Առանց ավագի, բայց գյումրեցի, կոլումբացի և նիգերիացի նորեկներով․ Կապառոսի հրապարակած հայտացուցակի հետքերով - VNews
Բաժիններ

Առանց ավագի, բայց գյումրեցի, կոլումբացի և նիգերիացի նորեկներով․ Կապառոսի հրապարակած հայտացուցակի հետքերով

Հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ երկար սպասված հայտացուցակը, որն առաջինն էր իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի համար: Վերջին շրջանում կանոնավոր հրավեր ստացող ֆուտբոլիստներից մի քանիսի բացակայությունից զատ, միանգամից ուշադրություն է գրավում նաև նորեկների առատությունը: 7 խաղացողներ առաջին անգամ են միացել ընտրանուն:

Կապառոսը բարձրակարգ մասնագետ է ու իր օգնականների հետ, անկասկած, երկար է ծանրութեթև արել հայտացուցակը կազմելուց առաջ: Կա մեկ շատ կարևոր հանգամանք ևս․ նա չունի այն խնդիրը, որին երբեմն հանդիպում էինք հայ մասնագետների պարագայում: Նրանք որոշ դեպքերում ընտրություն էին կատարում ոչ թե տվյալ պահին լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների օգտին, այլ վստահում նրանց, որոնց որակներին քաջածանոթ էին անցյալում համատեղ աշխատանքից:

Փորձենք անդրադառնալ յուրաքանչյուր խաղային դիրքում հրավիրված ֆուտբոլիստներին՝ պարզելով՝ նրանք ամենաօպտիմա՞լ լուծումն էին այս պահին, թե՞ կային ավելի նախընտրելի տարբերակներ:

Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի դեմ խաղի համար

Երկար սպասված «հյուրը» վերջապես ժամանեց, իսկ ո՞ւր է Արամը

34-ամյա Դավիդ Յուրչենկոն, որի՝ հավաքական գալ-չգալու թեման շոշափվում է արդեն մի քանի տարի, վերջապես միացել է ազգային թիմին: Նա ամբողջ կարիերայում Ռուսաստանում խաղալուց հետո ուժերը փորձում է արտասահմանում՝ հանդես գալով Կարագանդայի «Շախտյորում»: Առաջնության վերսկսումից հետո հասցրել է 4 հանդիպման մասնակցել: Միանշանակ է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալու մեծ փորձ ունեցող այս դարպասապահը բարձր որակներ ունի և կարող է ամրապնդվել հիմնական դարպասապահի դերում: Դժվար է ասել՝ նա դեռ քանի տարի կանցկացնի բարձր մակարդակով, բայց սա դիրքի ուժեղացման համար հիանալի տարբերակ է առնվազն 1-2 տարվա կտրվածքով:

Հրավիրվել են նաև «Ուրարտուի» դարպասապահներ Անատոլի Այվազովն ու Արսեն Բեգլարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում թիմի առաջին խաղում դարպասը պաշտպանեց Այվազովը: 24-ամյա դարպասապահը տարբեր պատճառներով մինչ օրս ցույց չի տալիս իր լիարժեք պոտենցիալը: Խաղը վերջապես կայունացնելու դեպքում կարող է ամրապնդվել նաև հավաքականում: Բեգլարյանը վաղուց չի ցուցադրում այն խաղը, որ նրանից սպասելի էր դեռևս մի քանի տարի առաջ: Կա վստահության պակաս: Նրա փոխարեն կարող էր հրավիրվել նաև «Գանձասար-Կապանում» վերջին 2 հանդիպումներին մասնակցած Գրիգոր Մելիքսեթյանը:

Տարօրինակ է, որ այս անգամ հրավեր չի ստացել ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում հավաքականի հիմնական դարպասապահ Արամ Հայրապետյանը: Նա իր թիմում՝ իրանական «Փեյքանում», կարանտինային դադարից հետո 5 անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Թիմը նաև հայ դարպասապահի հուսալի խաղի շնորհիվ մեծ դժվարությամբ պահպանեց տեղն ուժեղագույնների մրցաշարում: Այո՛, 33-ամյա ֆուտբոլիստը հավաքականում ելույթների ժամանակ շատ է ունեցել վերելքներ և անկումներ, հաճախ լավ մակարդակի խաղից հետո գրանցել ձախողումներ, բայց առնվազն կարող էր մրցակցություն ապահովել ներկայիս թիմում:

Երիտասարդների ներգրավածության առումով դեռ պետք է սպասել: Ներկայումս Մ-21 հավաքական հրավիրվող Սևակ Ասլանյանը դեռ չի կարողանում հաստատվել «Փյունիկի» մեկնարկային կազմում, իսկ Վարդան Շահատունին նոր է «Լոռիից» տեղափոխվել «Արարատ-Արմենիա»: 22-ամյա դարպասապահի համար Հայաստանի չեմպիոնի կազմում ամրապնդվելը լուրջ մարտահրավեր է: Նրան կարող է օգնել այն հանգամանքը, որ մեծ վստահություն է վայելում գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի կողմից:

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

2 առաջատար պաշտպան պրակտիկա չունի, ձախ եզրի հետ կապված հարցեր կան

Պաշտպանական գծում, ըստ ամենայնի, յուրաքանչյուր դիրքի համար հրավիրվել են 2-ական ֆուտբոլիստներ: Պաշտպանության կենտրոնում ծանոթ անուններ են՝ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Հայկ Իշխանյան, Տարոն Ոսկանյան: Մտահոգիչ է առանցքային պաշտպան Հարոյանի մարզավիճակի հարցը: Նա «Ուրալում» հետկարանտինյան շրջանում նախորդ մրցաշրջանում հայտավորված է եղել 9 պաշտոնական հանդիպման՝ մասնակցելով ընդամենը 1 խաղի (7 րոպե խաղաժամանակ): Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում էլ միայն 1 անգամ է մտել խաղադաշտ (անցկացրել է 90 րոպե): Արդեն իսկ կան խոսակցություններ, որ Հարոյանը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին:

Այնուամենայնիվ, կասկածները քիչ են, որ 28-ամյա ֆուտբոլիստը կլինի մեկնարկային կազմում: Անդրե Չալըշըրը շվեդական «Գյոթեբորգում» խաղաժամանակի խնդիր չունի: Հայկ Իշխանյանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ քիչ էր խաղում «Ալաշկերտում», բայց, վերադառնալով «Գանձասար-Կապան», 2 հանդիպման է մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում: Այդ մրցավեճերը ցույց տվեցին, որ նա լավ մարզավիճակում է: Տարոն Ոսկանյանն էլ «Ալաշկերտի» հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Հավաքականի մարզիչները նախորդ շրջափուլի վերջնամասում Հարոյանի կողքին ավելի շատ Իշխանյանին էին վստահում մեկնարկային կազմում, բայց նա ու Չալըշըրը տարբեր ոճերի պաշտպաններ են, ուստի նրանց միջև այժմ ընտրություն կկատարվի՝ հավանաբար ավելի շատ հիմնվելով կոնկրետ մրցակցի առանձնահատկությունների վրա:

Եզրերում կարող են խաղալ Հովհաննես Համբարձումյանը, Կամո Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանն ու Սերոբ Գրիգորյանը: Համբարձումյանն իր կարիերայում մեծ առաջքայլ կատարեց՝ տեղափոխվելով կիպրական հայտնի ակումբներից «Անորտոսիս»: Բայց նա կարծես պետք է մեծ ջանքեր գործադրի այնտեղ հաստատվելու համար, պաշտպանը Կիպրոսի Բարձրագույն խմբի մեկնարկային 2 խաղում մնացել է պահեստայինների նստարանին: Փոխարենը, Կամո Հովհաննիսյանը վայելում է ղազախական «Կայրաթի» մարզչական շտաբի վստահությունը: Այդ թիմը Եվրոպա լիգայում օրերս պայքարից դուրս թողեց «Նոային»:

Հետաքրքիր է՝ Կապառոսը կկիրառի՞ Կամո Հովհաննիսյանին ձախ եզրային պաշտպանի դիրքում օգտագործելու տարբերակը, թե՞ ոչ: Այս պահին դա շատ հավանական է թվում, քանի որ՝ 1․ ձախ պաշտպանի դիրքը մնում է խնդրահարույց, 2․ այդպես հնարավոր է լինում Համբարձումյանին ու Հովհաննիսյանին միաժամանակ ընդգրկել մեկնարկային կազմում: Համենայն դեպս, Կամոն թե՛ իր թիմերում, թե՛ հավաքականում ապացուցել է, որ իր համար խնդիր չէ պաշտպանության և կիսապաշտպանության ցանկացած եզրում խաղալը: Արման Հովհաննիսյանը դեռ չի ամրապնդվել ղազախական «Տոբոլում», որտեղ ընթացիկ առաջնությունում 5 հանդիպման է հայտավորվել՝ ընդհանուր խաղալով միայն 2 րոպե: «Փյունիկում» առաջնության մեկնարկում վստահ տեսք ունի Սերոբ Գրիգորյանը, որը 2016-ին ևս եղել է հավաքականում, բայց խաղադաշտ դուրս չի եկել: 25-ամյա խաղացողը հուսալի է գործում պաշտպանությունում ու նաև լավ միանում է գրոհներին:

Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկներն արդեն վաճառքում են (լուսանկարներ)

Հրավեր չի ստացել վերջերս «Ռոտոր» տեղափոխված Արմեն Մանուչարյանը: Նա հասցրել է 4 խաղ անցկացնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, ընդ որում, վերջին 2 դեպքում եղել է իր թիմի մեկնարկային կազմում: 25-ամյա ֆուտբոլիստը «Ռոտորում» խաղում է որպես աջ պաշտպան, բայց նրա՝ դեռ «Փյունիկում» ելույթներից կարելի է հիշել, որ այս ֆուտբոլիստը հաջողությամբ գործում է նաև ձախից, ինչպես նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ձախ պաշտպանի գոտում կարելի էր հնարավորություն տալ նաև «Շիրակի» նախկին և «Արարատի» ներկայիս պաշտպան Ժիրայր Մարգարյանին, որը նախորդ առաջնությունում սկսեց շատ ավելի հասուն խաղ ցուցադրել: 22-ամյա խաղացողը պաշտպանությունում բավականին հուսալի է գործում: Եթե բարելավի իր գործողությունները նաև գրոհներին միանալու առումով, ապա առաջիկայում գուցե շանս ստանա հավաքականի մարզիչների կողմից:

Խնդրահարույց դիրքի համար հրաշալի համալրում կարող է լինել Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը: Նա քայլ առ քայլ հաստատում է իր դիրքերը մայրաքաղաքային ակումբում: Մասնակցել է Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության բոլոր 6 խաղերին, իսկ վերջին՝ «Ախմատի» հետ մրցավեճում նույնիսկ մեկնարկային կազմում էր: Նա հիմա ավելի շատ խաղում է կիսապաշտպանության ձախ եզրում և կենտրոնում, բայց կարող է լավ հանդես գալ նաև պաշտպանության ձախ թևում, որտեղ ելույթ ունենալու փորձ ունի: Արդյունավետ է թե՛ պաշտպանվելիս, թե՛ գրոհներին միանալիս: Միակ՝ ամենակարևոր հարցն այն է, թե նա արդյոք ցանկություն ունի խաղալ Հայաստանի հավաքականում, թե ոչ:

«Արարատ-Արմենիայի» պաշտպաններից Արթուր Դանիելյանն այս անգամ միացել է Մ-21 հավաքականին, իսկ Ալբերտ Խաչումյանը նույնիսկ երիտասարդական չի հրավիրվել: Նրանք Մ-21 հավաքականում կողք կողքի խաղացել են պաշտպանության կենտրոնում, և այդ դիրքում իրենց լավ են դրսևորում: «Արարատ-Արմենիայում» նախորդ մրցաշրջանում գործում էին որպես աջ պաշտպաններ: Այդ միտումը կարծես շարունակվելու է նաև այս մրցաշրջանում: Համենայն դեպս, կա տպավորություն, որ այս խաղացողներն իրենց ակումբում պաշտպանության կենտրոնում խաղալու դեպքում կարող են այդ դիրքում մրցակցություն ապահովել նաև ազգային թիմում:

Հնաբնակը, ինչպես նաև հավաքականի 3՝ տարբեր ազգությունների նորեկները

Անցնելով կիսապաշտպանություն, որտեղ շատ են նորեկները՝ սկսենք հենակետային գոտուց: Նախ, այժմ դժվար է կռահել՝ ի՞նչ սխեմա կամ սխեմաներ է պատրաստվում կիրառել Կապառոսը: Նախաձեռնությա՞մբ եք խաղալու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ, թե՞ շեշտը դնելու հակագրոհների վրա, ինչպես Ազգերի լիգայի արտագնա հանդիպմանը եղել էր Վարդան Մինասյանի օրոք: Կոնկրետ խաղի մարտավարության հետ կապված որոշումներն էլ կպայմանավորեն մեր հավաքականի մեկնարկային կազմը ու նաև այն՝ կլինի մե՞կ, թե՞ երկու հենակետային:

Նա թողել էր ֆուտբոլը և անցել ծառայության, իսկ հետո դարձավ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը․ Արտակ Գրիգորյանի պատմությունը

Եվ այսպես, չի հրավիրվել առաջատար հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որը վնասվածք ունի և այս պահին չի հանդիսանում որևէ ակումբի ֆուտբոլիստ: Չկա նաև վերջին պահին «Ալաշկերտ» տեղափոխված, բայց հայտավորված 3 մրցավեճում դեռ ընդամենը 2 րոպե խաղաժամանակ ստացած Ռումյան Հովսեփյանը: Գոռ Մալաքյանը թեև մշտապես խաղում է «Փյունիկի» մեկնարկային կազմում, բայց դեռ չի հավաքել իր լավագույն մարզավիճակը: «Հին տղաներից» հավաքականում է Արտակ Գրիգորյանը, որը տարիների հետ չի դադարում լինել «Ալաշկերտի» առանցքային ֆուտբոլիստ:

Փոխարենը, 3 խաղացողներ առաջին անգամ են միացել հավաքականին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից՝ մեկական հայ, կոլումբացի և նիգերիացի: Շատերի համար ամենաանսպասելին գուցե 27-ամյա Արթուր Գրիգորյանի հրավերն է հավաքական: Նա հայկական 5 ակումբներում հանդես գալուց հետո ամռանը վերադարձավ «Փյունիկ»: Հենակետային կիսապաշտպան է, բայց, օրինակ՝ Արտակ Օսեյանի կողմից կիրառվող 4-3-3 սխեմայում գործում է մի փոքր ավելի բարձրից՝ կենտրոնական հատվածում և ձախ կիսաեզրում: Նա այն խաղացողներից է, ովքեր դաշտում մեծ ծավալի աշխատանք են կատարում, բայց հաճախ մնում աննկատ: Գնդակով փորձում է հասարակ խաղալ, խելացի է գործում և հաճախ տարածություններ բացում թիմակիցների համար: Ագրեսիվ ու արդյունավետ է նաև պրեսինգի և հակապրեսինգի դիմելու ժամանակ: Նրան չես անվանի շատ տաղանդավոր, բայց այդ ամենը փոխհատուցում է դրսևորած նվիրվածությամբ:

Հայաստանի առաջնության հնաբնակ լեգեոներներ Վբեյմար Անգուլոն և Սոլոմոն Իմե Ուդոն, ինչպես հայտնի է, ստացել են Հայաստանի քաղաքացիություն և նույնպես հավաքականում են: Անգուլոն քանի տարի է՝ հաջողությամբ խաղում է «Գանձասար-Կապանում»: Նա անկայուն անցկացրեց նախորդ մրցաշրջանը, մի հատված նույնիսկ չէր հայտնվում հիմնական կազմում, բայց նոր մեկնարկած առաջնությունում կրկին ցուցադրում է լավագույն որակները: Լավ է տեսնում խաղադաշտը և կատարում հաշվենկատ փոխանցումներ, ֆիզիկական տվյալների հաշվին կազմակերպում նաև գնդակի խլման գործընթացը: Կարևոր է, որ գնդակով լինելիս համարյա չի զգում լարվածություն ու սառնասիրտ է գործում այն իրավիճակներում, երբ մրցակիցներն ակտիվ պրեսինգի են դիմում:

Փոքր-ինչ կասկածներ կան Ուդոյի մարզավիճակի հետ կապված, քանի որ «Շիրակի» կիսապաշտպանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում դեռ դուրս չի եկել խաղադաշտ: Կային խոսակցություններ, որ նա մոտ է ղազախական «Աստանա» տեղափոխությանը, բայց դա կարծես կյանքի չի կոչվի: Նոր մրցաշրջանում մեկ հանդիպման է մասնակցել՝ փոխարինման մտնելով «Ստյաուայի» դեմ Եվրոպա լիգայի մրցավեճում: Ուդոն կարող է գործել թե՛ հենակետային գոտում, թե՛ որպես ենթահարձակվող: Հարձակմանն ավելի մոտ խաղալը ռազմավարական նպատակ էր, որ կոնկրետ հանդիպումներում հետապնդում էր «Շիրակի» մարզչական շտաբը, ու նա հավաքականում դժվար թե դիտարկվի այդ դիրքում: Սոլոմոնը մենապայքարներում գործելու առումով զիջում է թե՛ Անգուլոյին, թե՛, առավել ևս, Գրիգորյանին (Արտակ), բայց խորքից խաղ կառուցող ֆուտբոլիստ է ու կարող է լավ զարգացնել մեր դիրքային գրոհները:

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Հրավեր չի ստացել «Արարատ-Արմենիայի» հենակետային Արմեն Համբարձումյանը, որն ավելի վաղ մի քանի անգամ եղել է ընտրանու ճամբարում, բայց խաղադաշտ դուրս չի եկել: Մինասյանը նրան բավականաչափ վստահում էր, բայց մեծ հարց է՝ ի՞նչ է լինելու Դավիդ Կամպանյայի օրոք: Համբարձումյանը նրա ղեկավարությամբ թիմի անցկացրած 4 մրցավեճում ոչ մի անգամ չի եղել մեկնարկային կազմում՝ 3 դեպքում մտնելով փոխարինման: Այնուամենայնիվ, այս ֆուտբոլիստը մի քանի լավ որակներ է ամփոփում իր մեջ, վստահելի և հազվադեպ սխալներ թույլ տվող հենակետային է ու հավաքականին հետագայում կարող է շատ օգնել:

Նրա թիմակից Հովհաննես Հարությունյանն այս անգամ էլ կխաղա Մ-21 ընտրանու կազմում: Նա նախորդ մրցաշրջանում հաճախ էր հայտնվում մեկնարկային կազմում, իսկ հիմա պետք է վաստակի առաջին րոպեից խաղալու իրավունք։ Այս խաղացողն ունի միջին գծում հանդես գալու համար պահանջվող բոլոր որակները, և մնում է հուսալ, որ ժամանակի ընթացքում նաև կայունություն ձեռք կբերի: Կարող էր հրավիրվել նաև «Արարատի» հենակետային Կարեն Մուրադյանը, որը «Շիրակում» կայուն մրցաշրջան անցկացրեց: Նա, հնարավոր է, չի առանձնանում միջին գծում փոխանցումներ բաժանելով, բայց առանց գնդակի գործողություններում իրեն լավ է զգում: Թիմային և կարգապահ ֆուտբոլիստ է, ինչի ապացույցը «Շիրակում», հիմա արդեն «Արարատում» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ անցկացրած խաղերն են:

Եվս 3 նորեկ․ ենթահարձակվողի դիրքում բոլորը լավ մարզավիճակում են, ընտրությունը մեծ է

4 հենակետայիններից զատ, հրավիրվել են նաև 6 հարձակողական ոճի կիսապաշտպաններ: Շարունակելով այն ենթադրությունը, որ բոլոր դիրքերի համար հրավիրվել են 2-ական ֆուտբոլիստներ, կարելի է պատկերացնել, որ մեր հիմնական սխեման մնալու է 4-2-3-1-ը: Ինչևէ: Այստեղ էլ մեծ թվով բացականեր կան: Ահռելի մեծ կորուստ է այն, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավ մարզավիճակում չլինելու պատճառով հրաժարվել է միանալ ընտրանուն: Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը նոր են ապաքինվել վնասվածքներից ու լիարժեք պատրաստ չեն, թեև առաջինն ԱԵԼ-ում արդեն առաջնության խաղի է հայտավորված եղել, իսկ երկրորդը՝ «Հոֆենհայմում» ընկերական հանդիպման մասնակցել:

Ցավոք, վնասվածքից դեռ չի ապաքինվել «Սոչիի»՝ լավ դրիբլինգի տիրապետող ու առջևում ստեղծարարությամբ աչքի ընկնող ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը, որը ստեղծված իրավիճակում կարող էր իրեն դրսևորելու շանս ստանալ: Չկա նաև Պետրոս Ավետիսյանը, որը «Տոբոլում» 4 խաղի է մասնակցել Ղազախստանի Պրեմիեր լիգայում, խփել 1 գոլ: Դեռևս 1 անգամ է եղել մեկնարկային կազմում: Հետաքրքիր է, որ հայազգի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը 24-ամյա կիսապաշտպանին օգտագործում է նաև աջ եզրում, որտեղ խաղալուն դեռ հարմարվել է պետք: Հավաքական հրավիրվելու, առավել ևս այնտեղ ամրապնդվելու համար հարկավոր է ավելին ցույց տալ ակումբում՝ հաշվի առնելով այս խաղային դիրքում տիրող մրցակցությունը:

Ո՞ր քաղաքում է ծնվել հայ ֆուտբոլիստը․ VNews-ի Quiz-ը

Լավագույն մարզավիճակում չէ նաև «Փյունիկի» ավագ Արաս Օզբիլիսը, որը ևս չի հայտնվել հայտացուցակում: Հավաքականի աջ ենթահարձակվողի դիրքում ևս մեծ մրցակցություն կա: Այս խաղացողը թեև առաջնության հանդիպումներում անհատական որակների հաշվին երբեմն-երբեմն լուրջ վտանգ է ստեղծում մրցակիցների համար, բայց ակնհայտ է, որ ֆունկցիոնալ առումով ավելացնելու տեղ ունի: Նրա թիմակից Ալիկ Առաքելյանը ստեղծված հանգամանքներից ելնելով հիմա «Փյունիկում» խաղում է պաշտպանության աջ թևում: Վերջին 1-2 տարում կային հատվածներ, երբ 24-ամյա ֆուտբոլիստի մարզավիճակը ներում էր հավաքականում լիարժեք շանս ստանալու համար (ոչ 2 րոպե, ինչպես Լիխտենշտեյնի ընտրանու դեմ խաղում էր), բայց դա այդպես էլ տեղի չունեցավ: Վերջին շրջանում խանգարեց նաև վնասվածքը: Հարազատ՝ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրք վերադարձն Առաքելյանին գուցե օգնի նաև կրկին հագնել ընտրանու մարզաշապիկը:

Ձախ եզրային Էդգար Բաբայանի համար սա իր լավագույն կողմերը ցույց տալու հրաշալի հնարավորություն է: Չնայած «Հոբրոն» դուրս մնաց Դանիայի Սուպերլիգայից, 24-ամյա ֆուտբոլիստը 11 գոլային փոխանցումով ճանաչվեց առաջնության լավագույն ասիստենտ, խփեց նաև 5 գոլ: Բաբայանի ակտիվությունը կարող է մեծ սրություն ապահովել մեր ձախ եզրում: Նա պաշտպանությունում աշխատելու արդյունավետությամբ զիջում է Գևորգ Ղազարյանին, բայց առջևում իր գործողություններով կարող է փոխհատուցել այդ ամենը: Ձախ թևում խաղալուն հավակնում է նաև «Նեմանի» ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը, որի վիճակագրությունը Բելառուսի ընթացիկ առաջնությունում տպավորիչ է՝ 8 գոլ, 5 արդյունավետ փոխանցում: 27-ամյա խաղացողը լավ եզրափակող է, թեև դրիբլինգի ու եզրից հաշվենկատ և սուր փոխանցումներ կատարելու գործոններով հետ է մնում Բաբայանից: Մարզիչների որոշման վրա կարող է ազդել նաև այն, որ Բաբայանն իր վերջին պաշտոնական խաղն անցկացրել է հուլիսի 20-ին, իսկ Ղադիմյանը՝ օգոստոսի 29-ին:

«Աստանայում» աստիճանաբար ամրապնդվում է Տիգրան Բարսեղյանը, որը երկրի ընթացիկ առաջնությունում 6 մրցավեճ է անցկացրել՝ 5 անգամ լինելով մեկնարկային կազմում, իր ակտիվում գրանցելով 1 գոլ ու 2 գոլային փոխանցում, նաև վաստակել 1 11-մետրանոց: Պետք է նշել, որ 26-ամյա խաղացողը հաճախ գործում է նաև ձախ եզրում, թեև դա դժվար թե անդրադառնա հավաքականում հիմնական խաղային դիրքի վրա: Ըստ ամենայնի, հենց աջ եզրի համար է դիտարկվում նաև Արշակ Կորյանը: 25-ամյա ֆուտբոլիստը, որն առաջին անգամ է հրավիրվել հավաքական, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Խիմկիի» հիմնական կազմի խաղացող է: Առավելապես գործում է աջից, բայց ունիվերսալ է ու կարող է հանդես գալ հարձակման ցանկացած հատվածում: Լավ դրիբլինգ ունի, ուժեղ է մեկը մեկի դեմ պայքարում, տիրապետում է վերջին փոխանցման արվեստին՝ խաղընկերներին դուրս բերելով հարվածային դիրքեր: Կարող է բազմազանություն հաղորդել մեր հարձակման գծին:

Հատկապես ուրախալի է, որ հրավիրվել է «Ժիլինայի» խաղացող Վահան Բիչախչյանը, որին տևական ժամանակ անհանգստացնում էր չարաբաստիկ վնասվածքը: Նա մոտ 1 տարի բացակայեց դաշտից, վերադարձավ ու այժմ վերագտնում է իր լավագույն խաղը: 21-ամյա ֆուտբոլիստին օգնեց նաև այն, որ «Ժիլինան» այս ընթացքում փոխեց քաղաքականությունը՝ շեշտն ավելի շատ դնելով երիտասարդների վրա: Սլովակիայի Բարձրագույն խմբում մասնակցած վերջին 8 հանդիպումներում խփել է 6 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում, առաջնության լավագույն ռմբարկուն է: Ուշագրավ է, որ գյումրեցի ֆուտբոլիստը մասնակցած 5 մրցավեճից միայն 2-ում է ընդգրկված եղել մեկնարկային կազմում: Մարզիչները նրան, ըստ ամենայնի, տեսնում են «ջոկերի» դերում: Գուցե հավաքականում էլ այդպես լինի, և Բիչախչյանն ըստ անհրաժեշտության հենց երկրորդ խաղակեսերում դուրս գա ասպարեզ: Կարող է գործել թե՛ որպես կենտրոնական ենթահարձակվող, թե՛ որպես աջ եզրային վինգեր, որը հաճախ շարժվում է կենտրոն:

Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

Շատ կարևոր է նաև այն, որ հրավեր է ստացել Խորեն Բայրամյանը: «Ռոստովի» կազմում Ռուսաստանի նախորդ առաջնությունում իր ակտիվում 4-ական գոլ և «ասիստ» գրանցած խաղացողն այս առաջնությունում էլ կայուն խաղաժամանակ է ստանում: Վերջին 2 մրցավեճում եղել է մեկնարկային կազմում: Ինչպես և Կորյանը, Բայրամյանը նույնպես մեծ ունիվերսալ է: Հիմա Վալերի Կարպինի գլխավորած թիմում առավելապես ձախ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում է ելույթ ունենում, բայց մեծ հաջողությամբ կարող է խաղալ նաև կենտրոնական հատվածում, նաև որպես կենտրոնական ենթահարձակվող: Հաշվի առնելով Մխիթարյանի բացակայության գործոնը՝ նրա՝ «10 համարի» դիրքում հանդես գալը շատ հավանական է:

2՝ տարբեր ոճերի հարձակվողներ․ բացակայում է հայաստանցի գոլահարը

Հարձակվողներից հավաքականին են միացել Ալեքսանդր Կարապետյանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: 32-ամյա Կարապետյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկ այլ թիմ՝ «Տամբով» տեղափոխվելուց հետո 6 անգամ անընդմեջ եղել է մեկնարկային կազմում, դարձել 2 գոլի հեղինակ: Բալեկյանի դեպքում մտահոգիչն այն է, որ նա Արգենտինայի Սուպերլիգայի՝ անավարտ մնալու պատճառով վերջին անգամ պաշտոնական մրցավեճի մասնակցել է միայն մարտի 15-ին: Մինչդեռ առաջնությունը լավ էր դասավորվում Բալեկյանի համար, որն անցկացրել էր 18 խաղ՝ 14 դեպքում լինելով մեկնարկային կազմում, խփել 3 գոլ ու կատարել 1 «ասիստ»:

Բալեկյանն ավելի վաղ մշտապես օգտագործվել է կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց նրա ՕԳԳ-ն բարձր չի եղել: Բանն այն է, որ 24-ամյա ֆուտբոլիստն իր թիմում ավելի հաճախ խաղում է ձախ կամ աջ եզրերից, նաև «ինսայդի» կարգավիճակում, երբեմն էլ օգտագործվում որպես 2-րդ հարձակվող՝ գործելով համեմատաբար խորքից: Բալեկյանն այդքան էլ սառնասրտորեն չի իրացնում ունեցած գոլային պահերը: Իրեն ավելի լավ է դրսևորում գրոհների կառուցմանը մասնակցելիս և վերջին փոխանցում կատարելիս, քան եզրափակիչ հարված իրականացնելիս: Հուսանք, որ գոնե նոր մարզչական շտաբին կհաջողվի այս խաղացողից քաղել առավելագույնը:

«Փյունիկից» հեռանալուց հետո այս պահին առանց ակումբի մնացած Արթուր Միրանյանը չի հրավիրվել հավաքական: Ցանկալի կլիներ ընտրանու կազմում տեսնել «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին, որը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային 2 խաղում նույնքան գոլ է խփել: Ցավալի է, որ 30-ամյա այս ֆուտբոլիստն այդպես էլ չի ստանում խաղալու իր շանսը, թեև անցյալում հավաքականից ունեցել է հրավերներ: Երկրորդ հարկում լավ խաղացող, ամեն սանտիմետրի համար կռվող այս ֆուտբոլիստը մի քանի տարի է, ինչ հայաստանցի հարձակվողների շրջանում (նրանց թիվը գոնե բարձրագույն լիգայում շատ քիչ է ու տարեցտարի ավելի է նվազում) լավ արդյունավետություն է ցուցադրում (51 գոլ կապանյան թիմում Բարձրագույն խմբում):

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նրան չհրավիրելու պատճառը գուցե այն է, որ Հարությունյանը Կարապետյանի ոճի հարձակվող է, ու մարզչական շտաբը հարկ է համարել ավելի բազմազան դարձնել հարձակման գիծը: Իհարկե, տվյալ դեպքում պետք է նախապատվություն տրվեր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստին, որը նաև ԵՎՐՈ 2020-ի անցած շրջափուլում 3 գոլ է խփել: Հայաստանցի հարձակվողների թիվը հավաքականում վերջին տասնամյակում շատ քիչ է եղել, ավելորդ է խոսել հիմնական հարձակվողի դերի մասին: Այդ առումով կարճ ժամանակ անց կարող է մրցակցություն ապահովել նաև Սլովակիայի Բարձրագույն խմբի «Նիտրայում» հանդես եկող հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, եթե օգտագործի այնտեղ ստացած շանսերը:

Խոսեցինք մի շարք ֆուտբոլիստների մասին, որոնք հավաքականի հայտացուցակում չէին հայտնվել: Թեև դրա պատճառները շատ տարբեր են, բայց հաջողվեց նրանցից ոչ պակաս ուժեղ մեկնարկային կազմ հավաքել:

Սեպտեմբերի 5-ին Սկոպյեում կհյուրընկալվենք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, 3 օր անց Երևանում կմրցենք էստոնացիների հետ: Մնում է հուսալ, որ Հայաստանի գլխավոր թիմին նույնիսկ առաջատար մի քանի ֆուտբոլիստների բացակայության պայմաններում կհաջողվի լավ մեկնարկել Ազգերի լիգայի նոր շրջափուլում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Գրիզմանը կրկնեց Զինեդին Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)