Logo

Արևային էներգիա․ ինչպես է Հայաստանը ստեղծում էկո միջավայր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:37 / 30.08.2022Հոդվածներ
էկո միջավայր-Հայաստան

Դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսից մարդիկ սկսել են մեխանիզմներ մշակել արևային էնէրգիան էլեկտրականի փոխակերպելու ուղղությամբ: Արևային էլեկտրակայանները ստեղծվել են 1980-ական թվականներին և առաջինը գործարկվել Կալիֆոռնիայում: Արևային էներգիայի արտադրության ոլորտում առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան և Հնդկաստանը, ուր գտնվում է աշխարհի ամենահզոր էլեկտրակայանը: Իսրայելի բազմահարկ շենքերի գրեթե 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում է հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում գործածում է շուրջ 60 մլն ընտանիք: Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում այդ առումով, ինչպե՞ս ենք օգտվում արևից մենք․ թեմայի մասին VNews-ը զրուցել է արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանի հետ։

Ի՞նչ նշանակություն ունի արևային էներգիան էկո տեսանկյունից։

-Ժամանակակից այլընտրանքային էներգիայի արագ զարգացող ու տարածվող աղբյուրն այսօր համարվում է արևային էներգիան։
Այլընտրանքային էներգիան իրենից ենթադրում է վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ աղբյուր։ Դա թույլ է տալիս զգալի նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաև կրճատում է ծախսերը: Էներգախնայողությունն ապրելակերպ է, որն էապես նպաստում է և՛ շրջակա միջավայրի, և՛ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը:

Արևային էներգիան էկոլոգիապես մաքուր, հսկայական և անսպառ ռեսուրս է, որը կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային ու այլ տեսակի էներգիաների: 

Մեր երկրում դրա կիրառելիության շրջանակը լա՞յն է արդյոք։ 

-Հայաստանում ևս արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան: Մեր երկիրը հարուստ է արևային էներգիայով:

Մասնավոր հատվածը ներմուծում է ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր՝ հետագայում դրանք հավաքելու նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր: Ներկայում ՀՀ-ում արևային ջրատաքացուցիչների կիրառումը բերում է ոչ միայն էներգախնայողության, այլ նաև դարձել է տնտեսապես շահավետ:

Հայաստան-էկո միջավայր

Ինչպիսի՞ն են արևային համակարգերի ընդլայնման հնարավորությունները Հայաստանում։

-Հայաստանը մի փոքր ավելի ուշ է սկսել զբաղվել արևային էներգիայով, բայց ցուցանիշներով մոտավորապես երկու անգամ ավելի լավ արևի գործակից ունի, քան եվրոպական մի շարք երկրներ։ Այդուամենայնիվ, տեղադրված արևային կայանների քանակով առայժմ բավականին զիջում ենք Եվրոպային։

Արևային համակարգերի ընդլայնման հնարավորությունները մեծ են մեր երկրում, և այդ նպատակով մշտապես քայլեր են ձեռնարկվում։ Այսօր Հայաստանում գործում է 30-ից ավել արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն:

Վերջին տարիների դինամիկան ի՞նչ միտումներ է դրսևորում։

-Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ)՝ 1.38-4.12 մ ստանդարտ չափերով, որոնց 2.75 մ տարբերակը օրական արտադրում է 120 լ տաք ջուր:

Հանրապետությունում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ՝ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը: Օրինակ, համաձայն 2001 թ. մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի, 15 տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների՝ 20 տարի արտադրվող ամբողջ էներգիան ենթակա է պարտադիր գնման՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:

Հայաստան-էկո միջավայր 2

Պետական աջակցություն լինո՞ւմ է մասնավոր սեկտորի ծրագրերում, կա՞ պետության միջամտության կարիքը, եթե այո, ապա ի՞նչ կերպ։

-Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր:

Շենքերում և շինություններում էներգիան օգտագործվում է ջեռուցման, հովացման, օդափոխության, լուսավորության, կերակրի պատրաստման, լվացքի, չորացման նպատակներով, ինչպես նաև էլեկտրական սարքերում: Ըստ գնահատականների՝ շենքերում օգտագործվում է երկրում արտադրված ամբողջ էներգիայի 50%-ը:

Հեռանկարային ի՞նչ ծրագրեր կան, որոնք կնպաստեն արևային էներգիայի տարածմանը, կընդգրկեն մեծ թվով տնտեսություններ։

-Առաջիկա տարիներին Հայաստանը նախատեսում է զարկ տալ վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արևային էներգետիկայի զարգացմանը: 
Տարեսկզբին գործադիրը հավանություն տվեց «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը)»: Ըստ այդմ՝ մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը էներգետիկ համակարգում նախատեսվում է հասցնել 15%-ի՝ 1.8 մլրդ կՎտժ: Այդ նպատակով կկառուցվեն 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ՝ ներառյալ ինքնավար կայանները:

Տեմպը դրական է, և հեռու չէ այն օրը, երբ կկարողանանք հասնել մեծ երկրների ցուցանիշներին։