-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ծանրամարտի Եվրոպայի 2019թ. առաջնությունը արդեն պատմություն է: Հայաստանի հավաքականը մեկնել էր Բաթումի 14 մարզիկով (10 տղամարդ, 4 կին) և արդյունքում, թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով: VNews.am-ը լուսաբանում էր այս իրադարձությունը մրցավայրից ու այս հոդվածով կամփոփի տարվա առաջին ստուգատեսը՝ առանձնացնելով 5 «դաս», որը մեզ տվեց ԵԱ-ն:
Յուրաքանչյուր երեխա, երբ առաջին անգամ մուտք է գործում մարզադահլիճ ու կատարում առաջին քայլերը մեծ սպորտում, պատկերացնում է իրեն Օլիմպի գագաթին: Թերևս բացառություններ, դժվար թե, գտնվեն: Մենք էլ շատ խոստումնալից ծանրորդներ ունենք, որոնք դեռևս պետք է տեղափոխվեն Օլիմպիական քաշեր ու փորձեն նվաճել քառամյակի գլխավոր սպորտային իրադարձության ուղեգիր: Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սամվել Գասպարյանը (102 կգ), որը արծաթե մեդալ նվաճեց: Թեև պետք չէ մոռացության մատնել, որ դոպինգ խախտումների պատճառով Հայաստանը տղամարդկանց հավաքականը կարող է պայքարել առավելագույնը 2 օլիմպիական քվոտայի համար: Մինչև 96 կգ քաշայինների պայքար, որտեղ պետք է տեղափոխվի Հակոբ Մկրտչյանը, նրան սպասում են լուրջ մրցակիցներ` բելառուս Յուհենի Ցիխանցուն, որը ԵԱ-ին 22 կգ ավել բարձրացրեց իր մոտակա հակառակորդից, իսկ Իրանը ներկայացնող Սոհրաբ Մորադին վերջին տարիներին խոշոր մրցաշարերից հայրենիք է վերադառնում միայն ոսկե մեդալներով ու ռեկորդներով:
Ինչ վերաբերում է Սամվել Գասպարյանին, ապա նրան էլ բարդ կլինի հաստատվել 109 կգ քաշայինների պայքարում, որտեղ անվիճելի առաջատարը մեր Սիմոն Մարտիրոսյանն է, այստեղ մնում է մրցել պատվո հարթակի մյուս աստիճանները նվաճելու համար:
Հռիփսիմե Խուրշուդյանից ու Նազիկ Ավդալյանի ժամանակաշրջանի ավարտից հետո դեռևս չունենք այնպիսի ծանրորդուհիներ, որոնք կհավակնեն խոշոր մեդալների: Տաթև Հակոբյանի (87 կգ) տաղանդի ու ներուժի մասին շատ է խոսվել, բայց մեծահասակների պայքարում ու պատասխանատու մրցաշարերին մարզուհին կարծես կերպարանափոխվում է ու չի կարողանում իմ կամքին ենթարկել այն քաշերը, որոնց հաղթում է մարզումների ժամանակ:
Հավաքականի մարզչական շտաբը նաև մեծ հույսեր է կապում 17-ամյա Լիանա Գյուրջյանի (81 կգ) հետ, որը փոքր արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Սակայն նրան էլ, ինչպես Տաթևին, փորձ ու վստահություն է պետք, որը իհարկե, կգա ժամանակի հետ:
Իզաբելա Յայլյանն (59 կգ) էլ ավելացնում է մրցում առ մրցում, այս Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ, բայց հրում վարժությունում բարելավելու տեղի ունի: Միշտ թվում է, որ Արփինե Դալալյանը (87 + կգ) ընդունակ է ավելիին, ինքն էլ, մարզուհին խոստովանում է, որ այս առաջնությանը իրեն պակասում էր հավատը սեփական ուժերի նկատմամբ: Արփինեն մեր աղջիկներից միակն էր, որը չկարողացավ մեդալ նվաճել: Այնպես որ, Վիգեն Խաչատրյանը մեծ աշխատանք ունի կատարելու մինչև աշխարհի առաջնությունն ու Օլիմպիական խաղերը: Մարզասերներին էլ ոչինչ չի մնում, քան համբերատար սպասել:
Փաշիկ Ալավերդյան
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Անկեղծ ասում եմ, որ Օլիմպիական խաղերում աղջիկներից քիչ մեդալային հույսեր ունենք: Մենք չենք ասում, որ ընդհանրապես հույս չունենք: Բայց ավելի քիչ է, քան տղաներից
Այս Եվրոպայի առաջնությունում մերոնցից 4 ծանրորդ էր նշում նորամուտը մեծահասակների պայքարում, և թեև նրանցից միայն Դավիթ Հովհաննիսյանին հաջողվեց մեդալակիր դառնալ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը երիտասարդների ռեկորդ սահմանեց, բայց մենք տեսանք ու համոզվեցինք, որ առաջատար ծանրորդները Օլիմպիական խաղերից հետո արժանի փոխարինողներ են ունենալու:
Արմեն Գրիգորյանը (73 կգ) բարելավեց անձնական ցուցանիշները, բայց առավել ուրախացնող էր, որ հայ ծանրորդը հիասթափված էր ինքն իրենից ու մրցման ավարտից հետո խուսափեց հարցազրույցներից ու շտապեց հյուրանոց: Մարզիկի առաջին մարզիչը հենց ինքն է, որը միշտ ավելին է պահանջում ու սպասում: Նրա բնավորությունը պետք է աշխատի միայն մարզասերների ու հենց ծանրորդի օգտին: 19-ամյա Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) էլ գյումրեցուն հատուկ վճռականությամբ հայտարարեց, որ վերլուծելու է իր սխալները ու անելու է հետևություններ: Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ) վերջապես շանս ստացավ մեծահասակների մրցումներում ու լիովին արդարացրեց սպասելիքները, նույնիսկ գերազանցեց՝ նվաճելով բրոնզե մեդալ երկամարտում: Արսեն Մարտիրոսյանն (102 կգ ) էլ՝ Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրը, մի փոքր չբավարարեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար, բայց նա ապացուցեց, որ ապագայում այդպիսի առիթներ դեռ շատ կտրվեն:
Սիմոնը ամեն մրցաշարին, չեմպիոնին այդքան հատուկ քայլ է անում՝ չգալով վերջին մոտեցմանը: Իսկ վերջին մոտեցմանը այնպես է բարձրացնում ծանրաձողը, որ տպավորություն է ստեղծվում, որ ծանրորդը ունակ է սանձել 10 կգ ավելի կշռող ծանրաձողը: Այն, որ Սիմոն Մարտիրոսյանը լուրջ մրցակից չունի տեսանք ու համոզվեցինք այս Եվրոպայի առաջնութանն նույնպես: Իր ելույթից հետո չեմպիոնը հայտարարեց, որ մնացածը թողել է աշխարհի առաջնության համար, իսկ մյուս մասն էլ, երևի, կտեսնենք Օլիմպիական խաղերին, որտեղ Մարտիրոսյանը ոսկու գլխավոր թեկնածուն է: Եթե պատվո հարթակ արտահայտեր երկամարտում գրանցած արդյունքները, ապա, 22-ամյա ծանրորդը 2-3 աստիճան բարձր կկանգներ բոլորից ու դա ոչ միայն Եվրոպայի առաջնությունում: Պետք չէ մոռանալ, որ մարզիկը ԵԱ-ին դաստակի թեթև վնասվածքով էր մոտեցել: Այնպես որ, Սիմոնի կարիերայի կուլմինացիան դեռևս առջևում է:
Եվրոպայի առաջնության նորից չտեսանք Անդրանիկ Կարապետյանին ու կորցրինք ևս մեկ ոսկե մեդալ նվաճելու շանսը: Ցավալի է, որ ծանրորդը անընդհատ ստիպված է լինում անցնել փորձությունների միջով. Օլիմպիական խաղերի վնասվածքը, քաշային կարգի փոփոխությունը, հավաքականի որակազրկումը, աշխարհի առաջնությունում ձախողումը ու հիմա էլ Եվրոպայի առաջնությունում ավել քաշը: Ու տարօրինակ զուգադիպությամբ միշտ ամեն ինչ պատահում է նրա հետ, ինչը մեծ զարմանք ու տարակուսանք է առաջացնում հանրության, գուցե նաև Կարապետյանի մոտ՝ կուտակվելով որպես ավելորդ հոգեբանական լարվածություն յուրաքանչյուր հաջորդ մրցաշարից առաջ:
Կարապետյանի հարցը առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում մարզչական շտաբից, պետք է լրջագույնս ուսումնասիրել ու վերլուծել տեղի ունեցած բոլոր դեպքերի պատճառները ու մանրակրկիտ հրապարակել ամեն ինչ: Եթե պարզվի, որ խնդիրը մարզիկի մոտ ավելորդ հոգեբանական լարվածությունն է, ապա դա նույնքան լուծելի հարց է, ինչքան ցանկացած այլ վնասվածք սպորտում: Բայց այս գործընթացում մեծ թվով մարդիկ են ներգրավված, ու եթե նրանցից գեթ մեկը թերանում է՝ ստեղծելով նման իրավիճակներ, ապա պետք է հետևեն անհրաժեշտ քայլեր թույլ օղակն ամրացնելու ուղղությամբ:
Լիանա Մկրտչյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո