fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Ռևանշ 19  տարի անց

«Արարատ» – «Դինամո» Կիև՝  2-1 (0-0, լր. ժամ.՝ 1-0)

Մոսկվա, 10 հոկտեմբերի, «Լուժնիկի» մարզադաշտ, 60 հազար հանդիսական:

Մրցավար՝ Պավել Կազակով (Մոսկվա):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Արմեն Սարգսյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բոնդարենկո (Սերգեյ Պողոսյան, 73), Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարգարով (Նիկոլայ Ղազարյան, 73), Հովհաննես Զանազանյան, Նազար Պետրոսյան:

«Դինամո» – Վալերի Սամոխին, Ալեքսանդր Դամին, Միխայիլ Ֆոմենկո, Վիկտոր Մատվիենկո, Ստեֆան Ռեշկո, Վլադիմիր Տրոշկին, Վլադիմիր Մունտյան, Լեոնիդ Բուրյակ (Վալերի Զուև, 87), Վիկտոր Կոլոտով, Վլադիմիր Վերեմեև, Օլեգ Բլոխին (Վիկտոր Կոնդրատով, 88):

Գոլերը՝  Կոլոտով 61՛, 11մ, Իշտոյան 89՛, 103՛:

Զգուշացվեցին Գևորգյանն ու Կովալենկոն:

45 տարի առաջ այս օրը Երևանի «Արարատը» Մոսկվայում ԽՍՀՄ գավաթի համար վճռորոշ խաղում բյուրեղապակյա մրցանակը վիճարկեց Կիևի «Դինամոյի» հետ: Մեր հանրապետության ուժեղագույն թիմը 2-րդ անգամ էր հանդես գալու գավաթի եզրափակչում ու կրկին մրցելու էր Կիևի «Դինամոյի» հետ: Հեռավոր 1954թ. այն ժամանակ Բ խմբում հանդես եկող Երևանի «Սպարտակը» 1-2 հաշվով պարտվել էր Ա խմբի փորձառու կոլեկտիվներից մեկին՝ Կիևի «Դինամոյին»: Եվ ահա եկել էր պահը 19 տարի անց ռևանշի հասնելու մրցակցի նկատմամբ: Շատերն այն կարծիքին էին, որ գավաթային մրցավեճի արդյունքը կարող էր կանխորոշել նաև ոսկե մեդալների համար մղվող պայքարի ելքը:

«Արարատը» Մոսկվա մեկնեց հոկտեմբերի 8-ին՝ հանգրվանելով Նովոգորսկում գտնվող ԽՍՀՄ հավաքականների նորակառույց ուսումնամարզական բազայում: Այստեղ արարատցիներին դիմավորեցին ցուցավահանակով, որի վրա գրված էր աշխատակիցների ողջույնի խոսքը. «1973թ. ԽՍՀՄ առաջնության առաջատարին ցանկանում ենք, որ ոսկե մեդալները տեղավորեն բյուրեղապակյա գավաթում»:

Դա, փաստորեն, առաջին բարեմաղթանքն էր: Հետո սկսվեց հեռագրերի և նամակների իսկական տեղատարափը, որոնք սկսվում էին ջերմ բարեմաղթանքներով ու ավարտվում «Միայն հաղթանակ» բառերով: Ստացվել էին նաև նուրբ հոմորով համեմված հեռագրեր: Օրինակ, երևանցի մի խումբ աղջիկների կողմից Լևոն Իշտոյանին ուղղված հեռագրում հետևյալն էր նշված. «Լևոն, խնդրում ենք քեզ չամաչել խաղադաշտում, համարձակ հարվածել «Դինամոյի» դարպասին»: Մեկ այլ հեռագրում գրված էր. «Սիրելի արարատցիներ, գավաթը վերցրեք ձեզ, դե ոչինչ, եթե արծաթն էլ զիջեք դինամոյականներին» :

Հայաստանից և ԽՍՀՄ-ի այլ քաղաքներից «Արարատի» երկրպագուները ժամանել էին Մոսկվա՝ աջակցելու իրենց սիրելի թիմին: Կիևի «Դինամոյի» համակիրներն էլ մեծ թիվ էին կազմում մարզադաշտում:

Խաղի օրը վաղ առավոտից մինչև կեսօր Մոսկվայում ձյունախառն անձրև տեղաց, որը սակայն չէր կարող ազդել թիմերի մարտական տրամադրվածության վրա: Նիկիտա Սիմոնյանը վերջին ցուցումները տալով ֆուտբոլիստներին, դիմել էր նրանց հետևյալ խոսքերով. «Որպես մարզիչ և ավագ ընկեր, ձեզանից խնդրում և պահանջում եմ խաղադաշտում ոչինչ չխնայել հաղթանակի հասնելու համար: Գավաթի եզրափակիչ խաղը միակն է, որում հաղթանակի կարող է հասնել միայն այն թիմը, որը մինչև վերջին վայրկյանը անձնուրաց կպայքարի: Մենք պետք է Երևան վերադառնանք միայն գավաթով»:

Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ին Պավել Կազակովի սուլիչն ազդարարեց եզրափակիչ հանդիպման սկիզբը: Խաղասկզբում արարատցիները մի փոքր կաշկանդված էին գործում: Զգացվում էր, որ խաղի լարվածությունն ինչ-որ չափով ազդել է նրանց գործողությունների վրա:

Արդեն 9-րդ րոպեին առաջին վտանգավոր պահը ստեղծվեց «Արարատի» դարպասին: Սարգսյանի և Կովալենկոյի կոպիտ սխալի հետևանքով Բլոխինն ու Կոլոտովը մեն-մենակ հայտնվեցին Աբրահամյանի դիմաց, սակայն վերջինս անձնուրաց ցատկով որսաց գնդակը: Քիչ անց նա հաջող խաղաց նաև Կոլոտովի գլխի հարվածից հետո: Իսկ երբ հարվածային դիրքում հայտնվեց Բլոխինը, Աբրահամյանը կրկին ցուցադրեց իր վարպետությունը:

Առաջին խաղակեսում «Արարատը» հիմնականում պաշտպանվում էր ու հարմար առիթը բաց չէր թողնում կտրուկ հակագրոհներ կազմակերպելու: Սակայն արարատցիներին չհաջողվեց լրջորեն սպառնալ դինամոյականների դարպասին: Վտանգավոր էր միայն Զանազանյանի գլխի հարվածը, որը հետ մղեց Սամոխինը:

Ընդմիջումից հետո պայքարը խաղադաշտում նոր ուժով բորբոքվեց: 61-րդ րոպեին Մունտյանը ճշգրիտ փոխանցումով Բուրյակին մեն-մենակ դուրս բերեց դարպասապահի դիմաց: Փորձելով հասնել մրցակցին, Մեսրոպյանը նրան անզգուշորեն վայր գցեց և Կոլոտովը դիպուկ իրացնելով 11մ հարվածը, բացեց հաշիվը:

Բաց թողած գոլը ստիպեց արարատցիներին դիմելու վճռորոշ գործողությունների՝ դրսևորելով նաև կամային բարձր հատկանիշներ: Շուտով Սիմոնյանը թարմ ուժեր մտցրեց ասպարեզ՝ Բոնդարենկոյի և Մարգարովի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Պողոսյանին ու Ղազարյանին: Դա զգալիորեն ուժեղացրեց «Արարատի» հարձակողական ներուժը: Արարատցիներն ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասի վրա, հետևեցին Զանազանյանի և Պողոսյանի վտանգավոր հարվածները, սակայն Սամոխինը չեզոքացրեց վտանգը:

Դինամոյականները ձգտում էին ամեն կերպ գցել խաղի տեմպը, ժամանակ ձգել: Ժամանակ շահելու նպատակով «Դինամոյի»  գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սևիդովը խաղի վերջին րոպեներին նախ Բուրյակին փոխարինեց Զուևով, ապա Բլոխինի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Կոնդրատովին, որպեսզի երիտասարդ այդ ֆուտբոլիստներն էլ սպորտի վարպետի կոչմանն արժանանային:

Սակայն Սևիդովն իր հաշվարկներում չարաչար սխալվեց, ինչը ճակատագրական եղավ ոչ միայն թիմի, այլ հենց նրա համար: Գավաթի եզրափակիչ խաղից հետո նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Լևոն Իշտոյանի պատմական գոլերը

Ընթանում էր հանդիպման 89-րդ րոպեն: Հավատալով «Դինամոյի» հաղթանակին, ԽՍՀՄ սպորտկոմիտեի ֆուտբոլի վարչության պետ, ազգությամբ ուկրաինացի Լև Զինչենկոն մոտեցավ գավաթին և արդեն նախապատրաստվում էր մրցանակի հանձնման արարողությանը, երբ տեղի ունեցավ անսպասելին:

Կովալենկոն երկար փոխանցումով գնդակն ուղարկեց դինամոյականների կիսադաշտ, որտեղ հաղթող դուրս գալով Ռեշկոյի հետ օդային պայքարում, Անդրեասյանը գնդակը փոխանցեց առաջ խոյացող Ղազարյանին: Վերջինս երկու պաշտպանների հետ մրցավազքում հասցրեց հարվածել, բայց դարպասից դուրս եկած Սամոխինը հետ մղեց գնդակը և վրա հասած Իշտոյանն այն ուղարկեց ցանցը: Հաջորդ իսկ վայրկյանին տրիբունաներում ցնծության մի հզոր ալիք բարձրացավ:

Նիկիտա Սիմոնյան. «Հիմա, կամ երբեք, վաղն արդեն ուշ կլինի»

Կարճատև հանգստից հետո մրցակիցները կրկին պետք է խաղադաշտ դուրս գային և լրացուցիչ 30 րոպե ևս պայքարեին հաղթանակի համար: Այն ժամանակ գործող կարգի համաձայն, եթե լրացուցիչ ժամանակում էլ հաղթողը չորոշվեր, ապա թիմերը հաջորդ օրը կրկին պետք է խաղադաշտ դուրս գային՝ վիճարկելու գավաթը:

Հետաքրքիր է, որ դինամոյականները նախապես պատվիրել էին Մոսկվա-Կիև չվերթի ինքնաթիռի տոմսերը՝ վստահ լինելով, որ այդ օրը հաղթելու են «Արարատին»: Իսկ Ուկրաինայում էլ արդեն 300 հազար տպաքանակով կրծքանշաններ էին պատրաստել, որոնց վրա գրված էր. «Կիևի «Դինամո» – 1973թ. ԽՍՀՄ գավաթակիր»:

Նիկիտա Սիմոնյանը  լավ էր գիտակցում, որ եթե հարկ լինի հաջորդ օրը ևս խաղադաշտ դուրս գալ, ապա դժվար կլինի «Դինամոյին»  հաղթելը: Ուստի հանդերձարանում դիմելով իր սաներին,  նա ասել էր. «Մենք պետք է հաղթենք այսօր, այս 30 րոպեներին: Վաղն արդեն ուշ կլինի: Եվ պետք է արագ գոլ խփենք: Վստահ եմ, որ դուք կխփեք այդ գոլը»:

Եվ արարատցիները հուսախաբ չարեցին իրենց մարզչին ու թիմի բազմահազար երկրպագուներին: Նրանք խաղադաշտ դուրս եկան վստահ իրենց ուժերին: Հոգեբանական առավելությունն էլ արարատցիների կողմն էր: Առանց Բուրյակի և Բլոխինի դինամոյականների գրոհներն իրենցից առանձնակի վտանգ չէին ներկայացնում:

99-րդ րոպեին մարզական բախտը պարզապես ժպտաց «Դինամոյին», երբ Նազար Պետրոսյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Իսկ 4 րոպե անց հանդիպման հերոսը դարձած Իշտոյանը տուգանային հրապարակի մատույցներում ընդունելով գնդակը, շրջվեց և գեղեցիկ հարվածով այն ուղարկեց դարպասի վերին աջ անկյունը: Դա «Արարատի» հաղթական գոլն էր:

Պատվո շրջան «Լուժնիկիում», տոնախմբություն Երևանում

Եվ այսպես, «Արարատն»  իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Հանդիպումից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ԽՍՀՄ սպորտկոմիտեի ֆուտբոլի վարչության պետ Լև Զինչենկոն բյուրեղապակյա գավաթը հանձնեց «Արարատի» ավագ Հովհաննես Զանազանյանին, թիմի ֆուտբոլիստները պարգևատրվեցին դիպլոմներով: Իսկ հետո հոգնած, բայց անչափ երջանիկ արարատցիները երկրպագուների բացականչությունների և ծափերի ներքո գավաթով պատվո շրջան կատարեցին «Լուժնիկիում»:

Իսկ այդ ժամանակ Երևանում մի աննկարագրելի տոնախմբություն սկսվեց: Եզրափակիչ հանդիպման ավարտից հետո հազարավոր ֆուտբոլասերներ փողոց դուրս եկան՝ վանկարկելով «Ա-րա-րատ», «Իշ-տո-յան», «Սի-մոն-յան»… Դրանց միախառնվեցին մեքենաների շչակների ձայները: Ծանոթ-անծանոթ մարդիկ միմյանց հանդիպելիս շնորհավորում ու գրկախառնվում էին: Շենքերի բակերում հանպատրաստից սեղաններ բացվեցին, բաժակներ բարձրացվեցին ի պատիվ «Արարատի» աննախադեպ հաղթանակի:

Այո, այդ օրը հայկական ֆուտբոլի մեծ հաղթանակի օրն էր: Մինչև ուշ գիշեր ողջ քաղաքը տոնում էր հաջողությունը: «Արարատը» կատարեց իր առջև դրված առաջին խնդիրը՝ նվաճելով բյուրեղապակյա գավաթը: Մնում էր այդ հաջողությունն ամրապնդել ոսկե մեդալների նվաճմամբ: Իսկ երանելի բարձունքի ճանապարհին դեռևս դժվարագույն 4 քայլ կար կատարելու:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կարպատները» ֆիզիկապես գերազանցեց «Արարատին»