Logo

Իրանցիները տուրբո շարժիչ են առաջարկել Lada մեքենաների համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:21 / 26.08.2022LifeTech
Lada-տուրբո շարժիչ

Iran Khodro-ն իր արսենալում ունի 163 ձիաուժ հզորությամբ գերլիցքավորված 1.6 շարժիչ, որը պատրաստ է մատակարարել «АвтоВАЗ»-ին։

Մինչ օրս Lada մեքենաները հագեցած են բացառապես մթնոլորտային շարժիչներով։ Անցյալ տարի լուրեր շրջանառվեցին, որ «АвтоВАЗ»-ը կարող է օգտագործել Renault-ի 1,3 լիտրանոց TCe 150 տուրբո շարժիչը, սակայն այս գարնանը ֆրանսիացիները լքեցին ռուսական շուկան՝ խզելով գործընկերությունը ռուսական ավտոարտադրողի հետ: Ինչպես պարզել է Quto.ru պորտալը, «АвтоВАЗ»-ին կարող են օգնության հասնել իրանցիները, մասնավորապես Iran Khodro ընկերությունը, որն իր զինանոցում ունի ժամանակակից գերլիցքավորվող ագրեգատ։  

Խոսքը 1,6 լիտրանոց շարժիչի մասին է. այն կառուցված է ֆրանսիական մթնոլորտային «չորս» TU5-ի հիման վրա, իսկ գերմանական FEV ընկերության ինժեներներն օգնել են ներդնել գերլիցքավորման համակարգ։ Իրանական տուրբո շարժիչը զարգացնում է 163 ձիաուժ, այսինքն՝ այն հզորությամբ գերազանցում է «АвтоВАЗ»-ի թոփային ագրեգատին՝ 1,8 բենզինով «ատմասֆերնիկին», որն արտադրում է ընդամենը 145 ուժ և տեղադրված է Vesta Sport-ում։

Iran Khodro-ն պատրաստ է իր շարժիչները մատակարարել «բոլորին, այդ թվում՝ «АвтоВАЗ»-ին», եթե ռուսական ավտոհսկայի ղեկավարությունը շահագրգռված լինի այդ առաջարկով։ Ավելին, իրանցիները կարող են Ռուսաստան ներմուծել ինչպես շարժիչը, այնպես էլ նրա մեխանիկական կամ ավտոմատ փոխանցման տուփը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «АвтоВАЗ»-ը բենզինային շարժիչների նոր խումբ է պատրաստում Lada մեքենաների համար։ Բանն այն է, որ Ռուսաստանից Renault-ի հեռանալով ռուսական ավտոարտադրողը կորցրեց իր 16 փականով 113 ձիաուժ հզորությամբ HR16 շարժիչը (նույն Renault H4M-ը): «Мотор»-ի տեղեկություններով՝ մշակման փուլում է 100-ից 200 ձիաուժ հզորությամբ երկու լիտրանոց «չորսանոցների» խմբաքանակը։