Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը - VNews
Բաժիններ

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ առաջնության ավարտից երկու տուր առաջ չեմպիոնի տիտղոսի համար պայքարը չափազանց լարվել ու հասել է գագաթնակետին: Առաջատար եռյակում գտնվող թիմերը՝ «Շիրակը» (46 միավոր), «Արարատ-Արմենիան» (46) և «Նոան» (45) իրապես հավակնում են ոսկե մեդալներին:

Դժվար է գուշակել, թե այդ թիմերից որ մեկին կժպտա բախտը: Միայն կարելի է հաստատ ասել, որ չեմպիոնը հայտնի կդառնա ավարտական տուրի հանդիպումներից հետո: Ընդ որում բացառված չէ, որ երկու թիմեր վաստակեն հավասար միավորներ ու չեմպիոնի հարցը վճռվի նրանց միջև անցկացված հանդիպումների արդյունքներով:

Չեմպիոնական մրցավազքում հաղթելու թիմերի հնարավորությունները գնահատելու համար նախ ներկայացնենք նրանց մասնակցությամբ ավարտական 2 տուրերի խաղերի ցանկը: «Շիրակը» 27-րդ տուրում հյուրընկալվելու է «Նոային», ապա ավարտական խաղում Գյումրիում մրցելու է «Ալաշկերտի» հետ:

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

«Արարատ-Արմենիան» հյուրընկալվելու է «Արարատին», ապա սեփական հարկի տակ մրցավեճի է բռնվելու «Նոայի» հետ:

Առաջին հայացքից գերադասելի են թվում «Արարատ-Արմենիայի» չեմպիոն դառնալու հավակնությունները: Որքան էլ որ վերջին հանդիպումներում չեմպիոնն անհաջող հանդես եկավ, կարծում ենք, որ Վարդան Մինասյանի սաներն իրենց մեջ ուժ կգտնեն ոչնչի չհավակնող «Արարատին» հաղթելու համար:

Այդ դեպքում չեմպիոնական մրցավազքում անչափ կարևոր նշանակություն է ստանում 27-րդ տուրի «Նոա» «Շիրակ» մրցախաղի ելքը: Հաղթանակի դեպքում չեմպիոն դառնալու «Նոայի» հնարավորությունը զգալիորեն կաճի: Ոսկե մեդալներին տիրելու համար Իգոր Պիկուշչակի սաներին անհրաժեշտ կլինի ավարտական խաղում պարտության մատնել նաև «Արարատ-Արմենիային»:

«Շիրակի» համար էլ հաղթանակը կանաչ ճանապարհ կբացի դեպի չեմպիոնական բարձունքը: Այդ դեպքում «Ալաշկերտի» հետ խաղում գյումրեցիներին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին, եթե «Արարատ-Արմենիան» չհաղթի «Նոային»: Իսկ «Ալաշկերտին» հաղթելու դեպքում «Շիրակն» անկախ «Արարատ-Արմենիա» «Նոա» հանդիպման ելքից չեմպիոն կհռչակվի, քանի որ նույնիսկ հավասար միավորների դեպքում Վարդան Մինասյանի սաներին կգերազանցի անձնական հանդիպումների արդյունքով:

Ոչ-ոքի արդյունքի դեպքում «Նոան» կզրկվի չեմպիոն դառնալու հնարավորությունից, եթե նույնիսկ ավարտական տուրում հաղթի «Արարատ-Արմենիային», իսկ «Շիրակը» չկարողանա 3 միավոր վաստակել «Ալաշկերտի» հետ մրցավեճում: Այդ դեպքում «Նոան» և «Արարատ-Արմենիան» կվաստակեն հավասար՝ 49-ական միավոր, սակայն անձնական հանդիպումներում ունեցած առավելության հաշվին չեմպիոնը կպահպանի իր տիտղոսը:

Իսկ ահա «Շիրակի» համար ոչ-ոքին դեռ ոսկե մեդալների համար պայքարը շարունակելու հնարավորություն ընձեռում է: Այդ դեպքում, գյումրեցիները պետք է հաղթեն «Ալաշկերտին» և հուսան, որ «Արարատ-Արմենիան» չի հաղթի «Նոային»: Հնարավոր է տարբերակ, որ «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան» վաստակեն հավասար՝ 50-ական միավոր: Եվ կրկին, անձնական հանդիպումների արդյունքով, «Շիրակը» չեմպիոն կհռչակվի:

Ահա թե որքան կարևոր է 27-րդ տուրի «Նոա» «Շիրակ» հանդիպման արդյունքը: Իհարկե, չի կարելի բացառել նաև, որ «Արարատը» վերջին պահին կարող է խառնել չեմպիոնի խաղաքարտերը ու չպարտվել «Արարատ-Արմենիային»: Այդ դեպքում «Նոայի» և «Շիրակի»  չեմպիոնական հավակնություններն անհամեմատ կաճեն:

ՀՀ առաջնությունների պատմության մեջ չեմպիոնության համար վաղուց վերջնագծում նման թեժ ու անզիջում պայքար չէր ծավալվել, այն էլ միանգամից 3 թիմերի միջև: Նախկինում նման իրադարձություններ ծավալվել են միայն 1999 և 2000թթ. առաջնություններում, երբ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ միանգամից 3 թիմեր հավակնել են ոսկե մեդալներին:

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

1999թ. առաջնության վերջնագծում չափազանց լարված իրավիճակ էր ստեղծվել չեմպիոնական մրցավազքում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ 69-ական միավորով աղյուսակը գլխավորում էին «Արարատն» ու «Շիրակը», երկրի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ցեմենտը» վաստակել էր 67 միավոր: Ընդ որում «Ցեմենտը» նախավերջին տուրի խաղն անցկացնելու էր ավելի ուշ՝ դեկտեմբերի 4-ին Արարատում, որտեղ պետք է հյուրընկալեր «Շիրակին», որն այդ խաղով ավարտելու էր առաջնությունը:

Ոսկե մեդալների համար պայքարում գերադասելի էին թվում «Արարատի» հնարավորությունները, սակայն Արկադի Անդրեասյանի սաները նոյեմբերի 30-ին կայացած նախավերջին տուրում Արմավիրում անսպասելիորեն պարտվեցին «Զվարթնոցին»՝ 1-2: Իսկ «Շիրակն» այդ օրը 3-0 հաշվով հաղթելով «Կիլիկիային», 72 միավորով գլխավորեց աղյուսակը:

Դեկտեմբերի 4-ին Արարատում կայացած «Ցեմենտ» «Շիրակ» հանդիպումը վճռորոշ էր լինելու չեմպիոնի տիտղոսի համար պայքարում: Դաշտի տերերին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, իսկ ահա գյումրեցիները նույնիսկ ոչ-ոքիի դեպքում չեմպիոն կհռչակվեին:

Շիրակցիներն այդ խաղում մեծ փորձությունների ենթարկվեցին: Դեռևս առաջին խաղակեսում մրցավար Սլավիկ Ղազարյանը դաշտից հեռացրեց շիրակցի Արարատ Հարությունյանին: 2-րդ խաղակեսում «Շիրակի» դարպասին 11մ հարված նշանակվեց, սակայն Տիգրան Հովհաննիսյանի հարվածը հետ մղեց դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը: Խաղը մոտենում էր ավարտին, սակայն դաշտի տերերին ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել մրցակցի դարպասի բանալին:

Եվ երբ ընթանում էր ավելացված ժամանակի 5-րդ րոպեն, գնդակը դիպավ շիրակցիներից մեկի ձեռքին ու մրցավարն անմիջապես ցույց տվեց 11մ նշակետը: Արամ Հակոբյանի հարվածն անվրեպ էր:

Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Այդ խաղով «Շիրակն» ավարտեց ելույթներն առաջնությունում՝ իր հաշվին ունենալով 72 միավոր: «Ցեմենտը» վաստակեց 70 միավոր և դեկտեմբերի 8-ին հյուրընկալվելիս առաջնության բացահայտ հետնապահ «Գյումրիին» հաղթելու դեպքում կպահպաներ չեմպիոնի իր տիտղոսը:

Սակայն մինչ այդ հանդիպումը ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստում քննարկվեց «Շիրակի» բողոքը «Ցեմենտի» հետ կայացած խաղում մրցավար Սլավիկ Ղազարյանի կողմնակալ մրցավարության առիթով: Գործկոմի անդամները դիտելով խաղի տեսագրությունը, համոզվեցին, որ իրոք մրցավարը կողմնակալություն է դրսևորել՝ նպաստելով «Ցեմենտի» հաղթանակին:

Ստեղծված իրավիճակից ելք գտավ «Ցեմենտի» նախագահ Աբրահամ Բաբայանը՝ առաջարկելով խաղը վերախաղարկել, թեև կանոնակարգով նման դեպքերում այդպիսի բան նախատեսված չէր: Ջենթլմենական այդ քայլն արժանացավ գործկոմի անդամների հավանությանը:

Խաղի վերախաղարկումը նշանակվեց դեկտեմբերի 13-ին: Իսկ մինչ այդ «Ցեմենտը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Գյումրիին» ու վաստակեց 70 միավոր:

Արարատում կայացած «Ցեմենտի» և «Շիրակի» նոր մրցավեճում դարպասներն անառիկ մնացին, ինչը գյումրեցիներին չեմպիոնի տիտղոսին արժանացրեց: Իսկ «Ցեմենտի» ֆուտբոլիստները ստիպված էին բավարարվել բրոնզե մեդալներով, քանի որ «Արարատը» վերջին տուրում հաղթելով «Կիլիկիային», վաստակել էր 72 միավոր:

2000թ. առաջնության ավարտից երկու տուր առաջ 55 միավորով առաջատարն Արարատի «Արաքսն» էր (վերանվանված «Ցեմենտը»), որին հետապնդում էին «Արարատն» (53) ու «Շիրակը» (52): Ստացվեց այնպես, որ «Արաքսը» չեմպիոն հռչակվեց առանց ավարտական 2 տուրերում խաղադաշտ դուրս գալու: Պատճառն այն էր, որ առաջնության ավարտից երկու տուր առաջ «Զվարթնոցը», «Միկան» և «Դինամոն» անվստահություն հայտնելով ՀՖՖ ղեկավարությանը, հրաժարվել էին առաջնության մասնակցությունից:

Այնպես որ «Արաքսին» «Զվարթնոցի» և «Դինամոյի» հետ չկայացած խաղերում 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակներ գրանցվեցին և թիմը մեկամյա ընդմիջումից հետո կրկին իրեն վերադարձրեց չեմպիոնի տիտղոսը: Հետաքրքիր է, որ 2-րդ տեղը զբաղեցրած «Արարատն» էլ խաղադաշտ չմտավ՝ 3-ական միավոր վաստակելով «Դինամոյի» և «Միկայի» հետ չկայացած հանդիպումներում: Այնպես որ, առաջնության վերջնագծում սպասված ինտրիգը տեղի չունեցավ:

Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Նախորդ առաջնություններից միայն 8-ում է ոսկե մեդալների դափնեկիրը որոշվել ավարտական տուրում, 2008թ. էլ չեմպիոնին որոշելու համար հարկ է եղել անցկացնել լրացուցիչ՝ «ոսկե» խաղ: Իսկ ահա 18 անգամ ՀՀ չեմպիոնն ի հայտ է եկել ժամկետից շուտ:

Ամենաարագ չեմպիոնությունը գրանցել է «Փյունիկը» 2004թ. առաջնությունում՝ մրցաշարի ավարտից 5 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար: Այդ տարի «Փյունիկը» Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ով 9-րդ տուրում էր ստանձնել թիմի ղեկը՝ փոխարինելով Միխայ Ստոյկիցային, 16 միավորով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած «Միկային»:

2006թ. էլ միավորների այդ ռեկորդային տարբերությունը գրանցվեց երկրի չեմպիոն «Փյունիկի» և արծաթե մրցանակակիր «Բանանցի» միջև: Հետաքրքիր է, որ 2005թ. «Փյունիկն» առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն է հռչակվել «Էսթեղլալ Կոտայքին» պարտվելուց հետո:

Այդ խաղից առաջ «Փյունիկն» ուներ 36 միավոր, 2-րդ տեղում ընթացող «Բանանցը»՝ 30: Վերջինս նախավերջին տուրում ևս պարտվեց՝ 1-4 հաշվով զիջելով 29 միավոր ունեցող «Միկային», ուստի «Փյունիկն» անհասանելի դարձավ մրցակիցների համար: Դա ՀՀ առաջնություններում առաջին դեպքն էր, որ ուժեղագույնը ճանաչված թիմը պարտվել է չեմպիոն հռչակվելու օրը:

Երկրորդ նման դեպքը տեղի ունեցավ 2014/15թթ. առաջնությունում: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ «Փյունիկը» «Բանանցի» հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ արդեն չեմպիոնի կարգավիճակով, քանի որ նախօրեին փյունիկցիների գլխավոր մրցակիցներ «Ուլիսն» ու «Շիրակը» 2-ական միավոր կորցնելով, անհասանելի էին դարձել առաջատարի համար: «Փյունիկը» նորընծա չեմպիոնի կարգավիճակով իր առաջին խաղում 1-2 հաշվով պարտություն կրեց:

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Նշենք, որ 21 անգամ թիմերն իրենց չեմպիոնությունը պաշտոնապես գրանցել են Երևանում կայացած խաղում, 2-ական անգամ չեմպիոնն օծվել է Գյումրիում և Արարատում, մեկական անգամ էլ չեմպիոնական խաղը կայացել է Արմավիրում և Աբովյանում:

Ստորև ներկայացվող աղյուսակում բերված են տվյալներ, թե տարբեր տարիներին որ քաղաքում է թիմը չեմպիոն օծվել, երբ և որ խաղում, առաջնության ավարտից քանի տուր առաջ է պաշտոնապես ուժեղագույնը հռչակվել:

Թվական Չեմպիոն Քաղաք Չեմպիոնական խաղ Հաշիվ Քանի տուր առաջ
1992 ՀՄԸՄ

«Շիրակ»

Երևան

Երևան

5.11. «Կոտայք»

5.11. «Նաիրի»

3-2

5-0

1993 «Արարատ» Երևան 9.11. «Իմպուլս» 5-0
1994 «Շիրակ» Արմավիր 21.10. «Երազանք» 4-0 2
1995/96 «Փյունիկ» Գյումրի 18.5. «Շիրակ» 1-0 1
1996/97 «Փյունիկ» Երևան 1.6. ՀՄՄ 5-0 2
1997 «Երևան» Երևան 16.11. «Փյունիկ» 1-0
1998 «Ցեմենտ» Երևան 4.11. «Փյունիկ» 3-1 1
1999 «Շիրակ» Արարատ 13.12. «Ցեմենտ» 0-0
2000 «Արաքս» Արարատ 16.11. «Դինամո» + (3-0)
2001 «Փյունիկ» Երևան 4.11. «Սպարտակ» 2-1 4
2002 «Փյունիկ» Երևան 3.11. «Լեռնագործ» 6-0 2
2003 «Փյունիկ» Երևան 8.11. «Դինամո» 5-0 3
2004 «Փյունիկ» Աբովյան 23.10. «Կոտայք» 6-1 5
2005 «Փյունիկ» Երևան 30.10. «Էսթեղլալ Կոտայք» 0-1 1
2006 «Փյունիկ» Երևան 21.10. «Կիլիկիա» 12-1 3
2007 «Փյունիկ» Երևան 7.11. «Արարատ» 4-1 1
2008 «Փյունիկ» Երևան 19.11. «Արարատ» 2-1
2009 «Փյունիկ» Գյումրի 1.11. «Շիրակ» 3-1 1
2010 «Փյունիկ» Երևան 14.11. «Կիլիկիա» 1-0
2011 «Ուլիս» Երևան 22.10. «Արարատ» 2-1 2
2012/13 «Շիրակ» Երևան 3.05. «Փյունիկ» 1-0 2
2013/14 «Բանանց» Երևան 11.05. «Փյունիկ» 1-0 1
2014/15 «Փյունիկ» Երևան 17.05. «Բանանց» 1-2 3
2015/16 «Ալաշկերտ» Երևան 22.05. «Միկա» 2-0
2016/17 «Ալաշկերտ» Երևան 28.05. «Շիրակ» 3-1 1
2017/18 «Ալաշկերտ» Երևան 12.05. «Փյունիկ» 0-0 1
2018/19 «Արարատ-Արմենիա» Երևան 30.05. «Բանանց» 1-0

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկի» գրաֆիտին՝ Երևանում. Sector 18-ի նոր ակցիան (լուսանկարներ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի