Logo

5 միլիարդ դոլար․ ԱՄԷ-ն կկառուցի իր սեփական «Լուսինը»՝ քաղաքի կենտրոնում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:05 / 12.09.2022LifeTech
Լուսին-ԱՄԷ

Երբ չկա տիեզերական ծրագիր, բայց կան կրեատիվ գաղափարներ ու գումար՝ դրանք իրականացնելու համար։

Կանադական Moon World Resorts ճարտարապետական ընկերությունը հայտարարել է, որ Դուբայում լուսնի տեսքով շենք է կառուցելու։ Դա, ըստ նախագծի հեղինակների, մարդկանց հնարավորություն կտա «այցելել Լուսին»՝ առանց Երկրից դուրս գալու։ Ծրագրի արժեքը կկազմի հինգ միլիարդ դոլար, իսկ շենքի կառուցումը կտեւի երկու տարի։

«Լուսինն» իրենից ներկայացնում է 224 մետր բարձրությամբ գունդ։ Ճարտարապետների հնարամտությամբ շենքի շուրջ տարածությունը նման կլինի արբանյակի մակերեսին գտնվելուն:

ԱՄԷ-2022

Բացի այդ, համալիրի այցելուներին կառաջարկվի պատվիրել «երկնային վիլլա»․ այդպես են կոչվում «Լուսնի» վրա գտնվող 300 առանձնատները, որոնք տեղակայվելու են սֆերայի հիմքի սկավառակաձև հատվածում։

Ապագա շենքի տարածքով կանցնի «լուսնային» փոխադրամիջոց, որն այցելուներին կտեղափոխի բազմաթիվ գիշերային ակումբներ, հանգստի գոտիներ, զվարճանքի և սպա կենտրոններ։

Նախագծի հեղինակները հույս ունեն, որ «լուսնային համալիրը» կկրկնապատկի տուրիստական հոսքը դեպի Դուբայ, ինչը կօգնի ԱՄԷ-ի տնտեսությունը նոր մակարդակի հասցնել։ Բացի այդ, Moon World Resorts-ը ենթադրում է, որ «Լուսինը» կկարողանա տեղավորել տիեզերական գործակալությունների շտաբ-բնակարաններն ու տիեզերական ուսումնական կենտրոնները։