Մարտավարական ինչ քայլերի շնորհիվ «Նոան» «վերակենդանացավ» և «խլեց» գավաթն «Արարատ-Արմենիայից» - VNews
Բաժիններ

Մարտավարական ինչ քայլերի շնորհիվ «Նոան» «վերակենդանացավ» և «խլեց» գավաթն «Արարատ-Արմենիայից»

«Նոա» - «Արարատ-Արմենիա» եզրափակիչի տակտիկական մանրամասները

1․ «Նոան», ինչպես և նախորդ խաղերի դեպքում էր, խնդիրներ ուներ նաև գավաթային եզրափակիչից առաջ: Բացակայում էր հիմնական աջ պաշտպան Սոսլան Կագերմազովը, նրա փոխարեն այդ դիրքում հանդես էր գալիս նոմինալ ձախ պաշտպան Միխայիլ Կովալենկոն: Շուրջ 1 ամսվա դադարից հետո մեկնարկային կազմ էր վերադարձել առանցքային կիսապաշտպան Պավել Դեոբալդը: Իգոր Պիկուշչակն ընտրել էր 4-2-3-1 սխեման՝ գործելով 2 ընդգծված հենակետայիններով: Ձախ եզրային ենթահարձակվողի դիրքում էր խաղում հրաշալի մարզավիճակում գտնվող Վլադիմիր Ազարովը, որը Դեոբալդի բացակայության պայմաններում ելույթ էր ունեցել հենց կիսապաշտպանության կենտրոնում:

Վարդան Մինասյանը հետաքրքիր որոշում էր կայացրել՝ ընտրելով 4-4-1-1 կամ 4-4-2 սխեման՝ մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերելով թե՛ Յուսուֆ Օտուբանջոյին, թե՛ Լուիս Օգանային: «Արարատ-Արմենիան» գարնանային հատվածում հաճախ է գործում նման տարբերակով, երբ Օտուբանջոն խաղում է համեմատաբար խորքից՝ կատարելով համարյա «10 համարի» պարտականություն: Մինասյանը նոմինալ 2 հարձակվողով գործելու տարբերակին է անցնում երբեմն նաև հանդիպումների հենց ընթացքում, երբ հաշիվն է այդպես թելադրում: Այնպես որ, այս սխեման բավականին փորձարկված էր: Մարզչական շտաբին նման որոշում կայացնելու էր դրդել գուցե Յոան Գուֆրանի բացակայությունը, որի ներկայությամբ գործող չեմպիոնը սովորաբար նախընտրում է կիրառել 4-3-3 սխեման, որը հարձակման գծում ավելի բազմազան գործելու հնարավորություն է տալիս:

2․ Մրցավեճը խելահեղ ստացվեց․ հիմնական և լրացուցիչ ժամանակում՝ 5-5: Խաղը պետք է բաժանել 2 մեծ մասերի՝ առաջին խաղակես ու երկրորդ խաղակես: «Արարատ-Արմենիան» համարյա անթերի գործեց առաջին խաղակեսում և ընդմիջումից հետո ընկած առաջին 5 րոպեի ընթացքում: Ի տարբերություն այս թիմերի միջև առաջնությունում կայացած վերջին հանդիպման, չեմպիոնը հենց սկզբից փորձեց տիրել նախաձեռնությանն ու իր կամքը թելադրել։ «Արարատ-Արմենիայի» բարձր պրեսինգը շատ լավ էր աշխատում: «Նոան» շատ մեծ խնդիրներ էր ունենում պաշտպանությունից դուրս գալիս:

Ինչ վերաբերում է Մինասյանի թիմի գործողություններին դիրքային գրոհների ժամանակ, ապա այստեղ կիրառված գործիքակազմը ծառայեց իր նպատակին: «Արարատ-Արմենիան» շատ լավ գիտեր, որ «Նոան» համարյա միշտ խաղում է բարձր պրեսինգով և սիրում գնդակը խլելու փորձեր ձեռնարկել արդեն մրցակցի կիսադաշտից: Հետևաբար, ընտրվել էր նման տարբերակ․ ամեն անգամ, երբ Պիկուշչակի թիմը սկսում էր ճնշումը, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները խուսափում էին ռիսկից և բարձրից փոխանցում կատարում առաջ՝ առավելապես դեպի Օգանան: Վերջինս շատ լավ է կարողանում պահել գնդակը և հետո արդեն կա՛մ այն տեղափոխել եզրեր, կա՛մ փոխանցել հարևանությամբ կանգնած Օտուբանջոյին (վերջինս տիրում է «երկրորդ գնդակներին»): Բայց դա դեռ ամբողջ ներկապնակը չէ:

Հաճախ, օգտվելով այն հանգամանքից, որ «Նոան» բարձրից է կառուցել իր պաշտպանությունը, չեմպիոնի ֆուտբոլիստները գնդակն ուղարկում էին մրցակցի թիկունքային հատված: Բայց նմանատիպ փոխանցումներն ավելի շատ հետևում էին ոչ թե Օգանայի, այլ Օտուբանջոյի ուղղությամբ: Այսինքն, նրանք հասցրած էին լինում փոխվել դիրքերով ու շփոթության մեջ գցել մրցակցին: Գուցե դա կապված էր նաև նրա հետ, որ մրցակցի կենտրոնական պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը չի փայլում իր արագությամբ և ավելի հեշտ կլիներ նրա գոտին ճեղքելով դուրս գալ հարվածային դիրքեր: Նման փորձերը մի քանի անգամ հաջողություն բերեցին «Արարատ-Արմենիային»: Առհասարակ, Օտուբանջոյի գործոնը չեմպիոնի խաղում շատ կարևոր էր: Նա իր ակտիվում 2-ական գոլ և արդյունավետ փոխանցում գրանցեց, բայց դա դեռ լիովին չի արտացոլում նրա կատարած աշխատանքը հարձակման գծում:

«Նոայի» գործադրած ճնշումը երբեմն արդյունք տալիս էր, բայց դրա՝ ընդհանուր առմամբ չստացվելու պատճառը միայն «Արարատ-Արմենիայի» նշված քայլը չէր: Չկար կազմակերպվածության բարձր մակարդակ: Հաճախ կենտրոնում էին բացեր առաջանում, որոնցից էլ օգտվում էր չեմպիոնը: Սա, ինչպես ասում են, «Նոայից» չէր, քանի որ թիմը միշտ փայլել է խաղային այս բաղադրիչով: Խնդիրն ավելի շատ թերևս հոգեբանական էր ու գալիս էր խաղի նշանակությունից:

«Նոայի» ֆանտաստիկ քամբեքը, ամենագոլառատ եզրափակիչն ու ամենաերկարատև 11մ հարվածաշարը

3․ «Արարատ-Արմենիան» դիրքային գրոհների հետ կապված խնդիրներ ունեցել է ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Այդուհանդերձ, նկատելի է, որ թիմը միշտ փորձում է եզրերում թվային առավելություն ստեղծել ու դրա հաշվին ճեղքել պաշտպանությունը: Այս խաղում խփած առաջին գոլը նմանատիպ խաղարկման դասական օրինակ էր: Եզրերում կառուցած «եռանկյունին» գնդակը հասցեագրեց Ալֆոնսե Կասե Կոջոյին, իսկ վերջինիս հանճարեղ փոխանցումից հետո գործն ավարտին հասցրին 2 հարձակվողները: Հաջողվել էր «ձգել» մրցակցի պաշտպանությունը (աջ կենտրոնական և աջ եզրային պաշտպանները շատ էին հեռվացել միմյանցից), Օտուբանջոն էլ շատ լավ էր հասկացել, թե որ ուղղությամբ էր պետք բացվել:

Հաշիվը բացելու հանգամանքն «Արարատ-Արմենիային» թույլ տվեց խաղալ իր համար ցանկալի սցենարով: Առաջին խաղակեսում մյուս 3 գոլերը խփվեցին արագ հակագրոհների արդյունքում: Չեմպիոնը ոչ միշտ էր գնում բարձր պրեսինգի, պաշտպանությունը սկսում էր հիմնականում միջին հատվածից՝ կիրառելով նման կերպ գործելու համար ամենահարմար՝ 4-4-2 սխեման: «Նոան» չափից շատ էր սխալվում մրցակցի կիսադաշտում, իսկ գնդակի կորստից հետո հակապրեսինգի դիմել չէր հասցնում: «Արարատ-Արմենիան» հակագրոհների ժամանակ գերազանցապես օգտագործում էր գրոհային աջ եզրը, որտեղ Ֆուրջել Նարսինգն էր: Նա, ունենալով արագություն և փոխանցումների որակ, շատ լավ էր կատարում իր պարտականությունը: Մնում էր այդ փոխանցումները վերածել գոլերի, ու այդպես էլ ստացվում էր: Առաջին խաղակեսի վրա միակ «բիծը» թողեց Մաքսիմ Մայրովիչի գոլը, որն ավելի շատ Ստեֆան Չուպիչի կոպիտ սխալի հետևանքն էր․ դարպասապահը մրցակցի ճնշման ժամանակ կարող էր շատ ավելի լավ շարունակություն ընտրել:

4․ Իսկ ի՞նչ քայլերի դիմեց Պիկուշչակը խաղի ընթացքը փոխելու համար: Դեռ առաջին խաղակեսի ընթացքում Ազարովն ու Դեոբալդը փոխվեցին դիրքերով, Վլադիմիրը տեղափոխվեց կենտրոն, որտեղից շատ ավելի լավ է կառավարում իր թիմի գործողությունները, աչքի ընկնում գրոհների կազմակերպմամբ: Դեոբալդին դեռ ժամանակ է պետք մարզավիճակ հավաքելու համար: Ընդմիջումից անմիջապես հետո փոխարինման մտավ շատ լավ մարզավիճակ ձեռք բերած Կիրիլ Բորը, նա փոխարինեց հենակետային Մանգային: Այդպիսով, սկսեց կիրառվել «Նոային» շատ ավելի հարազատ 4-3-3 սխեման (1 հենակետային՝ 2-ի փոխարեն): Պրեսինգը դարձավ ավելի ճնշող, միաժամանակ ուշագրավ էր այն, որ «Նոան» շեշտը դրել էր հիմնականում ձախ եզրով (մրցակցի աջ եզրով) գրոհելու վրա: Թիմն իր դիրքային գրոհների ժամանակ «կուտակումներ» էր առաջացնում առավելապես հենց այդ եզրում:

«Նոան» իր հանդիպումների մեծամասնությունում մեծ ուշադրություն է դարձնում կիսաեզրերին, այսինքն՝ դիրքային գրոհների ժամանակ որևէ եզրում ֆուտբոլիստներից մեկն ապահովում է գրոհի լայնությունը, մյուսը՝ փորձում տեղ զբաղեցնել եզրային և կենտրոնական պաշտպանների մեջտեղում ընկած հատվածում կամ դրանից փոքր-ինչ ներքև (դժվար կառավարելի իրավիճակ մրցակցի համար): Առաջին խաղակեսում եզրերում չէր հաջողվում թվային առավելություն ստեղծել, և դա էլ շտկվեց ընդմիջումից հետո: Բորը եզրում մի փոքր հետ էր տեղակայվում՝ ստիպելով, որ աջ պաշտպան Արթուր Դանիելյանը գա իր հետևից: Նա դրանով տարածություն էր բացում կիսաեզրով առաջ ընթացող թիմակցի համար:

Ստանալով ցանկալի ազատությունը՝ հիմնականում հենց Ազարովն էր տեղ զբաղեցնում ձախ կիսաեզրում ու համագործակցում Բորի, նաև խորքից միացող ձախ պաշտպանի հետ: Հետագայում նման միացումներով աչքի ընկան նաև Դեոբալդն ու փոխարինման մտած Սերգեյ Դմիտրիևը: «Նոան» գնդակը խաղարկում էր և գրոհները զարգացնում զգալիորեն ավելի արագ, ու դա հանգեցնում էր մրցակցի բազմաթիվ սխալների:

Մինասյանն այդ հատվածում փոխարինեց ձախ պաշտպան Ռուժդի Աչենտեին: Այո՛, երկրորդ խաղակեսի առաջին 2 գոլերը խփվեցին հենց նրա եզրից (առաջին դեպքում՝ 11-մետրանոց էր նշանակվել ձախում խախտման հետևանքով), բայց գրոհները զարգացում էին ստացել հակառակ եզրում: Ինչպես ցույց տվեց մրցավեճի նաև հետագա ընթացքը, չեմպիոնի խնդիրները ծագում էին հենց աջ եզրում: Հետևաբար, ավելի կանխատեսելի էր, որ կփոխարինվեր Դանիելյանը (նման դեպքեր եղել են նախորդ խաղերում, երբ ասպարեզ է դուրս եկել Ալբերտ Խաչումյանը): Եթե Աչենտեն չուներ վնասվածք կամ այլ խնդիր, ապա այդ որոշումը փոքր-ինչ անհասկանալի է: Հավանաբար փոխարինման մտած հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանը պետք է օգներ Դանիելյանին, սակայն այդ քայլն էլ, ընդհանուր առմամբ, չտվեց սպասված պտուղները:

5․ Շատ կարևոր հանգամանք էր այն, թե որքան ագրեսիվ դարձավ «Նոայի» խաղը հակապրեսինգի դիմելու ժամանակ: Այդպես «Արարատ-Արմենիան» չէր կարողանում ձեռնարկել այն հակագրոհները, որ տեսնում էինք առաջին կեսում: Շատ ցցուն օրինակ է «Նոայի» առաջին գոլը, երբ Ազարովը հաջողության հասավ 11-մետրանոց հարվածով: Լինում է գնդակի կորուստ, Օտուբանջոն կարծես վերահսկում է իրավիճակը, ձախից ունի փոխանցում կատարելու տարբերակ, սակայն «Նոայի» միանգամից 2 ֆուտբոլիստներ դիմում են հակապրեսինգի ու իրենց թիմին շանս տալիս ձեռնարկելու հակագրոհ: Հաշիվը դարձավ 2-4, և ամեն ինչ կտրուկ փոխվեց:

Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր

6․ Ի տարբերություն «Արարատ-Արմենիայի»՝ «Նոայի» փոփոխությունները մեկը մյուսից արդյունավետ էին: Պիկուշչակի թիմի՝ ընդմիջումից հետո (լրացուցիչ ժամանակն էլ ներառյալ) բոլոր 4 գոլերը խփվել են ձախ եզրով զարգացած գրոհների արդյունքում (նույնիսկ վաստակած 11-մետրանոցներով ավարտված գրոհները), որտեղ գործում էր Բորը: Այդ եզրում ավելի մեծ ճնշում գործադրելու համար խաղադաշտ մտավ ձախ պաշտպան Էդգար Գրիգորյանը, որը նույնպես լավ հանդիպում անցկացրեց: Յուրի Գարեգինյանն էլ ամրապնդեց հենակետային գոտին: «Արարատ-Արմենիայի» խաղի անկման պատճառը կարծես ոչ միայն հոգեբանական, այլև ֆունկցիոնալ վիճակն էր: Թիմն ամբողջ երկրորդ խաղակեսում ընդամենը 1-2 կիսապահ ստեղծեց:

Պետք է առանձնացնել նաև «Նոայի» չորրորդ գոլը, որը խփվեց արագ հակագրոհի արդյունքում: Թիմը մրցակցի անկյունայինից հետո արագորեն անցավ պաշտպանությունից հարձակման ու հասավ հաջողության: «Արարատ-Արմենիան» թիկունքում թողել էր 3 ֆուտբոլիստների, բնական է, հենց նման իրավիճակի համար, որպեսզի «Նոան» չկարողանար հակագրոհով վտանգ ստեղծել: Սակայն գրոհի վերջնամասում այնպես եղավ, որ ստեղծվեց 5-ն ընդդեմ 4-ի իրավիճակ՝ հօգուտ «Նոայի»: Այդ քանակական առավելությունը խորքից միացումով ապահովված Դանու Սպատարուն էլ դարձավ գոլի հեղինակ: Ի դեպ, կադրում էլ երևում է, որ Օտուբանջոն մեծ ցանկության դեպքում կկարողանար գոնե մինչև վերջ փորձել հասնել Սպատարուի հետևից ու փակել նրան:

Այս առումով արժանահիշատակ է նաև վերջին վայրկյաններին Կոջոյի՝ կարմիր քարտ ստանալու դրվագը: Դրանից վայրկյաններ առաջ հակագրոհում էր հենց չեմպիոնը, սակայն «Նոայի» ֆուտբոլիստներն այնպես ագրեսիվորեն խլեցին գնդակը Մալաքյանից, որ հաջողվեց արդեն սեփական ուժերով գրոհ սկսել: Ճիշտ է, հետագայում արդեն եղավ մրցավարական վիճելի դրվագ, երբ Ռոկաս Կրուշնաուսկասը տապալեց Սերգեյ Վակուլենկոյին, բայց, միևնույնն է, գովելի է այն, թե ինչքան թարմ ու արդյունավետ էին գործում «Նոայի»՝ փոխարինման մտած խաղացողները: Ճիշտ հակառակը պետք է ասել մրցակցի մասին, որն ունի ավելի երկար և որակյալ պահեստայինների նստարան:

7․ «Նոան», լրացուցիչ ժամանակում ունենալով թվային առավելություն, ավելի շատ պահեր ստեղծեց, թիմերը փոխանակվեցին 1-ական գոլերով, իսկ 11-մետրանոց «վիճակախաղում» ավելի բախտավոր էր Պիկուշչակի գլխավորած թիմը: Սա միանշանակ արժանի հաղթանակ էր: «Արարատ-Արմենիան» առաջին խաղակեսում ձեռք բերածը պարզապես իրավունք չուներ «հանձնելու» մրցակցին: Իհարկե, դա ոչ միայն չեմպիոնի ձախողումն էր, այլև «Նոայի» արժանիքը, որը գրագետ փոփոխությունների ու այլ քայլերի շնորհիվ կտրուկ շրջեց հանդիպման ընթացքը:

Իգոր Պիկուշչակին ընդամենը մեկ տարում հաջողվել է կուռ կոլեկտիվ ստեղծել: Անկախ նրանից՝ թիմը կդառնա՞ նաև Հայաստանի չեմպիոն, թե՞ ոչ, մրցաշրջանն արդեն իսկ հաջողված է «Նոայի» համար: Շատ կարևոր է, որ թիմը տեղում չի մնում և քայլ առ քայլ խաղային աճ է գրանցում: Միայն կարճաժամկետ լավ արդյունքներ ունենալով, բայց խաղային որակ ձեռք չբերելով հեռուն գնալ հնարավոր չէ: Դա այս թիմին կարծես չի սպառնում, որովհետև մրցաշրջանի ընթացքում տեսել ենք կայուն աճ, ֆուտբոլիստների շատ լավ համագործակցություն, որն ուղեկցվում է նաև անհատական բարձր վարպետության ցուցադրմամբ:

Վադիմ Բորեց․ «Ոչ մի գրող չէր կարողանա նման սցենար գրել․ երկրպագուներն այս եզրափակիչը երկար կհիշեն» (տեսանյութ)

«Նոան» 5 անընդմեջ հաղթանակով էր մոտեցել եզրափակիչին: Հաշվի առնելով խիտ խաղացանկը, մյուս թիմերի ներուժը և այլ հանգամանքներ՝ այդ ընթացքում ոչ միշտ է հաջողվել լավագույն խաղը ցուցադրել, բայց «Նոայի» լավ կողմերից մեկը նաև այն է, որ այս թիմը կարողանում է, անկախ հանգամանքներից, համարյա միշտ հասնել իր ուզած արդյունքին: Դրան չխանգարեց նաև այն, որ «Նոան» համարյա միշտ ունենում է 1-2 կարևորագույն ֆուտբոլիստի բացակայություն: Ի դեպ, Մայրովիչը 11-մետրանոց վաստակելուց հետո փոխարինվեց: Փաստորեն, թիմն առանց իր լավագույն ռմբարկուի էլ «քամբեք» իրականացրեց: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այստեղ կարևոր է ոչ թե անհատների գործոնը, այլ թիմային խաղը:

Ուրախալի է նաև, որ այս մրցակցության մեջ աճ են գրանցում տեղի ֆուտբոլիստները: Յուրի Գարեգինյանը մրցաշրջանի ընթացքում կայուն խաղաժամանակ է ստացել, իսկ Էդգար Գրիգորյանը՝ երիտասարդական հավաքականի ձախ պաշտպանը, վերջին շրջանում մեծ վստահության է արժանանում Պիկուշչակի կողմից: Ի դեպ, երկուսն էլ դիպուկ գտնվեցին 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ:

Իսկ չեմպիոնի խնդիրները մնում են նույնը: Մինասյանն անընդհատ փնտրտուքների մեջ է, բայց դրանք առայժմ կայուն արդյունք չեն ապահովում: Խոսքը ոչ միայն այս մրցավեճի, այլև վերջին ամսվա, նույնիսկ՝ ամբողջ մրցաշրջանի մասին է: Ընդ որում, կան ինչպես հոգեբանական, այնպես էլ խաղային խնդիրներ: Թվում էր՝ մրցաշրջանի աշնանային հատվածից հետո ամեն ինչ կհարթվի, թիմը մոռացած կլինի եվրոպական մրցաշարերում տեղի ունեցածը և վերջապես իրեն արժանի ֆուտբոլ կցուցադրի: Գուցե համավարակի «մուտքը» թույլ չտվեց, որ այդպես տեղի ունենա:

Անկայուն առաջին հատված անցկացրած Պետրոս Ավետիսյանի հեռանալը, Մարկոսի գալն ու գնալը, Գուֆրանի՝ առ այսօր իր լավագույն խաղը չցուցադրելը մարզչական շտաբին ստիպում են կենտրոնում անընդհատ վերադասավորումներ կատարել, օրինակ՝ փոխել Օտուբանջոյի խաղային դիրքը: Ամեն դեպքում, եթե նույնիսկ «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվի, բազմաթիվ հարցեր բաց կմնան: Կազմը նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի լավն է, բայց թիմը խաղային տեսանկյունից արդյոք աճ գրանցել է, էլ չենք խոսում այդ առումով նոր մակարդակ դուրս գալու մասին: Սա խնդիր է, որը միանշանակ կքննարկվի մրցաշրջանի ավարտից հետո, բայց մինչ այդ թիմը պիտի փորձի գոնե չեմպիոնությունը բաց չթողնել ձեռքից: Ուշագրավն այն է, որ «Արարատ-Արմենիան» «չեմպիոնական» խաղում ևս մրցելու է «Նոայի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Նոայի» ֆուտբոլիստ

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայում

Պաշտոնական. Սամվել Հունանյանը՝ «Նոայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Սխալմունք․ Վարդան Մինասյանի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին հարցազրույցը՝ Արմեն Մինասյանի լուսանկարով

Հայաստանի Սուպերգավաթի հանդիպման օրը որոշվել է

Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին La Gazzetta Dello Sport-ի հետ զրույցում

Ակումբի վերանվանումը նշանավորեցին շահած առաջին մրցանակներով ու թիմային ռեկորդներով

Պաշտոնական. Սարգիս Շահինյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

Հայաստանի Մ-19 հավաքականը հավաք ու ընկերական հանդիպում կանցկացնի

«Արարատ-Արմենիա» է տեղափոխվել բրազիլացի պաշտպան