Logo

Գնաճի ռիսկն իր տեղը զիջել է վարկային ռիսկին․ Bank of America

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:19 / 22.03.2023LifeTech
null

Պորտֆելների միջազգային կառավարիչներն անհանգստացած են ԱՄՆ բանկային ճգնաժամով եւ դրա հետեւանքներով համաշխարհային ֆինանսական համակարգի համար:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում Bank of America-ի (BofA) կողմից մարտ ամսին անցկացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել են պորտֆելների 244 մենեջերներ, ովքեր տնօրինում են $621 միլիարդի ակտիվներ:

Հարցման համաձայն՝ մասնակիցների 31%-ը որպես առանցքային ռիսկեր, նշել են վարկային եւ կոնտրագենտների հետ կապված ռիսկերը, որոնք անկանխատեսելի հետեւանքներ կունենան համաշխարհային տնտեսության վրա: Արդյունքում՝ բարձր գնաճի ռիսկը, որը գերակշռում էր վերջին տասը ամիսների ընթացքում, 25% մասնաբաժնով իջել է երկրորդ տեղ։

Այս փոփոխություններին նպաստել է ամերիկյան Silicon Valley Bank-ի (SVB), Signature Bank-ի եւ Silvergate Bank-ի փլուզումը, որն առաջացրել է հաճախորդների եւ ներդրողների անվստահությունը բանկերի նկատմամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Եվրոպայում:
Ըստ BofA-ի հարցման արդյունքների՝ կառավարիչների թիվը, ովքեր վստահ են, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը կդանդաղեն, 51%-ով ավելի է, նրանց թվից, ովքեր նման արդյունք չեն սպասում: Մեկ ամիս առաջ հոռետեսների թիվը միայն 35%-ով էր ավելի շատ։ Բացի այդ, 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ աճել է կառավարիչների մասնաբաժինը (մինչեւ 42%), ովքեր չեն բացառում ռեցեսիան։

Արդյունքում՝ կառավարիչներն իրենց պորտֆելներում կանխիկի մասնաբաժինը 5,2%-ից ավելացրել են մինչեւ 5,5%։ Բացի այդ, նրանք ակտիվորեն փոխել են իրենց պորտֆելների կառուցվածքը։ Մասնավորապես, կառավարիչները նախորդ տարվա փետրվարից ռեկորդային տեմպերով կրճատել են ներդրումները բանկային բաժնետոմսերում։ Բացի այդ, մարտին պորտֆելների թիվը, որոնցում ամերիկյան բաժնետոմսերի մասնաբաժինը ցածր է եղել ինդիկատիվ մակարդակից, 44%-ով ավելի է: Սա 18 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն է։

Միաժամանակ, կառավարիչները շարունակում են ավելացնել ներդրումները եվրոպական եւ զարգացող երկրների ընկերությունների բաժնետոմսերում։