Նազարյանը ԲԿՄԱ-ն վերածել է մարտունակ թիմի․ Ինչպես դա հաջողվեց - VNews
Բաժիններ

Նազարյանը ԲԿՄԱ-ն վերածել է մարտունակ թիմի․ Ինչպես դա հաջողվեց

ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմն Առաջին խմբի ընթացիկ առաջնության առաջատարներից մեկն է: Այս ակումբը շատ կարևոր առաքելություն է իրականացնում հայկական ֆուտբոլում: Համապատասխան տարիքում գտնվող ֆուտբոլիստներն իրենց զինծառայությունն իրականացնում են կանաչ խաղադաշտում՝ միաժամանակ հանդիսանալով Մ19 հավաքականի թեկնածուներ: Բայց ուրախալի է ոչ միայն զուտ մասնակցության փաստը, այլև այն, թե Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն ինչպիսի առաջընթաց է գրանցում: Այո՛, խոսքը թե՛ մարզական արդյունքների, թե՛ ցուցադրած խաղի որակի, և թե՛ ֆուտբոլիստների արձանագրած անհատական աճի մասին է:

ԲԿՄԱ-ն անցկացրած 20 խաղում վաստակել է 37 միավոր ու 17 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է բաժանում «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմի հետ: Բանակայինները տոնել են 12 հաղթանակ, միաժամանակ կրել 7 պարտություն, որից 5-ը գրանցվել է առաջին 8 տուրերի ընթացքում: Սա բացատրվում է շատ պարզ հանգամանքով․ կազմը ձևավորվել էր բավականին հապճեպորեն, և ֆուտբոլիստներին ու մարզիչներին ժամանակ էր հարկավոր միմյանց հասկանալու համար: Ամեն ինչ հետզհետե կարգավորվեց, խաղի որակի բարձրացման հետ միասին եկան նաև մարզական արդյունքները: ԲԿՄԱ-ն նախքան կորոնավիրուսային դադարն անցկացրած 8 մրցավեճից 7-ում հաղթել էր մրցակիցներին, զիջել ընդամենը 1-ում:

Ինչպես հաջողվեց մրցունակ թիմ կառուցել

Հասկանալի է, որ Առաջին խմբի ընթացիկ առաջնությունը, չնայած բազմաթիվ նոր թիմերի ներգրավմանը, չունի շատ բարձր մակարդակ: Չնայած դրան, հատկապես ոչ դուստր թիմերում մեծ է բավականին փորձառու լեգեոներների և հայ խաղացողների թիվը: Այդ ամենն արդեն իսկ նշանակում է, որ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելն այս պահի դրությամբ վատ ցուցանիշ չէ: Նշված փաստը ցույց է տալիս նաև, որ մարզչական շտաբն առավելագույնին հասնելու նպատակ է դրել ֆուտբոլիստների առջև, անկախ նրանից, որ ԲԿՄԱ-ում մարզական արդյունքներ գրանցելն առաջնային նախապայման չէ: Ռաֆայել Նազարյանին հաջողվել է կազմավորել շատ մոտիվացված կոլեկտիվ, որտեղ ներդրվել է թիմային ֆուտբոլի գաղափարը, և որտեղ դրա արդյունքում ձևավորվում են վառ անհատականություններ:

Ինչպես «Արցախում», որտեղ Նազարյանն աշխատում էր 2018/19թթ․ մրցաշրջանի առաջին հատվածում, այստեղ էլ գործածվում է 3 կենտրոնական պաշտպանով խաղային սխեմա, տվյալ դեպքում՝ 3-4-3-ը: ԲԿՄԱ-ն փորձում է հավասարակշռված ֆուտբոլ խաղալ թե՛ պաշտպանվելիս, թե՛ հարձակվելիս: Նրա «ամենասարսափելի» զենքը հակագրոհներն են, նման մարտավարություն կիրառվում է հատկապես աղյուսակի առաջատարների («Վեստ Արմենիա», «Վան», «Լոկոմոտիվ») դեմ հանդիպումներում, հաճախ նաև այն հատվածներում, երբ թիմն այլ մրցակիցների հետ խաղերում առաջ է անցել հաշվի մեջ ու կարող է իրեն թույլ տալ գործել ավելի խորքից: Տվյալ մրցակցին դիմավորելով սեփական կիսադաշտից՝ բանակայինները սպասում են իրենց շանսին և սպառնում նրան հակագրոհների օգնությամբ: ԲԿՄԱ-ն իր 48 գոլերի մի ահռելի մասը խփել է հենց նման եղանակով: Այդպիսի մարտավարությունը լիովին տրամաբանված է, քանի որ թիմն առջևի գծում ունի արագաշարժ ֆուտբոլիստների, որոնք պատրաստ են օգտվել ազատ տարածություններից:

Աղյուսակի առաջատարների դեմ խաղերում հատվածաբար, իսկ մյուս մրցակիցների հետ դիմակայություններում՝ մշտապես կիրառվում է բարձր պրեսինգ: Սա խաղային այն բաղադրիչներից է, որի ճիշտ օգտագործումը ԲԿՄԱ-ին առանձնացնում է Առաջին խմբի մյուս թիմերից: Ինտենսիվ բարձր պրեսինգի կիրառումը գրեթե մշտապես արդյունք է տալիս, թիմին հաջողվում է մրցակցից խլել գնդակը հենց նրա կիսադաշտում: Ֆուտբոլիստները նման դեպքում կիրառում են անհատական հսկողություն մրցակցի խաղացողների նկատմամբ՝ ստիպելով սխալ թույլ տալ: Պետք է նշել նաև, որ Նազարյանի թիմը գնդակի կորստից հետո ակտիվորեն հակապրեսինգի է դիմում՝ ջանալով արագորեն կրկին տիրել նախաձեռնությանը: Եվ այս ամենը՝ համարյա ամբողջ 90 րոպեի ընթացքում: Նմանօրինակ խաղաոճը հոգնեցուցիչ է և ֆիզիկական լավ տվյալներ է պահանջում ֆուտբոլիստներից: Մտահղացումը տվյալ պարագայում արդարացված է, քանի որ բացառապես երիտասարդներով համալրված թիմն ունի բավականաչափ եռանդ ու ագրեսիվություն:

ԲԿՄԱ-ի բարձր պրեսինգը՝

Հայաստանում գրեթե նույնքան, ինչքան «Ռեալում». Որտեղ են ավելի շատ խաղաժամանակ ստանում մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները

Հետաքրքիր կառուցվածք ունեն նաև դիրքային գրոհները, 3-4-3 սխեման յուրահատուկ հնարավորություններ է ընձեռում դրա համար: Եվ այսպես, 2 եզրայինները փակում են ամբողջ եզրը, պետք է հասցնեն թե՛ պաշտպանվել, թե՛ միանալ գրոհներին: Երբ նրանք եզրերով ընթանում են առաջ, նոմինալ եզրային հարձակվողները՝ սովորաբար Ժիրայր Շաղոյանը և Նարեկ Գրիգորյանը, հայտնվում են կիսաեզրերում՝ մրցակցի եզրային ու կենտրոնական պաշտպանների մեջտեղի հատվածից փոքր-ինչ բարձր: Նրանք, այդպիսով, հայտնվում են մրցակիցների թե՛ պաշտպանների, թե՛ կիսապաշտպանների համար անհարմար դիրքերում, ավելի հեշտ են ընդունում գնդակը: Նրանք, ստանալով գնդակը, ունենում են հնարավորություն կա՛մ այն տեղափոխել եզր, կա՛մ ինքնուրույն շարժվել կենտրոն ու հարվածել: Առավելապես երկրորդ տարբերակը ծայրահեղ տհաճ է մրցակիցների համար: Նշված 2 ֆուտբոլիստներն էլ գնդակով շատ արագ են շարժվում առաջ, ուժեղ են մեկը մեկի դեմ պայքարում ու նաև ուժգին հարվածների են տիրապետում (Ժիրայրը՝ աջով, Նարեկը՝ հատկապես ձախով):

Պատահական չէ, որ այդ երկուսը միասին խփել են առաջնությունում թիմի գրանցած գոլերի կեսից ավելին (Շաղոյան՝ 18 գոլ, 10 արդյունավետ փոխանցում, Գրիգորյան՝ 9+8): Բայց դիրքային գրոհների ժամանակ առանձնահատուկ պետք է ընդգծել այն ֆուտբոլիստների գործոնը, որոնք փակում են ամբողջ եզրը: Նրանց՝ լայն բացվելու հանգամանքը ձգում է մրցակցի պաշտպանությունը, առաջացնում բացեր: Նրանք օգնում են իրենց թիմին երբեմն նույնիսկ առանց գնդակին դիպչելու: Ստացվում է, որ բանակայինները գրոհի ավարտական փուլում ունենում են մեկ գծի վրա գտնվող 5 ֆուտբոլիստներ, ինչի շնորհիվ գնդակին այդ պահին տիրող խաղացողը փոխանցում կատարելու մի քանի տարբերակ է ունենում:

Ահա թե ինչպես է ԲԿՄԱ-ն նշված՝ 5 ֆուտբոլիստներով բացազատվելու եղանակի արդյունքում ճեղքեր առաջացնում մրցակցի պաշտպանությունում: Այստեղ պակաս կարևոր չէ մի փոքր հետ կանգնած 2 կենտրոնական կիսապաշտպանների գործոնը, որոնց կանդրադառնանք քիչ անց՝

Եվ հետո, 3-4-3 խաղային սխեման, ինչը պակաս կարևոր չէ, թույլ է տալիս եզրերում հաճախ ստեղծել 2-ն ընդդեմ 1-ի իրավիճակներ, ինչի շնորհիվ ԲԿՄԱ-ն մեծ առավելություն է ստանում այդ հատվածներում:

Իրավիճակներ, երբ ԲԿՄԱ-ն եզրերում քանակական առավելություն է առաջացնում, ինչի արդյունքում ի հայտ են գալիս գրոհը շարունակելու ավելի շատ տարբերակներ՝

Նազարյանի թիմը չի ձգտում շատ երկար վերահսկել գնդակը (միջինը մեկ խաղում՝ 53%): Կարևորը գնդակի արագ տեղաշարժն է, այն անընդհատ եզրից եզր տեղափոխելը, մինչև կստացվի գրոհը սրելու պահ գտնել: ԲԿՄԱ-ի սիրելի հնարքներից մեկը կոնկրետ եզրում ֆուտբոլիստների կուտակում առաջացնելն է, ինչից հետո գնդակն արագորեն ուղարկվում է հակառակ եզր, որտեղ թիմի ֆուտբոլիստը մեկը մեկի դիմաց է մնում մրցակցի խաղացողի հետ: Եվ քանի որ թիմը, ինչպես նշեցինք, ունի անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, կարելի է այդ մեկ անցումից հետո հայտնվել հարվածային դիրքում: Պետք է նշել, որ ԲԿՄԱ-ն դեռևս շատ է կաղում գոլային պահերի իրացման առումով, այլապես հիմա կարող էր ավելի լավ արդյունքներ ունենալ (ուժեղագույն 8 թիմերի շարքում ավելի քիչ գոլ է խփել միայն «Սևանը»՝ 33):

Ֆուտբոլիստները թիմային համակարգում անհատական աճ են գրանցում

Առանձնացրինք 2 խաղացողների, որոնք տպավորիչ անհատական վիճակագրություն ունեն: Բայց այդ ամենը հնարավոր չէր լինի առանց թիմակիցների աջակցության: Նախ անչափ կարևոր է կիսապաշտպանական դուետի դերը, որը սովորաբար կազմում են Սերգեյ Մկրտչյանը և Նարեկ Աղասարյանը: Երկուսն էլ շատ մեծ ծավալի աշխատանք են կատարում: Երկուսն էլ սահմանափակ կիսապաշտպաններ չեն: Ակտիվ մասնակցություն են ունենում թե՛ գրոհների կառուցմանը, թե՛ գնդակի խլմանը կամ վերադարձմանը: ԲԿՄԱ-ի սխեման, ինչպես ցուցադրեցինք վերևում, դիրքային գրոհի ժամանակ վերածվում է 3-2-5-ի, և երբ հարձակման գիծը մրցակցի կիսադաշտում կորցնում է գնդակը, սովորաբար հենց Մկրտչյանն ու Աղասարյանն են անմիջապես սկսում հակապրեսինգի դիմել՝ փորձելով վերադարձնել գնդակը: Նրանք առանց գնդակի գործելիս մեծ ագրեսիվություն են դրսևորում: Ընդ որում, հարձակմանը մասնակցելու առումով առանձնանում են տարբեր որակներով: Եթե Մկրտչյանը սուր փոխանցումների շնորհիվ թիմակիցներին դուրս է բերում հարվածային դիրքեր (8 գոլային փոխանցում այս առաջնությունում), ապա Աղասարյանը հաճախ է հայտնվում տուգանային հրապարակում ու փորձում անձամբ եզրափակել գրոհները (արդեն 6 գոլի հեղինակ է դարձել):

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

Երբ ԲԿՄԱ-ի մրցակիցը խաղում է բարձր պրեսինգով ու խնդիրներ առաջադրում, բանակայինները նախընտրում են գրոհները սկսել բարձրից երկար փոխանցումներով: Նախ հարկավոր է նշել, որ թիմին շատ են պետք գալիս հատկապես ձախ կենտրոնական պաշտպան Արման Ղազարյանի առաջին փոխանցումները, որոնցով սկսվում են գրոհները: Նա տիրապետում է հեռահար դիպուկ փոխանցումների: Եվ երբ մրցակցի պաշտպանությունը բարձր է տեղակայված, այդ փոխանցումները հնարավորություն են տալիս դեպի ազատ մնացած թիկունք ներթափանցել, օրինակ՝ Նարեկ Գրիգորյանին: Վերջինս առաջին խաղաշրջանում մի շարք դեպքերում գործեց ոչ թե կիսաեզրում, այլ հենց կենտրոնական հարձակվողի դիրքում: Իսկ երբ այդ հատվածում Արամ Քոլոզյանն է, հենց նրա ուղղությամբ են հետևում բարձրից փոխանցումներ, մինչդեռ թիմակիցները փորձում են տիրել «երկրորդ գնդակներին»: Այդ հարձակվողը գերազանց է դրսևորում իրեն օդային մենապայքարների ժամանակ: Այս առաջնությունում 11 խաղ է անցկացրել, հասցրել խփել 5 գոլ ու 2 «ասիստ» կատարել: Բայց նա, դրանից զատ, իր կատարած աշխատանքով շատ է օգնում թե՛ Շաղոյանին, թե՛ Գրիգորյանին:

ԲԿՄԱ-ի ներկայիս կազմն առաջադիմելու դեռ շատ տեղ ունի: Աղյուսակում դժվար կլինի հասնել բավականին առաջ պոկված լավագույն եռյակին, սակայն խաղային որակը բարելավելը լիովին իրատեսական է: Ռաֆայել Նազարյանն իր ֆուտբոլիստներին, բնականաբար, թույլ չի տա թուլանալ, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է: Խաղացողներն էլ պետք է հասկանան, որ 1-2 լավ խաղով բավարարվել չի կարելի ու այս ժամանակահատվածում պետք է հնարավորինս կատարելագործվել, որպեսզի հետագայում իրենց տեղերը գտնեն Բարձրագույն խմբի ակումբներում: Այս ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ում ելույթներն ավարտելուց հետո վերադառնալու են իրենց ակումբներ ու մեկնարկային կազմում հայտնվելու համար բախվելու լուրջ մրցակցության: Այդ փորձությանը պետք է պատրաստված մոտենալ, առաջին հերթին, հոգեբանորեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի ԲԿՄԱ-ն նոր նախաձեռնություն է սկսել՝ աջակցելով քաղցկեղի դեմ պայքարին (տեսանյութ)

«Արագածը» խաղադաշտ է դուրս եկել 10 ֆուտբոլիստով, կիսապաշտպանն էլ կատարում է դարպասապահի պարտականությունները

Մինչև 150 մարդ, 5 փոխարինում ու այլ կանոններ. ՀՖՖ-ն ներկայացրել է խաղերի անցկացման ուղեցույցը

Պաշտոնական. Հայտնի է՝ երբ կվերսկսի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

ԲԿՄԱ-ն տեսահոլովակով ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը Իսահակյանի՝ «Հայաստանին» բանաստեղծությամբ

Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

«Լոկոմոտիվի» և «Վանի» թեժ, բայց առանց դարպասի գրավման անցած խաղը․ VNews-ի ֆոտոշարքը

«Արագածի» պարզաբանումը «Դիլիջանի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսին չմասնակցելու առնչությամբ

Արմեն Շահգելդյանի գլխավորած «Վեստ Արմենիան» մեծ շանսեր ունի դուրս գալու Բարձրագույն խումբ (տեսանյութ)

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

Առաջին խմբում պայմանավորված խաղի դեպք է բացահայտվել

21 գոլ՝ Առաջին խմբի 10-րդ տուրի մեկնարկային 3 խաղում (տեսանյութ)

Սամվել Դարբինյանը հեռացել է «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնից