Logo

Առանց տոկոսների. Apple-ը թողարկում է Apple Pay Later-ը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:34 / 29.03.2023LifeTech
null

Apple-ը վերջապես գործարկում է ամիսներ առաջ ներկայացված Apple Pay-ի նոր թարմացումը՝ Apple Pay Later-ը, որը թույլ է տալիս օգտատերերին բաշխել Apple Pay-ով գնումների արժեքը 4 հավասար վճարումների 6 շաբաթվա ընթացքում՝ առանց տոկոսների կամ վճարների:

Apple-ը պատահականության սկզբունքով կսկսի հրավիրել օգտատերերին մուտք գործելու Apple Pay Later-ի նախնական թողարկման տարբերակը՝ առաջիկա ամիսներին այն առաջարկելով միայն iOS 16.4-ի կամ iPadOS 16.4-ի օգտատերերին: Apple Pay Later-ը պետք է իր դեբյուտը կատարեր iOS 16-ով, սակայն տեխնիկական և ինժեներական խնդիրները հետաձգեցին դրա թողարկումը, հաղորդում է Bloomberg-ը տարվա սկզբին:

Apple Pay-ի ընտրյալ օգտատերերը կկարողանան դիմել Apple Pay Later-ի՝ 50 դոլարից 1000 դոլար վարկերի համար, որոնք կարող են տրամադրվել iPhone-ի և iPad-ի միջոցով առցանց և ներծրագրային գնումների համար Apple Pay-ն ընդունող ընկերությունների դեպքում:

Apple Pay Later-ով վարկ ստանալու համար օգտատերերը կարող են դիմել «IOS»-ի Wallet հավելվածում: Նրանց կառաջարկվի մուտքագրել այն գումարը, որը ցանկանում են վերցնել և համաձայնել Apple Pay Later պայմաններին: Օգտատերերի հաստատումից հետո նրանք կտեսնեն «Վճարել ավելի ուշ» տարբերակը, երբ կընտրեն Apple Pay-ը առցանց վճարման ժամանակ ինչպես iPhone-ի, այնպես էլ iPad-ի հավելվածներում:

Օգտատիրոջ Apple Pay Later վարկի վճարումները ցուցադրվում են Wallet-ում: Օրացույցը հուշում է օգտատիրոջն առաջիկա 30 օրվա ընթացքում վարկային մարումների մասին:

Apple-ը տեխնիկապես չի առաջարկում Apple Pay Later-ը: Վարկային գնահատումը և վարկավորումն իրականացվում է Apple Financing դուստր ձեռնարկության կողմից, որը նախատեսում է հայտնել Apple Pay Later վարկերի մասին ԱՄՆ վարկային բյուրոներին՝ սկսած այս տարվա աշնանից:

Apple Pay Later-ն ուղղակիորեն մրցակցում է «Գնիր հիմա, վճարիր ավելի ուշ» (BNPL) ծառայությունն առաջարկող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են PayPal-ը, Affirm-ը, Klarna-ը, Sezzle-ը և հարյուրավոր ուրիշները: Grand View Research-ը կանխատեսում է, որ BNPL-ի արժեքը մինչև 2030թ. կարող է կազմել 39,41 մլրդ դոլար: