fbpx

#Ապրող_ֆոտոներ_5. Հաշմանդամության դուռը թակած ու աշխարհի չեմպիոն դարձած Տոտին

Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:

Այդ նպատակով VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

«Ռոման» 2001 թվականին անհավանական հրաշքով ու թիմային ֆանտաստիկ աշխատանքի շնորհիվ դարձավ Իտալիայի չեմպիոն: Թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտին չէր էլ կարող պատկերացնել անգամ, որ դա լինելու է իր կարիերայի միակ սկուդետոն: Այդ մրցաշրջանում (ինչպես և դրանից հետո էլ) Տոտին ոտքերին ամենից շատ հարվածներ ստացող ֆուտբոլիստն էր Իտալիայի առաջնությունում: Բնականաբար վնասվածքներից խուսափել չէր ստացվում:

Իր կարիերայի առաջին հատվածում Տոտին խաղում էր ենթահարձակվողի դիրքում, ինչի շնորհիվ խաղադաշտում ազատ տարածություններ էր ստանում: Մրցակիցները հիմնականում չէին հասցնում ընկալելու նրա մտքի թռիչքը: Սակայն Լուչանո Սպալետիի գալուց հետո «Ռոման» սկսեց խաղալ 4-6-0 տակտիկական դասավորությամբ, որտեղ Տոտին «ջոկերն» էր, «կեղծ հարձակվողը»:

Մինչև 2005-2006 մրցաշրջանը Ֆրանչեսկո Տոտին գրեթե միշտ խաղադաշտում էր: Նրա ստացած վնասվածքներն աննշան էին: Սակայն 2005 թվականի մեկնարկից նրան սկսեցին մանր-մանր վնասվածքները: Անկախ դրանից, որևէ մեկը չէր կասկածում, որ Տոտին պետք է մեկնի 2006 թվականի աշխարհի առաջնությանը: Դրանից 4 տարի առաջ կայացած Մունդիալում նրան խայտառակ կերպով վերջին խաղում կարմիր քարտ ցույց տվեցին, իսկ ԵՎՐՈ-2004-ի ժամանակ էլ ամեն ինչ փչացրեց Տոտին (թքելով Պոուլսենի ճակատին):

Հեղինակությունը վերականգնելու համար Տոտին պետք է լիարժեք մարզավիճակ հավաքեր, խուսափեր լուրջ վնասվածքներից: Իտալիայի հավաքականի այդ ժամանակվա սերունդն ունիկալ էր: Հարձակման գծում հանդես եկող ամեն ֆուտբոլիստ, ինչպես կասեր դասականը, «կրակ» էր՝ Դել Պիերո, Ջիլարդինո, Տոնի, Տոտի, Ինձագի, Յակվինտա, Միկոլի, Դի Վայո…ցուցակը կարելի է հավերժ շարունակել: Սակայն 2006 թվականի փետրվարի 19-ին Իտալիան մի պահ պահեց իր շունչը…

«Էմպոլիի» հետ անկարևոր խաղի ընթացքում «կայսրը» պայքարի մեջ մտավ մրցակցի հետ, կարողացավ տիրել գնդակին, սակայն պայքարի ավարտին ոտքն անհաջող դրեց խոտածածկին: Հաջորդ վայրկյանին «Ռոմայի» պահեստայինների նստարանին այնպիսի խառնաշփոթ էր, կարծես աշխարհի վերջն էր: Չնայած այդ ժամանակ Տոտիի վնասվածքը հենց աշխարհի վերջն էր «գայլերի» համար: Ստորև ներկայացված է վնասվածքի տեսանյութըը, սակայն նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ կտանք չդիտել: Կփորձենք բառերով փոխանցել վնասվածքի աստիճանը. Տոտիի ոտքի ստորին հատվածը լեգոյի նման քանդվեց:

Փոխարինվելուց հետո արդեն պարզ էր, որ մրցաշրջանը Տոտիի համար ավարտված է: Նման վնասվածքներից ապաքինվելու համար անհրաժեշտ է լինում առնվազն 6-7 ամիս: Նախնական հետազոտությունն էլ էր դա ասում: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին անգամ այդ առիթով խոսեց:

«Ֆրանչեսկո Տոտին մեր հավաքականի ու իմ կառուցվող թիմի անփոխարինելի մասնիկներից է: Նրա տարբերվող խաղը շատ դեպքերում մեզ օգնում է, երբ վիճակն այլևս անլուծելի բարդ է: Նրա պես մտածողությամբ ֆուտբոլիստի այսքան կարճ ժամանակահատվածում գտնելը անհնար է: Ի՛նչ արած: Սա ֆուտբոլ է, այսպիսի բաներ էլ են լինում: Ես նրան մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – ասել է փորձառու մասնագետը:

Գործնականում անհնար է նման վնասվածքից ապաքինվել 6 ամսից պակաս ժամանակահատվածում: «Ռոմայի» ու Իտալիայի հավաքականի անգամ ամենամոլի ու լավատես երկրպագուները հույս չէին տածում, որ 2006 թվականի Մունդիալին Տոտին կմասնակցեր: Սակայն բժշկական անձնակազմը վիրահատությունից հետո սկսեց վերականգնողական մի պրոցես, որը մինչև այսօր անվանում են հրաշք: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել «ոսկե տղայի» այդքան արագ ապաքինումը:

2006 թվականի մայիսի 11-ին «Ռոման» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ երկրորդ խաղում պարտվեց «Ինտերին» 1-3 հաշվով: Անխոս մայրաքաղաքայինների երկրպագուները տխրում էին, իսկ միլանյան թիմի ֆաները՝ ուրախանում: Սակայն բառացիորեն ամբողջ Իտալիան, անգամ «Լացիոյի» երկրպագուների հատվածը, միանշանակ թնդում էր. Տոտին վերադարձավ խաղադաշտ: Հրաշալի նորություն, սակայն վստահաբար պնդել, որ նա կմեկնի Մունդիալ, դժվար էր: Սակայն Լիպին ռիսկի դիմեց:

Լիպին անկեղծացել է, որ ցանկացած պահի հավատացել է, որ Տոտին կվերադառնա: Անգամ, երբ ապրիլին արդեն մոտավոր կազմում էր Մունդիալ մեկնող տղաների վերջնական ցանկը՝ բաղկացած 23 ֆուտբոլիստներից, Լիպին ամեն անգամ ընտրում էր 22-ին. վերջինը Տոտիի տեղն էր. մեկ էլ տեսար ապաքինվեց: Իտալիայի հավաքականը մեկնեց աշխարհի առաջնության Տոտիի, Տոնիի ու Ջիլարդինոյի առաջնորդությամբ: Հատկանշական է, որ Տոտին ոչ միայն մեկնեց Գերմանիա, այլ այնտեղ հանդես եկավ որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ: Եթե նա ոչինչ էլ արած չլիներ, Ավստրալիայի հետ 1/8 եզրափակիչ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին իրացրած 11 մետրանոցը բավական էր:

Ֆրանչեսկո Տոտին հասավ մինչև եզրափակիչ: Թեպետ խաղաց ընդամենը 1 ժամ, սակայն ամեն ինչ արեց իր թիմի հաղթանակին նպաստելու համար: Գերդրամատիկ խաղից հետո Տոտին ամենից շատն էր իր ձեռքում պահել աշխարհի գավաթը: Բոլոր ֆուտբոլիստների, փորձագետների, մասնագետների, մարզչիների կարծիքով ամենից արժանին այդ թիմում հենց Տոտին էր: Ամենից շատ հենց նա էր տանջվել ու չարչարվել աշխարհի առաջնության մեկնելու համար:

Հ.Գ. Գուցե պաթոսային թվա կամ հնչի Տոտիի քայլը, բայց ավելի լավ տեղ ու ժամանակ, քան աշխարհի առաջնության եզրափակիչը, միջազգային կարիերան ավարտելու համար դժվար էր պատկերացնել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Այսպես նույնիսկ ֆիլմերում չի լինում․ «Կալյարին» 9 հոգով վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց «Ռոմայից» (տեսանյութ)

Վարպետը․ Կոլարովի գեղեցկագույն գոլը տուգանային հարվածով (տեսանյութ)

«Տոտենհեմը» միանում է «Արսենալին» «Ռոմայի» հարձակվողի համար պայքարում

«Արսենալը» առաջ է անցել Մխիթարյանին փոխարինողի համար մղվող պայքարում

«Ռոման» և «Ինտերը» հաղթողին չպարզեցին, բայց միասին 4 գոլ խփեցին (տեսանյութ)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 1-2)

«Ռոման» ծաղրել է «Յուվենտուսին» Twitter-ում

Ապրող_ֆոտոներ_4․ Մուսոլինիի մոլի համակիր Պաոլո դի Կանիոն ու նրա «սալյուտը»

Նույնիսկ ֆենոմենը. Ռոնալդոն, Զլատանը և ևս 9 թոփ-ֆուտբոլիստ, ովքեր երբեք չեն հաղթել Չեմպիոնների լիգան

8 թիմ, որ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

«Ռեալը» «եկավ, տեսավ, հաղթեց» Հռոմում (տեսանյութ)

Չենգիզ Ունդերի զավեշտալի վրիպումը «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Ռոմա» – «Ռեալ Մադրիդ»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Կարվախալ. «Ռեալը չպետք է վախենա «Ռոմայից»

«Ռոման» լուրջ կորուստներով է մոտենում «Ռեալի» հետ խաղին