-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Առաջնության աշնանային հատվածի ավարտական խաղում՝ «Շիրակի» հետ մրցավեճում «Փյունիկի» 24-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Նա 177-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ ու գերազանցեց «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Սարգիս Կարապետյանի տարիքային ռեկորդը: Վերջինս ՀՀ առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից 24 տարեկանում բոլորից շատ՝ 176 խաղ էր անցկացրել Բարձրագույն խմբում:
Ալիկ Առաքելյանն արդեն տարիքային 4-րդ ռեկորդը սահմանեց: Նրան են պատկանում 19-20 և 22 տարեկանների (Դավիթ Հակոբյանի հետ միասին) ռեկորդային ցուցանիշները: Եվ եթե Առաքելյանը վնասվածքների պատճառով մի շարք հանդիպումներ բաց թողած չլիներ, ապա ժամանակին կգերազանցեր նաև նախկին շիրակցի Դավիթ Հակոբյանին պատկանող 21 և 23 տարեկանների տարիքային ռեկորդներն ու հատած կլիներ 200 խաղի սահմանագիծը:
Եթե Ալիկ Առաքելյանը շարունակի իր կայուն ելույթները Հայաստանում և զերծ մնա վնասվածքներից, ապա առաջիկա տարիներին տարիքային նոր ռեկորդների հեղինակ կդառնա:
Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է
Հարկ է նշել, որ Առաքելյանն իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (461) բացարձակ ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանի ցուցանիշը: Վերջինս 24 տարեկանում Բարձրագույն խմբում ընդամենը 83 խաղի էր մասնակցել: Սակայն Թահմազյանը ֆուտբոլային իր երկարակեցության շնորհիվ դարձավ բացարձակ ռեկորդակիր՝ ելույթներն ավարտելով 41 տարեկանում:
Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ Թահմազյանի ռեկորդը գերազանցելու համար Ալիկ Առաքելյանին հարկ կլինի խաղալ առնվազն մինչև 35 տարեկանը:
Ալիկ Առաքելյանը Բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան սկսել է 2012թ.: Նրա նորամուտը կայացել է հոկտեմբերի 7-ին «Ուլիսի» հետ մրցավեճում: «Միկան» խաղը շահում էր 1-0 հաշվով և ավելացված ժամանակում Ժոլտ Հոռնյակն Արեգ Ազատյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց պատանի Առաքելյանին, որը 16 տարեկան 139 օրական էր: Այդ ցուցանիշով նա եզրափակում է «Միկայում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների հնգյակը:
Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ
2012/13թթ. մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը ևս 11 խաղում փոխարինման մտավ: Իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում Ալիկ Առաքելյանը «Միկայի» հիմնական կազմի խաղացող էր:
2014/15թթ. մրցաշրջանից հետո Ալիկ Առաքելյանը տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմում ներկայումս ամենափորձառու ֆուտբոլիստն է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով:
Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը
Ինչ վերաբերում է տարիքային մյուս ռեկորդներին, ապա առաջնության աշնանային հատվածում ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանը հնարավորություն ուներ գերազանցելու Արամ Բարեղամյանի 30 տարեկան ֆուտբոլիստների մեջ սահմանած տարիքային ռեկորդը (276 խաղ): Դրա համար նրան անհրաժեշտ էր մասնակցել 11 խաղի: Սակայն որոշ հանդիպումների հետաձգման պատճառով «Ալաշկերտը» 10 խաղ անցկացրեց, որից ընդամենը 5-ին մասնակցեց Դաղբաշյանը:
Իսկ ինչպիսի՞ն են տարիքային ռեկորդները գերազանցելու հեռանկարները 2021թ.: Միանգամից նշենք, որ պատկերը կրկին շատ տխուր է: Միանշանակ կարելի է փաստել, որ Ալիկ Առաքելյանը հերթական տարիքային ռեկորդը կսահմանի: Ընդամենը 3 խաղի մասնակցելու դեպքում նա կդառնա 25 տարեկանների ռեկորդակիր:
Գևորգ Ղազարյանն ընդգրկվեց 100 գոլի սահմանագիծը հատած ռմբարկուների ցանկում
Մյուս հավակնորդը կրկին Գագիկ Դաղբաշյանն է, որը պետք է փորձի գերազանցել Արամ Բարեղամյանի արդեն 31 տարեկանի տարիքային ռեկորդը (300 խաղ), ինչն առավել դժվար կլինի, քանի որ դրա համար անհրաժեշտ է 2021թ. մասնակցել 30 խաղի:
VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով տարիքային ռեկորդների ցանկը՝ նշելով գրանցման տարեթիվը:
Տարիք | Ռեկորդակիր | Ակումբ | Խաղ | Թվական |
15 | Արեն Բաբայան | «Լոռի» | 14 | 2001 |
16 | Արեն Բաբայան | «Լոռի» | 33 | 2002 |
17 | Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 49 | 2004 |
18 | Վարդան Բակալյան | «Փյունիկ» | 57 | 2013 |
19 | Ալիկ Առաքելյան | «Միկա», «Փյունիկ» | 74 | 2015 |
20 | Ալիկ Առաքելյան | «Փյունիկ» | 100 | 2016 |
21 | Դավիթ Հակոբյան | «Շիրակ» | 124 | 2014 |
22 | Դավիթ Հակոբյան
Ալիկ Առաքելյան |
«Շիրակ»
«Փյունիկ» |
150
150 |
2015
2018 |
23 | Դավիթ Հակոբյան | «Շիրակ» | 177 | 2016 |
24 | Ալիկ Առաքելյան | «Փյունիկ» | 177 | 2020 |
25 | Արկադի Դոխոյան
Արտաշես Առաքելյան Սարգիս Կարապետյան |
«Բանանց»
«Բանանց» «Միկա», «Արարատ» |
179
179 179 |
2002
2014 2015 |
26 | Արթուր Յուսպաշյան | «Փյունիկ» | 205 | 2015 |
27 | Արսեն Բալաբեկյան | «Ուլիս», «Արարատ» | 220 | 2013 |
28 | Արսեն Բալաբեկյան | «Արարատ», «Ալաշկերտ» | 244 | 2014 |
29 | Արթուր Յուսպաշյան | «Գանձասար-Կապան» | 264 | 2018 |
30 | Արամ Բարեղամյան | «Բանանց» | 276 | 2018 |
31 | Արամ Բարեղամյան | «Ուրարտու» | 300 | 2019 |
32 | Արտյոմ Ադամյան | «Ուլիս» | 320 | 2012 |
33 | Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 320 | 2011 |
34 | Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 348 | 2012 |
35 | Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 370 | 2013 |
36 | Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 399 | 2014 |
37 | Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 409 | 2015 |
38 | Հովհաննես Թահմազյան | «Շիրակ» | 403 | 2008 |
39 | Հովհաննես Թահմազյան | «Շիրակ» | 423 | 2009 |
40 | Հովհաննես Թահմազյան | «Շիրակ» | 448 | 2010 |
41 | Հովհաննես Թահմազյան | «Շիրակ» | 461 | 2011 |
42 | Ռոբերտ Հարությունյան | «Կանազ» | 70 | 1994 |
43 | Ռոբերտ Հարությունյան | «Կանազ» | 70 | 1995 |
44 | Ռոբերտ Հարությունյան | «Արաբկիր» | 73 | 1996 |
45 | Ռոբերտ Հարությունյան | «Արաբկիր» | 77 | 1997 |
46 | Ազատ Մանգասարյան | «Զանգեզուր» | 46 | 1994 |
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո