fbpx
Բաժիններ

#Ապրող_ֆոտոներ_21. Ինչ կապ ունեն Չեմպիոնների լիգայի գավաթն ու հյուրանոցի հավաքարարը

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

VNews.am-ը շարունակում է իր #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

1993/1994 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում «Միլանն» իր ճանապարհից մաքրեց անխտիր բոլորին, այդ թվում և եզրափակիչում «Բարսելոնային»: Եվ դա համարվում էր սովորական երևույթ այդ տարիներին և այդ օրերին: «Միլանը» 1989 թվականից 1994 թվականն ընկած ժամանակահատվածում 4 անգամ դուրս է եկել Չեմպիոնների գավաթի/լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Մինչև «Բարսելոնային» հասնելը, միլանյան ակումբն անցել է բարդագույն ճանապարհ, սակայն պատվով է դուրս եկել ստեղծված իրավիճակից:

«Միլանը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասել է որակավորման առաջին շրջանից: Ու պատկերացրեք, որ առաջին խաղից մինչև գլխավոր հանդիպում ընկած ժամանակահատվածում եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում թիմը բաց է թողել ընդամենը 2 գնդակ: Ի՞նչ գոլ բաց թողնելու մասին է գնում խոսքը, երբ պաշտպանությունում խաղում էր Բարեզի-Մալդինի-Կոստակուրտա եռյակը, գլխավոր մարզիչն էլ Ֆաբիո Կապելոն էր:

Եզրափակիչում «Միլանը» քարը քարի վրա չթողեց «Բարսելոնայից»: Դանիելե Մասարոն ձևակերպեց դուբլ, մեկական անգամ էլ աչքի ընկան Դեյան Սավիչևիչն ու Մարսել Դեսային: Հանդիպման ավարտից հետո Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում տիրում էր խելագարություն: Երկրպագուներն ու ֆուտբոլիստները միասին ուրախանում էին մինչև ուշ երեկո, Դեսային ու ընկերները գավաթով շրջում էին ստադիոնով, որի ժամանակ էլ արվեց հայտնի լուսանկարը, որն ունի հետաքրքիր պատմություն:

Լուսանկարի ունիկալությունը կայանում է նրանում, որ վերջին կադրն է, որով երևացել են «Միլանի» ֆուտբոլիստները խաղադաշտում: Դրանից հետո նրանք մտան հանդերձարան, մի լավ քեֆ էլ այնտեղ արեցին, որից հետո գնացին գլխավոր երեկույթին: Դրան մասնակցում էին ոչ միայն ֆուտբոլիստները, այլև ակումբի ղեկավարությունը՝ նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի ու փոխնախագահ Ադրիանո Գալիանիի գլխավորությամբ: Երեկույթն անցավ բավական բուռն…

Լուսադեմին, երբ հյուրանոցի լաունջ բարում մնացել էին միայն գլխավոր մարզիչ Կապելոն ու Գալիանին, որոշվեց վերջակետ դնել քեֆ-ուրախությանը և գնալ հանգստանալու: Վերելակ տանող ճանապարհին նրանք քննարկում էին հանդիպման մանրամասներն ու հաջորդ մրցաշրջանի համար նախատեսվելիք տրանսֆերները, երբ հանկարծ նկատեցին անկյունում դրված աղբամանը, որի մեջ փայլում էր ինչ որ երկաթյա իր: Երբ մոտեցան, չհավատացին իրենց աչքիերին: Ծխախոտի գլանակների ու օգտագործված անձեռոցիկների մեջ շաղախված էր Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Վերջին անգամ գավաթն իմ ձեռքում էին տեսել, խաղադաշտում: Հետո նստեցինք ավտոբուս, գնացինք հյուրանոց ու մինչև առավոտ ուրախացանք: Հետո, երբ իմացա, թե որտեղից են գտել գավաթը, ինձ մեղավոր զգացի, որ վերջին անգամ այն իմ ձեռքում է եղել, որից հետո հայտնվել է աղբամանում», – ասել է լուսանկարի հերոս Մարսել Դեսային:

«Երբ սկսեցինք նշել, մոռացանք էլ գավաթի մասին: Չէինք կարող ենթադրել, որ այն կարող էր հայտնվել նման վայրում: Ըստ երևույթին, հավաքարարն էր այն իր հետ տարել ու դրել այնտեղ: Այդքանից հետո ես այլևս չէի պատրաստվում բաժանվել դրանից: Գավաթը տարա ինձ հետ համար ու տեղավորեցի անկողնուս մեջ, գրկեցի ու քնեցի: Առավոտյան ես զանգահարեցի կնոջս ու ասացի, որ տեսել եմ կյանքիս ամենառոմանտիկ ու կախարդական երազը», – կատակում էր Գալիանին Football Italia-ի հետ զրույցում:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Միլանի» նախագահ. «Մենք համաշխարհային գրանդ ենք, իսկ «Յուվենտուսը»՝ իտալական»

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Յովիչը կարող է տեղափոխվել Իտալիա

Պաոլո Մալդինին կբանակցի մադրիդյան երկու թիմերի հետ

«Ռեալի» հարձակվողը նոր գնորդ ունի

Ժորժինյոյի հետաքրքիր նվաճումը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում

Մոդրիչի չստացված փորձից հետո «Միլանը» մտադիր է «Ռեալի» մեկ այլ աստղային կիսապաշտպանի գնել

ՊՍԺ-ի որոնումները դարպասապահի գոտում կանգ են առել Իտալիայում

«Միլանը» երազում է «Ռեալի» ֆուտբոլիստի մասին

Գատուզոն կարող է գլխավորել Բեքհեմի թիմը

Պաշտոնական. «Միլանը» ձեռք բերեց Աֆրիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» 2-2 հաշվից հետո 11-մետրանոցներով հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Բարի գալուստ 2019/20 մրցաշրջան. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռոնալդուն կարող էր տեղափոխվել «Միլան». Իտալական ակումբի նախկին տնօրեն

Պաշտոնական․ Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի «Վուլվերհեմփթոնում»