Logo

Հայաստանի օդանավակայանները սպասարկել են մոտ 3,7 միլիոն ուղևորի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:12 / 17.04.2023LifeTech
null

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է 2022 թվականի կատարողականի զեկույցը:

Այսպես, 2022 թվականին ՀՀ օդանավակայանների կողմից սպասարկվել է 3 698 256 ուղեւոր, որը 54%-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից: Նշված ուղեւորահոսքից 951 100 ուղեւոր օգտվել է հայկական ավիաընկերություններից, որը կամ 313,2%-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից (303 700 ուղեւոր):

2022 թվականին օդային ճանապարհով փոխադրվել է 23 341 տոննա բեռ, որը 35%-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից (17 321 տոննա):

Ըստ զեկույցի, հայկական ավիաընկերությունների կողմից փոխադրված ուղեւորների տեսակարար կշիռն ընդհանուր ուղեւորահոսքի մեջ 2022 թվականին կազմել է 25%, 2021 թվականին՝ 11%:

2022 թվականին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդի համահիմնադրմամբ ստեղծված «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը տրամադրվել է օդանավ շահագործողի վկայական եւ կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր:

2022 թվականի հուլիսից թռիչքներ իրականացնող ավիաընկերությունը նույն տարվա ընթացքում տեղափոխել է ավելի քան 80 հազար ուղեւոր: 2022 թվականի ընթացքում իրականացվել են կանոնավոր չվերթեր շուրջ 45 ուղղությամբ, որոնցից 9-ը մեկնարկել է 2022 թվականին (դեպի Լառնակա, Թել Ավիվ, Ստամբուլ, Անթալիա, Աբու Դաբի, Հռոմ, Վիլնյուս, Միլան, Քիշնեւ):

Զեկույցում նշվում է, որ մեկնարկել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից ներդրումային նոր խոշոր ծրագրի համապարփակ քննարկման աշխատանքները:

«Հետեւողական եւ ինտենսիվ աշխատանքներ են կատարվել ՀՀ օդանավ շահագործող ընկերություններին Եվրահանձնաժողովի 2020 թվականի հունիսի 2-ի որոշմամբ հաստատված՝ ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակից դուրս բերելու եւ ԵՄ օդային տարածքում թռիչքներ իրականացնելուն ուղղված հայկական ավիափոխադրողների իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Մշակվել եւ լրամշակվել են մի շարք իրավական ակտեր, ձեռնարկներ, ընթացակարգեր եւ այլ նորմատիվ փաստաթղթեր։ ԵՄ-ի կողմից 2020 թվականին գնահատողական այցի շրջանակում արձանագրված որակի (համապատասխանության) վերահսկողության եւ թռիչքների անվտանգության վերահսկողության 41 թերությունից 22-ը վերացված է, իսկ 19-ը գտնվում է ընթացքի մեջ»,- ասված է զեկույցում:

Երկաթուղային տրանսպորտի վերաբերյալ կառավարության կատարողականի մեջ նշվում է, որ 2022 թվականի ընթացքում իրականացվել է 8 կմ երկաթուղային գծի հիմնանորոգում, նորոգվել է 8 միավոր գծային տեխնիկա, կապիտալ վերանորոգվել է 3 միավոր շոգեքարշ, արդիականացվել է 11 լոկոմոտիվ, վերանորոգվել է 2 կմ հպակային ցանց։

2022 թվականի արդյունքներով գրանցվել է ուղեւորափոխադրումների 15,2%, ուղեւորաշրջանառության 43,4%, տեղափոխված բեռների 12,3% եւ բեռնաշրջանառության 11,8% աճ: