Logo

Նեղոսն օգնել է բացահայտել եգիպտական բուրգերի կառուցման առեղծվածը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:54 / 31.08.2022Նախագծեր
Եգիպտական բուրգեր

Ոչ, այլմոլորակայինների նավ այնտեղ չի հայտնաբերվել։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։

Գիզայի եգիպտական բուրգերը, որոնք կառուցվել են մոտ 4500 տարի առաջ, միշտ գրավել են կոնսպիրոլոգիայի և հնագույն առեղծվածների սիրահարներին: Պատմաբանները դեռևս չեն կարողանում մի հաjտարարի գալ, թե ինչպես են կառուցվել այդ շինությունները: Հիմնական հարցը միշտ նույնն է՝ ինչպե՞ս են շինհրապարակ հասցվել 2,5 տոննա միջին քաշով հսկայական քարե բլոկները։ Ֆրանսիացի գիտնականների նոր հետազոտությունը վեր է հանել գաղտնիության շղարշը։

Այժմ Գիզայի բուրգերը շրջապատված են ընդարձակ ավազոտ հարթավայրով, մի կողմից  էլ սահմանակից են Կահիրեին։ Նեղոսի հիմնական հունը գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, ինչը բավականին մեծ տարածություն է ցամաքով քարեր տեղափոխելու համար։ Սակայն Մարսելի համալսարանի մասնագետները պարզել են, որ ավելի քան 4000 տարի առաջ գետի մոտ եղել է Խուֆու վտակ, որը կապել է բուրգերի կառուցման վայրը Եգիպտոսի գլխավոր նավարկելի երակի հետ։

Եգիպտական բուրգեր-1

Վարկածը, որ Նեղոսը հասել է Գիզա, առաջին անգամը չէ առաջ  քաշվում, սակայն նախկինում դա հնարավոր չէր հաստատել։ Այժմ ֆրանսիացի գիտնականները կարողացել են մանրամասն ուսումնասիրել գետի այս չորացած հատվածի պատմությունը փոշու հատիկների  միջոցով։ Հետևելով Նեղոսի երկայնքով ավելի քան 61 տեսակի բույսի աճին ու ոչնչացմանը, նրանք ցույց են տվել գետի ջրի մակարդակի բարձրացումն ու անկումը Հին Եգիպտոսի պատմության 8000 տարվա ընթացքում:

Մասնավորապես, հաստատվել է, որ ջրի մակարդակը Խուֆուի վտակում զգալիորեն բարձրացել է Աֆրիկյան խոնավ ժամանակաշրջանում: Դա կլիմայական շրջան է Աֆրիկայում ուշ պլեյստոցենի և հոլոցենի (երկրաբանական դարաշրջաններ) ժամանակ, երբ Հյուսիսային Աֆրիկան ավելի խոնավ էր, քան այսօր, և այն շարունակվել է 14800-ից մինչև 5500 տարի առաջ։

Եգիպտական բուրգեր-2

Ջրի մակարդակը Խուֆուի հատվածում, կարծես, համեմատաբար բարձր է եղել խոնավ ժամանակաշրջանից հետո որոշ ժամանակ անց, ինչը թույլ է տվել գետին նավարկելի լինել մինչև Գիզայի Մեծ բուրգը, որը նվիրված էր Փարավոն Խուֆուին (Քեոփսի բուրգը) մոտ 4500 տարի առաջ:  Սկզբում այն ուներ 146,6 մետր բարձրություն և բաղկացած էր ավելի քան 2,3 միլիոն խոշոր քարե բլոկներից՝ 6 միլիոն տոննա ընդհանուր քաշով։

Հնարավոր է, որ ինչ-որ պահի Նեղոսի՝ այժմ կորած վտակը հասել է Գիզայի Մեծ Սֆինքսին, որն այսօր գերիշխում է բուրգի համալիրում: Սա շատ բան կբացատրի եգիպտական հուշարձանների առեղծվածների մասին, բայց, իհարկե, չի պատասխանում դրանց կառուցման վերաբերյալ բոլոր հարցերին, ասել են հետազոտողները: