Ակումբ, որ ընդհատեց «Փյունիկի» 10-ամյա գերիշխանությունը ԲԽ-ում․ Լուծարված «Ուլիսի» հետքը հայկական ֆուտբոլում - VNews
Բաժիններ

Ակումբ, որ ընդհատեց «Փյունիկի» 10-ամյա գերիշխանությունը ԲԽ-ում․ Լուծարված «Ուլիսի» հետքը հայկական ֆուտբոլում

Շարունակելով ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած, հայկական ֆուտբոլում առավել ծանրակշիռ նվաճումների հասած և մեծ հեղինակության արժանացած լուծարված 5 ակումբների ելույթներին նվիրված շարքը, VNews.am-ն անդրադառնում է «Ուլիսին»: Վայրիվերումներով լի 10-ամյա կենսագրությամբ «Ուլիսը» «Երևանից» և Արարատի «Արաքսից» (նախկին «Ցեմենտը») հետո ՀՀ  չեմպիոնի տիտղոսին արժանացած 3-րդ լուծարված ակումբն է:

«ՈՒԼԻՍ» ԵՐԵՎԱՆ

2011թ. Հայաստանի չեմպիոն, 2014/15թթ. առաջնության արծաթե, 2009-2010թթ. առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2012թ. Սուպերգավաթի մրցախաղի մասնակից:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 2006-2015/16թթ.: Բարձրագույն խմբում անցկացրել է 281 խաղ, +101=56-124, 313-375:
Ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 7-1 («Գանձասար», 2014/15թթ.):
Ամենախոշոր հաշվով պարտությունները՝ 0-7 («Բանանց», 2006թ., «Միկա», 2007թ.):
Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Թենգիզ Ուգրեկելիձեն՝ 140:
Լավագույն ռմբարկուն Արտյոմ Ադամյանն է՝ 29 գոլ:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արթուր Քոչարյանին՝ 15 գոլ (2009թ.):

«Ուլիս» ֆուտբոլային ակումբը հիմնադրվեց 2006թ. մրցաշրջանի շեմին՝ անսովոր պայմաններում: «Դինամո-Զենիթին» այդպես էլ չհաջողվեց կարգավորել ֆինանսական լուրջ հիմնախնդիրները և առաջնության մեկնարկից առաջ լուծարվեց: Վերջինիս փոխարեն Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ նորաստեղծ «Ուլիսը»: Թիմի կազմավորման բարդ ու պատասխանատու գործը հանձնարարվեց երիտասարդ մարզիչ Սևադա Արզումանյանին, որն արդեն մարզչական աշխատանքի որոշակի փորձ ուներ Երևանի «Արարատում» և «Լեռնագործում»:

Սևադա Արզումանյանը և Արսեն Բալաբեկյանը

Նոր մրցաշրջանի մեկնարկին շատ քիչ ժամանակ էր մնացել, թիմերի համալրման գործընթացն էլ գրեթե ավարտվել էր: Ուստի չհաջողվեց ինչպես հարկն է կազմավորել թիմն ու նախապատրաստվել առաջնությանը, ինչն իր բացասական կնիքը թողեց նորաստեղծ «Ուլիսի» մրցելույթների վրա:

«Ուլիսի» նորամուտն անհաջող ստացվեց: Մեկնարկում թիմը 7 անընդմեջ պարտություն կրեց, որի պատճառով Սևադա Արզումանյանը հրաժարական տվեց՝ տեղը զիջելով Արսեն Չիլինգարյանին: Սակայն նրան էլ չհաջողվեց շտկել իրավիճակը: 28 հանդիպումներում վաստակած 17 միավորով «Ուլիսը» եզրափակեց աղյուսակը՝ տոնելով ընդամենը 5 հաղթանակ, կրելով 21 պարտություն: Սակայն «Ուլիսը» հրաժեշտ չտվեց ուժեղագույնների խմբին: Անցումային խաղում 4-2 հաշվով հաղթելով Երևանի «Դինամոյին», «Ուլիսը» պահպանեց տեղը Բարձրագույն խմբում:

Հաջորդ մրցաշրջանի մեկնարկում «Ուլիսում» կրկին մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: 4-րդ տուրից թիմի ղեկը ստանձնեց Սուրեն Բարսեղյանը՝ փոխարինելով Արսեն Չիլինգարյանին: Նրա հետ միասին թիմ վերադարձավ Սևադա Արզումանյանը՝ օգնելով գլխավոր մարզչին: Այդ տարի ուլիսցիները որոշակիորեն բարելավեցին ցուցանիշները՝ մեկ հորիզոնականով բարձրանալով ու զբաղեցնելով 7-րդ տեղը:

2008թ. «Ուլիսը» կրկին մեկ հորիզոնականով առաջադիմեց: 5-րդ տուրից թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնեց Սևադա Արզումանյանը, որի անվան հետ են կապված ուլիսցիների հետագա լուրջ հաջողությունները: Նրան հաջողվեց զգալիորեն կարգավորել թիմի խաղը, նոր ֆուտբոլիստներով համալրել կազմը, ինչը հետագա հաջողությունների համար կայուն հիմք հանդիսացավ: Եվ արդյունքները երկար սպասեցնել չտվեցին:

Արդեն հաջորդ մրցաշրջանում «Ուլիսը» Սևադա Արզումանյանի գլխավորությամբ հասավ իր կարճատև կենսագրության առաջին լուրջ հաջողությանը՝ դառնալով առաջնության բրոնզե մրցանակակիր: Ուլիսցիներն աչքի ընկան հարձակողական գրագետ գործողություններով ու հուսալի պաշտպանությամբ՝ ցուցադրելով որակյալ ֆուտբոլ: Առաջնության 28 հանդիպումներում «Ուլիսը» տոնեց 16 հաղթանակ, 5 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 7 պարտություն՝ վաստակելով 53 միավոր: «Ուլիսի» ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփեցին 47 գնդակ, սեփականն ընդունեցին 25 գոլ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ թիմի 35-ամյա հարձակվող Արթուր Քոչարյանը՝ 15 գնդակով ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու:

Արթուր Քոչարյանը՝ «Ոսկե խաղակոշիկով», լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

2010թ. «Ուլիսը» նորամուտը նշեց եվրագավաթների խաղարկություններում: Հուլիսի 1-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Իսրայելի «Բնեյ Եհուդայի» հետ «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում դարպասները մնացին անառիկ: Պատասխան խաղում «Ուլիսը» պարտվեց 0-1 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:

2010թ. «Ուլիսը» կրկնեց բրոնզե հաջողությունը: Նախորդ մրցաշրջանի համեմատ «Ուլիսը» 2 միավոր ավելի վաստակեց, ավելի հուսալի գործեց պաշտպանությունը՝ թիմի նորեկ դարպասապահ Վլադիմիր Մալկովի գլխավորությամբ 2 գնդակ պակաս բաց թողնելով:

Իսկ ահա Եվրոպա լիգայի մրցաշարում ուլիսցիները կրկին անհաջողության մատնվեցին՝ դարձյալ չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Հունգարական «Ֆերենցվարոշի» հետ դիմակայության ելքը վճռվեց արդեն 2011թ. հունիսի 30-ին Բուդապեշտում կայացած առաջին խաղում, որում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Վլադիմիր Մալկովի պաշտպանած դարպասը: Երևանում էլ «Ուլիսը» կրկին պարտվեց՝ մրցակցին թույլ տալով երկու անգամ գրավելու սեփական դարպասը:

Դրվագ «Ֆերենցվարոշ» – «Ուլիս» հանդիպումից, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Հայաստանի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը լավագույնն էր «Ուլիսի» 6-ամյա կենսագրությունում: Մրցաշրջան-2011-ում «Ուլիսը» հասավ փառքի գագաթնակետին: Թիմին հաջողվեց վերջ տալ «Փյունիկի» 10-ամյա գերիշխանությանը և առաջին անգամ նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ հաջողությանը թիմը հասավ մրցակիցների հետ համառ պայքարում՝ դրսևորելով իր գերազանցությունը նրանց նկատմամբ: Ողջ մրցաշրջանի ընթացքում ուլիսցիներն աչքի ընկան կայուն մրցելույթներով, հասուն խաղ ցուցադրեցին՝ դրսևորելով հաղթանակի հասնելու կամք ու վճռականություն: «Ուլիսը» ներկայացավ որպես մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ՝ ունակ լուծելու իր առջև դրված խնդիրները, հաջողությամբ հաղթահարելու մրցակիցների դիմադրությունը:

«Ուլիսը» չեմպիոնությունը պաշտոնապես գրանցեց առաջնության ավարտից 2 տուր առաջ հոկտեմբերի 22-ին «Հրազդանում» «Արարատի» հետ կայացած խաղում: Խաղասկիզբն անհաջող դասավորվեց ուլիսցիների համար: 26-րդ րոպեին արարատցի Խորեն Վերանյանը բացեց հաշիվը՝ 11մ հարվածով խոցելով Վլադիմիր Մալկովի պաշտպանած դարպասը:

Ուլիսցիներից ընդամենը 2 րոպե պահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար: Աչքի ընկավ Միխեիլ Սիմոնյանը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Դավիթ Գրիգորյանի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ուլիսին»:

Դրվագ «Արարատ» – «Ուլիս» խաղից, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլոցը, ուլիսցիները հենց խաղադաշտում արժանին մատուցեցին իրենց մարզչին՝ Սևադա Արզումանյանին օդ նետելով: Առաջ անցնելով նշենք, որ Սևադա Արզումանյանն «Ուլիսը» գլխավորած 8 մարզիչներից առավել երկար է աշխատել թիմում, որի օրոք ուլիսցիները ՀՀ առաջնություններում անցկացրել են բոլորից շատ խաղեր (133) ու տոնել են բոլորից շատ հաղթանակներ (58):

Հետո ցնծությունն ու տոնախմբությունը տեղափոխվեց հանդերձարան: Ակումբի ղեկավարությունը պատշաճորեն էր նախապատրաստվել այդ պատմական իրադարձությանը՝ նախապես տորթ ու շամպայն պատվիրելով:

«Ուլիսի» ֆուտբոլիստները հանդերձարանում տոնում են չեմպիոնության նվաճումը, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

«Ուլիսի» չեմպիոնական կազմն այսպիսին էր. Վլադիմիր Մալկով, Թենգիզ  Ուգրեկելիձե, Տիգրան Հախնազարյան, Արտակ Անդրիկյան, Արտակ Գրիգորյան, Գեորգի Կրասովսկի, Դավիթ Գրիգորյան, Արտյոմ Ադամյան, Նորայր Սահակյան, Արամ Բարեղամյան, Շոթա Ջիքիա, Նգավուկա Լիե Պատո, Գևորգ Նռանյան, Սամուել Զոկու, Միխեիլ Սիմոնյան, Ալբերտ Թադևոսյան, Լևան Ակոբիա, Վալերի Ալեքսանյան, Միհրան Մանասյան, Ռենատո դե Մորայես: Ընդ որում ցանկում նշված վերջին 3 ֆուտբոլիստները թիմում հանդես եկան միայն առաջին շրջանում: Վալերի Ալեքսանյանը մեկնեց Իրան՝ պայմանագիր կնքելով «Սանատ Նաֆթի» հետ:

2012թ. հուլիսի 17-ին «Ուլիսը» նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով մոլդովական «Շերիֆին»: Այս անգամ էլ ուլիսցիներն անհաջողության մատնվեցին: Ինչպես Եվրոպա լիգայի նախորդ երկու խաղարկություններում, այս անգամ էլ «Ուլիսին» չհաջողվեց բացել գոլերի հաշիվը եվրագավաթներում: Սերգեյ Գեորգիևի խփած միակ գոլի շնորհիվ «Շերիֆը» հաղթեց Երևանում՝ նույնպիսի հաշվով առավելության հասնելով նաև սեփական հարկի տակ:

Դրվագ «Ուլիս» – «Շերիֆ» մրցավեճից, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

«Ուլիսն» անհաջողության մատնվեց նաև սեպտեմբերի 24-ին «Միկայի» հետ կայացած Սուպերգավաթի մրցախաղում՝ զիջելով հետխաղյա 11մ հարվածներով՝ 3-5 (խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի): Այդ խաղում «Ուլիսի» գլխավոր մարզիչը Կարեն Բարսեղյանն էր, որը թիմի ղեկը ստանձնել էր օգոստոսի կեսին՝ փոխարինելով պաշտոնանկ արված Սևադա Արզումանյանին:

Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով «Ուլիսին» չհաջողվեց պահպանել առաջատար դիրքերը հայկական ֆուտբոլում: Հաջորդ 2 մրցաշրջաններում թիմը զգալիորեն զիջեց դիրքերը, իսկ 2014/15թթ. առաջնության մեկնարկի շեմին նույնիսկ հայտնվել էր լուծարման վտանգի առջև: Բարեբախտաբար գտնվեցին նոր հովանավորներ, որոնք օգնության ձեռք մեկնեցին ակումբին: Վալերի Հովհաննիսյանի և նրա համախոհների ջանքերով կարճ ժամանակահատվածում ձևավորված ֆուտբոլային նոր կոլեկտիվը դարձավ Հայաստանի 23-րդ առաջնության իսկական հայտնությունը՝ իր ցուցադրած խաղով և արդյունքներով զարմացնելով բոլորին:

«Ուլիսը» համալրվեց մի խումբ լեգեոնականներով, թիմ հրավիրվեցին նաև հայազգի ֆուտբոլիստներ Աղվան Պապիկյանը, Արտակ Ալեքսանյանը և Հովհաննես Գոհարյանը, որն արդեն ավարտել էր ֆուտբոլային կարիերան: Չնայած դրան, Գոհարյանն իրեն հիանալի դրսևորեց՝ Արտակ Ալեքսանյանի հետ 9 գնդակով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն:

«Ուլիսի» մեկնարկն առաջնությունում պարզապես գերտպավորիչ էր, իսկ գրանցած արդյունքը 10 միավորով գերազանցում էր 2011թ. նույն ժամանակահատվածի թիմի չեմպիոնական ցուցանիշը: Մեկնարկային 12 հանդիպումներում «Ուլիսն» անպարտելի էր՝ 3-12-րդ տուրերում տոնելով 10 անընդմեջ հաղթանակ, առաջին 5 խաղերում դարպասն անառիկ պահելով: Այդ ընթացքում միայն «Գանձասարին» էր հաջողվել միավոր վաստակել «Ուլիսի» հետ մրցավեճում՝ 2-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով: 12-րդ տուրից հետո «Ուլիսը» վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 10 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»:

Մեկնարկային 8 հանդիպումներում թիմի ղեկին Սուրեն Չախալյանն էր, որն անսպասելիորեն հեռացավ «Ուլիսից»: Հետագայում թիմի գործողությունները ղեկավարեցին Գագիկ Սիմոնյանն (9-16-րդ, 20-21-րդ տուրեր) ու Ֆյոդոր Շչերբաչենկոն (17-19-րդ տուրեր), իսկ առաջնության 4-րդ շրջանում Սուրեն Չախալյանը, որ մինչ այդ մարզչական աշխատանքի էր անցել «Արարատում», կրկին վերադարձավ «Ուլիս»:

Սուրեն Չախալյանը

Տպավորիչ մեկնարկից հետո թեև ուլիսցիները 3 անընդմեջ պարտություն կրեցին, սակայն առաջնության աշնանային հատվածն ավարտեցին 1-ին հորիզոնականում՝ մեկ միավորով գերազանցելով «Փյունիկին»:

Առաջնության 2-րդ հատվածում «Ուլիսի» կազմում զգալի փոփոխություններ տեղի ունեցան ու թիմն անհաջող ելույթներ ունեցավ, որի արդյունքում ի վերջո զիջեց առաջատարի դիրքը՝ բավարարվելով արծաթե մեդալներով:

Անհաջողությունները շարունակվեցին նաև Եվրոպա լիգայի մրցաշարում: «Ուլիսին» բաժին էր ընկել Մալթայի «Բիրկիրկարան»: Ֆուտբոլասերները հույս ունեին, որ «Ուլիսին» վերջապես կհաջողվի ոչ միայն բացել գոլերի հաշիվը եվրագավաթներում, այլև հաղթահարել առաջին փուլի արգելքը: Այդ լավատեսությունն ավելի ամրապնդվեց Մալթայում կայացած մրցակիցների առաջին հանդիպումից հետո, որում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Սակայն 2015թ. հուլիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած պատասխան խաղում «Ուլիսը» հիասթափեցրեց ֆուտբոլասերներին: Ճիշտ է, վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվը եվրագավաթներում, որի հեղինակը Կոնստանտին Մորոզովն էր: Սակայն դա բավարար չէր հաջողության հասնելու համար, քանի որ մրցակիցը 3 անգամ գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

Դրվագ «Ուլիս» – «Բիրկիրկարա» հանդիպումից, Կոնստանտին Մորոզովը գրավում է մրցակցի դարպասը, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Այստեղ է հանդես եկել Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը․ Լուծարված «Կոտայքի» դերը հայկական ֆուտբոլում

«Բիրկիրկարայից» կրած պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Ուլիսի» համար: Այդ հանդիպումից հետո «Ուլիսի» 9 ֆուտբոլիստներ՝ Ռադե Դուգալիչը, Արտակ Ալեքսանյանը, Իվան Մամախանովը, Կոնստանտին Մորոզովը, Լևան Ջարկավան, Իրակլի Գեպերիձեն, Դավիթ Խուրցիձեն, Իրակլի Չեժիան և Նիկա Պիլիևը տեղափոխվեցին Արմավիրի «Տորպեդո»:

«Բիրկիրկարայի» հետ հանդիպումից ընդամենը 3 օր անց նրանք, բացառությամբ Նիկա Պիլիևի, «Տորպեդոյի» կազմում մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում «Զենիթ-2-ի» հետ կայացած ՌԴ Առաջին խմբի առաջնության մեկնարկային խաղին:

2015/16թթ. առաջնության մեկնարկին քիչ ժամանակ էր մնացել, իսկ նախորդ մրցաշրջանում «Ուլիսում» հանդես եկած 29 ֆուտբոլիստներից թիմում մնացել էին միայն Արմեն Տիգրանյանը (մասնակցել էր ընդամենը 2 խաղի) ու Դավիթ Զաքարյանը (1 խաղ): Սուրեն Չախալյանը ստիպված էր նոր թիմ կազմավորել, ինչը ֆինանսական ճգնաժամի պայմաններում դյուրին խնդիր չէր: Արդյունքում թիմը մեկնարկեց 6 անընդմեջ պարտությամբ՝ հայտնվելով հետնապահի տխուր դերում: 5-րդ տուրից հետո Սուրեն Չախալյանը հերթական անգամ հեռացավ թիմից: Նրան փոխարինած Գագիկ Սիմոնյանին էլ չհաջողվեց կարգավորել «Ուլիսի» գործերը, քանի որ ֆուտբոլիստները մի քանի ամիս աշխատավարձ չէին ստացել: Այդ ամենի արդյունքում «Ուլիսն» առաջնության աշնանային հատվածից հետո լուծարվեց՝ անցկացրած 15 հանդիպումներում այդպես էլ չվայելելով հաղթանակի բերկրանքը: Հատկանշական է, որ առաջնության հանդիպումներում ընդհանուր առմամբ «Ուլիսի» մարզաշապիկը կրեցին 43 ֆուտբոլիստներ, որոնցից շատերը Բարձրագույն խմբում հանդես գալու փորձ չունեին:

Հետաքրքիր է, որ 4 տարի առաջ՝ 2011թ. «Արարատի» հետ «Հրազդանում» կայացած հանդիպումը «Ուլիսին» չեմպիոնի տիտղոսին էր արժանացրել, իսկ 2015թ. նոյեմբերի 28-ին արարատցիների հետ «Հանրապետականում» տեղի ունեցած մրցավեճն ուլիսցիների համար դարձավ վերջինը Հայաստանի առաջնություններում:

«Ուլիսի» ցուցանիշները ՀՀ առաջնություններում

Մրց. Խ Հ Ո Պ Գ Մ Տ (Թիմ. քանակ) Ռմբարկուն
2006 28 5 2 21 31-66 17 8(8) Գոռ Աթաբեկյան՝ 9
2007 28 8 6 14 21-46 30 7(8) Կարեն Նավոյան՝ 3

Դայանչգիլիչ Ուռազով՝ 3

2008 28 7 8 13 19-29 29 6(8) Արտյոմ Ադամյան՝ 5
2009 28 16 5 7 47-25 53 3(8) Արթուր Քոչարյան՝ 15
2010 28 17 4 7 44-23 55 3(8) Շոթա Ջիքիա՝ 6

Վալերի Ալեքսանյան՝  6

2011 28 15 8 5 38-22 53 1(8) Գեորգի Կրասովսկի՝  8
2012/13 42 11 12 19 41-50 45 6(8) Արսեն Բալաբեկյան՝ 11
2013/14 28 7 4 17 21-45 25 7(8) Արտավազդ Բոյաջյան՝  3

Վիգեն Ավետիսյան՝  3

Խոսե Ալպուչե՝  3

2014/15 28 15 5 8 43-32 50 2(8) Արտակ Ալեքսանյան՝  9

Հովհաննես Գոհարյան՝  9

2015/16 15 0 2 13 8-37 2 8(8) Միլուտին Իվանովիչ՝  2

Ռմբարկուների լավագույն տասնյակը

Ֆուտբոլիստներ Գոլ
1. Արտյոմ Ադամյան 29
2. Արթուր Քոչարյան 18
3. Շոթա Ջիքիա 14
4. Դավիթ Ժ. Գրիգորյան 13
5. Գեորգի Կրասովսկի 12
6. Գոռ Աթաբեկյան 11
7. Արսեն Բալաբեկյան 11
8. Արտակ Գրիգորյան 10
9. Արտակ Ալեքսանյան 9
10. Հովհաննես Գոհարյան 9

Ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը

Ֆուտբոլիստներ Խաղ
1. Թենգիզ Ուգրեկելիձե 140
2. Արտյոմ Ադամյան 122
3. Տիգրան Հախնազարյան 112
4. Դավիթ Ժ. Գրիգորյան 111
5. Նորայր Սահակյան 108
6. Նորայր Գրիգորյան 92
7. Արտակ Գրիգորյան 89
8. Շոթա Ջիքիա 85
9. Արտակ Անդրիկյան 78
10. Նգավուկա Լիե Պատո 71

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

2 խաղ, 1 գոլ, 1 կարմիր քարտ․ VBET Պրեմիեր լիգայում եռիշխանություն հաստատվեց (տեսանյութ)

«Լոռի» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բրազիլացի 30-ամյա ֆուտբոլիստը կխաղա Հայաստանում

Կարևոր խաղեր՝ Վանաձորում և Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ հետաձգված 2 հանդիպումներին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և մեկ այլ պաշտպան. «Շիրակը» 2 նորեկ ունի

Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

Սոլոմոն Իմե Ուդոն համաձայնության է եկել նոր ակումբի հետ

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

Չեմպիոնը կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ, Կարապետյանն առաջին գոլը խփեց VBET Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Մորի Կոնեի դուբլն օգնեց «Արարատին» հաղթելու «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» 5 նորեկ ունի