Logo

Հարկային նոր մենթալիտետի որդեգրումն առանցքային դրույթ է. վարչապետը՝ ՀՀ տնտեսության մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:13 / 17.04.2023LifeTech
null

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է ունենալ այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։

«Նման տնտեսությունը կարող է լինել եւ պետք է լինի բարդության առավել բարձր աստիճան ունենալուն միտված: Այսինքն, մեր տնտեսական քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ մեր երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի: Եվ այս առումով, էական են այն ներդրումները եւ ռազմավարությունները, որ ունենք կրթության ոլորտում: Կրթություն ասելով՝ նկատի ունենք եւ նախադպրոցական կրթությունը, եւ հանրակրթությունը, եւ մասնագիտական կրթությունն ու  ուսուցումը, եւ բուհական ու ետբուհական կրթությունը: Շատ կարեւոր եմ համարում մասնագիտական վերապատրաստման կրթությունը, որը նաեւ տնտեսության մեջ աշխատաշուկայի կարգավորումներ իրականացնելու, մարդկանց վերամասնագիտացնելու կամ մարդկանց իրենց մասնագիտություններում առկա նոր միտումներին հաղորդակից լինելու մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

 Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումը մեր վերջին հինգ տարվա քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է: Մեր կարեւոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները եւ ռեզիդենտները հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից` ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը եւ սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Որովհետեւ միայն այն պարագայում, երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, միայն այդ ժամանակ է, որ ինքը հարկային այս նոր մտածողությունը կորդեգրի»,- նշել է վարչապետը: