Հայաստանի 6-ակի գավաթակիրը, որ խաղաց նաև Կլոպի թիմի դեմ․ Լուծարված «Միկայի» հետքը հայկական ֆուտբոլում - VNews
Բաժիններ

Հայաստանի 6-ակի գավաթակիրը, որ խաղաց նաև Կլոպի թիմի դեմ․ Լուծարված «Միկայի» հետքը հայկական ֆուտբոլում

VNews.am-ն ավարտում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած, հայկական ֆուտբոլում առավել ծանրակշիռ նվաճումների հասած և մեծ հեղինակության արժանացած լուծարված 5 ակումբների ելույթներին նվիրված շարքը՝ անդրադառնալով «Միկային»: Վերջինս լուծարված թիմերից ամենատիտղոսակիրն էր և բոլորից երկար՝ 16 մրցաշրջան հանդես էր եկել Բարձրագույն խմբի առաջնություններում:

«ՄԻԿԱ» ԵՐԵՎԱՆ

Հայաստանի վեցակի գավաթակիր (2000, 2001, 2003, 2005, 2006, 2011թթ.), կրկնակի սուպերգավաթակիր (2006, 2012թթ.), քառակի փոխչեմպիոն (2004, 2005, 2009, 2012/13 թթ.), եռակի բրոնզե մեդալակիր (2006, 2007, 2013/14թթ.), 2014/15, 2015/16թթ. ՀՀ գավաթի խաղարկությունների եզրափակչի մասնակից, 2002, 2004, 2007, 2015թթ. Սուպերգավաթի մրցախաղի մասնակից:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 2000-2015/16թթ.: Բարձրագույն խմբում անցկացրել է 443 խաղ, +221=106-116, 670-439:
Ամենախոշոր հաշվով հաղթանակները՝ 7-0 («Դինամո», 2001թ., «Ուլիս», 2007թ., «Շիրակ», 2009թ.):
Ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 0-5 («Փյունիկ», 2014/15թթ.):
Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Ալեքս Էնրիկե դա Սիլվան՝ 140:
Լավագույն ռմբարկուն Արտյոմ Ադամյանն է՝ 43 գոլ:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Սեմյոն Մուրադյանին՝ 18 գոլ (2012/13թթ.):

«Միկա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2000թ. հայտնի գործարար Միքայել Բաղդասարովի ջանքերով: Վերջինս մինչ այդ հովանավորում էր Աշտարակի «Միկա-Քասախը», որը 1999թ. մրցաշրջանի ավարտին անցումային խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Կիլիկիային», Բարձրագույն խմբի ուղեգիր էր նվաճել: Նորաստեղծ ակումբը երկու թիմ էր կազմավորել. «Միկան» հանդես էր գալու Բարձրագույն խմբում, իսկ «Արմենիկումը» մասնակցելու էր Առաջին խմբի առաջնությանը:

Միքայել Բաղդասարովը

Միքայել Բաղդասարովի կատարած ներդրումների շնորհիվ նախկին «Արաքս» մարզադաշտն ու մարզահամալիրը վերածվեցին ժամանակակից կառույցների՝ դառնալով «Միկայի» մարզաբազան:

«Միկայի» ղեկը ստանձնեց  «Արարատ-73-ի» լեգենդար հարձակվող, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովը, իսկ թիմի կորիզը կազմեցին 1999թ. առաջնությունից հետո լուծարված «Երևանի» նախկին ֆուտբոլիստներ Արմեն Պետիկյանը, Հայկ Բաբայանը, Գրիգոր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը, Դավիթ Գրիգորյանը, Ալբերտ Աճեմյանը, Արմեն Մարկոսյանն ու Գոռ Հովհաննիսյանը: «Էրեբունու» նախկին ֆուտբոլիստներից «Միկան» համալրեցին դարպասապահ Տիգրան Ասլանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Սարգիս Նորդիկյանն ու Արսեն Դալլաքյանը: «Շիրակից» «Միկա» տեղափոխվեց Սամվել Նիկոլյանը՝ դառնալով թիմի գրոհների առաջատարը: Առաջնության ընթացքում էլ նրանց միացան նաև դարպասապահ Հարություն Աբրահամյանը, Արթուր Քոչարյանն ու Արթուր Մկրտչյանը: Այնպես որ նորաստեղծ թիմն առաջնությանը ներկայացավ որպես բավական մարտունակ կոլեկտիվ:

Էդուարդ Մարգարովը, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

«Միկայի» նորամուտը տպավորիչ ստացվեց: Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ «Միկան» հաջող հանդես եկավ Հայաստանի գավաթի խաղարկությունում և առաջին իսկ փորձից դարձավ պատվավոր մրցանակի դափնեկիր՝ նվաճելով իր առաջին տիտղոսը: Եզրափակչի ճանապարհին «Միկան» պայքարից դուրս մղեց «Ղարաբաղին» (1-1, 8-1), գործող գավաթակիր Արարատի «Արաքսին» (0-1, 2-0) և «Արարատին» (1-1, 4-3):

ՀՀ գավաթի խաղարկությունների պատմության մեջ առաջին անգամ պատվավոր մրցանակի եզրափակիչ հանդիպումն անցկացվեց Աբովյանում, մայիսի 27-ին: Երկու թիմերն էլ՝ «Միկան» ու «Զվարթնոցն» առաջին անգամ էին եզրափակչում հանդես գալիս: Հաշիվը 34-րդ րոպեին բացեց «Միկայի» կիսապաշտպան Գրիգոր Մկրտչյանը: Առաջին խաղակեսի ավարտին օգտվելով մրցակցի դարպասապահ Տիգրան Ասլանյանի սխալից, Մհեր Ավանեսյանը նրա գլխավերևով գնդակն ուղարկեց դարպասը՝ վերականգնելով հավասարակշռությունը:

Գավաթի բախտը վճռվեց 2-րդ խաղակեսում: 76-րդ րոպեին Սարգիս Նորդիկյանի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Միկային», որի ավագ Աբրահամ Խաշմանյանը ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանից ստացավ գավաթը:

Աբրահամ Խաշմանյանը բարձրացնում է գավաթը

«Միկան» իրեն լավ դրսևորեց նաև առաջնությունում՝ հավակնելով մրցանակային տեղի: Սակայն առաջնության ավարտից երկու տուր առաջ Միքայել Բաղդասարովը, «Զվարթնոցի» և «Դինամոյի» նախագահներն իրենց անվստահությունը հայտնեցին ՀՖՖ-ի ղեկավարությանն ու հայտարարեցին, որ դուրս են գալիս առաջնությունից: Ուստի «Շիրակի» և «Արարատի» հետ «Միկայի» համար սկզբունքային նշանակություն ունեցող հանդիպումները չկայացան: Չեղարկվեց նաև Սուպերգավաթի մրցախաղը, որում «Միկան» պետք է մրցանակը վիճարկեր նորընծա չեմպիոն Արարատի «Արաքսի» հետ:

Հաջորդ մրցաշրջանում «Միկան» Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ կրկնեց գավաթային հաջողությունը՝ այս անգամ մայիսի 27-ին եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Արարատին» (4-3): Խաղի հիմնական ժամանակում թիմերը մեկական գնդակ էին փոխանակել: 53-րդ րոպեին հաշիվը բացել էր Սամվել Նիկոլյանը, 3 րոպե անց արարատցի Տիգրան Եսայանը վերականգնել էր հավասարակշռությունը:

«Միկան» գավաթային թիմի համբավը հաստատեց նաև 2003թ.՝ մրցանակը նվաճելու 3-րդ փորձն էլ հաջողությամբ պսակելով: Այս անգամ թիմին գավաթակրի կոչմանն արժանացրեց Սուրեն Բարսեղյանը, որը նախորդ առաջնության վերջնագծում էր ստանձնել «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Սուրեն Բարսեղյանը՝ Հայաստանի գավաթով, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

«Միկան» շատ վստահ ելույթներ ունեցավ գավաթի մրցաշարում: Անցկացրած 7 հանդիպումներում էլ Ֆելիքս Հակոբյանի պաշտպանած դարպասն անառիկ մնաց: Դա գավաթի խաղարկություններում ինքնատիպ ռեկորդ էր, որը հետագայում գավաթակիր դարձած թիմերից միայն «Փյունիկին» է հաջողվել կրկնել (2004, 2010թթ.):

1/8 եզրափակչում «Միկան» պարզապես ջախջախեց Առաջին խմբի ներկայացուցիչ «Դինամոյին» (10-0, 6-0), այնուհետև պայքարից դուրս մղեց «Սպարտակին» (3-0, 2-0) ու «Շիրակին» (0-0, 3-0): Մայիսի 27-ին «Հանրապետականում» «Բանանցի» հետ կայացած եզրափակիչ հանդիպման ելքը վճռեց խաղավարտից 3 րոպե առաջ տուգանային հարվածով Արմեն Պետիկյանի խփած միակ գոլը: Հենց Պետիկյանին էլ որպես թիմի ավագ հանձնվեց գավաթը: Վերջինս դարձավ եռակի գավաթակիր:

Գավաթի մրցաշարում «Միկայի» կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ Արամ Ոսկանյանը՝ 9 գնդակով ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու: Այդ գոլերից 5-ը նա խփել էր «Դինամոյի» հետ կայացած 1/8 եզրափակչի առաջին խաղում: Նա կրկնեց գավաթի մրցաշարերում փյունիկցի Արման Քարամյանի արդյունավետության ռեկորդը, որ սահմանվել էր 2002թ.: Առաջնությունում էլ Ոսկանյանը թիմի գրոհների առաջատարն էր: Անցկացրած 10 հանդիպումներում դառնալով 8 գոլի հեղինակ, Ոսկանյանը մրցաշրջանի կեսից մեկնեց Ղազախստան՝ հանդես գալով «Եսիլ Բոգատիրում»:

Արամ Ոսկանյանը, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

2004թ. «Միկան» առաջին հաջողությունը գրանցեց ՀՀ առաջնություններում՝ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ դառնալով արծաթե մրցանակակիր: 28 հանդիպումներում «Միկայի» ֆուտբոլիստները 16 հաղթանակ տոնեցին, 55 միավոր վաստակեցին, ինչը մինչ այդ թիմի գրանցած արդյունքներից լավագույնն էր: Իր ռմբարկուական հատկանիշները դրսևորեց Արմեն Շահգելդյանը՝ 12 գնդակով ճանաչվելով թիմում ամենաարդյունավետը:

Հետագայում «Միկան» ՀՀ փոխչեմպիոնի տիտղոսին արժանացավ ևս 3 անգամ՝ արծաթե մրցանակակիր դառնալով նաև 2005 (գլխավոր մարզիչ՝ Արմեն Ադամյան), 2009 (Սամվել Դարբինյան) և 2012/13թթ. (Ժոլտ Հոռնյակ):

3 անգամ էլ «Միկան» արժանացել է բրոնզե մեդալների (2006թ.՝ Արմեն Ադամյան, 2007թ.՝ Արկադի Անդրեասյան, 2013/14թթ.՝ Արամ Ոսկանյան):

Իսկ «Միկայի» գլխավոր նվաճումները գրանցվել են Հայաստանի գավաթի մրցաշարերում: 2005 և 2006թթ. «Միկան» կրկին գավաթով պատվո շրջան կատարեց: Այդ հաջողությունում իր մեծ ներդրումն ունեցավ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը, որը 2005թ. առաջնության մեկնարկից առաջ էր գլխավորել «Միկան»՝ փոխարինելով կրկին Լիբանան մարզչական աշխատանքի մեկնած Սուրեն Բարսեղյանին:

Աջից՝ Արմեն Ադամյանը՝ 2005թ․ Հայաստանի գավաթակիր դառնալուց հետո, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

2005թ. մայիսի 9-ին «Միկան» իր պատմության մեջ 4-րդ անգամ վճռորոշ խաղում վիճարկեց պատվավոր մրցանակը՝ 2-0 հաշվով պարտության մատնելով «Կիլիկիային»: Հաշիվը բացեց մրցակցի պաշտպան Կարեն Զաքարյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Այնուհետև Յուրի Մագդիևն ամրապնդեց «Միկայի» հաղթանակը:

Մեկ տարի անց նույն օրը գործող գավաթակիրը կրկին ոչ մեկին չզիջեց պատվավոր մրցանակը: «Փյունիկի» հետ եզրափակիչ հանդիպման ելքը վճռեց 24-րդ րոպեին Արմեն Շահգելդյանի խփած միակ գոլը: «Միկան» այդ ժամանակ դարձավ Հայաստանի միակ հնգակի գավաթակիրը՝ գերազանցելով «Արարատի» ռեկորդային ցուցանիշը, որը մինչ այդ 4 անգամ էր տիրել պատվավոր մրցանակին: Իսկ Արմեն Պետիկյանը համալրեց հնգակի գավաթակիրների ցանկը, որում մինչ այդ ընդգրկված էին միայն Տիգրան Գսպեյանը, Հակոբ Մկրյանն ու Ռաֆայել Նազարյանը:

Արմեն Պետիկյանը, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

2006թ. «Միկայի» կենսագրությունում նշանավորվեց ևս մեկ տիտղոսի նվաճմամբ: Արմեն Ադամյանի սաներին միայն 3-րդ փորձից վերջապես հաջողվեց նվաճել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Մայիսի 27-ին «Միկան» չափազանց համառ մրցապայքարում 3-2 հաշվով հաղթեց «Փյունիկին»՝ ռևանշի հասնելով պատվավոր մրցանակի համար նախորդ երկու հանդիպումներում փյունիկցիներից կրած պարտությունների դիմաց (2002թ.՝ 1-2, 2004թ.՝ 0-1):

Հանդիպումը շատ հաջող սկսվեց «Միկայի» համար, որն արդեն 25-րդ րոպեին Արմեն Շահգելդյանի և Վարդան Հովհաննիսյանի խփած գոլերի շնորհիվ հաշվի մեջ առջևում էր: Սակայն 4 րոպե անց Աղվան Մկրտչյանը կրճատեց հաշվի տարբերությունը:

Ընդմիջումից հետո թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Նախ Արմեն Շահգելդյանը դիպուկ իրացրեց 11մ հարվածը, ապա Լևոն Պաչաջյանը կրկին հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի:

Դրվագ «Փյունիկ» – «Միկա» սուպերգավաթային հանդիպումից, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Այստեղ է հանդես եկել Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը․ Լուծարված «Կոտայքի» դերը հայկական ֆուտբոլում

2011թ. «Միկան» Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ ինքնատիպ նվաճման հասավ՝ Հայաստանի գավաթը նվաճելու 6-րդ փորձն էլ հաջողությամբ պսակելով: «Միկան» գավաթի մրցաշարերում կրկին դարձավ ռեկորդակիր՝ գերազանցելով մրցանակի հնգակի դափնեկիր «Արարատի» ցուցանիշը: Միայն հետագայում «Փյունիկին» հաջողվեց առաջ անցնել «Միկայից»՝ 8 անգամ պատվո շրջան կատարելով գավաթով:

Գավաթի մրցաշարը «Միկան» սկսեց «Իմպուլսի» նկատմամբ քառորդ եզրափակչում տոնած հաղթանակով (3-0): Պատասխան խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2: Կիսաեզրափակչում Արմեն Շահգելդյանի սաները պայքարից դուրս մղեցին «Բանանցին» (3-3, 1-0):

Մայիսի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում «Շիրակի» հետ կայացած գավաթի եզրափակիչ հանդիպումն անցավ «Միկայի» զգալի առավելությամբ: Արդեն 35-րդ րոպեին Ալեքսի և Նարեկ Բեգլարյանի գոլերի շնորհիվ «Միկան» խաղը շահում էր 2-0 հաշվով: Միայն ընդմիջումից 3 րոպե առաջ շիրակցի Անդրանիկ Բարիկյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 2-րդ խաղակեսում Նարեկ Բեգլարյանն ու Դոնգ Ֆանգժուն ևս երկու անգամ գրավեցին Իգոր Լոգվինովի պաշտպանած դարպասը՝ 4-1:

Հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գավաթը հանձնեց «Միկայի» ավագ Հրայր Մկոյանին: Արմեն Շահգելդյանը, որ «Միկայի» ղեկը ստանձնել էր 2010թ. օգոստոսին՝ առաջնության 16-րդ տուրում փոխարինելով Արմեն Ադամյանին, մարզչական իր կարճատև կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց: Վարդան Մինասյանից հետո նա դարձավ ՀՀ գավաթակիր թիմ պատրաստած 2-րդ մարզիչը, որը ֆուտբոլիստի կարիերայում ևս վայելել էր գավաթի նվաճման բերկրանքը: Շահգելդյանը քառակի գավաթակիր էր, ընդ որում իր վերջին տիտղոսին արժանացել էր 2006թ. «Միկայում»:

«Միկան»՝ 2011թ․ Հայաստանի գավաթակիր, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Նարեկ Բեգլարյանը 6 գնդակով դարձավ գավաթի մրցաշարի լավագույն ռմբարկուն: Իսկ 36-ամյա Արամ Ոսկանյանը, որ հարազատ կոլեկտիվ էր վերադարձել Տաշքենդի «Լոկոմոտիվից», դարձավ Հայաստանի հնգակի գավաթակիր:

Բացի նրանցից, ՀՀ գավաթակրի տիտղոսին արժանացան նաև Գևորգ Կասպարովը, Արմեն Պետրոսյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Հրայր Մկոյանը, Պեդրո Լոպեսը, Կոնստանտին Մանդրիչենկոն, Էդնեյ դե Օլիվեյրան, Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադևոսյանը, Ալեքս Էնրիկե դա Սիլվան, Հայկ Իշխանյանը, Վահագն Մինասյանը, Գրիգոր Մկրտչյանը, Անդրանիկ Շահգելդյանը, Ռաֆայել Ղազարյանը, Արթուր Հարությունյանը, Գևորգ Պողոսյանը և Դոնգ Ֆանգժուն:

2012թ. «Միկան» 2-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր՝ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով երկրի չեմպիոն «Ուլիսին» (5-3): Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասներն անառիկ էին մնացել: Հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ իրեն գերազանց դրսևորեց «Միկայի» դարպասապահ Գևորգ Կասպարովը, որը ոչ միայն հետ մղեց մրցակցի հարվածը, այլև ինքը հստակ իրացրեց իր թիմի վերջին 11 մետրանոցը: Դա թիմի նվաճած վերջին տիտղոսն էր:

«Միկան»՝ 2012թ․ Հայաստանի սուպերգավաթակիր, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Եթե Հայաստանում «Միկան» զգալի հաջողությունների էր հասել, ապա եվրագավաթների մրցաշարերում թիմի արդյունքները բավական համեստ էին: «Միկան» եվրոպական մրցասպարեզ դուրս եկավ 2000թ. մրցաշրջանի ավարտից հետո, որպես Հայաստանի գավաթակիր մասնակցելով ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Նորամուտը շատ անհաջող ստացվեց: Օգոստոսի 10-ին Բուխարեստում կայացած խաղում «Միկան» 0-3 հաշվով պարտվեց «Ռապիդին»: Ճիշտ է, երկու շաբաթ անց Գյումրիում հայկական թիմը Սամվել Նիկոլյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց, բայց դուրս մնաց հետագա պայքարից:

Ընդհանուր առմամբ 12 անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, «Միկային» միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: Դա 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էր, երբ «Միկան» Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ կարողացավ հաղթահարել հունգարական ՄՏԿ-ի արգելքը: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Միկան» զիջեց 1-2 հաշվով: Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Կլեբեր Լուիս Ռոդրիգեսը: Երևանում կայացած պատասխան խաղում Արտյոմ Ադամյանի խփած միակ գոլը հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց «Միկային»:

Արտյոմ Ադամյանը գրավում է ՄՏԿ-ի դարպասը, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Ակումբ, որ ընդհատեց «Փյունիկի» 10-ամյա գերիշխանությունը ԲԽ-ում․ Լուծարված «Ուլիսի» հետքը հայկական ֆուտբոլում

«Միկան» կարող էր նաև հաջողությամբ հաղթահարել 2-րդ փուլի արգելքը: Սլովակիայի «Արտմեդիայի» հետ սեփական հարկի տակ կայացած առաջին խաղում «Միկան» մեծ առավելություն ուներ, սակայն բավարարվեց 2-1 հաշվով տոնած հաղթանակով: «Միկայից» աչքի ընկան Արմեն Շահգելդյանն ու Ալեքս Էնրիկե դա Սիլվան:

Պատասխան խաղում «Միկան» չօգտագործեց գոլային նպաստավոր պահերը, իսկ ահա դաշտի տերերը 2 անգամ գրավեցին Ֆելիքս Հակոբյանի պաշտպանած դարպասը ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:

Ընդհանուր առմամբ «Միկան» եվրագավաթներում անցկացրած 26 հանդիպումներում ընդամենը 3 հաղթանակ է տոնել, 8 խաղ ավարտել է ոչ-ոքի, 15-ում պարտվել է, խփել է 14 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 39 գնդակ:

Եվրագավաթների մրցաշարերում «Միկայի» ամենաուժեղ մրցակիցը Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող «Մայնցն» էր, որի հետ հայկական ակումբը մրցեց 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Ի դեպ, այդ թիմը մարզում էր աշխարհի ներկայիս ուժեղագույն մարզիչներից մեկը՝ Յուրգեն Կլոպը: 2005թ. հուլիսի 14-ին Ֆրանկֆուրտում կայացած մրցակիցների առաջին խաղը շատ անհաջող դասավորվեց «Միկայի» համար, որը 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ կրկնելով եվրագավաթներում իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը (2001թ. «Բրաշով» Ռումինիա՝ 1-5):

Երկու շաբաթ անց «Հանրապետական» մարզադաշտում կայացած պատասխան խաղում «Միկան» արժանապատիվ խաղ ցուցադրեց և կարող էր նույնիսկ հաղթել, սակայն գոլային պահերը չօգտագործեց: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Դրվագ «Միկա» – «Մայնց» խաղից, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Ցավոք, ֆինանսական խնդիրները «Միկային» էլ չշրջանցեցին: «Միկայի» գլխին մութ ամպեր սկսեցին կուտակվել, երբ ակումբի հիմնադիր և սեփականատեր Միքայել Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը սնանկացավ: Պարտքի դիմաց ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռին անցան «Միկա» մարզադաշտն ու մարզահամալիրը:

Հետագա տարիներին ֆինանսական ճգնաժամն ավելի խորացավ, որի պատճառով 2015/16թթ. առաջնության մեկնարկից առաջ ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ թիմը չի մասնակցելու Բարձրագույն խմբի առաջնությանը: Դրա  հետևանքով «Միկայի» ֆուտբոլիստների մեծամասնությունը լքեց թիմը: Սակայն վերջին պահին հաջողվեց հովանավոր գտնել, որոշ ֆինանսական հարցեր լուծել և հապշտապ նոր թիմ կազմավորել: Ցավոք, այդ ամենը ժամանակավոր էր:

Առաջնության աշնանային հատվածում որոշ ընդմիջումից հետո կրկին թիմի ղեկը ստանձնած Արմեն Ադամյանի գլխավորությամբ «Միկան» անհաջող հանդես եկավ: Անցկացրած 15 հանդիպումներում վաստակած 14 միավորով «Միկան» ընթանում էր 6-րդ տեղում:

Գարնանը թիմն առաջնությանը ներկայացավ գրեթե ամբողջովին փոփոխված կազմով ու նոր մարզչի՝ Սերգեյ Յուրանի գլխավորությամբ: Վերջինիս հաջողվեց զգալիորեն կարգավորել «Միկայի» խաղը ու թիմին գավաթի եզրափակիչ դուրս բերեց: Սակայն Եվրոպա լիգայի ուղեգրի և ՀՀ գավաթի համար վճռորոշ խաղում «Բանանցից» 0-2 հաշվով կրած պարտությունը ճակատագրական եղավ Սերգեյ Յուրանի համար, ով ստիպված էր հրաժարական տալ: Իր պաշտոնից հեռացավ նաև ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: Առաջնության ավարտական 3 հանդիպումներում թիմի գործողությունները ղեկավարում էր Յուրանի օգնականը՝ Արմեն Շահգելդյանը:

2016թ. մայիսի 22-ին «Միկա» մարզադաշտում «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպումը, որում վճռվեց երկրի չեմպիոնի հարցը, ցավոք վերջինը դարձավ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմերից մեկի հարուստ կենսագրությունում:  Հետագայում ՀՖՖ ներկայացրած պաշտոնական գրությունում ակումբի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ անորոշ ժամանակով դադարեցնում են իրենց թիմերի մասնակցությունը Հայաստանի առաջնություններին:

Ամփոփելով թիմի արդյունքները, նշենք, որ Բարձրագույն խմբում անցկացրած 16 մրցաշրջանների ընթացքում «Միկայի» մարզաշապիկը կրել են 233 ֆուտբոլիստներ, որոնցից թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան՝ 230: Այդ ցուցանիշով նա մինչ օրս ռեկորդակիր է նաև ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականների մեջ:

Գնդակով Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

ՀՀ առաջնություններում «Միկան» գլխավորել են 17 մարզիչներ: Թիմում առավել երկար է աշխատել Արմեն Ադամյանը, որի օրոք միկացիներն առաջնությունում անցկացրել են բոլորից շատ խաղեր (91) ու տոնել են բոլորից շատ հաղթանակներ (46): Նրա օրոք «Միկան» առավել շատ՝ 5 մրցանակ է նվաճել՝ դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր, մեկական անգամ արժանանալով Սուպերգավաթին, առաջնության արծաթե և բրոնզե մեդալներին:

«Միկայի» ցուցանիշները ՀՀ առաջնություններում            

Մրց. Խ Հ Ո Պ Գ Մ Տ (Թիմ. քանակ) Ռմբարկուն
2000 28 15 4 9 45-31 49 4(8) Սամվել Նիկոլյան՝ 15
2001 22 12 5 5 44-20 41 6(12) Անդրեյ Բուլանով՝ 12
2002 22 9 6 7 35-28 33 6(12) Անդրեյ Բուլանով՝  7

Էդիկ Մանուչարյան՝ 7

2003 28 15 6 7 49-29 51 4(8) Արտյոմ Ադամյան՝ 10
2004 28 16 7 5 41-23 55 2(8) Արմեն Շահգելդյան՝ 12
2005 26 15 8 3 42-18 53 2(8) Արտյոմ Ադամյան՝ 13
2006 28 17 6 5 45-21 57 3(8) Արմեն Շահգելդյան՝ 14
2007 28 14 8 6 42-24 50 3(8) Ալեքս Էնրիկե դա Սիլվա՝ 8
2008 28 13 7 8 38-28 46 4(8) Նարեկ Բեգլարյան՝ 8
2009 28 18 4 6 59-34 58 2(8) Բոտի Դեմել՝ 14
2010 28 14 4 10 47-31 46 4(8) Էդնեյ դե Օլիվեյրա՝ 10
2011 28 12 8 8 36-25 44 5(8) Նարեկ Բեգլարյան՝ 11
2012/13 42 24 7 11 57-40 79 2(8) Սեմյոն Մուրադյան՝ 18
2013/14 28 12 11 5 36-27 47 3(8) Վարդգես Սաթումյան՝ 8
2014/15 28 9 10 9 33-34 37 5(8) Գևորգ Կարապետյան՝ 7
2015/16 28 9 5 14 30-32 32 7(8) Սամվել Մելքոնյան՝  5

Ռմբարկուների լավագույն տասնյակը

Ֆուտբոլիստներ Գոլ
1. Արտյոմ Ադամյան 43
2. Արմեն Շահգելդյան 42
3. Նարեկ Բեգլարյան 39
4. Ալեքս Էնրիկե դա Սիլվա 36
5. Դավիթ Գրիգորյան 28
6. Բոտի Դեմել 25
7. Արամ Ոսկանյան 22
8. Սեմյոն Մուրադյան 22
9. Էդնեյ դե Օլիվեյրա 19
10. Անդրեյ Բուլանով 19

Ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը

Ֆուտբոլիստներ Խաղ
1. Ալեքս Էնրիկե դա Սիլվա 230
2. Գևորգ Պողոսյան 202
3. Արմեն Պետրոսյան 180
4. Հրաչյա Միքայելյան 168
5. Նարեկ Բեգլարյան 144
6. Դավիթ Գրիգորյան 143
7. Արտյոմ Ադամյան 142
8. Ֆելիքս Հակոբյան 127
9. Արմեն Պետիկյան 120
10. Անդրանիկ Ոսկանյան 115

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Բոլորս «վիզ դրեցինք» և հաղթեցինք այս խաղում» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Հերթական «ափսոս» խաղը ստացվեց» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք լավագույնս դրսևորեցինք մեզ խաղավերջում ու հասանք հաղթանակի» (տեսանյութ)

Լիմայի՝ տուգանայինից տպավորիչ գոլի շնորհիվ չեմպիոնը 3 միավորով հեռացավ Չարենցավանից (տեսանյութ)