«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը - VNews
Բաժիններ

«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը

Մոտ ապագայում Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկը։ Ցուցադրման ժամկետը դեռ հայտնի չէ, բայց գաղտնիք էլ չէ՝ 2021-2022 թվականներին հանելու են ֆուտբոլային «պոդիում»։ Բայց մինչև նորերին հասնելը հայկական ֆուտբոլի ընտրանու մարզաշապիկը արդեն կամ ընդամենը 30-ամյա պատմություն ունի։ Այն փոխվել է, դարձել ավելի հարմար, թեթև, դիզայներական՝ գործակցելով համաշխարհային բրենդերի հետ, բայց երբեք չմոռանալով ընդգծել ազգայինը։ Ինչ կապ ունեն Վարագավանքի զարդանախշերն ու խաչքարերի «Վարդյակները» մեր ընտրանու մարզաշապիկների հետ։ Ինչպիսի գործարքներ են կնքվել, որ մարզաշապիկով, ինչ ճանապարհ ենք անցել և որ մարզաշապիկն է եղել լավագույնը։ VNews.am-ը ուսումնասիրել զրուցել, բացահայտել է ամբողջ պատմությունը։

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը ունի «Օրանյե» («նարնջագույններ» թարգմ.) մականունը, Իսպանիան՝ «Ֆուրիա Ռոխա» (կարմիրներ» թարգմ.), Արգենտինան՝ «Բիանկո Սելեստե» («սպիտակ-կապույտներ» թարգմ.)։ Այս «գունավոր պիտակները» հավաքականները, իհարկե, ստացել են իրենց դրոշների, որոշ դեպքերում՝ մարզաշապիկների գույների համար։ Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ասպարեզում առայժմ մականուն չունի, թեպետ իր պատմության ընթացքում խաղադաշտ է դուրս եկել տարբեր մարզաշապիկներով։

«2012 թվականից ի վեր տեխնիկական հովանավոր չունեցող և այդ հարցում դժվարությունների բախված ֆեդերացիաների համար ՈւԵՖԱ-ն մշակել էր ծրագիր (UEFA Kit Assistance Program), ըստ որի աջակցության կարգով մրցաշրջանի համար տրամադրում էր մարզահագուստ և մարզաշապիկներ թե՛ ազգային և թե՛ մինչև 21 տարեկանների հավաքականների համար: Սկզբնական շրջանում ՈւԵՖԱ-ն համագործակցում էր Adidas-ի, իսկ 2018 թվականից՝ Macron ընկերության հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աջակցության կարգով տրամադրված հագուստի քանակը չէր բավարարում բոլոր հավաքականների կարիքները, իսկ  սեփական հովանավոր և ֆան-սթոր ունենալու անհրաժեշտությունը դարձել էր հրամայական, ՀՖՖ-ն որոշեց դուրս գալ ՈւԵՖԱ-ի աջակցության ծրագրից»,-պատմեց  ՀՖՖ մարքեթինգի ու հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթևոսյանը:

Մեր ընտրանին

Անկախությունից հետո Հայաստանի հավաքականն ուներ ֆուտբոլային ատրիբուտիկայի պակաս։ Մեր ազգային ընտրանին սկզբնական շրջանում մեկնում էր ԱՄՆ հավաքների, որտեղ մերոնց մարզաշապիկներ էին նվիրում։ Դրանցով հավաքականը խաղաց այնքան ժամանակ, մինչև եղավ համագործակցության առաջին պայմանագիրը։

Մերոնք որպես ազգային հավաքական սկսեցին հանդես գալ սեփական մարզական հագուստով 1992-ից հետո: Տևական ժամանակ մեր տղաները համագործակցում էին Puma-ի հետ: Բնականաբանար, սկզբնական շրջանում մարզաշապիկը մեզ հաջողություն չէր բերում: Իհարկե, եղան փայլուն հաղթանակներ ու հանդիպումներ: Հիշարժան են Հարություն Վարդանյանի փառահեղ գնդակը Ալբանիայի հավաքականի դարպասը, ինչպես նաև Արթուր Պետրոսյանի գոլը լեհերի հետ խաղում:

Հայաստան-Պորտուգալիա. 1998թ.

Նոր հազարամյակում մեր ընտրանին ունեցավ նոր տեխնիկական հովանավոր ու նոր մարզաշապիկներ: Lotto-ի ժամանակահատվածում ևս մեր թիմը հանդես էր գալիս վայրիվերումներով: Նոր մարզաշապիկներով մեր թիմն անցկացրեց իր փոքրիկ պատմության ամենադրամատիկ հանդիպումներից մեկը՝ Լվովում 3-4 հաշվով պարտվելով Ուկրաինայի հավաքականին: Ալբերտ Սարգսյանի գոլն էլ դաջվել է բոլորի հիշողության մեջ:

Հայաստան-Հունաստան.2003թ.

Այնուհետև եկավ Hummel-ը: Ազգային հավաքականի երկրպագուներից շատերի կարծիքով մեր թիմն իր լավագույն ելույթները գրանցել է հենց Hummel-ի մարզաշապիկներով: Այսպես կոչված Hummel-ի դարաշրջանում տեղավորվել են ինչպես անհաջող հատվածները Բեռնար Կազոնիների ու Հենկ Վիսմանների օրոք, այնպես էլ Յան Պորտերֆիլդի հաղթական ժամանակահատվածը, հատկապես տպավորվել է մեր թիմի փառահեղ հաղթանակը Լեհաստանի ուժեղ թիմի դեմ:

Հայաստան-Ֆինլանդիա. 2006թ.

Վարդան Մինասյանի օրոք Hummel-ի ու Հայաստանի ազգային թիմի հետ բացվեց նոր էջ հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Մեր թիմն առաջին անգամ ռեալ շանսեր ուներ դուրս գալու մեծ մրցաշարի եզրափակիչ, սակայն Իտուրալդե Գոնսալեսն ամեն ինչ փչացրեց:

Եվրոպայում մեծ աղմուկ հանելուց հետո ազգային թիմը սկսեց համագործակցել ավելի հեղինակավոր Adidas ընկերության հետ: Անգամ եղավ նոր մարզաշապիկների հատուկ շնորհանդես, առաջին անգամ վաճառքի դուրս եկան մարզաշապիկներ երկրպագուների համար: Adidas-ի ժամանակ էլ պայքար մղեցինք մեծ մրցաշարի եզրափակիչի համար, սակայն այս անգամ խանգարեցին ոչ թե Իտուրալդեները, այլ մենք ինքներս՝ պարտվելով Մալթային: Սակայն հենց այս մարշապիկներով մենք Պարկեն Ստադիոնում ծնկի բերեցինք Եվրոպայի ամենաստաբիլ թիմերից մեկին՝ Դանիային՝ հաղթելով 4-0 հաշվով:

Դանիա-Հայաստան.2013թ.

Վարդան Մինասյանի դարաշրջանի ավարտից հետո մեր տղաները շարունակեցին հանդես գալ Adidas-ի մարզաշապիկներով, սակայն հաջողություններն արդեն անցել էին մեր թիմի կողքով: Մյուս մարզիչների օրոք մենք դարձյալ սկսեցինք հանդես գալ փոփոխական հաջողությամբ:

Նախորդ տարի Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ նոր տեխնիկական հովանավոր: Macron-ը դարձավ 5-րդ ընկերությունը, որը մարզաշապիկներ է մատակարարում մեզ: Զարմանալի է, որ այս դեռևս ոչ լիարժեք տարվա ընթացքում մենք հասցրել ենք ունենալ և՛ աղմկահարույց պարտություն, և՛ փառահեղ հաղթանակ: Ընդ որում՝ երկուսն էլ Երևանում: Մենք անհավանական կերպով պարտվեցինք 0-1 հաշվով Ջիբրալթարին, մի քանի օր անց էլ տանը ոչնչացրինք Մակեդոնիային:

Հայաստանի հավաքականի տեխնիկական վերջին հովանավորի հետ բանակցությունների, մարզաշապիկների դիզայնի վերաբերյալ: Զրուցել ենք ՀՖՖ մարքեթինգի ու հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթևոսյանի հետ:

Հայաստանի հավաքականի տեխնիկական հովանավոր Macron

«2019 թվականին ՀՖՖ-ն արդեն սկսեց ուղիղ բանակցել մի շարք ընկերությունների հետ, որոնցից ամենահետաքրքիրը Macron-ի առաջարկն էր: Մինչև 2023 թվականը ստորագրվեց պայմանագիր, ըստ որի, Macron-ը դարձավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տեխնիկական հովանավորը, ու առաջին անգամ մենք հնարավորություն ունեցանք արդեն նոր գիծ բացել՝ ստեղծելով մեր յուրահատուկ մարզաշապիկները:
Առաջինը՝ սկսեցինք աշխատել կոնցեպտի վրա: Սկզբունքորեն որոշվեց ունենալ 3 տարբեր մարզաշապիկ, կտրուկ փոփոխություններ մտցնել գույների մեջ և տալ մարզաշապիկներին հայկական ինքնություն: Հիմնական՝ կարմիր մարզաշապիկը ստեղծված է հենց այդ սկզբունքով: Այս մարզաշապիկի վրա նույնիսկ կարմիրն է լիովին տարբերվում այն բոլոր կարմիրներից, որոնք մինչև այդ տեղ են գտել Հայաստանի հավաքականի մարզաշապիկների վրա:

Բացի այդ, վառ արտահայտված է հայկական սիմվոլիկան՝ զարդանախշերը. դրանք պատմական հայկական «Վարդյակներն» են, որոնք առկա են հիմնականում 10-րդ դարի խաչքարերի վրա։ Մասնավորապես, դրանք կարելի է տեսնել պատմական Վասպուրական նահանգի «Նոր Վարագավանք» վանական համալիրի զարդանախշերում։ Երկրորդ և երրորդ մարզաշապիկների դիզայնն արվել է մի փոքր այլ սկզբունքով: Բավական երկար ժամանակ ցանկանում էինք ծիրանագույնը տեսնել մեր մարզաշապիկի վրա, և այս անգամ փորձեցինք խաղալ գույների հետ՝ օգտագործելով ծիրանագույնի տարբեր երանգներ՝ սահանցման (գրադիենտ – թարգ.) սկզբունքով:

Այս մարզաշապիկը, ի դեպ, մի փոքր փոփոխության է ենթարկվել. ավելացվել են որոշ էլեմենտներ, և այն կցուցադրվի 2021 թվականի սեպտեմբերին, կամ արդեն 2022-ի սկզբին: Քանի որ ֆուտբոլում միշտ կոնտրաստային գույներ են հարկավոր, մենք չէինք կարող չունենալ նաև սպիտակ մարզաշապիկ, որն ավելի հաճախ օգտագործվելու է արտագնա հանդիպումների ժամանակ: Բայց այս անգամ սպիտակը մենք համադրեցինք ծիրանագույնի որոշ երանգների հետ՝ ինչ-որ տեղ փորձելով պատրաստել մեր երկրպագուներին առայժմ մի փոքր անսովոր ծիրանագույնին:

Ասեմ ավելին, եթե ծիրանագույնը դառնա սիրելի երկրպագուների կողմից, ապա հնարավոր է, որ ժամանակի ընթացքում հենց այդ գույնը դառնա մեզ համար առաջնային, ու տնային խաղերի ժամանակ մենք ավելի հաճախ հենց այն օգտագործենք: Առայժմ շտապել պետք չէ, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այդ մարզաշապիկով դեռ չի խաղացել: Ի դեպ նշեմ, որ բոլոր երեք մարզաշապիկների դիզայնը ստեղծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Դրանք ՀՖՖ դիզայներ Մերի Սարգսյանի մտահաղացումներն են, որոնք որոշակի շտկումների են ենթարկվել, իսկ վերջնական տեսքը ստացել են Macron ընկերության դիզայներների հետ համագործակցությունից հետո»:

Որակական փոփոխություններ

«Ասել, որ որակապես փոխվել են, կարծում եմ, ճիշտ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականը տարբեր ընկերությունների մարզաշապիկներ է կրել, առավել ևս, որ ժամանակի ընթացքում մարզաշապիկներ արտադրող ընկերությունները իրենք են փոփոխել թե՛ մեթոդները, թե՛ օգտագործվող նյութերը, և խոսել այս կամ այն մարզաշապիկի լավ կամ վատ որակ ունենալու մասին, կարծում եմ, կոռեկտ չէ: Ասեմ այսպես․ դրանք բոլորը եղել են համահունչ իրենց ժամանակաշրջանին:

Ինչ վերաբերում է հենց Macron ընկերության հետ համագործակցությանը, ապա այստեղ մեր գլխավոր ադմինիստրատորը (kit manager) անձամբ է ընտրում Հայաստանի հավաքականների բոլոր մարզահագուստների (շքերթային, մարզումային ու խաղային) օգտագործվող կտորը, հումքը, և այլ դետալների առկայությունը՝ հաշվի առնելով, առկա ստանդարտները ու ֆուտբոլիստների նախընտրությունները»:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ներկա ու նախկին ֆուտբոլիստները մատնանշեցին իրենց սիրելի մարզաշապիկները.

Արտակ Գրիգորյան

ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան – Չեռնոգորիա

«Հայաստանի հավաքականի բոլոր մարզաշապիկներն էլ լավն են: Ինչպե՞ս կարելի է տարանջատումներ դնել ազգային թիմի շապիկների միջև: Քանի որ չեմ ունեցել 90-ականների կամ 2000-ի շապիկներ, ուստի չեմ կարող գնահատել: Բայց լավագույններից լավագույնը Չեռնոգորիայի տնային հաղթանակի կարմիր շապիկներներն էին: Macron-ի հետ համագործակցության վերջին շապիկներն էլ վատը չեն»:

էդգար Մանուչարյան

«Միանշանակ, այս Macron-ի մարզաշապիկները տպավորիչ ու գեղեցիկ են: Սակայն ինձ դուր է գալիս նաև Հայաստանի հավաքականի արտագնա սպիտակ մարզաշապիկը, որը տղաները կրում էին 90-ականների վերջին, երբ մեզ մարզաշապիկ էր տրամադրում Puma ընկերությունը»:

Հավաքականի երկարամյա լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի՝ ՀակԲերի տեսախցիկը լուսանկարել է հավաքականի՝ 100-ից ավելի հանդիպումներ, որոնցում մեր տղաները խաղացել են տասնյակ մարզաշապիկներով: Բերբերյանն ու Արտակ Գրիգորյանը համակարծիք են. 2017-2018 թվականների կարմիր Adidas-ը լավագույններից է:

«Ես լուսանկարիչ եմ, և մարզաշապիկի իմ պատկերացումները կարող են տարբերվել ֆուտբոլիստների կարծիքից: Առաջնահերթ՝ մարզաշապիկը պետք է լինի որակով: Hummel-ի հետ գործակցության ընթացքում մեր հավաքականը դուրս եկավ նոր մակարդակ, սակայն շապիկներն անհարմար էին՝ «չէին շնչում»: Adidas-ի ClimaCool սիստեմը իսկական հեղափոխություն է մարզաշապիկների աշխարհում: Արտագնա սպիտակն էր հատկապես տպավորիր, որով ոչ-ոքի խաղացինք Իտալիայի հետ Նեապոլում: Ընկերության մատակարարած վերջին տարբերակն ամենալավն էր՝ թեթև ու հարմար:

Հայաստան-Բելգիա. 2009թ.

Լուսանկարելու տեսանկյունից պետք է հաշվի առնել գույները՝ որքան քիչ լինեն ավելորդ էլեմենտները, այնքան կադրի համար լավ: Հավաքականի վերջին արտագնա մարզաշապիկը պարզապես ֆանտաստիկ է: Վստահաբար ասում եմ՝ Հայաստանի հավաքականը երբեք այդքան գեղեցիկ մարզաշապիկ չի ունեցել: Կադրում հիանալի է նայվում», – ասաց ՀակԲերը:

Լուսանկարները՝ ՀՖՖ արխիվից

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը

Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը

Նոբել Առուստամյանն ասել է, թե որ հավաքականում կխաղա Արսեն Զախարյանը

Արտակ Գրիգորյան․ «Չեմ մտածում տարիքի մասին, այլ ուզում եմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավորինս երկար խաղալ» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան․ «Հուսով եմ՝ «Նոայում» հաջող հանդես գալու դեպքում կրկին կհրավիրվեմ հավաքական»

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Գեղամ Ղադիմյանը՝ «Կայսարի» ֆուտբոլիստ

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

Սպերցյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում