fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Ժամանակավոր նահանջ

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VivaroNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Ցավալի պարտություն

«Զենիթ»  Լենինգրադ – «Արարատ»՝  1-0 (0-0)

Լենինգրադ, 12 մայիսի, Ս.Մ. Կիրովի անվան մարզադաշտ, 15 հազար հանդիսական:

Մրցավար՝ Յուրի Բոչարով (Մոսկվա):

«Զենիթ» – Վլադիմիր Պրոնին – 5, Ալեքսանդր Դերյոմով – 5, Միխայիլ Լոխով – 4, Վլադիմիր Գոլուբև – 4, Յուրի Զագումեննիխ – 4, Պավել Սադիրին – 5, Բորիս Կոխ – 4 (Վլադիմիր Գոնչարով, 46 – 4), Գեորգի Վյուն – 5, Միխայիլ Ֆոկին – 4, Ալեքսանդր Նիկոլաև – 4, Գեորգի Խրոմչենկով – 3 (Վիկտոր Տրեմբաչ, 87 – ա/գ):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սանասար Գևորգյան – 4, Արկադի Հարությունյան – 4, Ալեքսանդր Կովալենկո – 4, Նորայր Մեսրոպյան – 4, Սերգեյ Պողոսյան- 4, Սերգեյ Բոնդարենկո – 4, Լևոն Իշտոյան – 2, Էդուարդ Մարգարով – 2, Հովհաննես Զանազանյան – 4, Նիկոլայ Ղազարյան – 2:

Գոլը՝ Վյուն 89՛:

Երկու անընդմեջ հաղթանակների շնորհիվ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում հանգրվանած «Արարատն»  առաջնության 7-րդ տուրում հյուրընկալվեց «Զենիթին»,  որն ընթանում էր նախավերջին՝ 15-րդ տեղում:

Այդ խաղում «Արարատի»  կազմում բացակայում էր 5 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող թիմի դիսպետչեր, վերջին հանդիպումներում հարձակման կենտրոնում գործող Արկադի Անդրեասյանը, ով հաջորդ օրը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցեց Իռլանդիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին՝ իր ավանդը ներդնելով հաղթանակում (1-0): Իսկ ահա «Արարատն»  առանց իր առաջատարի ցավալի պարտություն կրեց:

Չնայած անձրևային եղանակին, խաղադաշտում ակտիվ մրցակցություն ծավալվեց: Արարատցիները խաղը սկսեցին իրենց հատուկ կոմբինացիոն ոճով՝ դիմելով եզրային սուր ճեղքումների: Սակայն գրոհների եզրափակիչ փուլում նրանք հստակ չէին գործում և մրցակցին հաջողվում էր չեզոքացնել վտանգը:

Առաջին խաղակեսում «Արարատը» կարող էր մի քանի անգամ գրավել դաշտի տերերի դարպասը, սակայն Մարգարովի, Պողոսյանի և Իշտոյանի հարվածներից հետո «Զենիթին»  գոլերից փրկեց դարպասապահ Պրոնինը:

Ընդմիջումից հետո նախաձեռնությանը տիրեցին «Զենիթի»  ֆուտբոլիստները, որոնց եզրային ճեղքումներն ու դեպի տուգանային հրապարակ կատարած փոխանցումները զգալի վտանգ էին ներկայացնում: Սակայն այդ օրը գերազանց էր գործում Ալյոշա Աբրահամյանը, ով երկու անգամ թիմին փրկեց վերահաս գոլից: Մեր կիսապաշտպաններն ու պաշտպաններն էլ մեծ ծանրաբեռնվածությամբ էին գործում՝ ամուր պատնեշ ստեղծելով թիկունքում: Ճիշտ է, արարատցիները հարմար առիթը բաց չէին թողնում արագ հակագրոհներ ձեռնարկելու, սակայն եզրափակիչ հարվածները չէին ստացվում:

Թվում էր, թե խաղը կավարտվի գոլազուրկ ոչ-ոքի և հաղթողին որոշելու համար հարկ կլինի դիմել 11մ հարվածաշարի օգնությանը: «Զենիթը» խաղավերջում նույնիսկ խաղադաշտ դուրս բերեց Տրեմբաչին, ով անվրեպ էր իրացնում 11մ հարվածները: Սակայն գործը դրանց չհասավ:

Խաղավարտից մեկ րոպե առաջ նախկին արարատցի Գեորգի Վյունի հեռահար հարվածը հասավ նպատակին: «Արարատը»  ցավալի պարտություն կրելով՝ նահանջեց 4-րդ հորիզոնական:

Արարատցիներն անճանաչելի էին  դարձել

«Արարատ» – «Տորպեդո»  Մոսկվա՝  1-3 (0-2)

Երևան, 19 մայիսի, «Հրազդան» մարզադաշտ, 55 հազար հանդիսական:

Մրցավար՝ Յուրի Պոնոմարյով (Քիշինև):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 2, Սանասար Գևորգյան – 2, Արկադի Հարությունյան – 2, Ալեքսանդր Կովալենկո – 2, Նորայր Մեսրոպյան – 2, Արկադի Անդրեասյան – 2, Սերգեյ Բոնդարենկո – 2, Լևոն Իշտոյան – 2 (Էդուարդ Մարգարով, 35 – 4), Սերգեյ Պողոսյան- 2 (Նազար Պետրոսյան, 46 – 4), Հովհաննես Զանազանյան – 2, Նիկոլայ Ղազարյան – 2:

«Տորպեդո» – Ալեքսանդր Ռակիտսկի – 5, Ալեքսանդր Տուկմանով – 5, Լեոնիդ Պախոմով – 5, Վլադիմիր Բուտուրլակին – 5, Վլադիմիր Յուրին – 5, Վլադիմիր Կրասնով – 5, Անատոլի Ֆետիսով – 5 (Գրիգորի Յանեց, 75 – ա/գ), Վադիմ Նիկոնով – 5, Գենադի Շալիմով – 5, Անատոլի Դեգտյարյով – 5, Յուրի Սմիռնով – 5 (Վալերի Աբրամով, 20 – 5):

Գոլերը՝ Սմիռնով 2՛, Նիկոնով 21՛, 71՛, Պետրոսյան 65՛:

30-րդ րոպեին Զանազանյանը չիրացրեց 11մ հարվածը:

Լենինգրադում կրած ցավալի պարտությունից հետո թվում էր, թե «Արարատը» կվերադասավորի ուժերը և մարտական տրամադրությամբ կներկայանա «Հրազդանում» Մոսկվայի «Տորպեդոյի» հետ կայանալիք 8-րդ տուրի հանդիպմանը: Սակայն տեղի ունեցավ անսպասելին:

Այդ օրն «Արարատն» անճանաչելի էր դարձել: Խզվել էր խաղային օղակների միջև կապը, չկար նախկին նպատակասլացությունը, մարտական ոգին, հաղթելու բուռն ձգտումը: Արարատցիներն այդ օրը հուսախաբ արեցին ֆուտբոլասերներին, որոնք դարձան մրցաշրջան-73-ում թիմի ամենաթույլ ելույթի ականատեսները:

Արարատցիների զարմանալի իներտ ու անտրամադիր գործողություններն առավել նկատելի էին խաղի առաջին 25 րոպեներին, երբ հատկապես պաշտպանների ուշացած փոխօգնության, հաճախ էլ՝ լիակատար բացակայության և Աբրահամյանի կողմից այդ օղակի թույլ ղեկավարման հետևանքով Սմիռնովն ու Նիկոնովը երկու անգամ գրավեցին «Արարատի» դարպասը: Իսկ երբ մինչև ընդմիջման գնալը Զանազանյանը չիրացրեց 11մ հարվածը, ֆուտբոլասերների հիասթափությունն ավելի խորացավ ու պարտության վտանգն ավելի իրական դարձավ:

«Արարատի» գրոհները միօրինակ էին: Արարատցիները մրցակցի պաշտպանությունը փորձում էին ճեղքել հիմնականում կենտրոնով, սակայն ոչինչ չէր ստացվում: Փորձելով կարգավորել առջևի գծի խաղը, Նիկիտա Սիմոնյանը դեռևս առաջին խաղակեսում Իշտոյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարգարովին, իսկ ընդմիջումից անմիջապես հետո Պողոսյանին փոխարինեց Նազար Պետրոսյանը: Նրանք որոշ աշխուժություն մտցրին թիմի գործողություններում, ուստի պատահական չէր որ խաղից հետո արժանացան 4 գնահատականի, իսկ ահա մյուս արարատցիների խաղը Սիմոնյանն անբավարար էր գնահատել:

65-րդ րոպեին Նազար Պետրոսյանին վերջապես հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն շուտով Նիկոնովը շրջանցելով մի քանի պաշտպաններին, 3-րդ գոլը խփեց՝ գրանցելով խաղի վերջնահաշիվը:

Երկու անընդմեջ պարտություններից հետո «Արարատը» մրցաշարային աղյուսակում զիջեց դիրքերը՝ նահանջելով 6-րդ հորիզոնական: Բարեբախտաբար, այդ անհաջողությունից հետո սկսվեց «Արարատի» վերելքը: Այդ մասին՝ մեր հաջորդ հրապարակումներում:

Աշոտ Հայրապետյան

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

0-5 հաշիվը՝ 4-րդ անգամ․ Որն է հայկական թիմերի ամենախոշոր հաշվով պարտությունը եվրագավաթներում