Logo

Արհեստական բանականությունը հեղափոխական է, բայց սպառնալիքներ կան․ Բիլ Գեյթս

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:17 / 23.03.2023LifeTech
null

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված նամակ է հրապարակել։

RBC-ի փոխանցմամբ՝ գործարարն ԱԲ-ն անվանել է հեղափոխական ձեռքբերում տեխնոլոգիաների ոլորտում, սակայն ուշադրություն է հրավիրել նաեւ նեյրոցանցերի հետ կապված բազմաթիվ ռիսկերի վրա։

Նա համոզված է, որ ԱԲ-ի համատարած ընդունումը «մի շարք բարդ հարցեր կբարձրացնի աշխատուժի, իրավական համակարգի, կողմնակալության եւ այլնի վերաբերյալ»:

Գործարարը հայտարարել է, որ նորարարական տեխնոլոգիաները կկարողանան փոխել առանձին ոլորտների աշխատանքը, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, կրթությունը եւ առողջապահությունը։ Այսպես, ԱԲ-ն կկարողանա զբաղվել սերմերի սելեկցիայով, ծրագրեր կազմել դպրոցականների ուսուցման համար եւ ազատել բուժաշխատողներին թղթաբանությունից։ Բիլ Գեյթսի կարծիքով՝ այս ամենը կարող է մեծ օգուտ բերել, սակայն մարդիկ պետք է ռացիոնալ կերպով օգտագործեն նոր հնարավորությունները։

Մեկ այլ կարեւոր խնդիր, որի մասին նշել է Բիլ Գեյթսը, արհեստական բանականության հասանելիությունն է։ «Աշխարհը պետք է համոզվի, որ բոլորը, այլ ոչ միայն ունեւոր մարդիկ, կարող են օգուտ ստանալ ԱԲ-ից: Կառավարությունները եւ բարեգործական կազմակերպությունները կարեւոր դեր պետք է խաղան այս անհավասարությունները նվազեցնելու համար»,- նշել է նա:

Գործարարը հավելել է, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեծանում է հենց «արհեստական բանականությամբ զինված» մարդկանց կողմից սպառնալիքի ռիսկը։ Դա կանխելու համար Գեյթսը կառավարություններին խորհուրդ է տվել համագործակցել մասնավոր ընկերությունների հետ եւ ներդնել նեյրոցանցերի օգտագործման սահմանափակումներ։