Մինասյանի հեռանալն անխուսափելի էր․ Ինչու էր Հայաստանի չեմպիոնին նոր մարզիչ անհրաժեշտ - VNews
Բաժիններ

Մինասյանի հեռանալն անխուսափելի էր․ Ինչու էր Հայաստանի չեմպիոնին նոր մարզիչ անհրաժեշտ

Օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ Վարդան Մինասյանը չի շարունակելու աշխատանքն «Արարատ-Արմենիայում»: Թիմը նրա օրոք 2 անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն, դարձավ սուպերգավաթակիր և հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հասավ եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Մինասյանի հեռանալու փաստն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց իրականում կան մի քանի ծանրակշիռ պատճառներ, թե ինչու է այս ամենը լավ թե՛ թիմի, թե՛ անձամբ մասնագետի համար:

Նախ դրականի մասին: Մինասյանը նորաստեղծ ակումբին շատ օգնեց ոչ միայն տիտղոսների, այլև ակումբի ճանաչելիության ու ֆուտբոլային հանրության կողմից ընդունման առումով: Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Արարատ-Արմենիան» նախքան հայ մասնագետի նշանակումը: Մեծ ձգտումներով թիմ, որն ուներ քիչ թե շատ լավ մակարդակի կազմ, բայց գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի օրոք խաղի որակն ու արդյունքները շատ ցածր էին: Բացի այդ, դեռ կային խժդժություններ այն առումով, թե ինչու է այս ակումբը վերցրել «Արարատ»՝ հայկական ֆուտբոլի համար լեգենդար անվանումն ու օգտագործում: Մինասյանը լավագույն ձևով չհեռացավ Հայաստանի ազգային հավաքականից, սակայն «Արարատ-Արմենիան» գլխավորելը հիանալի որոշում էր:

Հայկական ֆուտբոլում բոլորը գիտեին Մինասյանին, նրան ներկայացնելու կարիք չկար, և այդ ամենն ինչ-որ տեղ վստահություն առաջացրեց բոլորի շրջանում, որ «Արարատ-Արմենիա» կոչվող նախագիծն իսկապես հավակնոտ է: Ու արդյունքներն իրենց սպասել չտվեցին: Թիմն առաջին իսկ փորձից դարձավ Հայաստանի չեմպիոն, ճիշտ է, շատ մեծ դժվարությամբ: Մինասյանն առավելագույնը քաղեց ձեռքի տակ ունեցած կազմից: Մարտավարական առումով այն շատ բազմազան թիմ չէր, թիմը չէր առանձնանում կոմբինացիոն ֆուտբոլով, բայց գործում էր էֆեկտիվ, օգտվում մրցակիցների թույլ տեղերից և շատ լավ օգտագործում հակագրոհները: 15 գոլ խփեց Անտոն Կոբյալկոն: Շատ կարևոր էր ձմեռային գերազանց սելեկցիան, որի արդյունքում թիմում հայտնվեցին Մաիլսոն Լիման, Ալֆոնսե Կասե Կոջոն, Պետրոս Ավետիսյանը, Ալեքս Ջունիորը և Լուիս Օգանան:

Ի՞նչ պատահեց չեմպիոնի հետ 2019/20 մրցաշրջանում

Թեժ եվրագավաթային ամառը բոլորն են հիշում: Դրանից հետո «Արարատ-Արմենիան» վերջնականապես հաստատեց իր դիրքերը մեր ֆուտբոլում, նաև նոր՝ բարձր նշաձող սահմանեց մյուս թիմերի համար: Սակայն «Դյուդելանժի» հետ պատասխան խաղի թողած հիասթափությունը դեռ մի քանի ամիս չլքեց «Արարատ-Արմենիայի» թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ մարզիչներին: «Առաջին հատվածի հատկապես վերջին խաղերում հոգեբանական հոգնածություն է նկատվում: Մենք ամռանը համարյա չենք հանգստացել ու բոլոր թիմերի շրջանում ամենաշատ խաղերն ենք անցկացրել: Եվրոպա լիգայից հետո մեզ համար դժվար էր վերադառնալ Հայաստանի առաջնություն: Դա էլ բերեց խաղային անկման»,- նշեց Մինասյանը: Թիմն աշնանային հատվածն ավարտեց 2-րդ հորիզոնականում, ցուցադրած խաղն էլ չէր գոհացնում: Դրա հետ կապված կան նաև տակտիկական պատճառներ:

Նախ, մրցակիցներն «Արարատ-Արմենիային» նոր մրցաշրջանում սկսեցին այլ կերպ վերաբերվել: Ունենալով Հայաստանում օբյեկտիվորեն ամենաուժեղ կազմը (կոնկրետ մեկնարկային կազմի առումով գուցե մի փոքր վիճելի է) ու ամենաերկար պահեստայինների նստարանը (այ սա արդեն անհերքելի է)՝ այս թիմը որոշակի վախ էր ներշնչել բոլորին, շատերը սկսեցին փակ ֆուտբոլ խաղալ նրա դեմ՝ հիմնվելով միայն հակագրոհների վրա: Դա լուրջ խնդիր դարձավ Մինասյանի թիմի համար: Այդ առումով արժանահիշատակ են «Շիրակի» (0-1) և «Գանձասար-Կապանի» (1-2) հետ պարտված խաղերը, որոնցում մրցակիցները կոմպակտ պաշտպանության և լավ հակագրոհելու շնորհիվ հաղթեցին Հայաստանի գործող չեմպիոնին: Թիմի երևի թե միակ ստեղծարար ուժը Պետրոս Ավետիսյանն էր, որին էլ մրցակիցները շատ լավ էին հսկում ու վնասազերծում: Այդ խնդիրների մասին խոսել է նաև Մինասյանը.

Եվրագավաթների ժամանակ մեր մրցակիցները չէին փակվում՝ և՛ հարձակվում էին, և՛ պաշտպանվում: Իսկ առաջնությունում մեր մրցակիցներն անցյալ մրցաշրջանի համեմատ ավելի շատ փակ ֆուտբոլ են խաղում, բացի «Փյունիկից»

Վարդան Մինասյանը՝ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչ

Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին ձմռանը, հրավիրվեց հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որը թիմին պետք է մեծապես օգներ դիրքային գրոհներ զարգացնելու առումով: Ավետիսյանի հեռանալուց հետո եկավ Մարկոս Պիզելին, սակայն կարճ ժամանակ անց, ցավոք, ավարտեց կարիերան: Կատարվեց նոր՝ աստղային տրանսֆեր՝ Յոան Գուֆրանին հրավիրելու տեսքով: Չեմպիոնը դադարից հետո վատ տեսք չուներ, առաջընթաց նկատվում էր, սակայն վրա հասավ համավարակով պայմանավորված դադարը: Դրանից հետո «Արարատ-Արմենիան» շոշափելի առավելություն ուներ աղյուսակում, սակայն մի քանի անհաջող խաղերից հետո դժվարեցրեց իր խնդիրը: Մի պահ եղավ, երբ չէր հաղթում 4 մրցավեճ անընդմեջ: Խաղային որակի առումով քիչ թե շատ առանձնացան ընդամենը մի քանի խաղեր: Այնուամենայնիվ, այդքանն էլ բավական էր չեմպիոն հռչակվելու համար:

Մինասյանի խնդիրները և լուծումները

Եվ այսպես, Մինասյանը գարնանային հատվածի սկզբում սկսեց օգտագործել 4-3-3 սխեման, որն ավելի հարմար է դիրքային ֆուտբոլի համար: Ավելի շատ խաղաժամանակ էր ստանում ստեղծարար կենտրոնական կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որը դրվագներով լավ տպավորություն թողեց: Օտուբանջոյի օգտակարությունը շատ մեծ էր: Ի տարբերություն թիմի մյուս հարձակվողներ Կոբյալկոյի ու Օգանայի, նա կարողանում էր գրոհների ժամանակ նահանջել ընդհուպ մինչև կենտրոն, գնդակ ստանալ, փոխել գրոհային ուղղություններ և այլն: Սակայն Գուֆրանի՝ մինչև մրցաշրջանի ավարտ այդպես էլ մարզավիճակ չհավաքելը լուրջ խնդիր դարձավ «Արարատ-Արմենիայի» համար: Առանցքային ֆուտբոլիստ՝ հենակետային Կոջոն էլ երկրորդ հատվածում մարզավիճակի անկում ունեցավ: Քանի որ կենտրոնում նման խնդիր կար, չեմպիոնն իր գրոհների ժամանակ շատ էր օգտագործում եզրերը: Վերջապես մեկնարկային կազմում հաստատվեց ձախ պաշտպան Ալեքսը, որը Մաիլսոն Լիմայի հետ միասին մեծ խնդիրներ էր առաջադրում մրցակիցներին ձախ եզրում և կիսաեզրում:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն առաջնությունում՝ 10 փաստով

Մինասյանը սկսեց մանևրել: Առաջնության ընթացքում շատ հաճախ է եղել, որ նա, երբ հաշիվը ձեռնտու չի եղել, անցել է 2 կենտրոնական հարձակվողով խաղի՝ դաշտ դուրս բերելով հիմնականում Օգանային: Սակայն մրցաշրջանի վերջնամասում նա հիմնավորապես օգտագործում էր հենց 4-4-2 կամ 4-4-1-1 սխեման ու դաշտ դուրս բերում միաժամանակ թե՛ Օտուբանջոյին (ավելի խորքից), թե՛ Օգանային (հիմնականում կրակագծում), որոնք հաճախ փոխվում էին դիրքերով:

Գարնանային հատվածում մեծապես բարելավեց թիմի խաղը նաև բարձր պրեսինգի և հակապրեսինգի պարագայում, մինչդեռ նախքան դա «Արարատ-Արմենիան» շատ լավ էր կազմակերպում հիմնականում միայն դիրքային պաշտպանությունը (տեսել ենք առավելապես եվրագավաթային մի քանի խաղերում): Դա շատ կարևոր էր: Հաջողվում էր հենց մրցակցի կիսադաշտում գնդակ խլել մրցակցից կամ ստիպել սխալվել: Դա՝ թիմային պաշտպանության առումով, իսկ կոնկրետ պաշտպանական գիծը տատանումներով խաղաց: Ձմռանը Սերգեյ Վակուլենկոյի գալը մեծապես նպաստեց ավելի հուսալի գործելուն: Թեպետ աջ եզրում բացեր մնացին, ինչից հաճախ փորձում էին օգտվել մրցակիցները՝ առավելապես գրոհելով այդ եզրով: Նոմինալ կենտրոնական պաշտպաններ Ալբերտ Խաչումյանն ու Արթուր Դանիելյանը վատ չդրսևորեցին իրենց այդ դիրքում, բայց այնպես էլ չէ, որ փակեցին բոլոր հարցերը:

Չեմպիոնն առաջնությունում ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է (23)

Հեռանալու պահը հասունացել էր

Փաստորեն, արդյունքը լավն է, սակայն թիմի ելույթը՝ ոչ միանշանակ: Օբյեկտիվ պատճառներին անդրադարձանք, սակայն տպավորություն կա, որ Մինասյանի հեռանալն անխուսափելի էր լինելու ցանկացած պարագայում: Նա կարծես թիմին արդեն տվել է այն ամենը, ինչ կարող էր: Պահանջները մեծացել են: «Արարատ-Արմենիային» այսուհետև միայն տիտղոսները չեն բավարարելու: Կազմը դեռ միանշանակ կուժեղացվի, բայց հայկական ակումբային ֆուտբոլում դոմինանտ թիմ լինելու համար նաև դոմինանտ խաղ է պետք, իսկ որակյալ դիրքային ֆուտբոլ հայ մասնագետն առաջարկել այդպես էլ չկարողացավ:

Ի դեպ, այդպիսի պատկեր էր նրա նաև հավաքականում աշխատանքի ժամանակ: Մեկ՝ ասելիքը լրացնող օրինակ՝ «Յուվենտուսն» 8 տարի անընդմեջ Իտալիայի չեմպիոն էր դարձել և Մասիմիլիանո Ալեգրիի փոխարեն հրավիրեց Մաուրիցիո Սարիին: Թիմը շատ է ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց մի՞թե Սարին այդ առումով ավելի պատշաճ մասնագետ է, քան Ալեգրին: Իհարկե, ոչ: Ալեգրիի հետ հաղթելու շանսերն ավելի մեծ կլինեին: Բայց «Յուվենտուսը» ցանկանում էր կոնկրետ Ա սերիայում ոչ միայն հաղթել, այլև հաղթել լավ, դիտարժան ու գրավիչ խաղով: Միայն չեմպիոնությունն արդեն բավական չէր: Իսկ նման խաղաոճ ներդնել Ալեգրին չէր կարող, կարող էր Սարին (թեև դա նրան դեռ չի հաջողվում): Վերադառնալով հայկական թեմային՝ եվրագավաթների համար Մինասյանը գուցեև իդեալական մասնագետ է, բայց ներքին առաջնությունը, որտեղ խաղում ես ամեն շաբաթ ու ոչ թե որպես հետնապահ, այլ գործող չեմպիոն, լրիվ այլ մոտեցում է պահանջում:

«Արարատ-Արմենիան» չեմպիոնի տիտղոսը պահպանած 3-րդ թիմն է, «Նոան»՝ մրցանակակիր դարձած 15-րդ ակումբը

«Արարատ-Արմենիան» առաջնության հանդիպումներում հաճախ էր դրսևորում պարզունակ մոտեցումներ: Շատ դեպքերում հարմարվում մրցակիցների մարտավարությանը, այլ ոչ թե փորձում անձամբ կամք թելադրել, լինել նախաձեռնողի դերում: Մրցակիցների՝ բարձր պրեսինգի դիմելու ժամանակ հաճախ էր կիրառում երկար փոխանցումներ՝ որպես գրոհները սկսելու տարբերակ, մինչդեռ զարգացումը կենթադրեր, որ թիմը պետք է փորձեր մշակել այլ՝ տակտիկապես ավելի բարդ տարբերակներ: Թիմը միջինում ամեն խաղում միայն 51% տոկոս է տիրել գնդակին: Մարզիչները հենց որակյալ դիրքային գրոհներ կառուցելու համար սովորաբար նախընտրում են, որ ձախ կենտրոնական պաշտպանը լինի ձախլիկ ու տիրապետի լավ առաջին փոխանցման: «Արարատ-Արմենիայում» այդ խաղացողն Ալեքսանդր Դամչևսկին էր, բայց նա մասնակցեց ընդամենը 10 խաղի, մինչդեռ, երբ խաղադաշտում էր, շատ լավ էր սկսում դիրքային գրոհները: Չի կարելի ասել, թե հարձակում կազմակերպելու առումով գաղափարներ ընդհանրապես չկային կամ թիմը շատ վատ ֆուտբոլ էր խաղում, բնավ ոչ: Սակայն դա այն չէր, ինչ կարելի էր սպասել «Արարատ-Արմենիայից»:

Խաղային միտումներ, որոնք տվեցին արդյունք, բայց թիմին դուրս չբերեցին նոր մակարդակ

Թիմը միշտ նպատակ էր հետապնդում հնարավորինս արագ բացել հաշիվը և սկսել խաղալ ըստ հաշվի: Երբ չէր ստացվում առաջինը հասնել հաջողության ու հարկ էր լինում խաղալ կոմպակտ պաշտպանության դեմ, առաջանում էին խնդիրներ: «Արարատ-Արմենիան» առաջնության հանդիպումներից 14-ում առաջինն է գոլ խփել և վերջնական արդյունքում հաղթել 12 դեպքում, կրել միայն 2 պարտություն: Իսկ 10 մրցավեճում, երբ հայտնվել է պարտվողի դերում, միայն 3-ում է հաջողվել հաղթել (3 ոչ-ոքի, 4 պարտություն): Երբ թիմը հաղթելիս է լինում, հիմնականում նախընտրում է մի փոքր հետ քաշվել և ավելի շատ խաղալ հակագրոհներով: «Արարատ-Արմենիան» արագ գրոհների ժամանակ իրեն շատ լավ է զգում, կարողանում է օգտագործել նաև Ֆուրջել Նարսինգի կամ Զաքարիա Սանոգոյի արագությունը, բայց այդ մարտավարությունը շատ զգուշավոր է ու ռիսկային: Ամենավառ օրինակը «Լոռիի» հետ վանաձորյան խաղն էր, երբ, հատկապես 10 հոգով մնալուց հետո անցնելով խոր պաշտպանության, 2 գոլ բաց թողեց ու պարտվեց, ինչից հետո սրվեց չեմպիոնական պայքարը:

Գնդակը երկար վերահսկելը ոչ մի թիմի համար գերնպատակ չէ, երկար վերահսկելը դեռ ոչինչ չի երաշխավորում, բայց տոկոսային հարաբերակցությունն ինչ-որ պատկեր ցույց տալիս է, թե տվյալ գործոնն ինչքանով է կարևոր կոնկրետ մարզչի համար: «Արարատ-Արմենիան» վերջին 10 պաշտոնական մրցավեճից միայն 3-ում է ունեցել տարածքային առավելություն, ընդ որում, 2-ը՝ վեցյակի մրցաշարի հետնապահ «Արարատի» դեմ խաղերում: Միաժամանակ այդ հանդիպումների մեծամասնությունում գերազանցել է մրցակիցներին գոլային պահերի քանակով: Այո՛, չեմպիոնը կանոնավոր կերպով միշտ պահեր ստեղծել է խաղերի ընթացքում, դա շատ կարևոր է: Սակայն այստեղ մեծ է ֆուտբոլիստների անհատական բարձր վարպետության գործոնը, այդ պահերը շատ դեպքերում ոչ թե թիմային աշխատանքի, այլ հենց կոնկրետ խաղացողների գործողություններից էին բխում: Բայց միայն լավ հակագրոհելով հեռուն չես գնա։ Հաջորդ մրցաշրջանում ավելի բարդ է լինելու, քանի որ մրցակիցների խաղամակարդակը բարձրացել է:

Առաջնության վերջնամասում կար նաև հոգեբանական գործոն: Մինասյանը հունիսի 24-ին հայտարարեց․ «Մի քիչ հոգեբանական խնդիրներ ունենք: Մոտիվացիայի խնդիր չկա, ինչ-որ տեղ լարվածություն կա: Մեզ մի քիչ ավելի շատ հանգստություն է պետք»: Իսկ չեմպիոնական խաղից հետո ասաց․ «Մեր հոգեբանական վիճակը մեզ թույլ չէր տալիս խաղալ այնպես, ինչպես կարող ենք: Ես ֆուտբոլիստներին էլ եմ ասել՝ երբ դուք մոտիվացիայով եք խաղում, խնդիրներ քիչ եք ունենում»: Փաստորեն, խնդիրը, ամեն դեպքում, շարժառիթն էր: Ներկայումս կա նաև կազմի որոշակի փոփոխությունների կարիք (արդեն հեռացել են Աչենտեն, Գուզը և Կոբյալկոն), որպեսզի նոր մրցաշրջանում հատկապես Բարձրագույն խմբի առաջնությունում շարժառիթի խնդիրներ չառաջանան: Եվ այսպես՝ չեմպիոնություն նվաճելով ու բարձր նոտայով հեռանալը ձեռնտու էր նաև Մինասյանին: Նա թիմը լքեց զգացումով, որ նրան տվել է առավելագույնը:

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Նոր գաղափարներ են պետք

Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ստանձնել է Հայաստանի հին ու նոր չեմպիոնի ղեկը: Իսպանացի մասնագետը 2 անգամ է առերեսվել «Արարատ-Արմենիային» և 1 անգամ հաղթել, գրանցել 1 ոչ-ոքի: Նա թիմում աշխատանքի առաջին կես տարում շեշտը դրեց պաշտպանությունում խաղի կայունացման վրա, չփորձեց անմիջապես ռիսկային ֆուտբոլ խաղալ, դա տվեց իր արդյունքը, «Լոռին» նույնիսկ ձմեռային չեմպիոն դարձավ: Վանաձորյան թիմը շատ լավ էր թիմային պաշտպանություն իրականացնում (հիմնականում գործում էր 3 կենտրոնական պաշտպանով), կազմակերպված պրեսինգ կատարում, արդյունավետ կերպով օգտվում նաև ստանդարտներից: Գարնանը, երբ կատարվում էր թիմի զարգացման հաջորդ քայլը՝ ներդրվում էր արդեն դիրքային ֆուտբոլ, Կամպանյան չշարունակեց աշխատանքը «Լոռիում»: Հաշվի առնելով այն, ինչ տեսել ենք նրա կատարմամբ, այդ մասնագետը միանշանակ կարող է նոր մտքեր ու տեսք հաղորդել «Արարատ-Արմենիային»: Եթե Մինասյանը կարողանում է գալ և բավականին արագ արդյունք տալ, որովհետև նրա դավանած խաղաոճը շատ բարդ չէ ու ֆուտբոլիստներին շատ ծանրաբեռնելու կարիք չի լինում, ապա, հրավիրելով Կամպանյային, նրան հարկ կլինի ժամանակ տալ, որպեսզի բոլորն ըմբռնեն նրա մտքերը: Իսպանացին միայն 1-2 տարում կարող է հասնել այն կետին, որում թիմը երկրում լավագույնը կլինի ոչ միայն արդյունքով, այլև խաղի որակով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը՝ «Օմոնիային» հաղթահարելու դեպքում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

«Արարատ-Արմենիան» 3 հավանական մրցակից ունի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Պաշտոնական․ Միհրան Մանասյանն ու Դավիթ Նալբանդյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Հենրի Ավագյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Պաշտոնական․ «Վանը» նոր հարձակվող ունի

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է իսպանացի պաշտպան