fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի»  փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն»  իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Ֆուտբոլային ներկայացում «Հրազդանում»

«Արարատ»«Սպարտակ» Մոսկվա՝  3-1 (2-1)

Երևան, 16 սեպտեմբերի, «Հրազդան» մարզադաշտ, 48 հազար հանդիսական:

Մրցավար՝ Յուրի Սերգիենկո (Խարկով):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սուրեն Մարտիրոսյան – 5, Արմեն Սարգսյան – 5, Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5 (Արկադի Հարությունյան, 85 – ա/գ), Արկադի Անդրեասյան – 5, Սերգեյ Բոնդարենկո – 5 (Սերգեյ Պողոսյան, 75 – ա/գ), Լևոն Իշտոյան – 5, Նազար Պետրոսյան – 5, Հովհաննես Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 5:

«Սպարտակ» – Ալեքսանդր Պրոխորով – 3, Գենադի Լոգոֆետ – 3 (Վլադիմիր Բուկիևսկի, 46 – ա/գ), Սերգեյ Օլշանսկի – 3, Եվգենի Լովչև – 3, Նիկոլայ Աբրամով – 3, Նիկոլայ Կիսելյով – 3 (Վիտալի Միրզոև, 46 – 3), Ալեքսանդր Մինաև – 3, Միխայիլ Բուլգակով – 3, Ալեքսանդր Պիսկարյով – 3, Վիկտոր Պապաև – 3, Վլադիմիր Ռեդին – 3:

Գոլերը՝ Անդրեասյան  5՛, Ռեդին  37՛, Իշտոյան  43՛, Զանազանյան  50՛:

Զգուշացվեցին Մարտիրոսյանը և Պետրոսյանը:

Առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց Կիևի և Մոսկվայի դինամոյականների հանդիպումով: Հաղթելով 3-0 հաշվով, Կիևի «Դինամոն» վաստակած 29 միավորով շրջանցեց «Արարատին» և ստանձնեց առաջատարի դերը: Սակայն դինամոյականներին միայն մեկ օր էր վիճակված գլխավորելու մրցաշարային աղյուսակը, քանի որ հաջորդ օրն արարատցիները գեղեցիկ ոճով հաղթելով Մոսկվայի «Սպարտակին», կրկին ստանձնեցին առաջատարի դերը:

«Հրազդան» մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերները վաղուց ականատես չէին եղել գրոհային, մարտական ոճով անցկացված նման գեղեցիկ խաղի: Հանդիպման ընթացքում արարատցիները  մեծ եռանդ ու աշխատասիրություն դրսևորեցին, ինչը ցանկալի արդյունք տվեց:

«Արարատը» ժամանակին էր կազմակերպում պաշտպանությունը՝ նահանջելով մեծ ուժերով ու չեզոքացնելով սպարտակցիների սպառնալիքները, հարմար առիթը բաց չէր թողնում հարձակման անցնելու՝ արագ տեղաշարժերով, երկար փոխանցումներով խուճապ առաջացնելով հյուրերի պաշտպանությունում: Նման խաղաոճը հաջողություն բերեց «Արարատին»:

Արդեն 5-րդ րոպեին «Արարատի» ռմբարկու Արկադի Անդրեասյանը բացեց հաշիվը՝ գլխի հարվածով եզրափակելով ձախ եզրով Մեսրոպյանի սլացիկ անցումից հետո կատարած փոխանցումը: Դա առաջնությունում Անդրեասյանի 12-րդ գոլն էր:

Բաց թողած գոլը ստիպեց սպարտակցիներին ակտիվացնել հարձակողական գործողությունները: Սակայն գոլային իրական պահեր ստեղծել հյուրերին չէր հաջողվում: Հստակ էր գործում արարատցիների պաշտպանական գիծն Աբրահամյանի գլխավորությամբ:

Ճիշտ է, 37-րդ րոպեին սպարտակցիներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, սակայն գոլը խփվեց անսովոր իրավիճակում, որի մեղավորը հանդիպման գլխավոր մրցավար Յուրի Սերգիենկոն էր:

 Անդրեասյանն ու Պապաևը դաշտի կենտրոնական հատվածում միմյանց հետ վեճի բռնվեցին: Մրցավարն առանց խաղը դադարեցնելու մասին ազդանշան տալու, ուղղվեց նրանց կողմը: Երկու թիմերի մի քանի ֆուտբոլիստներ էլ վազեցին վիճաբանողներին բաժանելու: Կարծելով, թե մրցավարը դադարեցրել է խաղը, արարատցիները կանգնեցին: Օգտվելով առիթից, սպարտակցի Ռեդինը գնդակով անարգել առաջ շարժվելով, գրավեց Աբրահամյանի պաշտպանած դարպասը:

Սերգիենկոն ցույց տվեց դաշտի կենտրոնն ու անմիջապես հայտնվեց արարատցիների շրջապատման մեջ: Մրցավարը փոխեց որոշումն ու դարպասից ազատ հարված նշանակեց: Այս անգամ արդեն սպարտակցիներն իրենց բողոքն արտահայտեցին: Ի վերջո, մրցավարը հաշվեց գոլը, ինչն ավելի շիկացրեց մթնոլորտը խաղադաշտում, ֆուտբոլիստների նյարդերն էլ տեղի տվեցին: Նույնիսկ Նիկիտա Սիմոնյանն էր ստիպված խաղադաշտ մտել՝ հանդարտեցնելու բորբոքված իր սաներին:

Բայց լավ էր, որ ընդամենը 6 րոպե անց Իշտոյանը թիկունքով կանգնած լինելով դեպի դարպասը, կարողացավ ընդունել գնդակը, շրջվել ու խաբս տալով պաշտպաններին, կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Արարատին»:

Ո՞վ էր պոկել մրցավարի տարբերանշանը

Ընդմիջմանը հանդերձարանում Նիկիտա Սիմոնյանը դիմելով թիմի ավագ Հովհաննես Զանազանյանին, խնդրել էր, որ արարատցիները բարձր մակարդակով անցկացնեն 2-րդ խաղակեսը և ավելորդ կրքեր չբորբոքեն: Իսկ հետո Զանազանյանին էր մոտեցել Յուրի Սերգիենկոն՝ պահանջելով վերադարձնել համամիութենական մրցավարի իր տարբերանշանը:

Պարզվում է, որ երբ արարատցիները շրջապատել էին մրցավարին ու պահանջել էին չեղյալ համարել գոլը, Ալյոշա Աբրահամյանը նրա մարզաշապիկից պոկել էր այդ տարբերանշանը: Թեև դժկամությամբ, բայց «Արարատի»  դարպասապահը տարբերանշանը տվել էր Զանազանյանին , ով այն հանձնել էր տիրոջը:

Ընդմիջումից հետո արարատցիների հարձակողական գործողությունները նոր թափ ստացան: Առաջին խաղակեսում միջին գոտում գործող Նազար Պետրոսյանն ընդմիջումից հետո տեղափոխվեց առջևի գիծ՝ մեծ սրություն հաղորդելով թիմի գրոհներին: Արարատցիները մի շարք նպաստավոր պահեր ստեղծեցին, սակայն միայն մեկ անգամ գնդակը հայտնվեց ցանցում: Զանազանյանի հեռահար հարվածը հասավ նպատակին:

Հաղթելով 3-1 հաշվով, «Արարատը»  30 միավորով կրկին ստանձնեց առաջատարի դերը, որն ընդամենը մեկ օրով էր զիջել Կիևի «Դինամոյին»:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կարպատները» ֆիզիկապես գերազանցեց «Արարատին»