«Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն - VNews
Բաժիններ

«Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

Webp.net resizeimage 21 8 - «Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

Եվրոպական ակումբային ֆուտբոլի մրցաշրջանի ավարտը մոտ է։ Իտալիայում արդեն գիտենք չեմպիոնի անունը, Անգլիայում ու Գերմանիայում ամեն ինչ առավել քան ակնհայտ է թվում։ Իսպանիայում ու Ֆրանսիայում էլ ամեն ինչ որոշվելու է վերջին տուրերին։ Առաջատարների հետևում պակաս թեժ պայքար չէ։ Ակումբները պայքարում են ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու համար։ VNews-ը ներկայացնում է 5 ակումբի, որոնք անակնկալ կերպով կարող են հայտնվել Չեմպիոնների լիգայում։

«Վեսթ Հեմ»

«Վեսթ Հեմը» իր պատմության մեջ երբեք չի խաղացել Չեմպիոնների լիգայում։ Նրանք խաղացել են ՈւԵՖԱ-ի գավաթում ու Եվրոպա լիգայում։ Լոնդոնյան թիմը նաև մասնակցել է ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթին, բայց ամենահեղինակավոր մրցաշարում նրանք չեն եղել երբեք։ «Վեսթ Հեմը» 1965 թվականի գավաթակիրների գավաթի չեմպիոնն է, ինչպես նաև 1999 թվականի Ինտերտոտոյի գավաթի հաղթող։

«Վեսթ Հեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր հայտնություններից է։ Դևիդ Մոյեսը ակումբը 2019 թվականին գլխավորելուց հետո մեծ ծավալի աշխատանք է կատարել, ինչն էլ տալիս է իր արդյունքը։ Լոնդոնյան թիմը՝ հավասարը հավասարի պայքարում է Պրեմիեր լիգայի հսկաների՝ «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Չելսիի» հետ լավագույն քառյակում տեղ գտնելու համար։ Ճիշտ է, «Նյուքասլի» ու սկզբունքային մրցակից «Չելսիի» դեմ խաղերում պարտությունները մի փոքր հեռացրել են «Վեսթ Հեմին» թոփ-4-ից, բայց մրցաշրջանի վերջում ամեն ինչ կարող է լինել։ «Չելսին» բարդ խաղացանկ ունի, չի բացառվում, որ միավորներ կկորցնեն նաև քառյակում իրենց տեղի համար պայքարող այլ թիմեր։

Webp.net resizeimage 21 8 960x567 - «Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

«Վեսթ Հեմի» հաջողության գրավականը այս մրցաշրջանում թիմային խաղի մեջ է։ Մոյեսի տղաները գերազանց ֆուտբոլ են ցուցադրում։ Կան նաև վառ անհատներ, որոնք զգալիորեն ուժեղացնում են թիմի կազմը։ Անկասկած մեծ ուժ էր ձմռանը վարձակալությամբ ակումբ տեղափոխված Ջեսի Լինգարդը։ Հիասքանչ մրցաշրջան է անցկացնում երիտասարդ կիսապաշտպան Դեկլան Ռայսը, ում ծառայություններով, կարծես թե, սկսում են հետաքրքրվել նաև թոփ ակումբներ։ «Վեսթ Հեմը» Չեմպիոնների լիգային կարող է հետաքրքիր երանգ տալ գալիք մրցաշրջանում։ Եթե նրանք թոփ-4-ում չհայտնվեն՝ Եվրոպա լիգայում տեղը գրեթե երաշխավորված է։

Մեր ընտրանին

«Լեսթեր»

Շարունակելով անգլիական ակումբների թեման՝ խոսենք «Լեսթերից»։ Ի տարբերություն «Վեսթ Հեմի», «Լեսթերն» ավելի ամուր է կանգնած Չեմպիոնների լիգայում հայտնվելու ճանապարհին։ Բրենդան Ռոջերսի թիմն այս պահին երրորդ տեղում է՝ 63 միավորով։ «Աղվեսների» պարագայում ամեն ինչ շատ խորհրդանշական է։ Անցած տարի նրանք գրեթե ամբողջ մրցաշրջանի ընթացքում թոփ-4-ում էին, բայց ի վերջո կորցրին իրենց տեղն ու ուղևորվեցին Եվրոպա լիգա։ Սա իսկապես մեծ հարված էր մրցաշրջանի ընթացքում հիասքանչ ֆուտբոլ ցուցադրած թիմի համար։ Բայց արի ու տես, որ «Լեսթերը» չկոտրվեց այդքանից հետո ու վերգտավ իր նույն, գերազանց խաղն արդեն այս տարի։

«Աղվեսները» Պրեմիեր լիգայի վերջին տարիների ամենակայուն թիմերից են։ Վստահորեն կարող ենք ասել, որ նրանք ոչ միայն մոտ են Չեմպիոնների լիգա վերադառնալուն, այլ նաև արժանի են այդ ուղեգրին։ Սակայն խաղացանկն ամենահեշտերից չէ։ Վերջին 4 տուրից առնվազն երեքում Ռոջերսի թիմին բարդագույն հանդիպումներ են սպասվում։ Արտագնա խաղեր «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» հետ ու տնային խաղ՝ «Տոտենհեմի» հետ։ Հաջորդ տուրում էլ մրցակիցը «Նյուքասլն» է։ Այնպես որ, երաշխիք չկա, որ ամեն ինչ անցած տարվա պես կարող է գլխիվայր չշրջվել։

1617454428 265107 noticia normal 960x540 - «Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

«Լեսթերում» այս տարի զգալիորեն ավելացրել է Կելեչի Իհեանաչոն, ում խաղից արդեն շատ բան է կախված։ Շարունակում է իր ֆանտաստիկ ելույթները «աղվեսների» անվիճելի լեգենդ Ջեյմի Վարդին, հին գվարդիայից իր թիմին միշտ օգնում է Ջեյմս Մեդիսոնը, լավ մարզավիճակում է Յուրի Տիլեմանսը։ Դարպասին էլ՝ Կասպեր Շմեյխելն է։ Բայց այս ամենի հետ ամենակարևորը Բրենդան Ռոջերսի ստեղծած թիմային խաղն է։ «Լեսթերը» ֆիզիկապես չափազանց ամուր թիմ է, ու թերևս դա է պատճառը, որ նրանք դիմանում են այսքան երկար ու ծանր մրցաշրջանին։ Թոփ թիմերի դեմ նրանք գերազանց են խաղում, այնպես որ բարդ խաղացանկը պետք է որ ամբողջությամբ չփչացնի տպավորիչ ևս մեկ մրցաշրջան, որն անցկացնում են «աղվեսները»։

«Վոլֆսբուրգ»

«Վոլֆսբուրգը» 2014/15 թվականների մրցաշրջանում Գերմանիայի փոխչեմպիոն դառնալուց հետո մոռացել է Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու մասին։ Այդ տարվանից հետո թիմը կայուն կերպով դուրս էր մնում գլխավոր եվրագավաթի գոտու համար պայքարից, բայց ոչ այս տարի։ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում նրանք այս պահին երրորդ տեղում են։ Ունեն 57 միավոր, մեկ միավորով առաջ են «Այնտրախտից», երկու միավորով էլ առաջ են Դորտմունդի «Բորուսիայից»։ Երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգից» «գայլերը» հետ են 7 միավորով։ Վերջին երեք տուրում նրանց մրցակիցներն են «Ունիոն Բեռլինը», «ՌԲ Լայպցիգն» ու «Մայնցը»։

180681563 5570304053011544 7637442493763720698 n - «Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

Գերմանական ակումբի համար վերադարձը Չեմպիոնների լիգա մեծ հաջողություն կլինի նախորդ տարիների անհաջող մրցելույթներից հետո։ Երկու մրցաշրջան անընդմեջ նրանք նույնիսկ Բունդեսլիգայից դուրս մնալու շեմին էին։ 2016/17 և 2017/18 թվականների մրցաշրջանը «Վոլֆսբուրգը» ավարտեց 16-րդ տեղում։ Անկախ նրանից կհայտնվի թիմը Չեմպիոնների լիգայում, թե ոչ, այս մրցաշրջանը կարելի է հաշվել «Վոլֆսբուրգի» օգտին։ «Գայլերի» նկատելի հաջողություններում մեծ ներդրում ունի Օլիվեր Գլասները, որը թիմը գլխավորում է 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբի ցուցադրած խաղը վերելք է ապրում։ Այս մրցաշրջանի սկզբում թիմը նույնիսկ պայքարում էր Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի համար, սակայն որակավորման փլեյ-օֆֆ փուլում՝ պարտվեց հունական ԱԷԿ-ին։ Գուցե եվրագավաթում չխաղալը նպաստեց «Վոլֆսբուրգի» տպավորիչ մրցելույթներին Բունդեսլիգայում։

«Այնտրախտ»

Գերմանական ևս մեկ ակումբ, որը գերազանցապես տպավորում է մրցաշրջանի երկրորդ հատվածում։ «Այնտրախտը» լավ շանս ունի Չեմպիոնների լիգայում հայտնվելու, բայց նրա թիկունքում շնչում է Դորտմունդի «Բորուսիան», որը վերջին տարիներին մշտապես եղել է գլխավոր եվրագավաթի անփոխարինելի ներկայացուցիչը Գերմանիայից։ «Այնտրախտի» ցուցադրած ֆուտբոլն անակնկալ համարել չի կարելի։  Ադի Հյուտերի գլխավորությամբ այս թիմն արդեն քանի տարի է հիասքանչ ֆուտբոլ է խաղում։ 2018/19 թվականների մրցաշրջանում նրանք հասան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ ու միայն հետխաղյա հարվածաշարով պարտվեցին «Չելսիին», որը հետագայում նվաճելու էր տիտղոսը։ Այդ ժամանակ թիմի գլխավոր աստղերից մեկը Լուկա Յովիչն էր։ Նա հիմա նորից «Այնտրախտում» է։ «Ռեալում» որոշ ժամանակ պահեստային նստարանները մաշեցնելուց հետո սերբ հարձակվողը վերադարձել է հին-նոր ակումբ։ Ժամանակակից «Այնտրախտի» գլխավոր աստղը, սակայն, նա չէ։ Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմի կազմում նորից փայլեց կարիերայի ընթացքում վերելքներ ու վայրէջներ ունեցող Անդրե Սիլվան։ Չմոռանանք նաև Ֆիլիպ Կոստիչին, որը նույնպես գլխավոր աստղերից է։

andre silva eintracht frankfurt 1598875327 46441 960x538 - «Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

«Այնտրախտը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայում/եվրոպական չեմպիոնների գավաթում խաղացել է 1960 թվականին։ Ակնհայտ է, որ այսքան տարի անց եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշար վերադառնալը բացառիկ նվաճում կլինի ակումբի համար։ Ի դեպ, խաղացանկը բավականին շահեկան է թոփ-4-ում տեղը պահպանելու համար։ Հյուտեսի սաները տանը հանդիպելու են «Մայնցին», հետո հյուրընկալվելու են հետնապահ «Շալկեին», որն արդեն դուրս է մնացել Բունդեսլիգայից։ Վերջին տուրում էլ մրցակիցը «Ֆրայբուրգն» է։ Ավելի հարմարավետ խաղացանկ առաջնության այս հատվածում պատկերացնելը դժվար է։

«Լիլ»

«Լիլն» այս ցանկի միակ թիմն է, որն անցած երկու մրցաշրջաններում խաղացել է Չեմպիոնների լիգայում։ «Անկոչ հյուր» նրանց համարել թերևս չի կարելի, բայց անակնկալ է այն դիրքը, որտեղ նրանք գտնվում են մրցաշարային աղյուսակում։ «Լիլը» 76 միավորով գլխավորում է աղյուսակը ու առաջ է ՊՍԺ-ից ընդամենը մեկ միավորով։ Նրանք մոտ են պատմական չեմպիոնությանը։ 2010 թվականի «դուբլից» հետո սա առաջին մրցաշրջանն է, որտեղ այս թիմն այսքան մոտենում է չեմպիոնությանը։ Առաջնության վերջին երեք խաղերում նրանց մրցակիցներն են «Լենսը», «Սենտ-Էտյենն» ու «Անժեն»։

EhzCgFeWAAcnwkd 960x639 - «Անկոչ հյուրերը»․ 5 ակումբ, որոնք մոտ են Չեմպիոնների լիգայում հայտնվելուն

Ո՞րն է «Լիլի» ֆանտաստիկ ելույթների գաղտնիքը։ Նախ պետք է արձանագրել, որ սա անսպասելի թռիչք չէ, այլ հետևողական աշխատանքի արդյունք։ 2017 թվականին թիմ եկավ «Սենտ-Էտյենում» բավականին հաջող արդյունքներ գրանցած Քրիստոֆ Գալտերը։ Նրանից չէին ակնկալում երկնքից աստղեր իջեցնել, բայց սպասում էին ջանասիրաբար աշխատանքին նվիրվել։ «Լիլը» լավագույն քառյակում է եղել անցած երկու մրցաշրջաններում։ Թիմի կազմը բավականին ուժեղ է։ Սակայն սա ոչ թե ֆինանսական խելահեղ միջոցների արդյունք է, այլ ճիշտ մենեջմենթի։ Թիմում կան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ ու հեռանկարային խաղացողներ։ Այստեղ է փորձառու Բուրակ Յիլմազը։ Հիասքանչ մրցաշրջան է անցկացնում երիտասարդ ամերիկացի Ջոնաթան Դևիդը։ Պաշտպանության կենտրոնում Ժոզե Ֆոնտեն է, որը առաջիկա Եվրոյում թերևս անվիճելի տեղ է ունենալու Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Դաշտի կենտրոնում վստահ խաղ է ցուցադրում Ռենատու Սանշեշը, որը կարծես այն խաղացողներից է, որոնք իրենց լավագույն ֆուտբոլը սկսում են ցուցադրել հենց այսպիսի թիմերում։ «Լիլը» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի գոտուց գործնականում, բայց դա տեսականորեն գրեթե անհնար է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

«Էվերթոնը» հաղթեց «Վեսթ Հեմին»՝ մոտենալով «Տոտենհեմին» ու «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Լիլը» վստահ հաղթանակի շնորհիվ ամրապնդվեց 1-ին հորիզոնականում (տեսանյութ)

«Լեսթերը» սեփական դաշտում 4 գոլ ընդունեց «Նյուքասլից»՝ խփելով միայն 2-ը (տեսանյութ)

Ռաուլը հնարավոր է գլխավորի Բունդեսլիգայի ակումբներից մեկը

«Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

«Ռեալը» կոտրեց «Օսասունայի» դիմադրությունը, «Միլանն» ու «Լիլը» նույնպես հաղթեցին (տեսանյութ)

«Լեսթերը» հաղթեց ու ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Լիլը» հաղթեց «Լիոնին» (տեսանյութ)

«Չելսին» կարևորագույն հաղթանակ տարավ ու հաստատվեց լավագույն քառյակում (տեսանյությ)

«Լեսթերն» Անգլիայի գավաթի եզրափակիչում է (տեսանյութ)

Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի առաջնության առաջատարի հետ (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Գոլառատ խաղում «Վեսթ Հեմը» հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

«Լիլը» «Մեցին» հաղթելու շնորհիվ ՊՍԺ-ի նկատմամբ միավորների առավելությունը հասցրեց 6-ի (տեսանյութ)

Ռայսի գնահատականը Կրոսի խաղին․ գերմանացին պատասխանել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպանին