fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

«Արարատը»  պահպանեց առաջատարի դիրքը

«Զարյա»  Վորոշիլովգրադ«Արարատ»՝  0-1 (0-0)

Վորոշիլովգրադ, 8 սեպտեմբերի, «Ավանգարդ» մարզադաշտ, 37 հազար հանդիսական:

Մրցավար՝ Վլադիմիր Ալով (Լենինգրադ):

«Զարյա» – Ալեքսանդր Տկաչենկո – 4, Նիկոլայ Պինչուկ – 4, Սերգեյ Կուզնեցով – 3, Վլադիմիր Մալիգին – 4, Յուրի Վասենին – 4, Ալեքսանդր Ժուրավլյով – 4, Վիկտոր Կուզնեցով – 4, Ալեքսանդր Պոպով – 2 (Վլադիմիր Բելոուսով, 46 – 3), Յուրի Ելիսեև – 3, Անատոլի Կուկսով – 3, Վլադիմիր Օնիշչենկո – 4:

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սուրեն Մարտիրոսյան – 5, Արմեն Սարգսյան – 5, Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5, Արկադի Անդրեասյան – 5, Սերգեյ Բոնդարենկո – 5, Լևոն Իշտոյան – 5 (Արկադի Հարությունյան, 82 – ա/գ), Էդուարդ Մարգարով – 5,  Հովհաննես Զանազանյան – 5, Նազար Պետրոսյան – 5:

Գոլը՝ Պետրոսյան 77՛:

Առաջնության 23-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց երկրի չեմպիոն «Զարյային»: Դա մրցակիցների արդեն 4-րդ հանդիպումն էր այդ մրցաշրջանում: Առաջնության 2-րդ տուրում «Հրազդանում» մրցակիցների միջև կայացած խաղում արարատցիները հաղթել էին 11մ հարվածներով: ԽՍՀՄ գավաթի քառորդ եզրափակչում էլ երկու խաղերի ընդհանուր արդյունքով (2-0, 0-1) ևս առավելության էր հասել «Արարատը»:

Այնպես որ մրցակիցների նոր հանդիպումից առաջ հոգեբանական առավելությունն արարատցիների կողմն էր, որոնք նախորդ տուրում «Կայրաթին» հաղթելուց հետո կրկին ստանձնել էին առաջատարի դերը:

Երկու թիմերն էլ մարտականորեն էին տրամադրված:

«Զարյան» ձգտում էր ռևանշի, իսկ «Արարատին» հաղթանակն անհրաժեշտ էր առաջատարի դիրքը պահպանելու համար, քանի որ զգում էր հետապնդողների՝  Կիևի և Մոսկվայի դինամոյականների ու «Շախտյորի» շնչառությունը:

Խաղասկիզբն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք վտանգավոր երկու պահ ստեղծեցին «Արարատի» դարպասին, սակայն Օնիշչենկոն նպաստավոր դիրքերից վրիպեց:

Արարատցիներին աստիճանաբար հաջողվեց հավասարեցնել խաղը: «Արարատի» կիսապաշտպանական օղակը հստակ էր գործում, Անդրեասյանն ու Մարգարովն էլ միմյանց հետ լավ էին համագործակցում: 34-րդ րոպեին «Արարատը» կարող էր բացել հաշիվը, սակայն մարզական բախտը ժպտաց «Զարյային»: Անդրեասյանի հեռահար հարվածը ցնցեց դարպասի հորիզոնական ձողը:

Ճիշտ է, այդ դրվագից մեկ րոպե առաջ կարող էր հաջողության հասնել Սերգեյ Կուզնեցովը, որի հարվածից հետո Աբրահամյանը չկարողացավ իր մոտ պահել գնդակը, բայց լավ էր, որ մրցակցի խաղացողները չհասցրին այն ուղարկել դարպասը:

Ընդմիջումից հետո «Զարյան» զգալիորեն ուժեղացրեց ճնշումն «Արարատի» դարպասի վրա: Հյուրերին հատկապես մեծ հոգսեր էին պատճառում Օնիշչենկոն և Վիկտոր Կուզնեցովը: Սակայն «Արարատի» պաշտպանությունը դիմացավ այդ ճնշմանը, իսկ Աբրահամյանն էլ փայլեց իր վարպետությամբ՝ թիմին փրկելով անխուսափելի թվացող մի քանի գոլերից:

Հետ մղելով «Զարյայի» գրոհները, արարատցիները կտրուկ հակագրոհներ էին կազմակերպում, որոնցից մեկն էլ 77-րդ րոպեին ավարտվեց գոլով: Աջ եզրով առաջ շարժվելով, Իշտոյանը գնդակը փոխանցեց «Զարյայի» տուգանային հրապարակի անկյունում գտնվող Նազար Պետրոսյանին: Վերջինիս հարվածից հետո գնդակը դիպչելով դարպասաձողին, հայտնվեց ցանցում:

Գոլը կարծես սառը ցնցուղի դեր կատարեց: Մեծ ուժեր վատնած «Զարյայի» ֆուտբոլիստների ակտիվությունը զգալիորեն նվազեց, իսկ արարատցիներին հաջողվեց հանդիպումը հաղթական ավարտի հասցնել:

Խաղից հետո տված հարցազրույցում Նիկիտա Սիմոնյանը հետևյալն էր նշել. «Երկրորդ շրջանում «Արարատն» ուկրաինական թիմերի հետ մրցավեճում 6 միավոր կորցրեց: Հատկապես ցավալի էր վերջին պարտությունը Կիևի դինամոյականներից: Սակայն մենք դասեր քաղեցինք այդ պարտություններից և հոգեբանորեն լավ էինք նախապատրաստվել այս հանդիպմանը:

Գիտեինք, որ «Զարյան» ուժային պայքար է մղելու մեր թիմի դեմ: Այդպես էլ եղավ: Ճիշտ է, առաջին խաղակեսում չեմպիոնն իրեն նման չէր, սակայն ընդմիջումից հետո մենք տեսանք իրական «Զարյային»:

Ընդմիջմանը տղաներին ասացի, որ հիմա դաշտի տերերը 2-3 անգամ կուժեղացնեն իրենց գրոհային մեքենայի ուժը: Սպասելիքներն իրականացան, բայց արարատցիներին հաջողվեց դիմանալ այդ մեքենայի ճնշմանը:

Չեմպիոնական բարձունքը դեռ հեռու է: Առջևում դեռևս անչափ պատասխանատու ու վճռորոշ 7 հանդիպումներ կան, որոնցում կաշխատենք բարձր մակարդակով հանդես գալ»:

Հետաքրքիր է, որ երբ Կիևի մարզադաշտում հայտարարվեց «Զարյայի» նկատմամբ «Արարատի» տոնած հաղթանակի մասին, այդ պահին դաշտի տերերը 0-1 հաշվով զիջում էին Թբիլիսիի իրենց ակումբակիցներին: Սակայն կիևցիներին հաջողվեց բեկում մտցնել մրցակցությունում և երկու գոլ խփելով, հաղթանակ տոնել: Այնպես որ 23-րդ տուրից հետո էլ ոսկե մեդալների գլխավոր հավակնորդների միջև մեկ միավորի տարբերությունը պահպանվեց:

Աշոտ Հայրապետյան

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կարպատները» ֆիզիկապես գերազանցեց «Արարատին»