Logo

ԵԱՏՄ-ն մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Հնդկաստանի հետ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:43 / 17.04.2023LifeTech
Պաշտոնական
null

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մտադիր է ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման  համաձայնագրի կնքման շուրջ: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը՝ Ռուսաստանի և Հնդկաստանի գործարար շրջանակների հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր երկրների շուկաներում արտադրանքի փոխադարձ հասանելիության հարցերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մենք ակնկալում ենք ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ», - ասել է նա։

Բացի դրանից, Մանտուրովի խոսքով, մշակվում է ներդրումների խթանման ու ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին ռուս-հնդկական համաձայնագրի ստորագրման հարցը։ Փոխվարչապետն ընդգծել է, որ երկրների միջև առևտրի և արդյունաբերական համագործակցության բարելավումը կարող է երաշխավորել փոխադարձ հաշվարկների շարունակականության ապահովումը։

«Միջկառավարական երկխոսության շրջանակներում մենք առաջարկում ենք դիտարկել ազգային արժույթների և բարեկամ երկրների արժույթների լայն կիրառման հնարավորությունը: Դա հրատապ է ներկա պայմաններում և թույլ է տալիս նվազագույնի հասցնել ծախսերն ու արժութային ռիսկերը», - հայտարարել է Մանտուրովը։

2021 թվականի դեկտեմբերին Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն ավարտեցին նախնական փորձագիտական ​​խորհրդատվությունները ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ՝ պայմանավորվելով համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն սկսել 2022 թվականի սկզբին։ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Մանտուրովն ընդգծել է, որ Հնդկաստանը կարող է դառնալ առանցքային գործընկերներից մեկը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի զարգացման շրջանակներում:

«Նաև կարևոր ենք համարում ուղիղ ավիահաղորդակցության ընդլայնումը. դա անհրաժեշտ պայման է գործարար պատվիրակությունների կանոնավոր և անարգել փոխանակման, փոխադարձ զբոսաշրջային հոսքի ընդլայնման համար», - հավելել է նա: