Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Աղվան Պապիկյանը համարվում էր Հայաստանի խոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Չնայած դրան 2013-2014-ին նա ընդամենը երկու խաղ անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում, այնուհետև տեղափոխվեց լեհական ակումբներ և այդպես էլ չվերադարձավ ազգային ընտրանի։ Երկու տարի առաջ VNews.am-ի հետ զրույցում Աղվանը խոստովանել էր, որ չի ցանկանում խաղալ Հայաստանում: Այդուհանդերձ, Աղվանը կես տարի առաջ կրկին վերադարձավ Հայաստան, ընդգրկվեց «Արարատի» կազմում և հրավեր ստացավ խաղալ ազգային հավաքականում։ Երկու տարի անց մենք կրկին հանդիպեցինք 27-ամյա ֆուտբոլիստին պարզելու վերադարձի պատճառն ու զրուցեցինք այլ թեմաների մասին:
Վերջին անգամ ե՞րբ էիք Հայաստանում եղել:
Լեհաստան գնալուց հետո ևս մեկ տարի հրավիրել էի Հայաստանի երիտասարդական հավաքական: Դրանից հետո մոտ 4 տարի չհրավիրեցին: Այդ ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում չեմ եղել։
Հայկական ֆուտբոլում փոփոխություններ տեսնո՞ւմ եք:
Այո հայկական ֆուտբոլում կան փոփոխություններ․ առաջնությունն ավելի ուժեղ է դարձել: Թիմերը շատացել են, բարձր տեղերի համար պայքարողները նույնպես շատ են: Դա հաստատ լավ է:
Երկու տարի առաջ մեր կայքի հետ զրույցում հայտարարել էիք, որ չեք վերադառնալու Հայաստանի առաջնություն: Ինչո՞ւ փոխեցիք Ձեր որոշումը:
Այո, դա ճիշտ է: Ուզում էի մնալ Լեհաստանում, բայց եղբայրս՝ Վոլոդյան (նախկին ֆուտբոլիստ-խմբ.), ով նաև իմ գործակալն է, համոզեց այս քայլին դիմել: Շատ գոհ եմ նրա աշխատանքից: Ափսոս, որ ավելի շուտ չէի սկսել նրա հետ աշխատել․ պատճառն այն էր, որ նա դեռ շարունակում էր ֆուտբոլիստի կարիերան, բայց վնասվածքների պատճառով ավարտեց: Նա ինձ խորհուրդ տվեց վերադառնալ Հայաստան, և առայժմ այդ որոշումը ճիշտ եմ համարում:
Դուք տեղափոխվեցիք «Ալաշկերտ», սակայն այդ թիմում ընդամենը 2 խաղ անցկացրեցիք և հեռացաք ակումբից: Ինչու՞ հեռացաք, ո՞րն էր այդ որոշման պատճառը։
Ինձ թվում է Հայաստանում ոչ ոք չգիտեր, որ գալու եմ այստեղ և միանալու եմ «Ալաշկերտին»: Ֆուտբոլիստներն ու մարզիչներն իսկապես պատրաստված են և ուժեղ, բայց Լեհաստանից հետո էի եկել և չհարմարվեցի ակումբին:
Այդ պատճառո՞վ որոշեցիք հեռանալ ակումբից:
Այո: Կրկին խորհրդակցեցի գործակալիս հետ: Դրանից հետո «Արարատը» ցանկություն հայտնեց հրավիրել ինձ: Որոշեցինք, որ այդ տարբերակն ավելի ճիշտ է ինձ համար:
«Ալաշկերտում» ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր անակնկալ որոշմանը:
Լավ։ Գոհ եմ ակումբից: Որևէ խնդիր չեղավ, հասկացան, որ ուզում եմ հեռանալ:
Եթե «Ալաշկերտը» դուրս չմնար Եվրոպա լիգայից, կմնայի՞ք այդ ակումբում:
Ինձ թվում է՝ այո: Բայց հիմա ուրախ եմ, որ «Արարատում» եմ: Պայքարում ենք չեմպիոնության համար, և ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի:
Բացի չեմպիոնության հեռանկարներից ի՞նչն է գրավել «Արարատում»:
Շատ ավելի պրոֆեսիոնալ ակումբ է, բարձր կարգի մարզաբազայով: Մարզումներից մի քանի ժամ շուտ ենք գալիս: Մարզասրահ ունենք: Ով ցանկանում մարզվում է: Նաև պարտադիր ճաշում ենք մարզումից հետո: Այն ամենը, ինչ կար Լեհաստանում, «Արարատում» նույնպես տեսնում եմ: Էական տարբերություն չկա:
Դուք նաև հայտարարել էիք, որ Հայաստանում ֆուտբոլային մթնոլորտ չկա: Եվ Լեհաստան մեկնելու պատճառներից մեկը ֆուտբոլային առողջ մթնոլորտի կարոտն է: Հիմա ի՞նչ կարծիքի եք հայկական ֆուտբոլի մթնոլորտի մասին:
Այնտեղ եթե գնում ես խաղին, երկրպագուները դրսում արդեն դիմավորում են քեզ: Մեկնում եք արտագնա հանդիպման, մրցակցի ֆաները սկսում են բղավել ձեր ավտոբուսի հետևից: Լեհաստանում իմ վերջին թիմում՝ «Խոյնիչանկայում» մի քիչ վատ արդյունքներ գրանցեցինք: Խաղերից մեկից հետո երկրպագուները գիշերը ժամը 3-ին եկան մեր մարզաբազա և բացատրություն էին պահանջում:
Այստեղ էլ են երկրպագուները նման պահանջներ ներկայացնում: Հատկապես «Արարատի» երկրպագուները շատ էմոցիոնալ են:
Լսել եմ այդ մասին: Բայց կորոնավիրուսի պատճառով դեռ առիթ չի եղել հանդիպել նրանց: Լեհաստանում 5-6 հազար երկրպագու է ստադիոնում լինում, իսկ այստեղ՝ 100-ը նորմալ է համարվում:
Դուք ասել էիք, որ հայ ֆուտբոլիստներին խորհուրդ կտաք տեղափոխվել նույնիսկ Լեհաստանի երկրորդ լիգա, այնտեղ հնարավորություն կունենան առաջադիմել: Բայց մյուս կողմից տեսնում ենք՝ Հայաստանում նրանք կարող են հետզեհետ ուժեղացող առաջնությունում հանդես գալ, խաղալ եվրագավաթներում և լինել հավաքականների մարզիչների ուշադրության կենտրոնում: Հիմա փոխե՞լ եք ձեր կարծիքը:
Դեռ կարծում եմ ավելի լավ է արտասահման մեկնել: Այնտեղ ավելի մեծ շանս կլինի իսկապես ուժեղ լիգա տեղափոխվել:
Խաղամակարդակներով Հայաստանի առաջնության VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ու Լեհաստանի 2-րդ լիգայի միջև տարբերությունը մե՞ծ է:
Ինձ թվում է գրեթե հավասար են: Օրինակ՝ եթե «Արարատ-Արմենիան» Հայաստանի ուժեղագույն թիմն է համարվում, Լեհաստանի երկրորդ լիգայում կարող է առաջին տեղի համար պայքարել, բայց Էկստրակլասա դուրս գալու դեպքում դժվար կլիներ պայքարել: Այնտեղ բացարձակ այլ ֆիզիկական պատրաստություն է հարկավոր: Պարզ է, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում հաջող ելույթներ ունեցավ, բայց դրանք մեկ խաղ է ենթադրում, իսկ Լեհաստանի առաջնությանը դիմանալը շատ ավելի դժվար կլինին:
Իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ մի քանի տարի առաջ «Գանձասարը» Եվրոպա լիգայում մրցելով լեհական «Լեխի» հետ, հիանալի ելույթ ունեցավ և շատ մոտ էր դիմակայությունը հաղթելուն:
Լեհերը եվրագավաթներում խաղալու խնդիր ունեն: Հավանաբար հոգեբանական հարց է: Նրանք ամենուր ձախողվում են: Երևի վերջին 20 տարում միայն «Լեգիան» է մեկ անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կարողացել հայտնվել: Վերջին 6 տարում կարծեմ մեկ թիմ է Եվրոպա լիգայի խմբայինում հայտնվել: Շատ լարված են խաղում միջազգային ասպարեզում:
Վերջին տարիներին շատ մարզիչների հետ եք աշխատել: Հիմա խաղում եք Վարդան Բիչախչյանի թիմում: Ի՞նչ տպավորություն ունեք նրա աշխատանքից:
Շատ լավ մարզիչ է: Նա նշանակություն է տալիս ինչպես արդյունքին, այնպես էլ ֆուտբոլիստների աճին:
Երկար դադարից հետո հրավիրվեցիք Հայաստանի հավաքական: Դուք կարծում եք, որ հայկական առաջնությունում հանդես գալը նպաստե՞ց ազգային հավաքականում խաղալու հրավերքին։
Ճիշտն ասած՝ այո (ծիծաղում է): Բայց ես կարող եմ ասել, որ Լեհաստանում անցկացրած վերջին 1-2 տարում ավելի լավ մարզավիճակում էի, քան այն պահին, երբ ինձ «Արարատից» հրավիրեցին հավաքական: Այդուհանդերձ, շատ ուրախ էի հրավերի համար: Ափսոս, որ կորոնավիրուսով վարակվեցի և չկարողացա խաղալ:
Խոակին Կապառոսի՝ Հայաստանի հավաքականում ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
Կարծում եմ՝ նա ապացուցեց, որ ուժեղ թիմ ունենք: Առաջին դեպքն էր, որ խմբի հաղթող դարձանք: Նա նաև ապացուցեց, որ ուժեղ մասնագետ է, որի հետ կարող ենք հաջողության հասնել:
Հայաստանի հավաքականում ամենամեծ մրցակցությունը հարձակվողական ոճի խաղացողների միջև է, հատկապես վինգերների ու ենթահարձակվողների դիրքերում: Դուք նույնպես այդ ֆուտբոլիստների թվում եք: Հնարավո՞ր է, որ նման մեծ ընտրությունը որոշ խաղացողների խանգարի հավաքականում հաջող կարիերա ունենալ:
Մարզչի համար ամենալավ բանն այն է, որ նա մեկ դիրքի համար մեծ ընտրություն ունենա: Այդ ժամանակ կխաղա նա, ով ավելի լավ մարզավիճակում կլինի:
Կապառոսը զրուցե՞լ է Ձեզ հետ: Ո՞ր դիրքում է Ձեզ տեսնում:
Դեռ չենք հասցրել զրուցել: Ընդամենը 4 օր եմ անցկացրել նրա գլխավորությամբ: Ինձ հիմնականում օգտագործում էր աջ և ձախ կիսապաշտպանի դիրքում:
Որոշ ֆուտբոլիստներ երիտասարդ տարիքում ծրագրում են իրենց կարիերան և նպատակներ սահմանում: Դուք որքանո՞վ եք կարողացել իրացնել ձեր տաղանդը:
Մոտ 30-40 տոկոսով: Պատճառը իմ և նաև այլ մարդկանց սխալներն էին: Այդ պատճառով հիմա իմ եղբայրն է դարձել գործակալս: Գիտեմ, որ նա միայն իմ հաջողությունն է ցանկանում: Մինչև այդ գործակալ ունեի Հայաստանում, Լեհաստանում, այլ տեղերում: Բայց բազմիցս եղել է, որ լավ տրանսֆերի հնարավորություն եմ ունեցել, սակայն գործակալի պատճառով չի կայացել գործարքը: Մի քանի տարի առաջ Ֆրանսիայի Լիգա 2-ի ակումբից առաջարկ ունեի: Բայց մի գործակալ, ում անունը չեմ ուզում տալ, արգելափակեց գործարքը: Նա անընդհատ շատ գումար էր ուզում և մեծ «թվեր կրակում»: Ես նրան ասում էի, որ ուզում եմ տեղափոխվել այդ թիմ, բայց նրա պատճառով չստացվեց:
Ձեր եղբայրը բացի ձեզ համար գործակալի պարտականություններ կատարելը, աշխատո՞ւմ է արդյոք այլ ֆուտբոլիստների հետ։
Այո, օրինակ, Դավիթ Մանոյանի։ Նաև արդեն խաղացող է բերել Հայաստան: Վոլոդյայի միջոցով «Ալաշկերտ» է տեղափոխվել Դեյան Բոլևիչը: Հիմա նա 5-6 ֆուտբոլիստի գործակալ է, բայց հետզհետե մեծացնելու է մարզիկների թիվը:
Աղվան, դուք արդեն 27 տարեկան եք: Որո՞նք են ձեր առաջիկա ծրագրերը:
«Արարատի» հետ դառնալ չեմպիոն և խաղալ Հայաստանի հավաքականում: Դա այս տարվա ցանկությունս է:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո