Logo

Forbes. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը միացել է աշխարհի 5 ԿԲ-ների որոշմանը՝ սվոփ ցանցով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:18 / 20.03.2023Հոդվածներ
null

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed) հայտարարել է, որ միացել է Կանադայի Բանկին, Անգլիայի Բանկին, Ճապոնիայի Բանկին, Եվրոպական կենտրոնական բանկին եւ Շվեյցարիայի ազգային բանկին՝ համակարգված գործողություններով ընդլայնելու իրացվելիության տրամադրումը՝ ԱՄՆ դոլարով սվոփ գծերի մասին մշտական համաձայնագրերի միջոցով:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Fed-ի հայտարարությունը։

«ԱՄՆ դոլարով ֆինանսավորման տրամադրելու հարցում սվոփ գծերի արդյունավետությունը բարձրացնելու համար կենտրոնական բանկերը, որոնք ներկայումս առաջարկում են գործարքներ ամերիկյան դոլարով, համաձայնել են ավելացնել յոթօրյա մարման ժամկետով գործարքների հաճախականությունը շաբաթականից՝ ամենօրյա»,- ասված է Fed-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է մյուս հինգ կենտրոնական բանկերի  հայտարարությունների հետ միաժամանակ։

Գործարքները կսկսվեն մարտի 20-ին եւ կշարունակվեն առնվազն մինչեւ ապրիլի ավարտը, հայտնել է Fed-ը:

Կենտրոնական բանկերի միջեւ սվոփ գծերի ցանցը ներկայացնում է մշտական հասանելի միջոցների հավաքածու եւ ծառայում է որպես իրացվելիության կարեւոր ռեզերվ՝ համաշխարհային ֆինանսական շուկաներում լարվածությունը թուլացնելու համար՝ դրանով իսկ օգնելով մեղմել տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին վարկեր տրամադրելու համար նման լարվածության հետեւանքները, ասված է Fed-ի հայտարարության մեջ։

Համակարգված գործողությունների մասին հայտարարությունների միաժամանակյա հրապարակումն ազդարարում է կենտրոնական բանկիրների՝ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ֆինանսական համակարգի վերջին ցնցումների վերաբերյալ անհանգստության խորության մասին, գրում է գործակալությունը։
Կենտրոնական բանկերի այս քայլը հետեւել է շվեյցարական իշխանությունների միջնորդությամբ UBS-ի հետ շվեյցարական Credit Suisse մրցակից բանկի միաձուլման գործարքին: UBS-ը եւ Credit Suisse-ը հանգստյան օրերին տեւած բանակցություններից հետո պայմանավորվել են միաձուլման մասին, Credit Suisse-ը գնահատվել է $3,2 միլիարդ, ինչն ավելի քան երկու անգամ ցածր է բորսայում վերջին նստաշրջանի ժամանակ գրանցված ցուցանիշից։ Գործարքի մասին հայտարարվել է մամուլի ասուլիսում, որի ընթացքում ելույթ են ունեցել Շվեյցարիայի նախագահը, ֆինանսների նախարարը եւ Կենտրոնական բանկի ղեկավարը։