Նա թողել էր ֆուտբոլը և անցել ծառայության, իսկ հետո դարձավ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը․ Արտակ Գրիգորյանի պատմությունը - VNews
Բաժիններ

Նա թողել էր ֆուտբոլը և անցել ծառայության, իսկ հետո դարձավ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը․ Արտակ Գրիգորյանի պատմությունը

Հայաստանում եղել են, կան և կլինեն շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք հրաշալի տվյալներ ու վարպետություն ունեն: Բայց ֆուտբոլն այնպիսին է, որ այդ որակները հաճախ բավական չեն լինում թեկուզ փոքր հաջողության հասնելու համար: Կան առավել կարևոր հատկանիշներ, որոնք ֆուտբոլիստներին մղում են հաղթահարելու բոլոր դժվարությունները, կռվելու խաղադաշտում և ամեն օր պայքարելու իրենց տեղը վաստակելու համար: Մեր այսօրվա հերոսը դասվում է նրանց շարքին, ովքեր ծանոթ չեն «հանձնվել» բառին: Նա, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, հայկական ֆուտբոլում հասավ բարձր նվաճումների ու կարող է օրինակ ծառայել երիտասարդների համար:

Հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը 6 տարեկանից է զբաղվել ֆուտբոլով: Հայրը և հորեղբայրը մեծ նշանակություն են ունեցել նրա՝ այս մարզաձևն ընտրելու հարցում: Սկսեց հաճախել հարազատ քաղաքի՝ Աբովյանի ֆուտբոլային դպրոց: Սակայն համանուն «Աբովյան» թիմը երկար կյանք չունեցավ: Մասնակցեց միայն 2005թ․ Առաջին խմբի առաջնությանը և 12 թիմի պայքարում զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Խայտառակ էր թիմի ելույթը գավաթի խաղարկությունում: «Աբովյանը» 1/8 եզրափակիչ փուլում 2 հանդիպումների հանրագումարում 0-24 հաշվով պարտվեց «Բանանցին»: Ակումբը մրցաշրջանի ավարտից հետո դադարեցրեց իր գոյությունը:

Արտակը կարևոր ֆուտբոլիստ էր թիմում, և նրա միակ նպատակը մեծ ֆուտբոլ խաղալն էր: Սակայն ակումբի փակումը լուրջ խոչընդոտներ ստեղծեց պատանի խաղացողի համար: Նա դրանից հետո որոշ ժամանակ ստիպված թողեց ֆուտբոլը և կենտրոնացավ ուսման վրա: Ընդունվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Եկել էր նաև զորակոչվելու ժամանակը: Տարկետում ստանալու մասին խոսք չկար: Գրիգորյանը որևէ ակումբ չէր ներկայացնում, առավել ևս, չէր հանդիսանում պատանեկան հավաքականի թեկնածու: «Դժվար ժամանակներ էին: Ամեն ինչ տանում էր նրան, որ պետք էր մոռանալ ֆուտբոլի մասին, բայց ես այդպես վարվել չէի կարող: Իմ միակ ցանկությունը կրկին ֆուտբոլ խաղալն էր, քանի որ ունեի երազանքներ, որոնք պետք է իրականացնեի»,- պատմում է Գրիգորյանը:

Արտակը ծառայության առաջին մի քանի ամիսներն անցկացրեց ուսումնական զորամասում և ստացավ կրտսեր սերժանտի կոչում: Զինվորական թոհուբոհով անցած մարդիկ գիտեն, որ բանակային մասնագիտացում ստանալու այդ գործընթացը շատ ավելի ծանր է տրվում, քան բուն ծառայությունն է: Ավելի խիստ է կարգապահությունը, հարկ է լինում առավել շատ ջանք թափել, որպեսզի կոչումով վերադառնալ ծառայության հիմնական վայր: Գրիգորյանը պատվով հաղթահարեց այդ ամենը:

Կարիերան փրկելու հնարավորություն

Արտակին ֆուտբոլային աշխարհը դեռ չէր մոռացել: Առաջացավ ֆուտբոլն ու ծառայությունը համատեղելու տարբերակ: Արդեն մոտ 1 տարի չմարզված կրտսեր սերժանտի առջև նման հնարավորություն բացեց «Արարատը»՝ երկրի ամենալեգենդար ֆուտբոլային ակումբը: Գրիգորյանը ելույթ էր ունենում «Արարատի» երկրորդ թիմի կազմում՝ Առաջին խմբի առաջնությունում: Ընդհանուր առմամբ, մասնակցեց 21 հանդիպման ու խփեց 1 գոլ: Շատերն էին վստահ, որ նա հասունացել է առաջին թիմում հանդես գալու համար, բայց զինծառայության մեջ գտնվելը բազմաթիվ խոչընդոտներ էր առաջ բերում: Օրինակ՝ չէր կարող մասնակցել արտասահմանյան ուսումնամարզական հավաքներին, միջազգային հանդիպումներին, իսկ այդպես հնարավոր չէր մրցակցել մյուս ֆուտբոլիստների հետ, առավել ևս, որ «Արարատի» կազմն այդ ժամանակ բավականին հզոր էր:

Հետո եկավ առաջին թիմ տեղափոխվելու ժամանակը: Գրիգորյանն արդեն լիովին կենտրոնացած էր ֆուտբոլի վրա: Նրա տարիքային շատ ֆուտբոլիստներ (հիմնականում՝ «Փյունիկի» և այն ժամանակվա «Բանանցի») այդ ժամանակահատվածում խաղացել էին իրենց թիմերում, պատանեկան հավաքականներում, իսկ Գրիգորյանն ամեն ինչ պետք է գործնականում զրոյից սկսեր: Սակայն դա նրան չվախեցրեց: Գրիգորյանի կարիերայի վրա հեղափոխական ազդեցություն ունեցավ լեգենդար Արկադի Անդրեասյանի նշանակումն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում: Երիտասարդ ֆուտբոլիստը դարձավ հիմնական կազմի խաղացող ու շատ որակներ կատարելագործեց․ «Անդրեասյանն ամեն ինչ գիտեր ֆուտբոլի մասին, ու մենք անընդհատ սովորում էինք: Ֆուտբոլային շատ նրբություններ հենց Անդրեասյանից եմ քաղել: Նա մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզպատրաստության վրա: Միշտ այնպես էր աշխատում, որ թիմը հանդիպումների երկրորդ խաղակեսերում շատ թարմ տեսք ունենար, ու ամեն ինչ հենց այդպես էլ լինում էր: Շատ բաներ իր օրինակով էր ցույց տալիս․ կային գործողություններ կամ հարվածներ, որ մենք չէինք կարողանում անել խաղակոշիկով, իսկ նա ցույց էր տալիս կոշիկով՝ առաջին իսկ փորձից․ ինչ խոսք, վարպետություն է»,- ասում է Գրիգորյանը:

Արկադի Անդրեասյան - Արարատ - Բանանց

Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

«Ոսկե» խաղում կարմիր քարտ ստացավ «Վերևն Աստված կա» ասելու համար

Նրա բենեֆիսը 2009 թվականի Հայաստանի սուպերգավաթի հանդիպումն էր: «Արարատը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ, իսկ Գրիգորյանը դուբլի հեղինակ դարձավ։ Բայց այդ տարիներին չափազանց շատ էին մրցավարական սկանդալները, ակնհայտ էր, որ «Արարատի» նկատմամբ կար խտրական վերաբերմունք: Թիմը մրցունակ կազմ ուներ, սակայն ինչ-ինչ պատճառներով անընդհատ չէր հաջողվում նվաճել չեմպիոնական կոչումը: Իրավիճակը գագաթնակետին հասավ 2008 թվականին, երբ Հայաստանի չեմպիոնին որոշելու համար նշանակվեց «ոսկե» խաղ՝ «Արարատն» ընդդեմ «Փյունիկի»:

Գրիգորյանը դուրս էր եկել փոխարինման: Հաշիվը հավասար էր՝ 1-1, և ամեն ինչ գնում էր նրան, որ լինելու էր լրացուցիչ ժամանակ: Սակայն 80-րդ րոպեին կասկածելի 11-մետրանոց նշանակվեց «Արարատի» դարպասին: Վերջինիս ֆուտբոլիստները համոզված էին, որ խախտումը տեղի է ունեցել տուգանային հրապարակի սահմաններից դուրս, բայց գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանն անդրդվելի էր: Գնդակին մոտեցավ Սարգիս Հովսեփյանը, բայց չգրավեց մրցակցի դարպասը: Գրիգորյանը դրանից անմիջապես հետո մոտեցավ Ճաղարյանին ու ասաց․ «Վերևն Աստված կա», ինչի համար անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Դա համարվեց «ոչ մարզական պահվածք»: 10 հոգով մնացած «Արարատը» լրացուցիչ ժամանակում գոլ ընդունեց, ինչի հետևանքով «Փյունիկն» 8-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: «Երիտասարդ էի, ինչ-որ տեղ տաքարյունություն դրսևորեցի՝ թիմիս թողնելով բարդ իրավիճակում: Սակայն ստադիոնում մթնոլորտն իսկապես շիկացած էր, «Արարատի» երկրպագուները շատ դժգոհ էին տեղի ունեցածից: Այդպիսի խաղերից հետո մեծ հիասթափություն է առաջանում, բոլորը տեսան, որ եղավ անարդարություն: Տարիներ են անցել, բայց այդ հանդիպումը շատ մանրամասն դաջվել է հիշողությանս մեջ»,- նշում է Գրիգորյանը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Շատ պահանջված ֆուտբոլիստ Հայաստանում

Հետագայում պարզվեց, որ «Արարատը» Գրիգորյանի հետ վերջինիս զինծառայության ընթացքում է պայմանագիր ստորագրել, ինչն օրենքի խախտում է: Ֆուտբոլիստը երկար քաշքշուկներից հետո հեռացավ «Արարատից»: Նա հետագայում Հայաստանում հանդես եկավ «Ուլիսում», «Գանձասարում», «Միկայում»: Նշանակալի նվաճման հասավ «Ուլիսի» հետ՝ 2011 թվականին դառնալով Հայաստանի չեմպիոն: Այդ թիմի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը բնութագրել է Արտակին և հետաքրքիր պատմություն հիշել․ «Նա առանձնահատուկ աշխատասիրությամբ էր օժտված: Ուներ առաջատարի որակներ: Սկզբում շատ լավ էին ստացվում պաշտպանողական գործողությունները, իսկ հետո սկսեց կամաց-կամաց նաև խաղ կառուցել, մասնակցել գրոհների եզրափակիչ փուլին: Հետո տեսա, որ Արտակը մեզնից այդ մասով ստացած խորհուրդները կիրառում է նաև հավաքականում հարձակումներին մասնակցելու ժամանակ:

Չեմպիոնական առաջնությունից հետո պետք է առանձին-առանձին բնութագիր ներկայացնեի ֆուտբոլիստների վերաբերյալ: Արտակի մասով հետևյալն էր՝ խաղ էր տեղի ունեցել, երբ նա գնդակը խլել էր մրցակցից, բայց առաջին փոխանցումը սխալ էր եղել, հետո գնացել էր կրկին խլել և էլի սխալ փոխանցում կատարել ու հետո նույն դրվագում գնացել երրորդ անգամ ևս խլել գնդակը: Բնութագրում գրեցի՝ տղանե՛ր, երբ գնդակը մրցակցի մոտ է, բոլորդ հանգիստ կանգնեք, Արտակը կխլի այն, բայց հենց խլեց, բոլորդ ուշադիր եղեք, որ նրանից խլեք գնդակը (ծիծաղում է՝ խմբ․)»:

Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

2015/16թթ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվեց մի ակումբ, որտեղ հանդես է գալիս մինչ օրս, ու շատերը նրան ասոցացնում են այդ ակումբի, իսկ վերջինիս՝ Արտակ Գրիգորյան-ֆուտբոլիստի հետ: Խոսքը, բնականաբար, «Ալաշկերտի» մասին է: Նա այստեղ նվաճեց ամեն ինչ՝ հռչակվելով Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր ու մեկ անգամ էլ՝ գավաթակիր: Դարձավ «Ալաշկերտի» ավագը: Շատ կարևոր դերակատարություն ունեցավ այդ թիմի՝ եվրագավաթային լավ ելույթների հարցում: Նրա մի մասնիկն էր, երբ թիմը հասավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ: Եվ հենց «Ալաշկերտում» ելույթ ունենալիս ամրապնդվեց ազգային հավաքականում: Այս պահի դրությամբ Բարձրագույն խմբում 291 խաղ է անցկացրել:

Տարիների ընթացքում ձևավորվեց Արտակ Գրիգորյան-ֆուտբոլիստի կերպարը: Կիսապաշտպան, որը կառուցող խաղացող չէ, նա մասնագիտացած է հիմնականում գնդակի խլումների վրա: Շատ կարևոր է, որ նա իր բոլոր թիմերում եղել է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Մարզիչները միշտ բարձր են գնահատել նրա աշխատասիրությունը, նվիրվածությունը թիմին ու քրտնաջան աշխատանքը: Շատ հաճախ է հաղթում մենապայքարներում, միշտ գնում մինչև վերջ ու երբեք չի հանձնվում: Հենակետայինների աշխատանքը երբեմն աննկատ է մնում շարքային ֆուտբոլասերի աչքերից, բայց հատկապես մարզիչները շատ են գնահատում նման խաղացողներին: Մարտունակ կոլեկտիվ ձևավորելու համար այսպիսի տղաների ներկայությունը թիմում անհրաժեշտություն է: «Իմ խաղային ագրեսիվությունը գուցե բնածին է, բայց շատ բան ձեռք է բերվում նաև աշխատանքի արդյունքում: Օրինակ՝ խլման գնալուց առաջ գլխումս վերլուծում եմ իրավիճակը՝ ե՞րբ գնալ մրցակցին ընդառաջ, ո՞ր կողմից ու փորձում եմ կռահել՝ նա 1-2 վայրկյան անց ինչ գործողություն է կատարելու: Սրանք բաներ են, որոնք ցույց են տալիս՝ ֆուտբոլ նախևառաջ խաղում են գլխով, հետո նոր՝ ոտքերով»,- վստահեցնում է Գրիգորյանը:

«Հանրապետականը» «Յուրա» էր վանկարկում, իսկ 14 համարի ֆուտբոլիստը սկիզբ դրեց հեքիաթային «քամբեքին»

Արտակը հավաքականների աստիճանակարգում ցատկ կատարեց միանգամից ազգային թիմ՝ այնտեղ իր նորամուտը նշելով 2010 թվականին Իրանի ընտրանու դեմ ընկերական խաղում (1-3), թեև մինչ այդ ևս մի քանի անգամ հրավեր էր ստացել պաշտոնական մրցավեճերի համար: Նա հետագա մի քանի տարիներին մնում էր մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում, բայց դա հավաքականի «Ոսկե սերնդի» ժամանակաշրջանն էր, ու ամրապնդվելը շատ բարդ էր: Գերազանց մարզավիճակում էին հենակետայիններ Կառլեն Մկրտչյանը և Արթուր Եդիգարյանը: Հետևաբար, Արտակը ստիպված էր սպասել: Հավաքականի կազմում վերջնականապես ամրապնդվեց 2016 թվականից, երբ ազգային ընտրանու ղեկը ստանձնեց Վարուժան Սուքիասյանը, մասնագետ, որն Արտակի որակներին լավ էր ծանոթ դեռ «Արարատում» աշխատելու տարիներից: Վերջին շրջափուլում՝ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում մասնակցել է 10 խաղից 9-ին (7-ում՝ մեկնարկային կազմում):

Այս պահին արդեն 26 հանդիպման է մասնակցել երկրի գլխավոր թիմում, բայց կա մի մրցավեճ, որը թե՛ մենք, թե՛ Գրիգորյանը հիշում է ու կհիշի առանձնահատւկ կերպով: Դա 2016 թվականին Չեռնոգորիայի դեմ կայացած տնային խաղն էր՝ Արթուր Պետրոսյանի նորամուտի հանդիպումն ազգային հավաքականում, երբ 3-2 հաշվով կամային հաղթանակ տոնեցինք մրցակցի նկատմամբ: Անհավանական «քամբեքի» սկիզբն իր գոլով դրեց հենց Գրիգորյանը: Ուշագրավ է, որ խաղի ընթացքից դժգոհ երկրպագուներն այդ գոլից վայրկյաններ առաջ սկսել էին վանկարկել «Յուրա՜», «Յուրա՜»՝ հիշեցնելով այն մասին, որ Յուրա Մովսիսյանը չի հրավիրվել հավաքական:

Եվ հենց այդ ժամանակ գնդակին տիրեց Գրիգորյանը, որը կրում էր Մովսիսյանի սիրելի 14 համարի մարզաշապիկը․ «Ես չեմ լսել այդ վանկարկումները, ինձ հետո են պատմել այդ մասին: Գրոհի ժամանակ պատ խաղարկեցի Կորյանի հետ, հետո մտադրվել էի փոխանցել Մխիթարյանին, բայց մրցակցի պաշտպանը կռահեց մտահղացումս և շարժում արեց նրա կողմը: Այդպես տարածություն բացվեց իմ առջև ու նետվեցի առաջ: Իհարկե, կար նաև բախտի գործոնը, քանի որ դարպասապահն առաջին հարվածից հետո հետ էր մղել գնդակը: Իմ երազանքը միշտ եղել է հավաքականում խաղալը, իսկ գոլ խփելն արդեն շատ մեծ նվաճում էր: Հանդիպումից հետո անսովոր զգացողություններ չունեի, մտածում էի, որ պարզապես իմ աշխատանքն եմ կատարել, և այդքանը: Սակայն այդպիսի բաների նշանակությունը լիարժեք ընկալում ես միայն, երբ արդեն տևական ժամանակ է անցած լինում»,- պատմում է ֆուտբոլիստը:

Գրիգորյանը հավաքականի կազմում մրցել է աստղային շատ ֆուտբոլիստների դեմ, բայց նրանցից առանձնացնում է 3-ին․ «Ամենամեծ տպավորությունը թողել են Միրալեմ Պյանիչը, Մարկո Վերատին և Ռոբերտ Լևանդովսկին: Երբ մրցում ես նրանց դեմ, այդժամ հասկանում ես, թե ինչու են նման բարձունքների հասել: Նրանք խաղադաշտում շատ արագ են մտածում, կարող են վերջին պահին որոշում փոխել ու քեզ ձեռնունայն թողնել: Երբ նման տղաների դեմ ես մրցում, թեկուզ մեկ վայրկյան չպետք է զգոնության կորուստ ունենաս, այլապես կպատժեն քեզ: Սակայն մեր հավաքականում կա ֆուտբոլիստ, որը նույնպես մեծ աստղ է: Երբ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում է, անձամբ ես ինձ ավելի վստահ եմ զգում: Նա շատ խելացի խաղացող է: Այն, որ նա գերազանց տվյալներ ունի, նկատելի էի դեռ այն ժամանակ, երբ «Փյունիկում» էր խաղում: Անհատական գործողություններով այդպես աչքի ընկնող ֆուտբոլիստ վերջին տարիներին Հայաստանում հանդես եկածներից կընդգծեմ նաև Էրիկ Վարդանյանին:

Մխիթարյանի խորհուրդները խաղադաշտում շատ են օգնում: Հիշում եմ Իտալիայի հավաքականի հետ վերջին տնային խաղը: Այնպես էր ստացվել, որ իտալացիները շատ էին ծանրաբեռնել մեր աջ եզրը, անընդհատ այդտեղով էին գրոհում, ստիպված էինք փոխօգնության հասնել Համբարձումյանին և Բարսեղյանին: Մենք գիտեինք, որ նրանք այդպես են խաղալու, բայց նման հզոր թիմերի տարբերությունն էլ հենց դա է՝ գիտես՝ ինչպես են գործելու, բայց, միևնույնն է, խնդիրներ ես ունենում: Մենք իտալացիներին շատ ագրեսիվ էինք դիմավորում մեր կիսադաշտում, և առաջին խաղակեսում մեծ ուժեր ծախսեցինք: Ընդմիջումից հետո ավելի դժվար էր լինելու, քանի որ մնացել էինք 10 հոգով: Մխիթարյանն ընդմիջմանը հուշեց, թե ինչպես ավելի ճիշտ կլինի դիմավորել իտալացիներին գրոհների ժամանակ ու որն է ճնշումը սկսելու ամենահարմար պահը: Ընդմիջումից հետո 12 րոպե անցկացրի խաղադաշտում և փոխարինվեցի, բայց այդ ընթացքում շատ թեթևությամբ խաղացի, Հենրիխի խորհուրդը շատ ճիշտ ու տեղին էր: Հենց դա է հզոր ֆուտբոլիստների տարբերությունը, որ նրանք մեծ ուշադրություն են դարձնում առաջին հայացքից մանրուք թվացող երևույթների վրա»,- նշում է Գրիգորյանը:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Գրիգորյանը կարծում է՝ բակային ֆուտբոլ խաղալն օգնում է մրցունակ ֆուտբոլիստ դառնալուն

Հենակետային կիսապաշտպանը հոկտեմբերի 19-ին կդառնա 33 տարեկան: Մեր ֆուտբոլում միտումն այնպիսին է, որ խաղացողներն այս տարիքում կամաց-կամաց հրաժեշտ են տալիս ֆուտբոլին: Դա կապված է կարիերայի ընթացքում լավ չմարզվելու, ռեժիմ չպահելու և այլ խնդիրների հետ: Բացի այդ, մեծացել է մրցակցությունն ակումբներում, ու քչերին է հաջողվում նման պայմաններում լինել հիմնական կազմի խաղացողներ: Մինչդեռ հայ փորձառու ֆուտբոլիստների առկայությունը հատկապես երիտասարդների աճի հետ կապված շատ կարևոր է: Գրիգորյանը դեռ չի պատրաստվում հրաժեշտ տալ ֆուտբոլին, նա մարզվում է նույնիսկ ավելի քրտնաջան, քան անցյալում էր․ «Մրցակցությունից չպետք է վախենալ, այլ դա պետք է օգնի խաղացողին: Այս առումով շատ եմ կարևորում բակային ֆուտբոլի գործոնը: Մեր սերունդը շատ-շատ էր խաղում դրսում, դա մի փորձ է, որը քեզ շատ բան է սովորեցնում: Հիմա համացանցն ու նման բաները հիմնականում վատ ձևով են անդրադառնում երեխաների և պատանիների վրա: Շատ ուրախ եմ, որ տղաս այդ շարքին չի դասվում: Նույնիսկ, երբ տուն ենք կանչում, մնում է բակում ու շարունակում խաղալ:

Ինձ թվում է՝ մանկապատանեկան ֆուտբոլում ուղղելու շատ բաներ կան: Երեխաները հատկապես 13-14 տարեկան հասակում հաճախ են հիասթափվում ֆուտբոլից, ունենում հոգեբանական խնդիրներ: Նրանց հետ այդ տարիքում պետք է ճիշտ մարզիչներ աշխատեն: Ընդ որում, համարյա նույնքան կարևոր է նաև ծնողների գործոնը: Նրանց մեկ սխալ քայլը կարող է ազդել երեխայի ապագա կարիերայի վրա: Հիմա պատանի ֆուտբոլիստներն ավելի հեշտ են հայտնիություն ձեռք բերում: Կարծում եմ, որ դա նրանց ավելի շատ խանգարում է: Այն ֆուտբոլիստը, որն իր մասին դրական բաներ լսելուց հետո գոհանում է ինքն իրենով ու եղածով բավարարվում, երբեք մեծ հաջողությունների չի հասնի»:

Այնպես ստացվեց, որ Գրիգորյանն այդպես էլ չփորձեց ուժերն արտասահմանյան թիմում, թեև ունեցել է նման տարբերակներ: Երևի թե համեմատաբար ուշ իր լավագույն որակները բացահայտելն ու հավաքականում ամրապնդվելն էլ մեծապես ազդեցին դրա վրա: Բայց, անկախ այդ փաստից, այս փորձառու խաղացողն օրինակելի է: Եթե մեր երիտասարդ ֆուտբոլիստների գոնե կեսն էլ ունենա նույն մենթալիտետն ու բնավորությունը, ինչ Գրիգորյանը, մեր ֆուտբոլն առաջընթաց կգրանցի: Եվ ամենակարևորը՝ ցանկացած դժվարություն հաղթահարելի է: Մի պահ կար, երբ Արտակը գուցե մտքում արդեն մտածում էր՝ այլևս չի լինի ֆուտբոլ խաղալու հնարավորություն, քանի դեռ նրա հասակակիցներն արդեն հանդես էին գալիս պատանեկան հավաքականներում, հիմա Գրիգորյանն ազգային ընտրանու ամենակայուն խաղացողներից մեկն է, իսկ այդ տղաներից շատերը վաղուց նույնիսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլ չեն խաղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: