fbpx
Բաժիններ

«Ագեվազները նայում ուրախանում են». Ովքե՞ր ավելի բարձր կցատկեն Australian Open-2019-ում

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսային տարվա առաջին լուրջ ստուգատեսն է: Եվ այն նորից խոստանում է 2017-ի պես դառնալ ամենաանկանխատեսելին: 2 տարի առաջ Ռաֆա Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը, թվում էր, հեռու էին իրենց լավագույն մարզավիճակից, սակայն երկրպագուներին պարգևեցին «օլդսքուլ» եզրափակիչ՝ օգտվելով մի շարք առաջատար թենիսիստների պարտությունից: Ովքեր դիտել են եզրափակիչը, ամենաէպիկ դրվագը ևս մեկ անգամ դիտելու հաճույքից իրենց չեն զրկի: Ովքեր էլ որ չեն դիտել՝ թող ամուր պահեն կա’մ իրենց ծնոտը, կամ էլ պատրաստ պահեն ձեռքերը՝ ծնոտը բռնելու համար:

Դրանից հետո թենիսում ահագին բան է փոխվել՝ հայտնվել են նոր դեմքեր, որոնք խոստանում էին դառնալ նոր սերնդի լավագույնները, սակայն առայժմ, պայքարում են աստղային հիվանդության ու վնասվածքների դեմ: Նախորդ տարվա մեկնարկում բոլորին զարմացրեց կորեացի Հյոն Չոնը՝ հասնելով AO կիսաեզրափակիչ, սակայն դրանից հետո նրա հաջողության ծիծեռնակը թռավ-հեռացավ: Սա միայն մեկ օրինակ է, որ Ավստրալիայի կորտերում ամեն ինչ կարող է պատահել:

Դրա գլխավոր պատճառներից մեկն, անկասկած, եղանակն է: Ագեվազների երկրում հեշտ չէ խաղալ տարվա այս եղանակին: Սակայն Ավստրալիան շարունակում է մնալ աշխարհում այն եզակի վայրերից մեկը, որտեղ կարելի է տարվա այս եղանակին թենիս խաղալ: Հատկապես բերել է նրանց բախտը, ովքեր պիտի խաղան օրվա երկրորդ հատվածում: Երեկոյան ժամերին շոգն արդեն կոտրված է լինում: Առավոտյան և ցերեկը խաղալիս՝

  • Արևը վառում է
  • Շողերն ընկնում են թենիսիստների աչքերին

Երբեք չի կարելի վստահ լինել, որ երիտասարդ թենիսիստները կկարողանան սպասվածի պես հանդես գալ: 2019 թվականի առաջին մրցաշարերից մեկի՝ Հոպմանի գավաթի խաղարկության եզրափակիչում Ֆեդերերին պարտվելուց հետո գերմանացի Ալեքսանդր Զվերևը հուսահատ ասաց. «Ռոջեր, բավական է հաղթես: Գուցե թողես մենք է՞լ մի տիտղոս նվաճենք»: Սա շատերը համարում են կատակ, բայց իրականում՝ այսօրվա թենիսի գլխավոր խնդիրներից մեկն է՝ անկախ ամեն ինչից, 22-25 տարեկան թենիսիստների մրցապայքարում ֆավորիտ են 33-ամյա Նադալն ու 38-ամյա Ֆեդերերը:

Լավ է միայն, որ այս տարվա Ավստրալիայի բաց առաջնությունում անգամ չկա վառ արտահայտված ֆավորիտ՝ ոչ երիտասարդների, ոչ միջակների, ոչ էլ ծերակույտի մեջ: Դա անհատական սպորտաձևերի առավելությունն է. այո, Ռաֆան, անխոս, իր փորձի և ուժի շնորհիվ պետք է համարվի ֆավորիտ: Սակայն հանկարծակիության գործոնն այս սպորտաձևերի գլխավոր զարդն է: Այսօր մեկնարկած Australian Open-2019-ում արդեն կան անակնկալներ: Անդրեյ Ռուբլյովը, որը անհավանական կերպով հասավ US Open-ի քառորդ եզրափակիչ, դրանից հետո ոչնչով աչքի չի ընկնում: Այս անգամ էլ Ռուբլյովը դուրս մնաց հենց առաջին խաղից: Այս մրցաշարի եզրափակիչի հնգակի մասնակից Էնդի Մարեյը ևս ստիված կլինի հետագա ընթացքին հետևել որպես երկրպագու:  Հիմա փորձենք հասկանալ՝ ումից ինչ սպասել ու առավել ևս, չսպասել:

Թոփ-3

Նովակ Ջոկովիչ

Սերբ թենիսիստը 2019 թվականը պետք է սկսեր հաղթանակով, սակայն Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտություն կրեց Ռոբերտո Բաուտիստա Ագուտից: Նախորդ տարին Ջոկերը հիասքանչ անցկացրեց, մանավանդ երկրորդ հատվածը: Սերբ թենիսիստն ապացուցեց, որ իսկական մարտիկ է ու ի վիճակի է վերադառնալ անգամ ամենախորն անդունդից: Կանաչ մայրցամաքի այս տարվա մրցաշարում Ջոկովիչը ներկայանալու է առաջին ռակետի կարգավիճակում:

Սակայն մարզավիճակի հետ կապված որոշակի խնդիրները կարող են չար կատակ խաղալ Ջոկոյի հետ: Ցանկացած երկարատև հանդիպում լուրջ խնդիրներ կառաջացնի նրա համար: Փորձը ցույց է տալիս, որ Նովակը նման խաղերի ժամանակ իրեն այդքան էլ լավ չի զգում: Իսկ եթե հաշվի առնենք, որ երկրորդ շրջանում նրան արդեն կարող սպասել վտանգավոր Ժո-Ուիլֆրեդ Ցոնգան, ամեն ինչ այդքան հարթ չէ Ջոկերի համար:

Ռոջեր Ֆեդերեր

Շվեյցարացի մաեստրոն իդեալական հանգիստ է տվել իրեն՝ նախորդ տարվա վերջին մրցաշարից հետո Ֆեդերերը մոռացել է թենիսի մասին, ժամանակ անցկացրել ընտանիքի ու երեխաների հետ (որոնց դեմքն ու անունները գուցե մոռացած լիներ), ու վերադարձավ ավելի ուժեղ: Հիշյալ Հոպմանի գավաթում հաղթելով՝ Ֆեդերերը լուրջ հայտ է ներկայացրել այս տարվա առաջին մեյջորում հաղթելու համար: Ընդ որում՝ 3-րդ անգամ անընդմեջ (չենք մոռանում, որ նա մրցաշարի գործող կրկնակի հաղթողն է):

«Ֆեդյայի» գլխավոր մրցակիցները նման կարգի խաղերում ոչ թե Ջոկովիչներն ու Նադալներն են, այլ հենց ինքը՝ ներսի Ֆեդերերը: Շվեյցարացի թենիսիստը կարող է 3 սեթում պատին ծեփել ցանկացածին, սակայն կենտրոնացվածության կորստի պատճառով, մեկ էլ տեսար, պարտվեց թենիսային աշխարհում անհայտ ինչ-որ մեկին: Ֆեդերերն այսօր շարունակում է մնալ մրցաշարի միայն «թաքնված ֆավորիտ»:

Ռաֆայել Նադալ

«Գրունտային արքան» նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում հիմնականում բժիշկների հսկողության տակ էր՝ բուժելով մերթ ծունկը, մերթ արմունկը: Գլխավոր եռյակից Նադալն այս պահին անհամեմատ ավելի թույլ է: Իսպանացին մարզավիճակի հետ կապված խնդիրներ ունի: Երկար ժամանակ է՝ չի խաղացել բարձր մակարդակով: Դրա պատճառով մարմինն ու ձեռքերը կարող են անհնազանդ լինել:

Հույս կար, որ Ավստրալիայի այս տարվա կորտերը կլինեն սովորականից դանդաղ՝ նման գրունտին, սակայն առաջին խաղերից երևում է, այդ տեսանկյունից Ռաֆայի հույսերը չեն արդարանա: Հարդը երբեք էլ Նադալի սիրելի ծածկույթը չի եղել: Այնպես որ, հուսալ, որ իսպանացի թենիսիստը կկարողանա կրկնել 2017-ի ցուցանիշը, դժվար թե պետք լինի:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Աննախադեպ. Նադալն ու Ֆեդերերը կարող են խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում

Ժերար Պիկե. «Մեդվեդևն ունակ է հաղթելու Ֆեդերերին, Ջոկովիչին ու Նադալին»

Ռաֆայել Նադալը US Open-ի հաղթողն է (տեսանյութ)

US Open-2019. Նովակ Ջոկովիչը լքեց պայքարը (տեսանյութ)

Նադալը խոսել է հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մասին

Ջոկովիչը գերլարված մենախաղում հաղթեց Ֆեդերերին ու դարձավ «Ուիմբլդոնի» չեմպիոն

Ուիմբլդոն․ Ֆեդերեր – Նադալ «հավերժ» դիմակայությունում այս անգամ ուժեղ էր շվեյցարացին

Ռոջեր Ֆեդերերի հերթական ռեկորդը

Մոուրինյոն ֆուտբոլից հանգստանում է «Ուիմբլդոնում» (ֆոտո)

Էնդի Մարեյ. «Ուիմբլդոնում ինձնից մեծ ակնկալիքներ մի՛ ունեցեք»

Ֆեդերեր. «Ես հիանում եմ Մեսիով, քանի որ նա միշտ ունի 3 տարբերակ»

37-ամյա Ֆեդերերն անձնական ռեկորդ սահմանեց

Forbes. Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Նադալը նվաճեց իր 12-րդ «Ռոլան Գարոսը»

Նադալը հաղթում է Ֆեդերերին ու դուրս գալիս «Ռոլան Գարոսի» եզրափակիչ