Logo

Հայաստանում կրթական համակարգը կթվայնացվի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:41 / 13.03.2023LifeTech
null

Հայաստանի պետական մարմինները եւ Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը՝ ՀՀ ողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների եւ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:  

ՀՀ էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների  եւ պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջեւ ստորագրվել է գործակցության հուշագիր:

«Հայաստանի պետական մարմինները կարեւորում է տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաեւ քայլեր է ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

SADA-ի Նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանն էլ ասել է, որ կարեւորում են Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը:

«SADA-ն կապահովի ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education գործիքակազմի եւ ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը եւ Chrome OS սարքերը՝ Google-ի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ», - ստորագրման արարողությունից հետո նշել է Թոնի Սաֆոյանը։

Նշվում է, որ SADA-ն նաեւ կտրամադրի ռեսուրսներ՝ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին՝ արտոնագիր ստանալու հարցում, համապատասխան Google-ի որակավորման պայմաններին: