Logo

Չինաստանը 10 տարում կդառնա աշխարհի ամենաբարձր տնտեսական ցուցանիշ ունեցող երկիրը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:54 / 11.11.2022LifeTech
null

Մեծ է հավանականությունը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն առաջիկա 10 տարիներին կդառնա առաջին երկիրն աշխարհում տնտեսական ցուցանիշներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Չինաստանի Ժենմին համալսարանի ֆինանսական հետազոտությունների կենտրոնի գործադիր նախագահ պրոֆեսոր Վանգ Վենը:

Նրա խոսքով` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ապագայում լինելու է Չինաստանի դիվանագիտության միակ ուղղությունը: Ըստ մասնագետի՝  այժմ վերաթարմացվում է երկրի ղեկավարման ձևաչափը, որը նման չէ ոչ մի այլ երկրի ունեցած փոփոխություններին:

«Չինաստանն այժմ տնտեսապես երկրորդ երկիրն է աշխարհում, և մեծ է հավանականությունը, որ հաջորդ 10 տարիների ընթացքում կլինի առաջին տեղում: Սակայն այս ամենի հետ մեկտեղ Չինաստանը չի ձգտում հեգեմոնիայի, այլ համարում է, որ պետք է կիսվի աշխարհի երկրների հետ իր ձեռքբերումներով և դրանց հասնելու ճանապարհներով»,- շեշտեց նա:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը պատկանում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որը, հիմք ընդունելով «Մետաքսի մեծ ճանապարհը», առաջարկել է ստեղծել 21-րդ դարի «Մետաքսի մեծ ճանապարհ»` անվանելով այն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»:  Սի Ծինփինն այդ մասին առաջին անգամ խոսել է 2013 թվականին` Ղազախստան կատարած այցի ժամանակ: