Logo

Թութանհամոնի գերեզմանի մոտ հայտնաբերվել են հարյուրավոր մումիաներ և անհայտ թագուհու բուրգ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:51 / 18.11.2022LifeTech
Եգիպտոս-մումյաներ

Վերջին երկու տարիներին ամբողջ աշխարհից հնագետներ են աշխատում Եգիպտոսի Սակարայում՝ Գիզայի հնագիտական վայրում, Կահիրեից մոտ 32 կիլոմետր դեպի հարավ: Վերջերս նրանք այնտեղ հայտնաբերել են բազմաթիվ դագաղներ և մումիաներ, որոնք կարող են պատկանել Թութանհամոնի ամենամտերիմ գեներալներից և խորհրդականներից ոմանց՝ նրա կառավարման տարիներին (մ.թ.ա. 1333-ից մինչև մ.թ.ա. 1323 թվականը):

Պեղումները տեղի են ունեցել Թութանհամոնի գերեզմանից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա։ Հնագետներն այնտեղ նախ գտել են անհայտ հին եգիպտական թագուհու բուրգ: Նրա անունը Նեյթ է եղել, և նախկինում նա երբեք չի հիշատակվել պատմական գրառումներում:

Գիզա-բուրգեր

Այնուհետև, պեղումների ժամանակ հնագետներն ուշադրություն են դարձրել հարևան բուրգին, որը պատկանում է Եգիպտոսի վեցերորդ դինաստիայի առաջին թագավոր Թետիին: Հենց այնտեղ նրանց իսկական գանձ էր սպասում։

Հայտնաբերվել է 22 փոխկապակցված հոր՝ 9-ից 18 մետր խորությամբ։ Դրանցում գտել են Նոր Թագավորության ժամանակաշրջանի հսկայական կրաքարե սարկոֆագ՝ 300 դագաղով։

Որոշ սարկոֆագներ ունեն երկու կափարիչ, իսկ ամենազարմանալին ունի կնոջ դիմակ՝ ամբողջովին մաքուր ոսկուց։ Ներսում կարելի է գտնել տարբեր արտեֆակտներ, ներառյալ Պտահ-Սոկար աստծո արձանիկները: Զինվորներից մեկի դագաղում մետաղյա կացին է եղել։

Հայտնաբերված դագաղների և հնությունների մի մասը կցուցադրվի Գիզայի Մեծ Եգիպտոսի թանգարանում, որը նախատեսվում է բացել հաջորդ տարի: