fbpx

#Ապրող_ֆոտոներ_3. «30 տարի ճչացող ցավը». Վինի Ջոնսն ու Պոլ Գասկոյնի լեգենդար առերեսումը

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

Այդ նպատակով VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Վինի Ջոնսին, պետք է որ շատերդ հիշեք հոլիվուդյան լեգենդար ֆիլմերից, որտեղ նա, հիմնականում, մարմնավորում է բռուտալ  կերպարներ: Սակայն քչերը գիտեն, որ Վինին ժամանակին եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Նրա տեսքին նայելիս արդեն մրցակիցը ցանկանում էր ավարտել կարիերան ու անցնել լրիվ այլ աշխատանքի՝ հեռու Վինիից ու ֆուտբոլից առհասարակ: Իսկ նրա սահանկումներն ու կոպիտ հնարքներից հետո բոլորը չէ, որ ոտքի էին կանգնում:

Այդպես, 1988 թվականին, 30 տարի առաջ, խաղադաշտում առաջին անգամ պետք է առերեսվեին անկոտրում Ջոնսն ու անգլիական ֆուտբոլի ծագող աստղ Պոլ Գասկոյնը՝ «Գազան»: Խաղից առաջ Գասկոյնին մարզիչը հաջողություն ու անփորձանք խաղ է մաղթել: «Գազան» նրա խոսքերին մեծ կարևորություն չէր տվել: Մինչդեռ պարտավոր էր:

Հանդիպման մեկնարկից անմիջապես հետո, երբ Գասկոյնն ու Ջոնսն առաջին անգամ մոտ կանգնեցին ու բախվեցին հայացքներով, Վինին իր համար սովորական դարձած ձևով ասաց.

«Ես Վինի Ջոնսն եմ: Ես շատ կոպիտ եմ: Այսօր խաղադաշտում միայն ես ու դու ենք լինելու, չաղլիկ: Ուշադիր եղիր՝ ականջդ կծելու եմ ու գցեմ խոտածածկին», – այս անգամ արդեն «Գազան» լրջորեն վախեցավ մրցակցից: Սակայն արտաքուստ դա ցույց չտվեց, ինչին ի պատասխան Վինին ավելացրեց. «Ոչ մի տեղ չգնա՛ս, եզրային նետում եմ անում ու գամ»: Գասկոյնն ասաց, որ ոչ մի տեղ պատրաստվում գնալ: Զուր: Պետք էր:

Ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ Վինին ու «Գազան» շատ մոտ կանգնեցին: Մրցակցի հետ պայքարելու փոխարեն Ջոնսը որոշեց դիմել կտրուկ գործողությունների: Բոլորը զբաղված էին գնդակի ընթացքին հետևելով, երբ հաջորդ վայրկյանին Գասկոյնին տեսան խոտածածկին պառկած: Նրա ձայնը բռնել էր ամբողջ Անգլիան:

Վինին ուղիղ տեղը որոշել էր բռնել էր Գասկոյնի…ամորձիները: Քանի որ դրվագը ոչ ոք չի ֆիքսել, պատիժ չի կիրառվել: Սակայն լուսանկարիչներն անհամբերությամբ սպասում էին հանդիպման ավարտին, որ հաջորդ օրն ամբողջ աշխարհը ցնցեին իրենց լուսանկարով:

«Կարիերայիս ընթացքում հարյուրավոր հանդիպումներ եմ անցկացրել, սակայն սա միակ դեպքն էր, որ ցանկանում էի խաղը որքան հնարավոր է շուտ ավարտվեր: Ես վախենում էի, որ հնարավորության դեպքում նա ինձ կվնասեր կամ էլ իրոք կկծեր իմ ականջը», – անկեղծացել է Գասկոյնը:

Ի դեպ այս հիշարժան դրվագից 30 տարի անց ֆուտբոլիստները հանդիպել են ու մոտ 1 ժամ զրուցել են, հիշել իրենց կարիերայի ամենահավես ժամանակները: Բնականաբար, աշխարհի ամենահայտնի դրվագի մասին չխոսել հնարավոր չէր լինի:

«Ես երբեք նման բան չէի արել ու դրանից հետո էլ չեմ արել: Ամեն ինչ շատ արագ ու պատահական ստացվեց, ես նման բան համենայն դեպս չէի պլանավորել: Մի անգամ մի առիթով մարզիչներիցս մեկն ասել էր. «պինդ բռնիր մրցակցի ամենաանհարմար մասերից, երբ զգում ես՝ նա քեզ շատ մոտ է կանգնած»: Գասկոյնի հետ դրվագում, հավանաբար, հենց դա եմ հիշել», – ասել է Վինին:

«Մարդիկ մինչև հիմա հարցնում են՝ «շա՞տ էր ցավում»: Կխնդրեմ ուշադիր նայել դեմքիս, վզիս երակները, քիչ էր մնում պայթեին: Ես ցանկանում էի դիմել մրցավարին, սակայն փոխարենը արտաբերեցի միայն «Օգնի՛ր, ա՛յ մարդ», – պատմել է Գասկոյնը:

Ի դեպ այս լուսանկարից հետո ֆուտբոլիստների կարիերան ու կյանքը տարբեր կերպ է դասավորվել.

  • Վինի Ջոնսն այդպես էլ չի կարողացել լուրջ ֆուտբոլիստի կարիերա դասավորել: Հավանաբար, հասկանալով որ մրցակիցները մեղք են, Վինին որոշել է թողնել ֆուտբոլն ու կենտրոնանալ դերասանական աշխատանքի վրա: «Խաղաքարտեր, փող և 2 զենք», «Կոտրող մեքենան», «Գողանալ 60 վայրկյանում»…Այս ֆիլմերը հավանաբար հիշում եք: Դե մտաբերեք նաև Վինիին: 
  • Պոլ Գասկոյնն, ի տարբերություն Ջոնսի, ունեցավ գերազանց կարիերա, հասավ բազմաթիվ նվաճումների, հաղթանակների ու տիտղոսների: Սակայն ունենալով բարդագույն բնավորություն, իսկ հետո նաև սեր ալկոլոհոլի, թրմանյութերի ու ոչ միանշանակ կյանքի հանդեպ, «Գազան», ի վերջո, հայտնվեց հոգեբուժարանում, դիսպանսերում: 

#Ապրող_ֆոտոներ_1. Արտասվող Սանտիագո Կանիսարեսն ու սփոփող Օլիվեր Կանը (լուսանկար, տեսանյութ)

#Ապրող_ֆոտոներ_2. Անդրես Էսկոբարը՝ «մահաբեր» ինքնագոլից վայրկյաններ առաջ (լուսանկար, տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: