Ալեքսանդր Գրիգորյան. «Ինձ դուր եկան մեր համալրումները, բայց գոհ չեմ, թե ինչպես խաղացինք» - VNews
Բաժիններ

Ալեքսանդր Գրիգորյան. «Ինձ դուր եկան մեր համալրումները, բայց գոհ չեմ, թե ինչպես խաղացինք»

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ամփոփել է «Մրցաշրջան-2020»-ն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին․

Մրցաշրջանի առաջին հատվածը

«Գավաթային խաղի հետ միասին ընդամենը 10 հանդիպում անցկացրինք և 2 խաղ պակաս, քան մեր մրցակիցներից շատերը։ Ուստի ի՞նչ ամփոփման մասին կարելի է խոսել։ Մենք հաղթեցինք «Գանձասար-Կապանին», նրանք էլ իրենց հերթին միավորներ խլեցին առաջատարներից, սակայն այդ հանդիպումների արդյունքները չեղարկվեցին, միավորներ հանվեցին, ինչը ենթադրեց նաև փոփոխություններ մրցաշարային աղյուսակում։ Կես տարում այդքան քիչ խաղ անցկացնելը շատ վատ է, բայց ինձ այս ընթացքում դուր եկավ այն, որ մենք մեծ շարժառիթ ունեինք, սակայն հնարավոր է, որ այն մինչև վերջ պահել չկարողացանք։ «Ալաշկերտի» ու «Նոայի» հետ խաղերում մենք ֆիզիկապես լավ վիճակում չէինք գտնվում։ Աշխարհում և հատկապես Հայաստանում տիրող իրավիճակն ու դրա հետ կապված անորոշությունը լավ չանդրադարձավ մեզ վրա։ Ամփոփելով խոսքս կասեմ, որ ինձ դուր էր գալիս ֆուտբոլիստների մոտեցումը աշխատանքին, ինձ դուր եկան մեր համալրումները։ Մեծ հաշվով ես գոհ եմ, թե ինչպես աշխատեցինք, բայց գոհ չեմ, թե ինչպես խաղացինք։ Մեր խաղի որակը ես 3-ի կգնահատեի»։

Ֆուտբոլին խանգարող հանգամանքների մասին

«Բավական երկար ժամանակ մենք թիմը պահեցինք ֆունկցիոնալ ու էմոցիոնալ տոնուսի մեջ։ Ինչ վերաբերում է ֆունկցիոնալ պատրաստությանը, ես կարծում եմ, որ հետընթացը, որը նկատվեց «Ալաշկերտի» հետ խաղում, կապված էր ֆուտբոլիստներից մի քանիսի առողջական վիճակի հետ։ Շատերը դեռ նոր էին լավացել կորոնավիրուսից ու այդ խաղում նրանք լավագույն ֆիզիկական վիճակում չէին գտնվում։ Ամեն դեպքում հայկական թիմերի մեծամասնությունը մեզնից 2 կամ 2,5 ամիս առաջ էր բախվել այդ հիվանդությանը։ Ֆուտբոլիստներն էլ չէին թաքցնում ու ասում էին, որ կորոնավիրուսային հիվանդությունից հետո ֆիզիկապես իրենց լավ չեն զգում։ Ես նշեցի, որ խաղի որակը բարելավելու խնդիր ունենք, բայց կան խաղացողներ, որոնք առաջընթաց են գրանցել, դա գուցե միայն խաղային հատուկ դրվագներում կամ առանձին խաղակեսերով է նկատվում, բայց նրանց առաջընթացն ինձ համար ակնհայտ է, այն լավ նախադրյալ կարող է հանդիսանալ հետագայում թիմի խաղը բարելավելու տեսանկյունից»:

Հեռացած ֆուտբոլիստները

«Ես հարգում եմ թիմից հեռացած բոլոր ֆուտբոլիստներին, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց ամենամեծ կորուստը Դմիտրի Գուզի հեռանալն էր։ Նա մենապայքարներում անգերազանցելի էր։ Ես հիշում եմ, որ Գուզը նաև Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում էր լավագույնը և մեկ անգամ չէ, որ ճանաչվել է լավագույն կենտրոնական պաշտպան ոչ միայն ամսվա այլև տարվա կտրվածքով։ Այս իրավիճակում մենք ոչինչ անել չէինք կարող, Գուզն այդ որոշումը կայացրել էր ելնելով ընտանեկան դրդապատճառներից։ Նրա հարազատները ցանկանում էին վերադառնալ հայրենիք՝ Ռուսաստան։

Հնարավոր համալրումները

«Մենք առաջին հերթին ուշադրությունը սևեռելու ենք մեր երիտասարդների վրա։ Ճիշտ է, նրանց քիչ խաղաժամանակ տրամադրեցինք, բայց դա պայմանավորված էր նրանով որ խաղերն էին քիչ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այս տարի հանդես գալիս «Ուրարտու-2»-ը, այնտեղ կան տղաներ, որոնց արդեն կարելի է ընդգրկել գլխավոր թիմում։ Օրինակ՝ Գոռ Լուլուկյանն ու Խարիտոն Այվազյանն արդեն գլխավոր թիմի ֆուտբոլիստներ են, Խարիտոնը լավ հնարավորություն ունի նույնիսկ ընդգրկվելու մեկնարկային կազմում։ Նա մրցակցակցելու է և իրական շանս ունի։

Ստրատեգիկ առումով այժմ պետք է մտածենք Գուզի բացակայության պայմաններում պաշտպանության կենտրոնը լրացնելու մասին, ինչպես նաև կարիք ունենք ևս մեկ հարձակվողի, այս պահին թիմում մաքուր հարձակվող միայն Ջոնել Դեսիրեն է։ Մեզ ևս մեկ հարձակվող է պետք, չնայած կարող ենք դիտարկել երկրորդ թիմից Սամվել Հակոբյանի ու Արթուր Միսկիրիջյանի տարբերակները, որոնց նույնպես կընդգրկենք մեր մարզումային գործընթացների մեջ։ Համալրելու տեսանկյունից դիտարկում ենք այդ երկու դիրքերը՝ կենտրոնական պաշտպանի ու կենտրոնական հարձակվողի»։

Առաջիկա նախապատրաստական ծրագրերի մասին

«Մենք կսկսենք մարզումները հունվարի 6-ից։ Ուսումնամարզական բոլոր հավաքները կանցկացնենք Երևանում։ Մինչև առաջնության վերսկսումը միշտ կլինենք այստեղ։ Դրանում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Ես ավելի շատ դրականն եմ տեսնում։ Երևանում նախապատրաստվելու միակ բացասական կողմն այն է, որ բարձրակարգ սպարինգ-մրցակիցների հետ հանդիպումներ անցկացնելու խնդիր կա։ Բայց ես այդ ժամանակահատվածում շեշտը դնում եմ թիմի նախապատրաստության վրա»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր և ուղիղ եթեր

Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղից առաջ

Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

Մորի Կոնեի դուբլն օգնեց «Արարատին» հաղթելու «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Սալոմոն Նիրիսարիկեն տեղափոխվել է մեկ այլ հայկական ակումբ

Կարապետյանն առաջին իսկ խաղում յուրօրինակ ցուցանիշ կգրանցի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 6-րդ տուրին ընդառաջ

«Ուրարտուն» վերադարձրել է իր նախկին հարձակվողին (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերը՝ կրկին երկրպագուներով և բնական խոտածածկով

Անդրանիկ Քոչարյանը կխաղա Առաջին խումբը ներկայացնող ակումբում

«Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Նոա»

«Ուրարտուի» ֆուտբոլիստների այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (տեսանյութ)

«Արարատը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում