«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան - էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները - VNews
Բաժիններ

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Armenia - Estonia

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկարատև դադարից հետո հաղթանակած հեռացավ մարզադաշտից։ Դա դարձյալ տեղի ունեցավ սեփական հարկի տակ։ Ուղիղ 365 օր առաջ մեր տղաները էպիկ խաղում պարտության մատնեցին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ Այս անգամ տուժողն անհամեմատ ավելի թույլ Էստոնիան էր։ Նման մրցակիցների, անգամ Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ, մեր հավաքականը պետք է հաղթի հանգիստ։ Այժմ փորձենք ներկայացնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները։

Դավիթ Յուրչենկո – 7,5

Armenia - Estonia

Դավիդ Յուրչենկոյի խաղի գնահատական տալն Էստոնիայի հետ խաղում բարդ է։ Հայաստանի հավաքականի նորեկը Մակեդոնիայի հետ արտագնա խաղում հիմնականում գործ չուներ անելու և մեղավոր չէր բաց թողած երկու գոլերում էլ։ Այս անգամ մրցակիցը շատ հեռու էր մեր դարպասից։ Մեկ-երկու հակագրոհ, որոնք անատամ էին։

Սակայն երկրորդ կեսում Յուրչենկոն լուրջ սխալ թույլ տվեց՝ ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից և վրիպեց։ Լավ էր՝ մրցակից չկար մոտակայքում, և մեր դարպասը մնաց անառիկ։ Այս խնդիրը տարիներ շարունակ հետապնդում է մեր հավաքականի դարպասապահներին։ Ուշ Ռոման Բերեզովսկուց սկսած մեր բոլոր դարպասապահները դարպասից դուրս գալու հետ խնդիր ունեն։ Յուրչենկոյի 7,5 միավորը լրիվ պայմանական է։

Վարազդատ Հարոյան – 8

Հենրիխ Մխիթարյանի բացակայությանբ Հայաստանի հավաքականի նորաթուխ ավագն իրեն վատ չդրսևորեց մեկնարկային երկու խաղում։ Եթե առաջին խաղում հենց նրա մեղքով նշանակվեց 11 մետրանոց, դրանից հետո և էստոնացիների հետ խաղում Հարոյանը գործեց հիմնականում շատ հաջող։ Կենտրոնում նա բետոնում էր մրցակիցների առաջխաղացումն ու հուսալիություն էր փոխանցում նորեկ Յուրչենկոյին և Անդրե Չալըշըրին։

Թեպետ Հարոյանն ուներ խաղային պրակտիկայի լուրջ խնդիր, սակայն նա գերազանց կողմնորոշվեց և զուտ փորձի հաշվին կարողացավ հուսալի խաղ ցուցադրել իր դիրքում։ Ու նորից ստիպված ենք արձանագրել. քանի որ առանձնապես անելիք չունեցավ խաղի ընթացքում, Հարոյանի գնահատականը կլինի ևս պայմանական։

Անդրե Չալըշըր – 7,5

Armenia - Estonia

Չալըշըրը Հայաստանի հավաքականի հիմնական կազմի անփոխարինելի խաղացողներից է։ Առհասարակ լավ է, որ տևական դադարից հետո մենք ունենք կենտրոնական պաշտպանների հստակ զույգ։ Խաղային պրակտիկայի դեպքում նրանց փոխգործակցությունը կարող է արդյունավետ լինել։ Չալըշըրը գրեթե երբեք անհատական մակարդակի սխալ չի գործում։ Եթե հետևել եք նրա գործողություններին, նրա բոլոր բացթողումներն ու սխալները գալիս են թիմային սիստեմի խափանման դեպքում, երբ դասավորվելիս սխալվում են բոլորը։

Մակեդոնիայի և հատկապես Էստոնիայի հետ խաղում Չալըշըրը ոչ մի անհատական սխալ թույլ չտվեց պաշտպանությունում։ Մրցակցի հետ բոլոր անհատական մենամարտերում Չալըշըրը կամ հաղթում էր, կամ էլ ստիպում էր մրցակցին սխալվել։ Մի քանի անգամ գրոհ սկսելիս Չալըշըրն անհաջող փոխանցում է կատարել ու գնակը հանձնել է մրցակցին։ Միանշանակ, վնասվածքն է ստիպել Կապառոսին փոխարինել Չալըշըրին, այլապես նա մինչև վերջ կխաղար ու գուցե կարժանանար Հարոյանի պես «8» գնահատականին։

Հովհաննես Համբարձումյան – 7

Armenia - Estonia

Անսպասելի էր, սակայն Հովհաննես Համբարձումյանի պես պաշտպանը երկու խաղի ընթացքում թույլ է տվել աններելի քանակությամբ անհատական սխալներ։ Շատ դեպքերում Հովհաննեսը պահում էր գնդակն այն պահերում, երբ դա պետք չէր, միանում էր գրոհին այն ժամանակ, երբ չկար անհրաժեշտություն և հակառակը։ Մակեդոնիայի հետ նրա կոպիտ սխալը հանգեց 11 մետրանոցի։ Չի բացառվում, որ եթե մրցակիցն այս անգամ լիներ ոչ թե համեստ Էստոնիան, այլ օրինակ Վրաստանի պես ամուր ու կպչուն հավաքականը, սխալները էլի լինեին։

Հովհաննես Համբարձումյանն արժանանում է ավելի ցածր գնահատականի, քան մյուսները, որովհետև Էստոնիայի հետ խաղում էլ նա քանիցս գրոհներին միանալիս չի հասցրել վերադառնալ։ Պատճառը միայն մարզավիճակն է. բարձրակարգ պաշտպանը, ինչպիսին որ կա Համբարձումյանը, պրակտիկայի առկայության պարագայում սխալների նման փունջ և անիմաստ դեղիններ չէր հավաքի։ Ստիպված, հաջորդ՝ Վրաստանի հետ տնային խաղում Կապառոսը պետք է մտածի ինչպես փոխարինել որակազրկված Համբարձումյանին։

Արման Հովհաննիսյան – 7

Մեծագույն անակնկալ էր Արման Հովհաննիսյանին հիմնական կազմում տեսնելը։ Կապառոսը փորձառու մասնագետ է, հասկանում է, որ Էստոնիան այնպիսի մրցակից է, որի դեմ կարելի է և փորձարկել Արման Հովհաննիսյանին։ Առանց հանդիսականների, վատ խոտածածկի և անհարմար ֆուտբոլ խաղացող, ավելի ճիշտ չխաղացող մրցակցի դեմ Արման Հովհաննիսյանը գործում էր մի փոքր կաշկանդված։

Դրա հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ նրա գլխավերևում գործում էր հավաքականում ոչ միշտ խաղացող Գեղամ Կադիմյանը։ Նրանց փոխգործակցությունը լրիվ հում էր և արդյունավետ չէր։ Միմյանց փոխլրացնել չստացվեց։

Արտակ Գրիգորյան – 7

Armenia - Estonia

Արտակ Գրիգորյանը հանդես եկավ իր հնարավորություններից զգալիորեն ցածր։ Մենք գիտենք՝ ինչպես է կարողանում պաշտպանվել Գրիգորյանը, ինչպես է նա փակում դաշտի կենտրոնն ու սեփական առողջության գնով կանգնեցնում մրցակցի գրոհը։ Էստոնիայի հետ խաղում Արտակը նման չէր իրեն։ Տպավորություն էր, կարծես խաղում էր մի փոքր ծանրացած։

Գուցե պատճառը հավաքականների խաղերից առաջ ստացած թեթև վնասվածքն էր, սակայն երևում էր՝ Արտակը լիարժեք պատրաստ չէ հանդիպմանը։ Խոակին Կապառոսը սակայն, այլընտրանք չուներ. Արտակ Գրիգորյանը թիմի միակ փորձառու հենակետայինն էր։ Երբ մի պահ թվաց, որ նա չի կարողանում շարունակել հանդիպումը, Կապառոսի դեմքին երևացին անելանելիության աննշան էլեմենտներ, բայց, բարեբախտաբար, Գրիգորյանը մնաց շարքում։

Վբեյմար Անգուլո – 8,5

Armenia - Estonia

Այո, Վբեյմար Անգուլոն դարձավ Հայաստանի հավաքականի երկրորդ գոլի հեղինակը՝ անկասելի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը մոտ 20 մետրից։ Հենակետային կիսապաշտպանի համար գոլ խփելը սովորական երևույթ չէ, և, ինքնին, այս գնդակն արդեն բավական էր, որպեսզի Վբեյմարը ստանար մեզանից բարձր գնահատական։

Վբեյմարը քանդում էր մրցակցի գրոհները միջին գծում, երբեմն էլ փակում էր Արտակ Գրիգորյանի կորցրած դիրքերը: Առհասարակ, Վբեյմարը խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Բայց ամեն ինչ կարող էր և այսպես չդասավորվել: Միայն նրա «մահացու» սահանկումը մրցակցի հանդեպ հերիք էր։ Թեպետ…դա սահանկում էլ չէր, դա ուղիղ ցատկ էր մրցակցի ոտքերի ուղղությամբ։ Եթե մրցավարն անգլիացի չլիներ, որը սովոր է իր հայրենիքում տեսնել նման կարգի սահանկումներ, այլ լիներ եվրոպական ընտանիքի այլ անդամ, գուցե և հեռացներ Վբեյմարին։ Մեր հենակետայինին փրկեց այն, որ նա առաջինը դիպավ ուղիղ գնդակին։ Դրան էլ գումարեք մանր-մունր սխալները և կստանաք 8,5 գնահատականը։

Արշակ Կորյան – 8

Armenia - Estonia

Արշակ Կորյանից ակնկալիքները մեծ են։ Նրան վստահված 10 համարն ինքնին լուրջ բեռ է ցանկացած ֆուտբոլիստի, այդ թվում և թիմում նրամուտը նշող խաղացողի համար։ Կորյանն իր ոճով ակտիվ ֆուտբոլիստ չէ, նրա գործողությունները հիմնականում չեն երևում։ Առաջին հայացքից, նա դաշտում ոչինչ չի անում, սակայն երբ խաղը նայում ենք ևս մեկ անգամ ու ֆիքսվում ենք կոնկրետ նրա վրա, հասկանում ենք, որ նա մեծ ծավալի աշխատանք է կատարում։

Էստոնիայի հետ խաղում Կորյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ բարդագույն իրավիճակից ասիստ անելով Ալեքսանդր Կարապետյանի վրա։ Բացի դրանից մի քանի սուր փոխանցումներ կատարեց դեպի եզր։ Սակայն դիրիժորի դիրքը, որ նա ստանձնել էր, կարելի է ասել, տապալվեց։ Մենք գործում էինք 2 հենակետայինով, որոնցից ոչ մեկն օժտված չէ խաղ սկսելու կարողությամբ, Կորյանն էլ բավականաչափ չէր նահանջում, որպեսզի օգներ նրանց, ինչպես անում է Մխիթարյանը։ Դրա պատճառով՝ Կորյանին միայն 8։

Գեղամ Կադիմյան – 7,5

Armenia - Estonia

Եթե Կադիմյանը խաղար հավաքականում իր մարզավիճակի պիկի ընթացքում, գուցե մենք լրիվ ուրիշ ֆուտբոլիստ տեսնեինք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Կադիմյանից սպասում էինք սուր գործողություններ եզրում, տեղաշարժեր դեպի կենտրոն ու բարձրից փոխանցումներ, սակայն այդ ամենից և ոչ մեկը չտեսանք։

Կադիմյանը գնդակն ամեն անգամ կորցնելուց մի քանի վայրկյան տրամադրում էր զայրույթը դատարկելու վրա և սխալների ուղղում չէր անում։ Ի թիվս այլոց, Կադիմյանը հավաքականի մարզաշապիկի «հերթական զոհն է»։ Կադիմյանը, նույն Սարգիս Ադամյանի պես, ակումբում գերազանց է խաղում, սակայն հավաքականի շապիկը կրելուն պես դառնում է կաշկանդված։ Այս խաղում դա առավել արտահայտիչ էր։

Տիգրան Բարսեղյան – 9

Armenia - Estonia

Ակնհայտ է, որ Հաայստանի հավաքականի աջ վինգերը բարելավել է իր խաղը: Դեռ 1-2 տարի առաջ հավաքականում առաջին քայլերն անող Բարսեղյանից այլևս ոչինչ չի մնացել: Նա աշխատում է խաղը վերցնել իր վրա այն ժամանակ, երբ կա դրա անհրաժեշտությունը: Բարսեղյանը գերազանց է կարողանում օգտագործել իր գլխավոր զենքերը՝ հարվածներն ու ռեակտիվ արագացումները:

Էստոնիայի հետ դա շատ լավ աշխատեց: Մրցակիցը բավական դանդաղաշարժ էր, իսկ եթե դրան գումարենք էստոնացիների առհասարակ դանդաղկոտության մասին պատմական առասպելները, կստացվի իդեալական տարբերակ Տիգրան Բարսեղյանի համար: Նրա գնահատականն ամենաբարձրներից է, այ եթե գոլ էլ խփեր, կլիներ խաղի լավագույնը:

Ալեքսանդր Կարապետյան – 10

Միանշանակ Ալեքսանդր Կարապետյանը Էստոնիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է: Եվ ամենևին էլ գոլը չէ պատճառը: Անգամ ոչ միայն գոլային փոխանցումը: Ամբողջ հանդիպման ընթացքում չեղավ մի դրվագ, որտեղ Ալեքսանդրը կվազի, չպայքարի, չցատկի ու չխլի: Տպավորություն էր, որ նրա էներգիան երբեք չի ավարտվում: Նրա խաղը տեսնելով, մյուսները ևս վարակվում են ու ձեռքերը վայր չեն դնում, այլ խաղում են: Եվ դա 30+տարիքում, երբ շատ ֆուտբոլիստներ 30 տարին բոլորելուց հետո անցնում են էկոնոմ ռեժիմի:

Կարապետյանի գոլը փառահեղ ստացվեց: Ընթացքի մեջ կանգ առնել, դադար վերցնել ու մարմինը դնել այնպես, որ իդեալական հարված ստացվի: Երկրորդ գոլի դրվագում Կարապետյանի հոտառությունը ևս պետք եկավ: Նա դադար պահեց ու փոխանցեց հետ: Ամեն հաձակվող նման բան չէր անի:

Տարոն Ոսկանյան – 7

Armenia - Estonia

Տարոն Ոսկյանյանը հավաքականում ունի փոխարինողի, ավելի ճիշտ՝ հրշեջի ֆունկցիա: Նա ցանկացած հարմար առիթի դեպքում պատրաստ է խաղալ: Խաղալ քիչ, բայց օգուտ տալ: «Ալաշկերտում» նախորդ մրցաշրջանի վերջին հատվածում Տարոնը կորցրել էր տեղը մեկնարկայինում, սակայն Մելիքյանի գալուց հետո նորից խաղում է:

Տպավորություն է, որ Ոսկանյանը մինչև հիմա չի հաղթահարել չեխերի դեմ երևանյան խաղի (0-3) խաղի հետևանքները: Այդ օրը, նշելով նորամուտը հավաքականում, Տարոնը թույլ տվեց մի քանի սխալ, արժանացավ բուռն քննադատության: Դրանից հետո հավաքականում նրա խաղն այդպես էլ չի ստացվում այնպես, ինչպես նա կցանկանար կամ կկարողանար: Էստոնացիների հետ Ոսկանյանը խաղաց 45 րոպե, 1-2 դրվագում իր թիկունքից բաց թողեց բարձրից փոխանցում: Վատ չէր, բայց կարող է ավելի լավ:

Վահան Բիչախչյան – 9

Armenia - Estonia

Ամբողջ Հայաստանը սպասում էր, որ Վահան Բիչապչյանը դուրս կգա խաղադաշտ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում, սակայն Կապառոսն անհասկանալի պատճառով նրան դուրս թողեց մեկնարկայինից, անգամ փոխարինման դուրս չհանեց: Էստոնիան առավել հարմար մրցակից էր Վահանի ուժերը փորձարկելու համար:

Որքան խորհրդանշական կլիներ, եթե հենց առաջին շանսից Վահանը գոլի հեղինակ դառնար: Գերազանց մարզավիճակում գտնվող փոքրամարմին գյումրեցին իրեն բացարձակ կաշկանդված չէր զգում: Խաղում էր առանց ավելորդությունների, փոխանցում ճիշտ պահին, մի խոսքով «ֆիքստուլություն» չէր անում: Կապառոսը և հայ երկրպագուն կարող են գոհ լինել: Բիչախչյանն աճել է հավաքականի համար:

Խորեն Բայրամյան – 7

Խորեն Բայրամյանից երևի թե, ամենաշատն էին ակնկալիքներրն այս խաղերում: Սակայն նա խաղում էր չափաղզանց կաշկանդված: Երևում էր, որ ցանկանում է ցույց տալ իր լավագույն որակները, սակայն հյուսիսմակեդոնացիների հետ հանդիպման առաջին կեսում չստացվեց ոչինչ: Այդ պատճառով Կապառոսը նրան թողեց պահեստայինների նստարանին:

Ամեն ինչ կախված է Բայրամյանի դիրքից: Առայժմ հստակ չէ ոչինչ: Կապառոսը նրան համառորեն տեսնում է ձախ վինգերի դիրքում, սակայն քանիցս տեսանք, որ Խորիկը նահանջելիս թողնում է դիրքն ու իջնում կենտրոն՝ մերկ թողնելով իր ձախ թևը: Գուցե հաջորդ խաղերում նրան մենք տեսնենք այլ դիրքում: Կամ նրան հարմարվելու համար դեռ ժամանակ է պետք: Ամեն դեպքում մեր տեսածը Բայրամյանի հնարավորությունների միայն կեսի կեսի կեսն է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Կապառոս․ «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի հասնելու համար»

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Վբեյմարի առաջին ու հրաշալի գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)