Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Փառքի 5 րոպեները. «Հոլիվուդյան ֆիլմ» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին. Ռաֆաել Խալաթյանի բլոգը

HarutKarapetyan 04 228x152 - Փառքի 5 րոպեները. «Հոլիվուդյան ֆիլմ» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին. Ռաֆաել Խալաթյանի բլոգը

1998թ. հունիսի 6. Չորս օր անց Ֆրանսիայում կմեկնարկի ֆուտբոլի  աշխարհի առաջնությունը: Չնայած դրան` MLS-ում դադար հայտարարված չէ: «Լոս Անջելես Գելեքսին», ով աշխարհի առաջնության է գործուղել իր առաջատար Կոբի Ջոնսին, սեփական հարկի տակ ընդունել է «Դալլասին»: Ընթանում է 78-րդ րոպեն և դաշտի տերերի գլխավոր մարզիչ Օկտավիո Զամբրանոն փոխարինում է Դանիել Էրնանդեսին ու նրա փոխարեն խաղադաշտ է դուրս բերում Հարութ Կարապետյանին…

Այս գրառումը կարդալիս ձեզ անհրաժեշտ է մի փոքր միացնել երևակայությունը: Պատկերացրեք ձեզ հոլիվուդյան մի կինոթատրոնում: Պրեմիերա. «Փառքի 5 րոպեները»` կենսագրական ֆիլմ մի ֆուտբոլիստի մասին: Ինչպես և մարզական թեմատիկայով ֆիլմերի մեծամասնությունը, սա ևս մեծ երազանքների, դրանց իրագործման ընթացքում դժվարությունների հաղթահարման մասին է: Կամքի ուժի դրսևորում, երիտասարդ , հավակնոտ մարզիկ, պահանջկոտ, խիստ, բայց հանդիսատեսի համակրանքին արժանացող մի մարզիչ, ով ֆիլմի մի հատվածում հայտնվում է մարզիկի կողքին ու դժվար պահերին անընդհատ հորդորում նրան չհանձնվել: Իսկ հիմա պատկերացրեք, որ ֆիլմի գլխավոր հերոսը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է: Հետաքրքրե՞ց: Ուրեմն, տեղավորվեք հարմարավետ, սկսում ենք…

Դժվարություններ, հուսահատություն

1989թ. Հայաստանում ստեղծված տնտեսական ծանր իրավիճակի պատճառով Կարապետյանների ընտանիքը որոշում է վաճառել բնակարանը և մեկնել ԱՄՆ: Սովորական պատմություն այդ տարիների համար: Ընտանիքը հասնում է  նահանգներ ընդամենը մի քանի հարյուր դոլարով. գրեթե ամբողջ գումարը գնում է ավիատոմսերին: Գործն ավելի է դժվարեցնում այն, որ Կարապետյաններից ոչ ոք անգլերեն չգիտի, ինչը խոչընդոտում է ծնողների աշխատանք գտնելուն: Բնական է, որ առաջին շրջանում ընտանիքին օգնության ձեռք են մեկնում արդեն իսկ ԱՄՆ-ում հաստատված բարեկամները:

Չորս զավակներից ավագը` 17-ամյա Հարութը, անմիջապես սկսում է հաճախել Marshall High դպրոցի ավարտական 10-րդ դասարանը: Սակայն տեղափոխությունը լուրջ վտանգի տակ է դնում պատանու ֆուտբոլային երազանքների իրականացումը: Մանկուց Հարութը երազում էր մեծ ֆուտբոլ խաղալ, ապրում էր այդ երազանքով: 8 տարեկանից Հարութը հաճախում էր ֆուտբոլային մանկապատանեկան դպրոց` ամեն օր կտրելով 24 կմ տարածություն, որտեղ օրական երկու մարզում էր անցկացնում` ընդմիջված 5-ժամյա դպրոցական դասերով: Հայրը տեսնում էր որդու տաղանդը, ու նրա համար լրացուցիչ մարզումներ էր նշանակում բակում: Տղայի տաղանդն ակնհայտ էր. ոչ մի կասկած չկար, որ շուտով նա համալրելու է հայկական ամենահեղինակավոր թիմի` «Արարատի» շարքերը, խաղալու է ԽՍՀՄ առաջնությունում: Բայց, ճակատագիրը այլ ծրագրեր ուներ, թեʹ Հարութի, թեʹ ԽՍՀՄ անունով երկրի համար…

Այժմ այստեղ` Հոլիվուդում Հարութի ապագա կարիերան մշուշոտ է երևում: Ֆուտբոլը, կամ ինչպես ամերիկացիներն են ասում, սոկերը, այդքան էլ մեծ հեղինակություն չի վայելում: Հասակակիցները ավելի շատ ընկած են բասկետբոլի, բեյսբոլի, կամ էլ մի տարօրինակ մարզաձևի հետևից, որը իրենք` յանկիները չգիտես ինչու ֆուտբոլ են անվանում: Դեռ մի բան էլ առջևից ավելացնելով «ամերիկյան» ածականը: Ֆինանսական խնդիրներն էլ մյուս կողմից: Աշխատելու և ընտանիքին օգնելու մտքերը անպակաս են: Հարութի աչքի առաջ են օրինակները, երբ իր տարիքի հայ պատանիները թողել են ֆուտբոլը ԱՄՆ-ում ընտանիքին օգնելու համար: Բայց Կարապետ Կարապետյանի համար իր որդու ապագան շատ ավելի կարևոր է:

Ուսմանը զուգահեռ Հարութը սկսում է ֆուտբոլ խաղալ դպրոցի թիմում: Իսկական ֆուտբոլ, ոչ ամերիկյան: Լավ հասկանալու համար, թե ինչ թիմում է նա խաղում, ուղղակի պատկերացրեք ֆինանսավորում չունեցող մի ակումբ, որը ոչինչ չունի, բացի 5 հատ գնդակից: Մարզումները ուրախ, թեթև: Բայց մեծ ֆուտբոլի մասին երազող պատանին չի կարող բավարարվել այդ մարզումներով: Վերադառնալով տուն` նա մարզվում է բազմապատկված եռանդով, քրտնում , հոգնում, աշխատում իր թերությունների վրա: Թիմում էլ իսկական աստղ է: Ամեն խաղի 4-5 գոլ է խփում և իր թիմին դուրս բերում քաղաքային առաջնության փլեյ-օֆֆ. աննախադեպ արդյունք Մարշալի ավագ դպրոցի համար:

Ֆիլմի արդեն այս հատվածում ձևավորվում է հերոսի գլխավոր նպատակը, որը սկզբում պարզապես անհասանելի բարձունք է թվում:  Բայց բարձունքը հաղթահարելու առաջին նախապայմանը այն հաղթահարելու ցանկությունն է, իսկ դրա պակասը մեր հերոսի մոտ չկա:

Առաջին քայլերը դեպի երազանքի իրականացումը

Մեկ տարի անց Հարութը տեղափոխվում է Հոլիվուդի ավագ դպրոց, որտեղ զրկվում է ֆուտբոլ խաղալու հնարավորությունից. 19 տարեկան հասակում արդեն թույլ չի տրվում մասնակցել ավագ դպրոցի մարզական միջոցառումներին: Մեր հերոսը ստիպված է կիսապրոֆեսիոնալ ակումբներ գտնել մարզավիճակը պահպանելու համար, մարզվել տանը ու օգտվել ֆուտբոլ խաղալու ամենաչնչին մի հնարավորությունից:

Ընտանիքի խնդիրները աստիճանաբար սկսում են կարգավորվել: Կարապետ ու Աղավնի Կարապետյանները աշխատանք են գտնում կարի գործարանում: Ընտանիքը ձեռք է բերում ավտոմեքենա, առանց որի, ինքներս գիտենք, ԱՄՆ-ում ոչ մի ընտանիք չի կարող «յոլա գնալ»: Չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին` Կարապետ Կարապետյանը շարունակում է ամեն ինչ անել որդու ֆուտբոլային կարիերայի համար: Մեքենայով տանում է դասի, մարզումների, խաղերի… Հոր խորհուրդները միշտ ուժ են տալիս պատանուն, ով արդեն ավարտում է ավագ դպրոցը:

Այստեղ տեղի է ունենում ֆիլմի բեկումնային պահը: Ամերիկյան պրեֆեսիոնալ լիգայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լոս-Անջելես Սալսա» ակումբը փորձնական ճամբար է կազմակերպում ֆուտբոլիստներ ընտրելու համար: Պարզապես պատկերացրեʹք. հազարից ավելի մարդիկ գալիս են այն հույսով, որ իրենց կնկատեն ու կվերցնեն պրոֆեսիոնալ ակումբ: Տարբեր տարիքի, տարբեր հասակի, տարբեր քաշի, տարբեր խաղաոճի… Կան մարդիկ, ովքեր գնդակին էլ նորմալ չեն կարող հարվածել: Հազարից ավել: Ու այդ հազարից հաջող տոմս է քաշելու ընդամենը մեկը: Հազարից մեկը…

Հիշու՞մ եք այն մարզչին, ում մասին խոսեցինք նախաբանում: Դե, նա, ով պետք է հայտնվեր ֆիլմի ընթացքում: Ահա նա: Ֆիլմի այս հատվածում հայտնվում է լատինաամերիկյան արտաքինով մի երիտասարդ` մոտ 34-35 տարեկան: Նա իր մոտ է կանչում ֆիլմի հերոսին ու ներկայանում որպես Օկտավիո Զամբրանո` «Լոս Անջելես Սալսայի» գլխավոր մարզչի օգնական: Եվ այսպես, առաջին մեծ հաղթանակը. հազարից մեկը հենց Հարութ Կարապետյանն է:

Octavio-Zambrano-310x175

Գալիս է մի պահ, երբ ֆիլմում տեղի է ունենում երկրորդական դերերի փոխարինում: Եթե ֆիլմի առաջին հատվածում այդ դերը վստահված էր Հարութի հորը` Կարապետ Կարապետյանին, ապա ֆիլմի երկրորդ հատվածում առաջ է գալիս Օկտավիո Զամբրանոն: Միայն այն, որ նա այդ հազարի մեջից նկատում է հենց Հարութին, դարձնում է նրան ֆիլմի գլխավոր աստղերից մեկը ու պահանջում նրա հետագա ակտիվ գործունեությունը ֆիլմում: Զամբրանոն բերում է Հարութին գլխավոր թիմ, որտեղ մեր հերոսը 3 մրցաշրջան է անցկացնում: Ճիշտ է, առաջին մրցաշրջանից հետո Զամբրանոն հեռանում է թիմից, բայց ֆիլմի սցենարը պահանջում է, որ նրանք անընդհատ կապի մեջ լինեն: Նույնիսկ եթե սցենարը մի փոքր տարբերվի իրականությունից:

Ավելորդ է նշել, որ Կարապետյանը դառնում է «Սալսայի» առաջատարներից: Բայց դա չի նշանակում, որ երազանքն իրականացված է, իսկ դժվարությունները հետևում: Ֆուտբոլային շրջանակներում ակտիվ խոսում են նոր` Ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգայի` MLS-ի ստեղծման մասին: Պայմանագրեր են կնքվում աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ: Խաղալ MLS-ում` այլևս երազանք է: Բայց… Ամպրոպ պարզ երկնքում: «Լոս Անջելես Սալսան» լուծարվում է 1994թ.-ին, իսկ MLS-ը պետք է մեկնարկի միայն երկու տարի անց: Կարապետյանը կրկին մնում է առանց թիմ` անորոշ վիճակում…

Հաղթանակ, վերելք

Երկու տարի առանց ֆուտբոլ: Քիչ ժամանակ չէ ամեն ինչի վրա թքելու ու հեռանալու համար: Նման մտքերը չեն կարող չանցնել մեր հերոսի կողքով: Բայց կամքի ուժը հաղթում է նաև այստեղ, նա շարունակում է անդադար մարզվել: «Եթե թեկուզ մեկ վայրկյան հնարավորություն ես ստանում, պետք է պատրաստ լինես դրան, որովհետև եթե լավ մարզավիճակում չլինես, չես կարող ցույց տալ կարողություններդ: Հնարավորությունը մեկ անգամ է լինում, ու եթե մարզիչը չհավանի քեզ, վերջ: Գիտեմ, որ ավելի ուժեղ լիգա է ստեղծվում: Ես ուզում եմ պատրաստ լինել դրան»,- ֆիլմի դրվագներից մեկում ասում է հերոսը:

Ֆիլմի այս կարևոր պահին կրկին հայտնվում է Օկտավիոն, ով այդ պահին արդեն նորաստեղծ «Լոս Անջելես Գելեքսիի» գլխավոր մարզչի օգնականն էր:

– Ալո:

– Ալո, Հարուʹթ, Իրվայնում հավաք է լինելում, MLS-ի թիմերը ֆուտբոլիստներ են ընտրելու: Անպայման կգաս:

Սկսվեց MLS-ի առաջին ֆուտբոլիստների ընտրության համար նախատեսված հավաքը: Մի քանի օր ֆուտբոլիստները ակումբների մարզիչների համար ցուցադրում են իրենց որակները, մարզվում, հետո բաժանվում թիմերի, խաղում միմյանց դեմ: Ֆուտբոլիստների որակը այստեղ արդեն շատ բարձր է, Հարութը երևացող դերերում չէ: Բայց կա մեկը, ով շատ լավ գիտի նրա կարողությունները, նրան լրացուցիչ թեստեր պետք չեն: Ու մինչ բոլոր թիմերի մարզիչները նույնիսկ չեն էլ նկատում հայազգի 24-ամյա տղային, Օկտավիոն արդեն համոզում է գլխավոր մարզիչ Լոթար Օսիանդերին դրաֆտում անպայման ընտրել Կարապետյան ազգանունով ֆուտբոլիստին: Եվ ահա, դրաֆտի 7-րդ ռաունդում` 74 համարի տակ «Լոս Անջելես Գելեքսին» ընտրում է Հարութ Կարապետյանին:

MLS-ում խաղալու երազանքը իրականացված է: Կարապետյանը ստանում է «11» համարի մարզաշապիկը: Նորամուտի օրը մարզադաշտում են ֆիլմի բոլոր հերոսները` ծնողները, եղբայրները, հարազատները, հայկական համայնքի ղեկավարները: Կարապետյանը շուտով լիովին հարմարվում է թիմին: Մարզիչը նրան դնում է ձախ կիսապաշտպանի դիրքում: Ահա և առաջին գոլը: Դրանց թիվը գնալով աճում է: Ու առաջին խոշոր հաղթանակը` «Լոս Անջելես Գելեքսին» նվաճում է Արևմտյան կոնֆերենցիայի հաղթողի կոչումը ու դուրս գալիս MLS-ի գավաթի եզրափակիչ:

HarutKarapetyan 1615801

1997թ.-ին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեղի ունենում փոփոխություն և Օսիանդերին փոխարինում է Զամբրանոն: Կարապետյանը շարունակում է խաղալ ու գոլեր խփել: Հենց այդ տարի էլ «Գելեքսիի» օֆիսը նամակ է ստանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Տարիներ անց Կարապետյանը վերջապես հնարավորություն է ստանում ներկայացնել իր հայրենիքը: Հայաստանի հավաքականը ժամանում է ԱՄՆ ընկերական խաղեր անցկացնելու համար, ու Կարապետյանը հագնում է ազգային հավաքականի կարմիր մարզաշապիկը:

Այս հատվածում, ճիշտ է, ֆիլմի ռեժիսորները կդիմեն մանր խորամանկության: Նրանք մեծ շուքով կներկայացնեն հավաքականի հրավերը, բայց կշրջանցեն խաղերի պահերը: Դե, որ մի ռեժիսորն է այրվում այսպիսի սցենարի մեջ խցկել մի հատված այն մասին, թե ինչպես ֆիլմի հերոսի թիմը, այս պարագայում` Հայաստանի հավաքականը 0-7 հաշվով պարտվեց Չիլիին, 0-2 հաշվով էլ` Պարագվային: Այդուհանդերձ, հետաքրքրասեր հանդիսատեսի համար ասենք, որ նորամուտը Հայաստանի հավաքականում Կարապետյանը նշեց Չիլիի դեմ խաղում` 54-րդ րոպեին փոխարինելով Արմեն Սանամյանին, իսկ Պարագվայի դեմ խաղում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ֆիլմի ավարտը

Ֆիլմի ավարտին մոտ, ըստ հոլիվուդյան ավանդույթների, պետք է վերջին արգելքները ստեղծվեն: Բացառություն չէ նաև այս մեկը: 1998թ.-ի մրցաշրջանի սկզբում Կարապետյանը կորցնում է տեղը հիմնական կազմում: Զամբրանոն նրա դիրքում սկսում է վստահել ուրիշ ֆուտբոլիստի, ու բնական է, ֆիլմի ընթացքում, մենք այդպես էլ չենք հասկանում նրա դրդապատճառները: Ֆիլմի հերոսը զգում է, որ ինքը արժանի է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց մարզչից նորմալ բացատրություն ստանալ չի ստացվում: Հասկանալի է, որ եկել է հեռանալու պահը: MLS-ում գործում է ֆուտբոլիստների փոխանակման մեթոդը, ինչպես NBA-ում, կամ NHL-ում: Արժեքավոր «թրեյդ» լինելու համար ինչ-որ նոր «հերոսություն» է պետք:

Եվ ահա, ֆիլմի կուլմինացիան.

1998թ. հունիսի 6. Չորս օր անց Ֆրանսիայում կմեկնարկի ֆուտբոլի  աշխարհի առաջնությունը: Չնայած դրան` MLS-ում դադար հայտարարված չէ: «Լոս Անջելես Գելեքսին», ով աշխարհի առաջնության է գործուղել իր առաջատար Կոբի Ջոնսին, սեփական հարկի տակ ընդունել է «Դալլասին»: Մի թիմի, որին պարտվել է նախորդ մրցաշրջանի արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում: «Գելեքսին» առջևում է 5-1 հաշվով, ռևանշը կայացել է: Ընթանում է 78-րդ րոպեն և դաշտի տերերի գլխավոր մարզիչ Օկտավիո Զամբրանոն փոխարինում է Դանիել Էրնանդեսին ու նրա փոխարեն խաղադաշտ է դուրս բերում Հարութ Կարապետյանին…

82-րդ րոպեին Հարութը մեն մենակ է մնում դարպասապահի դիմաց և գնդակը գլորում նրա կողքով: 3 րոպե անց սուր անկյունից անկասելի հարվածով խոցում է դարպասը: Եվս երկու րոպե անց Կարապետյանը շրջանցում է դարպասապահի` 8-1: Հեթ-տրիկ` 5 րոպեում: MLS-ի պատմության ամենաարագ հեթ-տրիկը, որը չի գերազանցվել մինչ օրս:

HAPPY END! Մի պահ ռեժիսորը ցույց է տալիս Զամբրանոյի հայացքը, հետո` Կարապետյանին` թիմակիցների գրկում: Այստեղ սկսվում է ամերկյան «պապսայոտ» մի երաժշտություն, և մոտ 10 րոպեանոց տիտրերի շարանը: Լույսերը միանում են, հանդիսատեսը բավարարված հեռանում…

Ֆիլմից հետո

Երբ ավարտվում է հեփի էնդ ունեցող ցանկացած հոլիվուդյան ֆիլմ, ավարտվում է նաև հերոսների պատմությունը: Հանդիսատեսին չի էլ հետաքրքրում, թե ինչ կլինի նրանց հետ ֆիլմի ավարտից հետո: Ցանկացած հեփի էնդի հաջորդում է «դե, ուրեմն կապրեն երկար ու երջանիկ»: Դե, օրինակ, ում է հետաքրքիր, թե ինչ եղավ Էդվարդի և Վիվիանի հետ հանրահայտ «Սիրունիկը» ֆիլիմից հետո: Ապրեցին երկար ու երջանի՞կ: Իսկ միգուցե հետո վիճեցին, բաժանվեցին…

Չէ, իհարկե, երևակայությանը զոռ տալ պետք չէ, բայց դե, իրական կյանքը, ցավոք, տարբերվում է ֆիլմերից: Ու անհնար է վերջակետ դնել մեր ուզած տեղում: Օկտավիո Զամբրանոն Կարապետյանի համար մեծ ապագա էր կանխատեսում MLS-ում: Ասում էր, որ նրա լավագույն տարիներն առջևում են, ու ինքը` Զամբրանոն արեց ամեն ինչ, որպեսզի սկիզբ դրվի փայլուն կարիերային: Ճակատագրի հեգնանքով հենց ինքը` Զամբրանոն էլ դարձավ նրանցից մեկը, ով սկսեց քանդել այն:

18 May 1997: Harut Karapetyan of the Los Angeles Galaxy moves the ball during a game against the San Jose Clash at the Rose Bowl in Pasadena, California. The Galaxy won the game, 2-1.

Նշված խաղից տեղի ունեցավ ֆուտբոլիստի ու մարզչի զրույցը, որի ընթացքում պարզ դարձավ. այլևս նման կերպ չի կարող շարունակվել: Ֆուտբոլիստը գերազանց մարզավիճակում էր, բայց վստահություն չկար: Իսկ նրա ծառայություններով հետաքրքրված էին «Նյու Յորք Մետրոսթարզն» ու «Դալլաս Բարնը»: Կարապետյանը խնդրեց իրեն փոխանակել այդ թիմերից մեկի հետ, սակայն Զամբրանոն իր ծրագրերն ուներ: Նա փոխանակեց Հարութին «Սան Խոսե Քլեշի» ու ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ Լոուրենս Լոձանոյի հետ: Իսկ «Սան Խոսեում» առանձնապես չէին այրվում Կարապետյանին իրենց թիմում տեսնելու ցանկությամբ, քանի որ ձախ կիսապաշտպանի դիրքում այդտեղ խաղում էր ԱՄն-ի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Էդի Լյուիսը:

Բայց դա միայն անհաջողությունների սկիզբն էր: Անցկացնելով 5 խաղ նոր թիմի կազմում Կարապետյանը որովայնի մկանը կտրեց, ինչից հետո գլխավոր մարզիչ Բրայան Քուինը չցանկացավ պահել նրան թիմում ու ազատ գործակալի կարգավիճակ շնորհեց: Ապաքինումից հետո Կարապետյանը հայտնվեց Տամպա-Բեյում, որտեղ անցկացրեց ընդամենը 2 խաղ ու դարձավ մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Տամպայում» ցանկանում էին Հարութին եռակողմ «թրեյդի» մեջ ներառել, որի արդյունքում ֆուտբոլիստը պետք է վերադառնար «Լոս-Անջելես»: Վերջինիս նոր գլխավոր մարզիչ Սիգի Շմիդը անձամբ էր ցանկանում Կարապետյանին տեսնել իր թիմում: Բայց գործարքի երրորդ կողմը` «Կանզաս Սիթի Վիզարդսը» անընդունելի պայմաններ դրեց կալիֆորնիացիների առջև` հաջորդ դրաֆտի առաջին ու երկրորդ ռաունդների ընտրությունը: Արդյունքում Կարապետյանը ստիպված էր միանալ «Սան Խոսե Ըրթքուեյքս» ակումբին, որը մարզում էր մեզ քաջածանոթ Լոթար Օսիանդերը: Վերջինիս գլխավորությամբ Կարապետյանը վերջապես սկսեց վերագտնել իր խաղը` մասնակցելով 20 հանդիպման ու դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ու կրկին վնասվածք, կրկին ազատ գործակալ: Սակայն այս անգամ արդեն որպես ազատ գործակալ էլ նա ոչ մեկի պետք չէր… MLS-ի օրենքները այն ժամանակ մեղմ ասած կատարյալ չէին: Եվ 29 տարեկան հասակում Հարութ Կարապետյանը կախեց խաղակոշիկները մեխից: Տարիք, որում  շատ ֆուտբոլիստներ գտնվում են իրենց կարիերայի գագաթնակետում:

Հենց նման դեպքերը ստիպեցին ֆուտբոլիստների միությանը պայքարել ու 2011թ.-ին օրենք մտցնել, համաձայն որի ազատ գործակալ դարձած ֆուտբոլւստների համար Re-draft կստեղծվի, ու նրանք հնարավորություն կունենան ցույց տալ իրենց կարողությունները և վերադառնալ լիգա: Բայց արդեն ուշ է…

«Ես հիասթափված էի, քանի որ ամբողջ կյանքս նվիրել էի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալուն: Իմ նման մարդիկ նվիրված են սպորտին ու տասնյակ տարիներ քրտանաջան աշխատում են դրա համար: Խաղում էի կիրակնօրյա լիգաներում մարզավիճակ պահպանելու համար, խաղում էի «Լոս-Անջելես Սալսայում»: Այդ ամենի միջով անցնելով` երբեք չեմ հանձնվել: Երբ հասնում ես լիգա, ու նման բաներ են պատահում, մտածում ես` ես այսքան բանի միջով եմ անցել, իսկ այն, ինչ հիմա կատարվում է, իսկապես անարդար է»,- նշում է Կարապետյանը:

Հարութ Կարապետյանի խաղաոճը շատ լավ բնութագրում է իր նախկին թիմակից, երկու անգամ լիգայի լավագույն պաշտպան ճանաչված Ռոբին Ֆրեյզերը, ով մարզումների ժամանակ հաճախ է խաղացել իր դեմ:

galaxy

«Հարութը կարծես թնդանոթ լիներ խաղադաշտի ձախ հատվածում: Նա գերազանց փոխացնումների էր տիրապետում, կարող էր պայթեցնել խաղը մեկ փոխանցումով կամ մեկ հարվածով: Նա սիրում էր «ահաբեկել» իմ լավ ընկերոջը` Մարկ Դոդին` «Դալլասի» դարպասապահին: Հարձակման գծում ամենուր էր, ու կարող էր մեկ էլ հայտնվել անհայտ մի տեղից ու գործի դնել իր թնդանոթը` մեծ դժվարությունների առաջ դնելով դարպասապահներին:

Իր խաղացած ժամանակահատվածում նա մեծ ազդեցություն ուներ MLS-ում, գեղեցիկ գոլեր էր խփում, բազմաթիվ հնարավորություններ ստեղծում թիմակիցների համար: Նա միտված էր գոլերին, ինքն էր խփում, կամ փոխացնում էր կատարում… Նույնիսկ կարճ ժամանակահատվածում կարող էր մեծ ազդեցություն ունենալ խաղի ընթացքի վրա»:

Վերջաբան

Կարիերան ավարտելուց հետո Կարապետյանը խաղակոշիկները փոխարինեց փողկապով: Այժմ նա Հոլիվուդում «Հոնդա»-ի խանութի վաճառքի գծով ղեկավարն է: Ապրում է կնոջ` Էլիզայի, 18-ամյա որդու` Գարիի և 10-ամյա դստեր` Մարիի հետ:

«Շատերը ճանաչում են ինձ` անուն ազգանունով, ու դա ինձ համար պատիվ է: Հաճախորդներս պատմում են, թե ինչ են մտածում իմ մասին, հիշում են, թե քանի կարմիր քարտ եմ ստացել, քանի րոպե եմ խաղացել, քանի գոլ եմ խփել: Երբեմն շատ հետաքրքիր է հանդիպել մարդկանց, ովքեր քո մասին ամեն ինչ գիտեն»:

Չնայած նրա կարիերան չստացվեց այնքան փառահեղ, ինչպես կարող էր լինել, միևնույն է, արժեր վերապրել այդ ամենը, հաղթահարել դժվարությունները և հասնել երազանքին, քանի որ հիմա էլ մնացած հիշողությունները հիանալի են.

«Յուրահատուկ ժամանակաշրջան էր, հատկապես 1996 և 1997 մրցաշրջանները: Երբեք չեմ մոռանա «Դի Սի Յունայթեդի» դեմ եզրափակիչ խաղը: Ֆենոմենալ մրցաշրջան անցկացրինք, դուրս եկանք եզրափակիչ, ու վերջին 15 րոպեի ընթացքում բաց թողեցինք տիտղոսը մեր ձեռքից: Յուրահատուկ պահ էր, որը ես երբեք չեմ մոռանա: Անձրև էր, խոտածածկին երևի 4 մատնաչափ ջուր էր: Ջրհեղեղ էր… Խաղալ MLS-ի առաջին եզրափակչում. հիանալի, հիանալի հիշողություն է»,- եզրափակում է Կարապետյանը:

«Դալլասի» դեմ խաղի հեթ-տրիկը մինչ օրս մնում է ամենաարագը MLS-ի պատմության մեջ: Հավանաբար, մի օր այն էլ կգերազանցվի, ոչինչ այս աշխարհում հավերժ չէ: Ու երբ ինչ-որ մի ֆուտբոլիստ MLS-ում 5 րոպեում 3 գոլ խփի, կրկին կհիշեն Հարութ Կարապետյանին:

17 տարի առաջ ինֆորմացիան այդքան արագ չէր տարածվում, որքան այսօր: Պատմական հեթ-տրիկի մասին Կարապետյանի հայրենիքում գիտեին թերևս միայն ֆուտբոլի ամենամոլի երկրպագուները: Էլ չենք խոսում այդ գոլերը տեսնելու մասին: Բարեբախտաբար, այսօր մենք կարող ենք դիտել դրանք: Հավատացեʹք, մի օր MLS-ում նորից բոլորը կխոսեն այդ «փառքի 5 րոպեների» մասին:

 

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]