Logo

«Թումո ստուդիաներ»՝ Արամի 44 հասցեում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:09 / 24.03.2023LifeTech
null

Կառավարությունը նախատեսում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևան քաղաքի, Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին:

Հիմնադրամը ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պարտավորվել է 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով գույքի բարեկարգման աշխատանքներ։ Սիմոնյան կրթական հիմնադրամը այդ տարածքում նախատեսում է իրականացնել «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը, որի նպատակներից են՝ հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դիզայներական մտքի և խոհարարական արվեստի առաջատար մասնագետներին, ծրագրի մասնակից դարձնել ուսանողներին, պրակտիկանտներին և արհեստավորներին: 2017թ-ից «Թումո ստուդիաներ» ծրագրի գործունեության արդյունքում հազարավոր շահառուներ ստացել են բարձրակարգ անվճար ուսումնական ծառայություններ արհեստի և արվեստի ոլորտներում:

Կրթության ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման կարևորությունը և նշել, որ պետք է ավելի հետևողական լինել այդ հարցում և մտածել այնպիսի ծրագրեր գործարկելու մասին, որոնք ավելի լայն դաշտ կստեղծեն երկրի համար ռազմավարական նշանակության նախագիծը կյանքի կոչելու, մասնավոր և պետական հատվածի կրթական ներուժն ամբողջությամբ Ակադեմիական քաղաքում կենտրոնացնելու համար: