«Լոռին» գերազանց ծրագիր ուներ, իսկ «Շիրակն» անճանաչելի էր․ Մարզային դերբիի տակտիկական մանրամասները - VNews
Բաժիններ

«Լոռին» գերազանց ծրագիր ուներ, իսկ «Շիրակն» անճանաչելի էր․ Մարզային դերբիի տակտիկական մանրամասները

1․ «Լոռին» «Շիրակի» հետ Բարձրագույն խմբի 18-րդ տուրի հանդիպմանը ներկայացել էր մի շարք կորուստներով: Տարբեր պատճառներով բացակայում էին առանցքային ֆուտբոլիստներ Դիեգո Բարիոսը, Արթուր Ավագյանը, Լուիս Մաթեուսը, Ջուլիուս Դեյվիդը և Ռուսլան Զաերկոն: Վանաձորյան թիմի գործողությունները գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի բացակայության պայմաններում ղեկավարում էր նրա առաջին օգնական Ֆրանցիսկո Կոմպանը:

«Լոռին» հանդես էր գալիս 3-5-2 կամ 3-5-1-1 տակտիկական սխեմայով: Գլխավոր տեղաշարժերից մեկն այն էր, որ կենտրոնական պաշտպան Ալեքսիս Ջիմի-Բենդը գործում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այդ, Ջոնել Դեսիրեն խաղում էր ոչ թե հարձակման կրակագծում (այնտեղ Ագուստին Մազիերոն էր), այլ տեղակայվել էր նրա թիկունքում ու ստացել աշխատանքի ավելի լայն շրջանակ:

«Շիրակի» կորուստն Ուրոշ Նենադովիչի բացակայությունն էր: Վարդան Բիչախչյանն անակնկալ չէր մատուցել և խաղադաշտ էր դուրս բերել բավականին կանխատեսելի կազմ: Ընտրվել էր 4-2-3-1 կամ 4-4-1-1 սխեման, որով էլ հիմնականում հանդես է գալիս այս թիմը: Կարելի է առանձնացնել միայն այն փաստը, որ պաշտպանության աջ եզրը Բոգդան Միլիչիչի փոխարեն վստահվել էր Ժիրայր Մարգարյանին: Վերջինս անցկացրեց ընդամենը մեկ խաղակես՝ իր տեղը զիջելով հենց սերբ պաշտպանին:

Նազարյանը ԲԿՄԱ-ն վերածել է մարտունակ թիմի․ Ինչպես դա հաջողվեց

2․ «Լոռիի» մարզչական շտաբի՝ այս հանդիպման հետ կապված գլխավոր մտահղացումը վերաբերում էր Դեսիրեի խաղային դիրքին և նրա առաջադրանքին: Քանի որ վանաձորյան թիմը շեշտը դրել էր առավելապես դիրքային գրոհներ կառուցելու վրա, նրան պետք էր մրցակցի կիսադաշտի տարբեր հատվածներում թվային առավելություն ապահովել: Եվ Դեսիրեն մշտապես շարժման մեջ էր՝ փորձելով օգնել թիմին թե՛ կենտրոնական հատվածում, թե՛ եզրերում: Երբ «Շիրակը» դիմում էր բարձր պրեսինգի, «Լոռիի» պաշտպանները գրոհին շարունակություն տալու մղումով միջին հատվածում գտնում էին հենց հայիթցի հարձակվողին, որը ֆիզիկական հիանալի տվյալների շնորհիվ հաղթում էր մենապայքարներում, պահում գնդակն ու ընտրում գրոհի զարգացման տարբերակ:

3․ Թվում էր, թե «Լոռիի» նման գործելակերպը, այն է՝ գնդակն ավելի շատ վերահսկելու միտումը ձեռնտու է «Շիրակին», որը մրցակիցների համար շատ սպառնալից է հատկապես հակագրոհների ժամանակ: Եվ իրականում այդպես էլ կարող էր լինել, բայց գյումրեցիներն այդ օրը բացարձակապես նման չէին իրենց: Այնպիսի տպավորություն էր, թե «Լոռին» ֆունկցիոնալ և բարոյահոգեբանական մի քանի անգամ ավելի լավ վիճակում է մոտեցել հանդիպմանը, քան «Շիրակը»: Սակայն գոյություն ունեին «կանաչների» ունեցած առավելության նաև տակտիկական հանգամանքներ:

Եվ այսպես, վանաձորյան թիմը դիրքային գրոհները կառուցում էր ոտքով լավ խաղացող դարպասապահի, 3 կենտրոնական պաշտպանների և նրանց առջևում գտնվող 2 հենակետային կիսապաշտպանների օգնությամբ: Եզրային 2 ֆուտբոլիստները (Դիոգո Կոելյո, Քրիստիան Խիմենես, երկրորդ խաղակեսում վերջինիս փոխարեն՝ Արման Մկրտչյան), որոնք գործում էին եզրերի ամբողջ երկայնքով, նույնպես հասանելի տարբերակներ էին նշված խաղացողների համար: Բայց «Շիրակը» մրցակցին նրա իսկ կիսադաշտում դիմավորելիս լուրջ խնդիրների էր բախվում: Երբ կարծես հաջողվում էր փակել «Լոռիի»՝ մոտակայքում գտնվող բոլոր ֆուտբոլիստներին, նահանջում էր Չաբի Աուզմենդին, իսկ ավելի ուշ՝ նաև Դեսիրեն: Գնդակն էլ պաշտպաններն ուղարկում էին հենց հայիթցու ուղղությամբ:

«Լոռին» բավականին հաճախ էր թվային առավելություն ստանում գրոհի զարգացման արդեն առաջին և երկրորդ փուլերում: Վանաձորյան թիմի կիսապաշտպանները ցույց տրված եղանակով երկընտրանքի առջև էին կանգնեցնում «Շիրակի»՝ տվյալ հատվածում գտնվող ֆուտբոլիստին՝

Կարելի է նաև արձանագրել, որ «Շիրակի» պաշտպանական, կիսապաշտպանական և հարձակման գծերը ոչ միայն այդ, այլև խաղային շատ այլ իրավիճակներում միմյանցից նկատելի կտրտված էին գործում: Պաշտպանական գիծն ուշանում էր այն ժամանակ, երբ բարձր պրեսինգի ժամանակ պետք էր աջակցել թիմակիցներին, հաճախ այդպես էր լինում նաև հենակետային գոտու պարագայում: «Լոռին» այդ ամենից շատ լավ էր օգտվում: Թիմը սեփական կիսադաշտում խաղարկում էր գնդակը՝ «Շիրակին» կարծես հրավիրելով պրեսինգի, իսկ երբ մրցակիցը գնում էր այդ քայլին, հյուրերն օգտագործում էին Գյումրին ներկայացնող թիմի միջին գծում առաջացած մեծ բացերը: Թե՛ Աուզմենդին, թե՛ Դեսիրեն բավականին հաճախ էին տեղ զբաղեցնում «Շիրակի» պաշտպանական և կիսապաշտպանական գծերի միջև ընկած հատվածում ու հեշտությամբ ստանում գնդակը:

«Շիրակը» հենակետային գոտում շատ մեծ տարածություն էր թողել մրցակցին այն բանից հետո, երբ պրեսինգի դիմելու փորձն ապարդյուն էր եղել՝

«Շիրակը» գնդակը կորցնելուց հետո շատ դանդաղ էր վերադասավորվում․ այստեղ նույնպես նկատելի է, թե որքան մեծ անդունդ է առաջացել գյումրեցիների խաղային օղակների միջև, ինչից այս դրվագում շատ լավ օգտվեց «Լոռիի» կիսապաշտպան Աուզմենդին: Նա, ընդունելով գնդակը, դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս բերեց Դեսիրեին, որը վրիպեց՝

4․ Եվ «Լոռին» այս ամենի արդյունքում մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց առաջին խաղակեսում: Դեսիրեն այդ օրը հրաշալի տեսք ուներ բոլոր առումներով, բացի՝ գոլային պահերի իրացումից: Նա 2 անգամ վրիպեց շատ լավ դիրքերից: Փոխարենը դիպուկությամբ աչքի ընկավ հարձակվող Ագուստին Մազիերոն, որն արդյունավետ հարվածով ավարտեց «Լոռիի» բազմաքայլ և տպավորիչ հակագրոհը: Ի դեպ, այդտեղ մեծ դերակատարություն ունեցավ հենց Դեսիրեն, որը խորքից ստացավ գնդակը, պահեց իր մոտ այնքան, ինչքան անհրաժեշտ էր, ապա գրոհին շատ ճիշտ շարունակություն հաղորդեց:

5․ Եվս մեկ կարևոր տարբերություն թիմերի միջև: Խոսքն առանց գնդակի խաղի, ավելի կոնկրետ՝ գնդակը կորցնելուց հետո նրանց արձագանքի մասին է: Եթե «Լոռին» շատ ագրեսիվ էր գործում ու «Շիրակին» գործնականում զրկեց վտանգավոր հակագրոհներ ձեռնարկելու հնարավորությունից, ապա դաշտի տերերն ինչպես հարկն է չէին արձագանքում այդպիսի իրավիճակներին: «Շիրակի» ֆուտբոլիստները երբեմն սխալվում էին նաև պարզ իրավիճակներում՝ կատարելով սխալ փոխանցումներ: Վանաձորյան թիմին շատ օգնեց Ալեքսիս Ջիմի-Բենդի՝ հենակետային գոտում գործելու հանգամանքը: Նա ուղղակի գերազանց խաղ անցկացրեց: Մասնակցեց 26 մենապայքարի, հաղթեց դրանց 85%-ում: Նրա արգելքը հաղթահարելն իսկական գլխացավանք էր շիրակցիների համար: Կենտրոնում շատ լավ աշխատեցին նաև Սարգիս Շահինյանն ու Չաբի Աուզմենդին:

Կրկին դիրքային սխալ, և Դեսիրեն շատ երկար ժամանակ ունի որոշում կայացնելու համար․․․

Նույնպիսի խզվածություն կար նաև պաշտպանական գծում: «Լոռին» Շահինյանի և Աուզմենդիի՝ կիսաեզրերում տեղակայվելու շնորհիվ շատ լավ էր օգտվում «Շիրակի» կենտրոնական ու աջ պաշտպանների միջև առաջացած հսկայական տարածությունից՝

Չի կարելի չընդգծել նաև «Լոռիի» եզրային ֆուտբոլիստների՝ խաղադաշտում բարձր տեղակայվելու արդյունավետությունը: Նրանց միացումները շատ ավելի բազմազան էին դարձնում հյուրերի գրոհները: Պատահական չէ, որ ձախ եզրային Դիոգո Կոելյոն դարձավ արդյունավետ փոխանցման, իսկ աջ եզրային Արման Մկրտչյանը՝ գոլի հեղինակ:

6․ «Շիրակը» վերջնամասում տիրեց նախաձեռնությանն ու նաև կրճատեց հաշվի տարբերությունը: Եթե Մորի Կոնեն, որը դարձավ գոլի հեղինակ, դիպուկ գտնվեր նաև առաջին խաղակեսի վերջնամասում, երբ մրցակցի դարպասը գրավելու շատ լավ պահ ուներ, հանդիպումը գուցե այլ ընթացք ստանար: Ինչևէ: «Լոռին» մեծ ուժերով պաշտպանվեց ու պահպանեց հաղթանակը: Հաշվի առնելով նման կորուստներ ունենալու պարագայում «Շիրակի» պես թիմին հյուրընկալվելու և նրան հաղթելու փաստը՝ «Լոռին» արժանի է գովասանքի խոսքերի: Եվ այստեղ խոսքը միայն 3 միավոր վաստակելու մասին չէ, այլ նրա, թե թիմն ինչպիսի խաղային որակ դրսևորելով հասավ դրան:

7․ Թեև Դավիդ Կամպանյան, որն այդ օրը՝ մայիսի 23-ին, նշում էր ծննդյան 46-րդ տարեդարձը, Հայաստանում չէ, կասկած չկա, որ հենց նա էր օգնականների հետ միասին ընտրել մարտավարությունն ու խաղի ընթացքում գուցեև հրահանգներ էր տալիս նրանց: Հայաստանի ձմեռային չեմպիոն «Լոռին» գարնանային հատվածի մեկնարկային 2 հանդիպումներում ընդամենը 1 միավոր էր վաստակել՝ չխփելով ոչ մի գոլ: Անցյալում տեսել ենք մի թիմի, որը վտանգավոր է հակագրոհների ժամանակ, նաև հիանալի է օգտագործում ստանդարտ իրավիճակները: Ավելին երևում էր միայն կոնկրետ խաղերի կոնկրետ հատվածներում: Կամպանյան այժմ աստիճանական զարգացում է տալիս թիմին՝ հետզհետե ներդնելով նաև դիրքային ֆուտբոլ:

Ո՞ր թիմերն են Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի

«Շիրակի» հետ հանդիպման ժամանակ անընդհատ կար տպավորություն, որ «Լոռին» խաղադաշտի ցանկացած հատվածում թվային առավելություն ունի: Դա գալիս էր այն գործոններից, որոնց արդեն անդրադարձանք, նաև նրանից, որ առանց գնդակի գտնվող ֆուտբոլիստները մշտական շարժման մեջ էին: Դա խուճապ և իրարանցում առաջացրեց «Շիրակի» շարքերում: «Լոռին» լավագույն վեցյակում է, բայց գլխավոր մարզչի, ինչպես նաև մի քանի առանցքային խաղացողների բացակայությունը կարող է հետագայում թողնել իր հետքը: Խիտ գրաֆիկի պայմաններում ցանկալի կլիներ ունենալ ավելի երկար պահեստայինների նստարան:

Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա սա Բիչախչյանի գլխավորած թիմի երևի թե ամենավատ ելույթն էր ընթացիկ առաջնությունում: Գյումրեցիները մտահոգիչ վիճակագրություն ունեն՝ 5 պարտություն Բարձրագույն խմբի վերջին 6 մրցավեճում: «Շիրակը» գուցե ավելիին էր արժանի այդ խաղերից որոշներում, բայց ընդհանուր օրինաչափությունը մտորումների տեղիք է տալիս: Գյումրին ներկայացնող ակումբն ասոցացվում է թիմային ֆուտբոլի, կոմպակտ գործելու և կազմակերպվածություն դրսևորելու հետ։ Զարմանալի է, բայց «Լոռիի» հետ մրցավեճում այդ ամենից որոշ հատվածներ տեսանք միայն հանդիպման վերջնամասում: Թե թիմն ինչպես կարձագանքի այս պարտությանը, ականատես կլինենք արդեն մայիսի 30-ին՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ