fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի»  ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Հաճելի ավանդույթը կրկին չխախտվեց

«Տորպեդո» Մոսկվա – «Արարատ»՝  0-1 (0-0)

Մոսկվա, 29 սեպտեմբերի, «Լուժնիկի» մարզադաշտ, 16 հազար հանդիսական:

Մրցավար՝ Կեստուտիս Անձյուլիս (Կաունաս):

«Տորպեդո» – Ալեքսանդր Ռակիտսկի – 2, Վլադիմիր Կրասնով – 2 (Վալերի Աբրամով, 70 – 2), Լեոնիդ Պախոմով – 2, Վլադիմիր Բուտուրլակին – 2, Գրիգորի Յանեց – 2,  Իվան Զաբինյակ –  2, Վլադիմիր Յուրին – 2, Անատոլի Ֆետիսով – 2, Վադիմ Նիկոնով – 2, Անատոլի Սոլովյով – 2 (Անատոլի Դեգտյարյով, 46 – 2), Յուրի Սմիռնով – 2:

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սուրեն Մարտիրոսյան – 5, Արմեն Սարգսյան – 5, Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5, Արկադի Անդրեասյան – 5, Սերգեյ Բոնդարենկո – 5, Լևոն Իշտոյան – 5, Նազար Պետրոսյան – 5, Հովհաննես Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 5:

Գոլը՝ Բոնդարենկո 47՛:

Առաջնության 25-րդ տուրում առաջատար «Արարատը» Մոսկվայում հյուրընկալվեց «Տորպեդոյին», որին առաջին շրջանի երևանյան մրցավեճում զիջել էր 1-3 հաշվով: Բնական է, որ արարատցիները ձգտելու էին ռևանշի: Դա էր պարտադրում նաև մրցաշարային իրավիճակը: Չէ՞ որ «Արարատն» ընդամենը մեկ միավորով էր գերազանցում իրեն կրնկակոխ հետապնդող Կիևի «Դինամոյին»:

Մոսկովյան խաղում Նիկիտա Սիմոնյանը պաշտպաններին հանձնարարել էր ուշադիր գործել թիկունքում և վնասազերծել մրցակցի հարձակվողներին: Եզրային պաշտպաններ Սուրեն Մարտիրոսյանն ու Նորայր Մեսրոպյանը գերազանց կատարեցին իրենց պարտականությունները՝ վնասազերծելով արագաշարժ Ֆետիսովին ու Սմիռնովին: Դրվատանքի էր արժանի նաև Արմեն Սարգսյանը, որն անհատապես հսկում էր տորպեդոյականների դիսպետչեր Նիկոնովին:

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հստակ էին գործում պաշտպանությունում, ուստի դարպասապահներին առանձնակի անհանգստանալու առիթներ չներկայացան:

Իսկ ահա ընդմիջումից հետո խաղադաշտում տեմպային արագ խաղ ընթացավ: «Արարատը» մտավ իր տարերքի մեջ և ընդամենը երկու րոպե անց «ծնվեց» հանդիպման միակ գոլը, որն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց արարատցիներին:

Նազար Պետրոսյանը ձախ թևով խոյացավ առաջ, ժամանակին փոխանցում կատարեց կենտրոն տեղափոխված Ղազարյանին, որին անմիջապես շրջապատեցին մրցակցի պաշտպանները: Ճիշտ գնահատելով իրավիճակը, Ղազարյանը գնդակը փոխանցեց հսկողությունից դուրս մնացած Բոնդարենկոյին, որի հեռահար հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասի ներքևի անկյունում:

Հաջողությունից ոգևորված արարատցիները շարունակեցին գրոհները: Նրանք կարող էին ևս երկու գոլ խփել, սակայն Անդրեասյանն ու Իշտոյանը մեն-մենակ հայտնվելով Ռակիտսկու դեմ, չկարողացան գրավել դարպասը:

Այսպիսով, «Արարատը» հույժ կարևոր հաղթանակ տոնեց՝ ռևանշի հասնելով «Տորպեդոյի» նկատմամբ: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց և «Արարատը» կրկին անպարտելի մնաց Մոսկվայում, որտեղ մոսկովյան ակումբները 1971թ. սկսած չէին կարողանում առավելության հասնել արարատցիների նկատմամբ:

«Արարատը»  32 միավորով շարունակեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կիևի «Դինամոն» էլ սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթելով «Շախտյորին», կրկին մեկ միավորով հետ էր մնում «Արարատից»: Այնպես որ չեմպիոնական մրցավազքը շարունակվում էր:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կարպատները» ֆիզիկապես գերազանցեց «Արարատին»