Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդին կրկնեց Նիստելռոյի ռեկորդը, «Լեսթերը» բարձրացավ 1-ին հորիզոնական

jamie vardy1 228x131 - Վարդին կրկնեց Նիստելռոյի ռեկորդը, «Լեսթերը» բարձրացավ 1-ին հորիզոնական

Անգլիայի առաջնության 13-րդ տուրը հարուստ էր սենսացիաներով։ Նախ, «Լիվերպուլը» «Էթիհադում» 1-4 հաշվով ջախջախեց «Սիթիին», երկրորդ, «Չելսին» հաղթանակ տարավ, երրորդ, պարտվեց «Արսենալը»։ Բայց գլխավոր սենսացիան տեղի ունեցավ «Սեյնտ Ջեյմս Պարկում», որտեղ մրցում էին «Նյուքասլը» և «Լեսթեր Սիթին»։

Համեստ «Լեսթերը», որ 2014 թվականի նոյեմբերի 23-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, զբաղեցնում էր ԱՊԼ-ի 20-րդ հորիզոնականը, այսօր, պատկերացնու՞մ եք, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանք կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել «Նյուքասլի» դարպասը։

Իսկ գլխավոր գործող հերոսն, անկասկած, Ջեյմի Վարդին էր, ով այդ խաղում գոլ խփելու դեպքում կկրկներ Ռուդ վան Նիստելռոյի՝ 2003 թվականին սահմանած ռեկորդը՝ հաջորդական խաղերում խփած գոլերի առումով։ Եվ Վարդին չհիասթափեցրեց. նա 45-րդ րոպեին կարողացավ բացել խաղի հաշիվը՝ գոլ խփելով ԱՊԼ-ի 10-րդ անընդմեջ տուրում։

Այսպիսով, Վարդին գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը 13 գոլով, կրկնում է Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, իսկ ահա «Լեսթերը»՝ սենսացիոն կերպով գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» 1 միավորով։