դադարից հետո Հայաստանի հավաքական կրկին հրավիրվելու մասին, 2019թ․)

«Ապագայում ծրագրում եմ Հայաստանում թե տեղի, թե դրսի ընկերներիս աջակցությամբ դարպասապահների դպրոց հիմնել: Ապագայում ինձ տեսնում եմ հենց դարպասապահների մարզչի դերում»:

«Որդիներս նույնպես ֆուտբոլային ճանապարհ են ընտրել: Ավագ որդիս դարպասապահ է, կրտսերը՝ կիսապաշտպան: Ավագ որդիս փոքրուց սիրահարվել է դարպասապահի ձեռնոցներին, ձգտել ինձ նմանվել: Եթե երեխադ սիրում է որևէ մասնագիտություն, ապա պետք է օգնես և ոգևորես»:

«Դեռ ռեկորդ կա, որը չեմ գերազանցել: Երկար մտածել եմ ու որոշել, որ այդ ռեկորդն էլ պետք է իմը լինի: Բայց ֆուտբոլն այնպիսինն է, որ չգիտես, թե ինչ կլինի վաղը: Եթե մարզավիճակս թույլ տա, կվերանայեմ որոշումս և կշարունակեմ խաղալ»:

«Ուրախ կլինեմ, եթե ապագայում իմ ռեկորդներն էլ գերազանցվեն»:

«Ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից»:

«Կարիերան ավարտելը ցավոտ հարց է ինձ համար: Դրա համար ձգտում եմ երկար խաղալ, որպեսզի հետաձգեմ հրաժեշտի պահը»:

Ավելի վաղ ձեր ուշադրությանն էինք ներկայացրել նաև Մարկոս ՊիզելիիՅուրա ՄովսիսյանիԱրաս ՕզբիլիսիՌոբերտ ԱրզումանյանիԳևորգ Ղազարյանի, Արթուր Եդիգարյանի, Կամո Հովհաննիսյանի և Էդգար Մալաքյանի հնչեցրած ամենաուշագրավ մտքերը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Ռոման Բերեզովսկի․ «Շատ ուրախ եմ մեր երիտասարդ տղաների խաղի համար» (տեսանյութ)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Գանձասար-Կապանը» 3 անգամ հաշվի մեջ առաջ անցավ «Փյունիկի» դեմ խաղում ու ի վերջո հաղթեց (տեսանյութ)

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

Յոան Գուֆրանը՝ «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

Վարդան Մինասյան․ «Մի քիչ հոգեբանական խնդիրներ կան․ հուսով եմ՝ այսօրվա հաղթանակից հետո փոփոխություն կլինի» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան»՝ առաջին անգամ VBet Հայաստանի գավաթի եզրափակիչում․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապանի» հետ պատասխան խաղից