Logo

Խաղի կանոններ և անվտանգ միջավայր․ Հայաստանը՝ թվային ապագայում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:03 / 05.04.2023LifeTech
null

Վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջազգային միջոցառումների ինտենսիվացումն ինքնին այն բանի տեսանելի ցուցիչ է, որ Հայաստանի տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ին, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  

«Ուրախալի փաստ է նաև այն, որ նման հարթակներն առաջնորդվում են մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի կողմից: Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ, և պետությունը հնարավոր ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ և նպաստավոր ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում։ Սա է կառավարության հիմնարար մոտեցումը թվային բարեփոխումների իրականացման գործում»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ թվայնացման օրակարգի հայեցակարգային մակարդակում շեշտադրել են անցումը էլեկտրոնային կառավարությունից դեպի թվային հասարակության: Սա նշանակում է, որ քաղաքացին և մասնավոր հատվածը գտնվում են թվային փոխակերպման կենտրոնում, և լուծումները քննարկվում են նրանց տեսանկյունից:

«Այս օրակարգը կյանքի կոչելու նպատակով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը, որը ձևավորվել է 2022 թվականի սկզբին, և որը պատիվ ունեմ նախագահելու՝ որպես երկրի գլխավոր տեղեկատվական համակարգող, հաստատել և ձեր դատին է ներկայացրել թվային հասարակության ու տնտեսության տեսլականն ու 9 գլխավոր թիրախները։

Տեսլականը կառուցված է «Բաց և որակյալ տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են» ուղերձի շուրջ, իսկ թիրախները շեշտադրում են հետևյալ սկզբունքները՝ բոլոր քաղաքացիները հասանելիություն են ունենալու թվային նույնականացման լուծումներին, և դրա համար ուղղակիորեն չեն վճարելու, քաղաքացիները և տնտեսավարողները պետական համակարգին տվյալները տրամադրելու են «միայն մեկ անգամ» սկզբունքով, պետության կողմից մատուցվող ծառայությունները նախագծվելու են կյանքի իրավիճակների շուրջ»,- ասաց փոխվարչապետը:

Նրա համոզմամբ՝ թվայնացման ոլորտում ներդրումները հանգեցնելու են հասարակության, տնտեսության և կառավարության փոխակերպմանը, ներառյալ՝ հարմարավետությանն ու արտադրողականությանը խոչընդոտող ինստիտուտների, գործառույթների ու գործընթացների վերափոխմանը կամ վերացմանը:

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ թվային տնտեսության դարաշրջանում հասարակության առաջընթացի գրավականը առաջին հերթին՝ վստահության միջավայրը, միտքն ու նորարարությունն են, ինչի ներուժը Հայաստանը վստահաբար ունի:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ մասնավոր հատվածի կողմից թվայնացման օրակարգի առաջնորդումը և պետության կողմից թվային հասարակության և տնտեսության զարգացման մեջ ողջամիտ ներդրումները թույլ կտան այդ ներուժի իրացումը հասցնել առավելագույնի:

Երևանում ապրիլի 5-ին մեկնարկեց առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով։ Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը: